Պատերազմի սինդրոմը

Մարիա ՊԼԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ

Այսօր Հարավային Օսիայում արտառոց իրավիճակ է ստեղծվել.  իրականությունն այնքան իռացիոնալ է, որ վերջին 24 տարիների ընթացքում Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Հյուսիսային Օսիայում ռազմական գործողություններին մասնակցած նախկին ազատամարտիկները կրկին որոշել են զենք վերցնել իրենց ձեռքը: Սույն թվականի հուլիսի 24-ին «Кавказский узел» տեղեկատվական գործակալությունը` սկզբնաղբյուրին հղում անելով, նշել է, որ Դոնբասում մարտական գործողություններին մասնակցող Հարավային եւ Հյուսիսային Օսիաների կամավորները սպասում են եւս 20 հոգու ժամանման:

Դոնեցկում օսական ջոկատի հրամանատար Մաիր Պլիեւի վկայությամբ` իրենց կազմում վիրավորներ եւ զոհվածներ չկան: Նրա հավաստմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցող հարավօսիացիները որեւէ նյութական շահ չեն հետապնդում:

– Մենք այստեղ հարստանալու համար չենք եկել. Ցխինվալի իմ տնից վերցված գումարն արդեն վերջանալու վրա է, – ասել է Պլիեւը:

Հարավային Օսիայի բնակիչները Դոնեցկ հիմնականում գաղտնի են մեկնում` առանց իրենց ընտանիքի անդամներին սեփական ծրագրերի մասին տեղեկացնելու: Այսպես, հանրապետության բնակիչ Ալեքսեյ Ալբորովի Ուկրաինա մեկնելու մասին լուրը նրա կինը` Թամարան, իմացել է ամուսնու ընկերներից:

Հուլիսի կեսերին հայտնի է դարձել, որ օս կամավորականներից Թամեռլան Ենալդիեւը գերեվարվել է ուկրաինական «Այդար» գումարտակի կողմից: Ուկրաինական կողմը ներկայացրել է Ենալդիեւին որպես Հարավային Օսիայի պաշտպանության նախարարի օգնական, ինչն իրականությանը չէր համապատասխանում:  Հուլիսի 22-ին «Ալանիա ՏՎ» հեռուստաալիքը հայտնել է, որ Հյուսիսային Օսիայի կազակները խնդրում են Ռուսաստանի նախագահին փոխանակել Ենալդիեւին ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ, որի դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել: Ներկա պահին Սավչենկոն գտնվում է Վորոնեժի մեկուսարանում:

Ռուսաստանի կազակների միջտարածաշրջանային միության հյուսիսօսական շրջանի ատաման Կոնստանտին Միրիկովը լրագրողներին հայտնել է, որ Ենալդիեւն իրենց շարքերում ընդգրկված չէ: Միրիկովն ընդգծել է, որ Ենալդիեւը Հարավային Օսիայի քաղաքացի է, ով որպես կամավոր մեկնել է Ուկրաինայի հարավ-արեւելք եւ այնտեղ էր գտնվում մարդասիրական առաքելությամբ` աջակցություն ցուցաբերելով Դոնբասի վիրավոր եւ փախստական բնակիչներին, այդ թվում` դեղորայքով:  Նա ոչ մի ռազմական գործողության չի մասնակցել: Միրիկովը նշել է նաեւ, որ պարզ չէ, թե ինչպես է Ռուսաստանը կարողանալու փոխանակել նրան արհեստավարժ զինվորական Սավչենկոյի հետ: Նա Հարավային Օսիայի քաղաքացի է: Ռուսաստանն այնտեղ իր կամավորներին չի ուղարկել:

Ի հեճուկս սույն բարդ իրավիճակի` հարավօսական իշխանությունները մեկնաբանություններից զերծ են մնում: Հայտարարությամբ չի շտապում հանդես գալ նաեւ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, ով սույն թվականի գարնանն իր ազգակիցներին կոչ էր անում որպես կամավոր մեկնել Ուկրաինայի հարավ-արեւելք:

Բիբիլովի «Միասնական Օսիա» կուսակցությունը 2014թ. հունիսի 8-ին կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է խորհրդարանական տեղերի մեծամասնությունը: Հենց Բիբիլովի կուսակցությունն էր կոչ անում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Բիբիլովը բազմիցս ասել է, թե հարկավոր է «աջակցել» Ռուսաստանին եւ Ուկրաինա կամավորներ ուղարկել: Ռուսաստանին Հարավային Օսիայի միավորվելու թեման կուսակցությանը գովազդելու հարմար առիթ է տվել նրան: Անցած ընտրություններից հետո այդ թեման «զրոյացել» է, ինչպես եւ Բաբիլովի մյուս ծրագրերը:

Այս հարցի շուրջ Հարավային եւ Հյուսիսային Օսիաների հասարակություններում լուրջ բանավեճ է ծագել, որին կարելի է հետեւել տարբեր համացանցային ֆորումներում ու սոցիալական կայքերում: Ոմանք ասում են, որ Դոնբասում օս կամավորները հերոս են, իսկ մյուսները նրանց «հիմար» են անվանարկում:

– Նրանց ոչ ոք ոչ մի տեղ չի ուղարկում: Պարզապես կա մարդկանց մի խումբ, ովքեր պատերազմելուց բացի ոչ մի այլ բանի սովոր չեն: Նրանք կյանքի մեծ մասն ինքնաձիգն ուսին են ապրել եւ խաղաղ կյանքին ընտելանալը նրանց համար չափազանց դժվար է: Սա ռազմական համախտանիշի պես մի բան է, ահա թե ինչու են նրանք հերթական կռվի մեկնում: Մենք շատ փոքրաթիվ ազգ ենք, իսկ նրանք, միեւնույն է, գնում են իրենց կյանքը կրկին վտանգելու, – բլոգում իր տեսակետն է արտահայտում լրագրող Մարիա Կոտաեւան:

Նախկին ազատամարտիկ Ախսար Բեժանովը գրում է, որ բնակչության մի մասը պարզապես ի վիճակի չէ գումար վաստակել, ուստի մարդիկ փորձում են եկամտի աղբյուր գտնել հանրապետության տարածքից դուրս: Նա նաեւ ընդգծում է, որ մարդիկ լիակատար իրավունք ունեն սեփական կյանքն իրենց հայեցողությամբ տնօրինելու:

Թվում է, Հարավային Օսիայի քաղաքացիները պետք է անտարբեր լինեին, թե զոհվելու համար որտեղ են մեկնում իրենց հայրենակիցները, բայց կան մարդիկ, ովքեր չեն կիսում սույն տեսակետը: Կա նաեւ տեսակետ, որ օսերը Դոնբաս են մեկնել ի պատասխան այն բանի, որ 2008 թվականին Ուկրաինան ակտիվորեն նպաստում էր Վրաստանի զինվելուն: Կամավորների Դոնբաս մեկնելն այս տրամաբանությամբ խորհրդանշում էր «մեր պատասխանը Չեմբեռլենին»:

Մյուսները կարծում են, որ Ուկրաինա են մեկնում «ավելորդ մարդիկ», որոնց չեն տալիս ո´չ գործ, ո´չ վարկ եւ ո´չ էլ մի այլ բան:

– Սա այն տեղը չէ, որտեղ կարելի է փող աշխատել: Մեր կրավորական իշխանությունը ժողովրդի խնդիրները չի լուծում: Երիտասարդ տղաներին աշխատանքով ապահովելը պետք է ներքին քաղաքականության շատ կարեւոր բաղկացուցիչը լիներ, իսկ իշխանությունները միշտ նույն մարդկանց են տեղաշարժում,- գրում է իրավապաշտպան Ֆաթիմա Մարգիեւան:

Հակամարտաբան Ալան Պարաստաեւի կարծիքով` Դոնեցկ պետք է ուղարկել եթե ոչ ՊՆ մարտական ստորաբաժանում, ապա գոնե կամավորների մի խումբ` թիկունքում օգնություն ցուցաբերելու համար:

– Չէ՞ որ մենք նրանց ճանաչել ենք: Համոզված եմ, որ ճանաչման փաստաթղթում կա ռազմական եւ մարդասիրական օգնությանը վերաբերող կետը: Ինչու՞ չսկսել հարգել այդ դրույթն արդեն հիմա, երբ դա հատկապես հարկավոր է: Թե՞ մեր քաղաքականությունը սոսկ թղթի վրա է: Ես դեմ եմ, որ մեր երիտասարդությունը մեկնի Ուկրաինայի հարավ – արեւելք: Բայց եթե դա կատարված փաստ է, ապա այն պետական մակարդակով պետք է համապատասխան ձեւակերպում ունենա,- իր բլոգում գրում է փորձագետը:

Իսկապես, հունիսի 18-ին Հարավային Օսիան ճանաչել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետոթյունը, իսկ հունիսի 27-ին` Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը:

Պարաստաեւը կարծում է, որ ճանաչումը նախ եւ առաջ աջակցություն է, իսկ պատերազմի մեջ գտնվող հանրապետության դեպքում` նաեւ ռազմական աջակցություն:

– Միջազգային քաղաքական մակարդակով մենք, ցավոք, դեռեւս աջակցելու ուժ ու լծակներ չունենք: Լուգանսկի ճանաչումը միջազգային հանրության աչքում որոշակի հարված է հասցնում մեր քաղաքական վարկանիշին: Որքան էլ շատ մենք քննադատենք միջազգային հանրությանը, հենց նրա կարծիքից է կախված նաեւ մեր ճանաչումը,- ընդգծում է հակամարտաբան Ալան Պարաստաեւը:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Հարավային Օսիան չի կարող հրաժարվել Ուկրաինայի հարավ- արեւելքին աջակցելուց: Նա կարծում է, որ դրա համար կան այլ հնարավորություններ, օրինակ` պատերազմական գործողություններից տուժածներին հանրապետության տարածքում ապաստան տրամադրելը, քաղաքական ակցիաներ իրականացնելը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի օգտին,  այնտեղ դիտորդական առաքելությունների առաքումը եւ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացություններ հրապարակելը:

-Մենք այդ ոլորտում լուրջ փորձ ունենք: Քանի տարի մենք ինքներս ներգրավված էինք մեր իսկ հակամարտության կարգավորման գործընթացին ԵԱՀԿ, Ռուսաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ տարբեր հարթակներում: Մեր քաղաքական ղեկավարությունից շատերը եղել են բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցներ: Նրանք լավ գիտեն,  թե նման իրավիճակում ինչպես պետք է գործել,- եզրակացնում է Ալան Պարաստաեւը:

Սակայն, դեռեւս պարզ չէ, թե որքանով են  Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների իշխանությունները պատրաստ իրավաքաղաքական հարթությունում հարաբերություններ կառուցել. դա հատկապես դժվար է պարզել` գտնվելով Հարավային Օսիայում: Դատելով միջազգային դիվանագիտության ոլորտում ընթացող զարգացումներից` Ռուսաստանի քաղաքական վերնախավը նույնպես լավ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է Ուկրաինայի հետ փոխհամաձայնության հասնել: Մնում է միայն հուսալ, որ կողմերը կկարողանան բանակցային սեղանի շուրջ նստել եւ դադարեցնել արյունահեղությունը:

Share

Comments are closed.