Եզոպոսը եւ ղարաբաղյան կարգավորումը

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի խմբագիր
Ստեփանակերտ

Անտիկ սրախոս Եզոպոսի տերը` փիլիսոփա Քսանթոսը, մի օր գինովցած վիճակում խոշոր գրազ է գալիս իր աշակերտների հետ, որ կարող է խմել ծովը: Առավոտյան երբ սթափվում է` հասկանում է, թե ինչ ահավոր սխալ է գործել: Ինչպես միշտ` անելանելի իրավիճակից ելքը հուշում է Եզոպոսը: Քսանթոսը գլուխը բարձր գնում է ծովափին քթների տակ ծիծաղող աշակերտների մոտ ու, կրկնելով-ճշտելով նախորդ օրվա գրազի պայմանը, պահանջում հեռացնել-տարանջատել ծովը մտած գետերի ջրերը, փակել ծովը մտնող գետերը, որպեսզի ինքը խմի միայն ծովը, ինչպես եւ պայմանավորվել էին: Բնականաբար, դա անել հնարավոր չէր, ու Քսանթոսը հաղթում է:

Ինչպես ծովն է մի բազմատարր ամբողջություն բնության մեջ, այնպես էլ էթնիկական հակամարտություններն են քաղաքականության մեջ:

Մերօրյա քսանթոսները նույնպես կարող են մի քանի գավաթ թթի օղի խմելուց հետո գրազ գալ, ասենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որ կարող են կես ժամում լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը եւ ապա մերօրյա եզոպոսների խորհրդով պահանջել ղարաբաղյան հիմնախնդրից հեռացնել-տարանջատել տարածաշրջանի պետությունների, իրենց իսկ` համանախագահող երկրների, մի խոսքով` աշխարհիս ուժային կենտրոնների շահերը եւ դրանից հետո իրենց կես ժամ ժամանակ տալ: Չէ, կարելի է նաեւ պահանջել, որ տարանջատեն-հեռացնեն հակամարտության կողմերի հանրային վերահսկողությունից դուրս գտնվող իշխանությունների եւ նրանց սպասարկու օլիգարխների-մենաշնորհատերերի շահերը, որից հետո խնդրի լուծումը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է լինելու:

Սակայն բոլորն էլ քաջ գիտակցում են, որ դա պարզապես անհնար է: Ղարաբաղյան հակամարտությունը տարաբնույթ ու տարամետ շահերի մի ամբողջություն է, շահեր, որոնք անհնար է տարանջատել: Այդ բազմաշերտ ու բազամաբեւեռ շահերն այնպես են իրար միահյուսվել ու գորդյան հանգույցի վերածվել, որ առնվազն ազնիվ չէ արդարանալը, թե մենք ընդամենը միջնորդ ենք, իսկ հիմնախնդիրը պիտի լուծեն իրենք` հակամարտության կողմերը: Ազնիվ չէ նաեւ միջնորդներին քավության նոխազ դարձնելը, պնդելով, թե նրանք անաչառ չեն, ավելին` թե նրանք կարող են, բայց չեն լուծում հիմնախնդիրը:  Ու պարզապես հիմար պիտի լինել (կամ էլ ուրիշներին հիմարի տեղ դնելու սովորություն ունենալ) ասելու համար, թե իշխանությունները պատրաստ են հաշտության ու խաղաղության, բայց ահա հանրությունները դեռ պատրաստ չեն: Այս գորդյան հանգույցում բոլորն էլ իրենց հստակ շահերն ունեն, եւ միայն հասարակ ժողովուրդը, շարքային քաղաքացիներն են, որ մնացել են այդ հանգույցում խճճված:

Իրականում այսօրվա վիճակի համար բոլորն էլ պատասխանատու են եւ անմեղսունակ տեսք ընդունելու համար ոչ մեկն էլ բավարար հիմք չունի: Ինչ խոսք, պատասխանատվության չափերը չեն կարող հավասար լինել, բայց մի բան պարզ է` միայն համատեղ ջանքերով կարելի է քանդել այդ հանգույցը, իսկ քանդելու համար էլ համատեղ մոտիվացիա է պետք: Համատեղ մոտիվացիայի համար էլ ընդհանուր քաղաքակրթական հարթություն-հարթակ է պետք: Նման հարթակի ձեւավորման համար էլ խաղի ընդհանուր կանոններ են պետք:

Մինչդեռ այսօր ամեն ինչ հակառակն է: Այսօրվա իրականությունն այն է, որ հակամարտող երկու ժողովուրդների առանց այն էլ բարդ հարաբերություններին միջնորդներն ավելացրել են իրենց իսկ ոչ պակաս բարդ խնդիրները, փորձելով տարածաշրջանում առկա խնդիրները ծառայեցնել սեփական շահերի առաջմղմանը: Պատահական չէ պատերազմական տարիների ղարաբաղյան մի կատակ: Այն հարցին, թե երբ է վերջանալու պատերազմը, պատասխանում են` երբ վերջանա միջնորդների միջեւ պատերազմը:

Բազմաշերտ այս խնդիրներին իրենց չափով նոր խնդիրներ են ավելացնում նաեւ ոչ կառավարական խաղաղարար կազմակերպությունները: Նրանց միջեւ երբեմն առկա անառողջ մրցակցությունը, խաղաղարար նախաձեռնությունների համակարգման ու միահյուսման, ինչպես նաեւ ընդհանուր նպատակի ու կոլեկտիվ պատասխանատվության  բացակայությունն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Պաշտոնական դիվանագիտության ոլորտի պես այստեղ եւս երբեմն խտրություն չեն դնում տեղական գործընկերների միջեւ: Այն մոլորությունը, որ կառավարական «ոչ կառավարական կազմակերպությունների» (ԳՈՆԳՈ) հետ համագործակցությունը կնպաստի իշխանությունների վրա ազդեցության լծակներ ունենալուն, նույնքան ծիծաղելի է, որքան հակաժողովրդական իշխանությունների հետ համագործակցությունը հանուն ժողովրդավարության: Երկու դեպքերում էլ սա երբեմն այնքան էլ միամիտ մոլորություն չի լինում, այլ լիովին գիտակցված ու փոխշահավետ «համագործակցություն»:

Թե Track 1-ում (պաշտոնական դիվանագիտությունում) եւ թե Track 2 –ում (ժողովրդական դիվանագիտությունում) չկան խաղի ընդհանուր կանոններ: Եվրոպական կառույցներն այստեղ ցուցաբերում են, եթե կարելի է այսպես ասել, անսկզբունքային սկզբունքայնություն, այսինքն` երբեմն որտեղ պետք է նորովի նայել իրողություններին, նրանք շարունակում են կառչած մնալ հնամաշ ու նավթալինոտ կարծրատիպերին ու կաղապարներին, իսկ երբեմն էլ որտեղ պետք է ավանդական ու արժեհամակարգային սկզբունքներին հավատարիմ մնալ` նրանք դրանց մասին չեն էլ հիշում: Մասնավորապես, Ծեր Սինյորան ցայսօր համառորեն չի ուզում կանոնակարգված վերաբերմունք ունենալ նորանկախ երիտասարդ երկրների նկատմամբ եւ շարունակում է նմանվել հայտնի անեկդոտի ձնեմարդին  ժխտող բրածո գիտնականին: Հիշու՞մ եք` յետտին (ձնեմարդը) լեռներում վերջապես հաջողացնում է որսալ ծեր պրոֆեսորին, բռնում է շլինքից, վեր բարձրացնում եւ ահեղ ձայնով հարցնում` «այդ դու՞ ես ինձ ժխտում»: Պրոֆեսորը փակում է աչքերը եւ հիստերիկ ճվճվում. «միեւնույն է` դու չկաս, միեւնույն է` դու չկաս»…

Կառավարական (միջկառավարական) եւ ոչ կառավարական միջնորդություն-խաղաղարարությունը երբեմն իրականացվում է ուղղակի անհավանական պայմաններում, առանց սկզբունքային ու միանշանակ գնահատական տալու իրավիճակին ու հակամարտության կողմերի պահվածքին` հանգեցնելով խաղաղարարության հանուն խաղաղարարության: Մասնավորապես, միջնորդության-խաղաղարարության ոչ մի հարթակում ցայսօր սկզբունքային գնահատական չի տրվում Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ, հայատյաց եւ ուղղակի հակամարդկային, բացահայտ ռասիստական հայտարարություններին ու գործողություններին: Ավելին` Ադրբեջանը ներկայումս նախագահում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում, չնչին անգամ չփոխելով իր հռետորությունը, ընդհակառակը` ավելի վստահանալով իր վարքագծում:

Ինքնին փաստը, որ եվրոպական արժեքների այսպիսի նվաստացմամբ հնարավոր է ղեկավարել եվրոպական լուրջ կառույց` շատ բանի մասին է խոսում: Ամենավատն այն է, որ բոլորը կարծես թե հարմարվել են Ադրբեջանի նման պահվածքին եւ փորձում են անտեսել-կոծկել, նույնիսկ հիմնավորել-արդարացնել այն: Ավելին, ոմանք կարծում են, որ այդ  երեւույթի նկատմամբ բարեհաճ-հանդուրժողական վերաբերմունքը կարող է մեղմացնել այն: Մինչդեռ մարդկության վաղեմի եւ ոչ վաղեմի պատմությունը հուշում է, որ ագրեսիվ նկրտումների նկատմամբ հենց հանդուրժողական վերաբերմունքն է սանձազերծում ագրեսիան եւ ծանր հետեւանքների առաջ կանգնեցնում ողջ մարդկությանը:

Մեկ այլ խոսուն օրինակ էր ԵՄ հետ ասոցացման պայմանագրի սպասվող ստորագրման խաթրու Հայաստանի իշխանությունների մեղքերին մատների արանքով նայելը, հերթական կեղծված ընտրությունները մեկ քայլ առաջ համարելը եւ քրեաօլիգարխիկ իշխանություններին հանդուրժելն ու նրանց հետ համագործակցելը: Նման իշխանությունների հետ համագործակցությունը ոչ միայն ծաղրի առարկա էր դարձել բուն հայ հանրության ներսում, այլեւ վարկաբեկել էր եվրոպական կառույցները, եվրոպական արժեքները եւ միջնորդություն-խաղաղարարությունը: Մինչդեռ այստեղ էլ քիչ չէին անտեսող-կոծկողները եւ հիմնավորող-արդարացնողները` թե ներսում, եւ թե դրսում:

Իսկ հիմնավորում-արդարացումներից գլխավորն այն միամիտ մոլորությունն է, որ չկարգավորված հակամարտությունն է այդ ամենի գլխավոր պատճառը: Սա, թերեւս, ամենամեծ մոլորությունն է, որովհետեւ պատճառահետեւանքային կապերը գլխիվայր շրջված են: Ոչ այնքան չկարգավորված հակամարտությունն է հակաժողովրդական իշխանությունների գոյության պատճառը, այլ վերջիններս են հակամարտության ձգձգման եւ ցանկացած առաջընթացի արգելակման գլխավոր մեղավորները: Միջնորդական ջանքերի ու խաղաղարարության ամենամեծ բացթողումն այն էր, որ դրանք չեն փոխկապակցվել հակամարտող երկրների իրական ժողովրդավարական բարեփոխումներին: Ավտորիտար վարչակարգերը բացառել են ցանկացած երկխոսություն բուն հանրության ներսում, ինչի արդյունքում էլ հակամարտող երկու ժողովուրդների երկխոսությունը վերածվել է մենախոսությունների «երկխոսության»:

Մեկ այլ լուրջ խնդիր է Track 1-ի եւ Track 2-ի միջեւ կառուցողական ու հետեւողական կապի բացակայությունը: Սա առնչվում է մեկ այլ` ավելի լուրջ խնդրի հետ: Կարգավորման գործընթացում, հատկապես վերջին տարիներին ուղղակի ստեղծագործական ճգնաժամ է նկատվում, չի ծնվում ոչ մի նոր գաղափար կամ նախաձեռնություն: Միջնորդներն ու հակամարտության կողմերը շարունակում են բանակցել մադրիդյան կոչված սկզբունքների շուրջ, որոնց քննարկումներն ուղղակի անպտուղ են: Ոչ մի նոր ու հետաքրքիր բան այս ընթացքում: Այսօրվա եզրաբանությամբ ասած` ոչ մի կրեատիվություն: Կարգավորման պաշտոնական գործընթացը ստեղծագործական պոռթկման, հումորի ու նախաձեռնողականության կարիք ունի: Այս ամենից քիչ թե շատ եղել է ոչ պաշտոնական դիվանագիտությունում, բայց չի օգտագործվել պաշտոնականում:

Շատ ավելի լուրջ խնդիր է Ռուսաստանի գործոնը: Որպես ԽՍՀՄ-ի անմիջական ժառանգորդ` այս երկիրը հսկայական միավորող-կառուցողական-կայունացնող ռեսուրսներ ունի հետխորհրդային տարածքում, որոնց կրողներն են շատերին հարազատ ռուսերենը, խորհրդային բազմազգ մշակույթը, 70-ամյա խաղաղ գոյակցության փորձը եւ ոչ վաղեմի բազմազան կապերը ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքական դաշտի առանցքային ուժերի հետ: Ռուսաստանը նույնքան էլ տարանջատող, ապակառուցողական-ապակայունացնող ռեսուրսներ ունի, քանիցս ավելի, քան որեւէ այլ ուժային կենտրոն: Ցավալի է, որ այս երկիրը ցայսօր նախընտրում է երկրորդը, որն ավելի հեշտ է իրականացնել, ավելի շուտ է արդյունք տալիս եւ, ամենակարեւորը, հագուրդ է տալիս ռուսաստանյան ներկային վերնախավի կայսերապաշտական կարոտախտին: Ռուսաստանը ոչ միայն խաղաղարար նախաձեռնություններ չի իրականացնում տարածաշրջանում, այլեւ փորձում է ըստ ամենայնի, երբեմն էլ` կացնային ձեւով վարկաբեկել նման նախաձեռնությունները եւ պարզապես ռուսական կողմնորոշման կրողներին ներդնել հանրային դաշտում, հատկապես` Հայաստանում: Սակայն վաղ թե ուշ Մոսկվայում ստիպված են լինելու գիտակցել, որ ապակայունացնող ռեսուրսները կարճաժամկետ արդյունքներ  են տալիս, մինչդեռ կայունացման ռեսուրսները հավերժ են:

Այս ամենն ուղղակի անտանելի պայմաններ է ստեղծում խաղաղարարության համար` մի յուրատեսակ երաշտ բերելով նոր գաղափարների ու նախաձեռնությունների գլխին: Ուղղակի անպատկերացնելի է, որ նման պայմաններում երբեմն շարունակում են ծիլ տալ նոր գաղափարներ: Դա կատարվում է որոշ մարդկանց ու կազմակերպությունների ուղղակի հերոսական ջանքերով: Իսկ ընդհանուր առմամբ դժվար չէ նկատել, որ խաղաղարարությունը հայտնվել է լուրջ ճգնաժամում, կամ ինչպես Արցախում են ասում` «խաղը պառավել է»: Ու պատահական չեն տարբեր մարդկանց ու կազմակերպությունների հիասթափությունն ու ինքնահեռացումը:

Ինքս խորապես հասկանում եմ նման մարդկանց դառը հիասթափությունը, բայց չեմ կիսում ինքնահեռացման մասին որոշումը: Կարծում եմ, որ մինչեւ վերջ հարկ է օգտագործել բոլոր շանսերը, առավել եւս, որ խաղաղարար ոլորտում քիչ չեն ազնիվ ու բանիմաց մարդիկ ու կազմակերպությունները` թե ներսում, եւ թե դրսում: Ինքնահեռանալը կնշանակեր հանձնվել տխուր միտումներին ու ասպարեզը թողնել այս ոլորտի արկածախնդիրներին: Բայց սա մեդալի միայն մի կողմն է: Մյուս կողմում հետաքրքիր ու օգտակար այն բոլոր նախաձեռնություններն են, որ եղել են այս բոլոր տարիներին: ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր բոլոր թերություններով հանդերձ, շարունակում է մնալ հրադադարի պահպանման գլխավոր երաշխավորներից մեկը եւ արդար չէր լինի մոռանալ այն ամեն դրականը, որ եղել է այս կառույցի գործունեության մեջ: Ոչ պաշտոնական դիվանագիտության ոլորտում նույնպես անցած երկու տասնամյակում քիչ չեն եղել լավ ծրագրերը: Սույն հոդվածը ես գրում եմ մի ամսագրի համար, որը նույնպես լույս է տեսնում խաղաղարար ծրագրի շրջանակներում, եւ եթե չլիներ այս հարթակը` լուրջ խնդիրներ կունենայինք նմանօրինակ հոդվածներ Արցախում տպագրելու հարցում:

Շատ կարեւոր է նաեւ հետեւյալ հանգամանքը: Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, տարբեր պետությունների հիմնադրամների եւ Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերը հակամարտող երեք հանրությունների առաջադեմ, ազնիվ ու խելացի ուժերին հնարավորություն են տվել ինքնադրսեւորվելու, կենսագործելու ինչպես գործընկերների, այնպես էլ սեփական առաջադեմ գաղափարները եւ իրենց արժանի տեղը գտնելու հասարակության մեջ: Նման մարդկանց համար դա եզակի շանս էր, քանի որ նրանք ոչ մի շանս (կամ` ցանկություն) չունեին  աշխատելու պետական կառավարման համակարգերում, որտեղ խրախուսվում է հրամանների անվերապահ կատարումը եւ բացառվում է ստեղծագործական մոտեցումը: Այս բացառիկ հնարավորությունը որոշակի չափով կանխել է ուղեղների արտահոսքը, որովհետեւ խելացի, ազնիվ ու բանիմաց մարդկանց մի զգալի մասը, սեփական տեղը չգտնելով հանրությունում, լքում է երկիրը:

Այսպես թե այնպես, սահուն կերպով հասանք եզոպոսյան մեկ այլ առակի` «Եղջերուն եւ խաղողը»: Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, եւ եղջերուն վճռեց, որ այլեւս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերեւները: Բայց որսորդներից մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց եւ վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Ղարաբաղյան կարգավորման պաշտոնական դիվանագիտության եւ նույն այդ մադրիդյան սկզբունքների հիմնական թերությունն այն է, որ այն փաստացի հրաժարվում է անվտանգության մի (գործող) համակարգից, դրա փոխարեն չառաջարկելով համարժեք համակարգ, կամ իրական-փորձարկված համակարգի փոխարեն առաջարկելով հավանական-կասկածելի-չփորձարկված համակարգ: Համարժեք համակարգի բացակայությունը հատկապես ահավոր է պատկերանում հակամարտության կողմերի միջեւ վստահության իսպառ բացակայության եւ կողմերից մեկի ագրեսիվ հռետորաբանության համապատկերում: Նման պարագայում գործող համակարգից հրաժարումն անընդունելի է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի միջեւ չկա գոնե նվազագույն վստահություն եւ քանի դեռ նոր համակարգը որոշակիորեն խարսխված չէ գործող համակարգին:

Այստեղ էլ եզոպոսյան մեկ այլ առակ կարող է օգտակար լինել` «Գայլն ու ոչխարները»: Գայլերն ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետեւ շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին եւ դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, եւ եթե շներին հանձնեն, ապա գայլերի եւ ոչխարների միջեւ խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՞նչ է ծագելու, եւ շներին հանձնեցին: Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

Այս ենթատեքստում արժե խոսել մի թյուրիմացության մասին: Ոմանք հաճախ շփոթում են պացիֆիզմը խաղաղարարության հետ, մինչդեռ դրանք այնքան էլ նույնը չեն: Պացիֆիզմն, ըստ իս, խաղաղություն է ամեն գնով ու ցանկացած ժամկետով, մինչդեռ խաղաղարարությունը միտված է քաղաքակիրթ ու արդար հաշտեցմանը եւ երկարատեւ-հավերժ խաղաղ գոյակցությանը: Այսօր այնպես  է ստացվել, որ եթե մարդ դեմ է արտահայտվում տարածքների հանձնմանը, ապա նա ինքնաբերաբար բազեի է վերածվում, իսկ հանձնման կողմնակիցները` աղավնիների: Իսկ եթե անվտանգության ներկայիս համակարգի պահպանումը կանխու՞մ է պատերազմը: Իսկ եթե ներկայիս պայմաններում տարածքների հանձնումը ոչ թե ախորժակ է զսպում, այլ ընդհակառակը` գրգռու՞մ: Ու եթե դրանից հետո ռազմական հավասարակշռությունն իր օգտին փոխած կողմը ձեռնամուխ է լինում մյուս կողմի լիակատար ոչնչացմանը, ապա ո՞վ է աղավնին եւ ո՞վ բազեն, ո՞վ է պացիֆիստը եւ ո՞վ խաղաղարարը:

Ազատությունն ու խաղաղությունը բացարձակ արժեքներն են… միասին: Մեկն առանց մյուսի դադարում է բացարձակ արժեք լինելուց:

Ու ամենակարեւորը: Խաղաղարարության ներկայիս ճգնաժամում մի շատ կարեւոր դրական միտում երեւակվեց, միտում, որում, ըստ էության, իրենց ներդրումն ունեն բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ աշխատում են այս ուղղությամբ: Այդ դրական միտումը նկատվեց շատ բացասական, ուղղակի անմարդկային վերաբերմունքի ֆոնին: Պատահմամբ Ադրբեջանի Թոուզի շրջանի Աղբուլաղ գյուղի տարածքում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի 30-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ ադրբեջանցի զինվորականներն ուղղակի անմարդկային վերաբերմունք դրսեւորեցին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Սակայն մինչեւ զինվորականների ձեռքն ընկնելը մոլորյալի նկատմամբ մարդկայնորեն են վերաբերվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղի բնակիչները, ավելին` փորձել են խոչընդոտել ադրբեջանցի զինվորականներին եւ նրանց ձեռքը չտալ խեղճ գյուղացուն: Նման օրինակներ էլի են եղել:

Ըստ երեւույթին, խաղաղությունն ու մարդկայնությունը նորից հանրային պահանջարկի վերածման ճանապարհին են: Ադրբեջանում, ԼՂՀ-ում եւ Հայաստանում պիտի գիտակցեն. որքան հստակ լինի այդ պահանջարկը, որքան ուժեղ հնչի ժողովրդի ձայնը, այնքան շատ են դրա հետ հաշվի նստելու: Բոլորը: Այդպես է եղել Հյուսիսային Իռլանդիայում, այդպես է թափ առել հիմնախնդրի կարգավորումն այնտեղ: Այնտեղ մի պահ օդում սկսել էր թեւածել խաղաղության ու հումանիզմի գաղափարը, ու քաղաքական գործիչներից (ուժերից) մեկն իր «ալեհավաքով» ժամանակին որսացել էր այն:

Աուուու… Դուք ոչինչ չե՞ք լսում:

Share

Comments are closed.