Բասկերի երկիր. համերաշխությո՞ւն Լեռնային Ղարաբաղի հետ-Politcom.ru

Sergey-MarkedonovՍերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ

2014 թ. սեպտեմբերի 12-ին Բասկերի երկրի տարածաշրջանային խորհրդարանն ընդունել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ժողովրդի ինքնորոշվելու ձգտումը սատարող բանաձեւ: Տարածաշրջանն Իսպանիայի կազմում գտնվող 17 ինքնավար համայնքներից մեկն է` շուրջ 2,5 միլիոն բնակչությամբ: Բասկերի երկիրն ունի սեփական գործադիր եւ օրենսդիր իշխանության հաստատություններ եւ իշխանական իրավասությունների բարձր մակարդակ (անգամ` արտաքին գործերի սեփական գերատեսչություն): Միաժամանակ, այն դիտվում է ողջ Եվրամիության ամենզարգացած տարածքներից մեկը:

Շոտլանդիայում եւ Կատալոնիայում սպասվող հանրաքվեների համապատկերում Բասկերի երկրի ձգտումները նույնպես աշխուժորեն քննարկվում են, առավել եւս, որ այս տարածաշրջանն ունի իր իրավունքների ընդլայնման համար կենտրոնական իսպանական կառավարության դեմ պայքարի տպավորիչ պատմություն:

Բազմաթիվ ԶԼՄ-ներում Բասկերի երկրի խորհրդարանի սույն ակտը շտապել են անվանել Լեռնային Ղարաբաղի պետականության ճանաչում: Սակայն, այսպիսի եզրակացության հետ դժվար է համաձայնվել, եթե աղբյուրն ուսումնասիրենք «սառը գլխով»` առանց զգացմունքային «նախնական ընկալման»: Սեպտեմբերյան բանաձեւում աջակցություն էր հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին  (որը բնավ չի զբաղվում ԼՂՀ անկախության ճանաչման սատարմամբ)` հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ: Բասկերի երկրի խորհրդարանականներն ասում են, որ չափազանց կարեւոր է նվազեցնել կողմերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները:  Առաջարկվում են ավանդական դարձած գաղափարներ` առաջնագծից դիպուկահարների հեռացում եւ հակամարտության գոտում զինված բռնության բոլոր դեպքերի հետաքննություն: Այդ մասում բանաձեւի տեքստը քիչ է տարբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններից: Իհարկե, բասկյան փաստաթուղթն ունի հռչակագրային բնույթ եւ չունի պարտադիր իրավական ուժ:

Այսուհանդերձ, բանաձեւի տեքստում ընդգծվում է, որ ԼՂՀ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որը նա վաստակել էր` զարգացնելով ժողովրդավարական հաստատություններն ու ընթացակարգերը: Բայց, ամենագլխավորն այն իրողության ճանաչումն է, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքի (եւ քաղաքականապես կարեւոր բանավեճերում նրա ներկայացուցիչների մասնակցության) ահնար է հիշյալ հակամարտային տարածաշրջանի ապագայի որոշումը: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել եւս երկու պահի վրա: Նախ` խորհրդարանական բանաձեւի ընդունումը սատարվել է Բասկերի երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր խմբակցությունների կողմից:  Երկրորդ` «Հայաստանի եվրոպական բարեկամների» (հայտնի լոբբիստական կառույց) աջակցությամբ չճանաչված ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի երկիր եւ հանդիպումներ ունեցել այդ տարածաշրջանի պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաեւ ձեռներեցների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:

Ի՞նչ նշանակություն ունի Եվրամիության մաս կազմող եւ սեփական տարածքային ամբողջականության հետ լուրջ խնդիրներ ունեցող (վկա` Կատալոնիայում նախատեսվող հանրաքվեն) երկրի տարածաշրջանային խորհրդարանի որոշումը:

Այս հարցին պատասխանելու համար նպատակահարմար է սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին-քաղաքական ծրագրավորման առաձնահատկությունների բնութագրումից: Ի տարբերություն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` նրա անկախությունը ոչ ոքի կողմից ճանաչված չէ: Անգամ այդ կազմավորման անվտանգությունն ու սոցիալական զարգացումն ապահովող Հայաստանն իրավահռչակագրային հարթության վրա չի շտապում ճանաչել ԼՂՀ անկախ պետականությունը: Ժամանակ առ ժամանակ այս հարցը վերարծարծվում է հիմնականում ընդդիմադիր հայ քաղաքական գործիչների կողմից: Բայց, որպես կանոն, հարցի նկատմամբ հետաքրքրության աճ տեղի է ունենում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի հերթական ձախողման կամ հակամարտող կողմերի շփման գծում իրավիճակի սրացումից հետո: Ի տարբերություն Մերձդնեստրի` բանակցություններում ԼՂՀ-ն չի դիտվում որպես ինքնուրույն հակամարտող կողմ: Չճանաչված հանրապետություն այցելում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, բայց ԼՂՀ-ի բանակցային կարգավիճակի վրա այդ այցելությունները ոչ մի ազդեցություն չեն գործում:

Սակայն, մյուս հետխորհրդային դե-ֆակտո պետությունների հետ մրցակցությունում Լեռնային Ղարաբաղն ունի մի շարք առավելություններ: Նախ եւ առաջ` խոսքը չճանաչված հանրապետության միջազգային շփումների մասին է: Նախկին Խորհրդային Միության տարածքում ոչ մի նման կազմավորում չի կարող հպարտանալ, որ ամերիկյան պետական ֆինանսավորում է ստանում: Իսկ ԼՂՀ-ն 1998 ֆինանսական տարուց ի վեր ԱՄՆ Կոնգրեսի կողմից որոշվող չափով աջակցություն է ստանում: Այն առաջին հերթին տրամադրվում է Միջազգային զարգացման գործակալության (USAD) կողմից` մարդասիրական եւ սոցիալական ոլորտի ծրագրեր ֆինանսավորելու համար: Ամեն տարի Կոնգրեսում բանավեճ է ընթանում, թե որքանո՞վ այս ամենն անհրաժեշտ է կամ համապատասխանում է ամերիկյան շահերին: Այնուամենայնիվ, ամեն տարի Լեռնային Ղարաբաղին հատկացվում է մի քանի միլիոն դոլար: Բնականաբար, պետք չէ մոռանալ նաեւ ոչ կառավարական հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների ցուցաբերած օգնության մասին: Հայ լոբբիստների հետ կապված կոնգրեսականներն ու քաղաքական գործիչները հաճախակի այցելում են Լեռնային Ղարաբաղ եւ շնորհավորում չճանաչված հանրապետությանը տարբեր տոնական օրերի կապակցությամբ:

ԱՄՆ մի քանի նահանգների բարձրագույն ներկայացուցչական մարմիններից մի քանիսը բանաձեւեր էին ընդունել ԼՂՀ ինքնորոշման կամ անգամ անկախության ձգտումներին սատարելու օգտին: Նրանք նաեւ ԱՄՆ դաշնային կառավարությանը միջնորդություններ էին հղել` սույն հարցն ավելի բարձր մակարդակով քննարկելու համար:  Ներկայումս այդպիսի փաստաթղթեր են ընդունվել ԱՄՆ հինգ նահանգներում` Ռոդ-Այլենդ (2012թ. մայիս), Մասաչուսեթս (2012թ. օգոստոս), Մեն (2013թ. ապրիլ), Լուիզիանա (2013թ. հունիս) եւ Կալիֆոռնիա (2014թ. մայիսի 8):

2012թ. հոկտեմբերի վերջին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բարձրագույն ներկայացուցչական մարմինը փաստաթուղթ է ընդունել, որի երկրորդ կետը ընդգծում էր «մարդու` ինքնորոշման, ազատության եւ ժողովդավարական հասարակություն ունենալու հիմնարար իրավունքի կարեւորությունը», ինչպես նաեւ` «բոլոր ժողովուրդների` ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Փաստաթղթում նշվում էր, որ այդ դե-ֆակտո պետությունը փորձել է կերտել ազատ հասարակություն խորհրդարանական ընտրությունների եւ «պատասխանատու իշխանության» զարգացման միջոցով (անգլերեն «government» բառը կարող է թարգմանվել ոչ միայն նեղ` «կառավարություն» նշանակությամբ): Ընդ որում, ավստրալիական նահանգի պատգամավորները հայտարարել են, որ պետք է ըստ ամենայնի սատարել միջազգային կապերում ԼՂՀ-ի ներգրավումը:

2012թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղ է այցելել եւ հանրապետության ղեկավարության հետ հանդիպել Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ Խորխե Օրիկոն:

Ի տարբերություն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի` ԼՂՀ-ն ներկայացուցչություններ ունի ոչ միայն Ռուսաստանում եւ Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մերձավոր Արեւելքում եւ Գերմանիայում: Հասկանալի է, որ նրանք չունեն դեսպանատների կարգավիճակ, իսկ նրանց գործունեությունը զգալի չափով ապահովում է սփյուռքը (օրինակ` Վաշինգտոնում ԼՂՀ գրասենյակը գործում է Ամերիկայի հայկական ասամբլեայի աջակցությամբ): Այնուամենայնիվ, ԼՂՀ ներկայացուցչությունները ներկա են հիշյալ երկրների հրապարակային հարթակում:  ԱՄՆ մայրաքաղաքում գործող ղարաբաղյան գրասենյակն ամեն ամիս հրատարակում է Artsakh Newsletter պարբերականը եւ տարածում այն ինչպես կառավարական կառույցներում, այնպես էլ հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններում ու փորձագիտական-վերլուծական կենտրոններում:  Արեւմուտքում դեռեւս «պերեստրոյկայի» ժամանակներից ԼՂ հայերի ելույթները դիտվում էին ստալինյան ազգային քաղաքականության հաղթահարման գործընթացի համատեքստում: Ակնհայտ է, որ տվյալ ընկալումը, ինչպես նաեւ աբխազական, հարավօսական կամ մերձդնեստրյան նախագծերի` որպես «կայսերակոմունիստական ռեւանշի» գործիքներ լինելու մասին պատկերացումներն իրականությունից հեռու են եւ զգալի չափով պարզունակ: Բայց այդ ընկալումները կան եւ որոշակի դեր են խաղում վաղեմի էթնոքաղաքական հակամարտության լուծման գործնական քաղաքականության ձեւավորման մեջ:

Այսպիսով, «բասկյան ողջույնը» ԼՂՀ-ի համար արտասովոր երեւույթ չէ: Այն ընդհանուր առմամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ազգային ինքնորոշման իրավունքի եւ պետականության ճանաչման լոբբիստական գիծը: Բայց արդյո՞ք տեղին է դրա հիման վրա խոսել վերջինիս գործնական օգտակարության կամ ընդհակառակը` անօգուտ լինելու մասին:

Այն բանից հետո, երբ Կալիֆոռնիա նահանգի բարձրագույն ներկայացուցչական մարմինն ամերիկյան դաշնային կառավարությանը միջնորդություն է հղել ԼՂՀ ինքնորոշման հարցը քննարկելու վերաբերյալ, Կարնեգիի հիմնադրամի Կովկասի գծով հայտնի մասնագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ այդ նախաձեռնությունն իմաստազուրկ է: Նրա կարծիքով, այդ բանաձեւը «սնուցում է ադրբեջանական պարանոյան հայկական լոբբիի մասին, որի դերը գերագնահատված է»: Իսկ եթե խոսելու լինենք բասկյան փաստաթղթի մասին, ապա ակնհայտ է, որ դրա ընդունումը թելադրված էր ոչ թե հայ ժողովրդի հանդեպ ունեցած «եղբայրական» զգացմունքներով, այլ քաղաքական նկատառումներով: Վաշինգտոնյան` Արեւմտյան կիսագնդի գործերով խորհրդի փորձագետ Ալեխանդրո Սանչեսի կարծիքով` «Լատինական Ամերիկան իրականում ծանոթ չէ Կովկասին եւ ճանաչման վերաբերյալ որոշումը կախված է պետությունների առաջնորդների ունեցած կարծիքներից եւ նրանց հաշվարկներից, թե ինչ կարելի է շահել իրենց երկրների` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ հարաբերություններից: Աբխազիայում եւ Հարավային Օսիայում առկա իրավիճակի մեկնաբանումը վկայում է, թե ինչ կողմնորոշում ունի տվյալ պետությունը Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ընթացող ազդեցության համար պայքարում: Նկարագրված մոտեցումը միանգամայն կիրառելի է նաեւ ներկայումս Իսպանիայի մաս կազմող Բասկերի երկրի պարագայում: Այստեղ ակտիվորեն հետեւում են Կատալոնիայի եւ Շոտլանդիայի փորձին: Բասկերի երկիրը, բնականաբար, ձգտում է մեծացնել իր արտաքին-քաղաքական կապիտալիզացիան, այդ թվում եւ վիճարկվող ինքնիշխանություն ունեցող կազմավորումների հետ սեփական շփումների հաստատման ճանապարհով:

Սակայն, բասկյան բանաձեւի իմաստը կարճաժամկետ արդյունքի մեջ չէ: Դրա նշանակությունն այլ է: Նախ եւ առաջ` այն ԼՂՀ-ին մեկուսացնելու քաղաքականության ոչ այնքան արդյունավետ լինելու ցուցադրումն է: Ի հեճուկս Բաքվից եկող խիստ հանձնարարականների ու շրջաբերականների` միշտ կգտնվեն դրանք անտեսող քաղաքական գործիչներ: Եվ եթե այսօր համարձակ է գտնվել ԵՄ անդամ երկրի տարածաշրջանային խորհրդարանը (օրինավոր մարմին, ոչ թե քաղաքական մարգինալների մի խումբ), ապա վաղը կարող են գտնվել այլ ցանկացողներ եւս: Ինչով էլ պայմանավորված լիներ բասկ խորհրդարանականների որոշումը, նրանք կարեւոր հարց են բարձրացրել: Առանց Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակիչների հնարավոր չէ որոշել այդ տարածքի ապագան, անգամ եթե դա ոմանց դժգոհությունն է առաջացնում: Երեւանի, Հրազդանի կամ Գյումրու բնակիչները չէ, որ որոշելու են, թե որ պետության կամ քաղաքական որ ինքնության ներքո է ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Դա անելու են հենց այդտեղի բնակիչները: Կարելի է գտնել հարյուրավոր տրամաբանված եւ իրավաբանորեն հիմնավոր փաստարկներ, որ բանակցություններին ԼՂՀ-ի միանալը ստեղծելու է լոկ հավելյալ խնդիրներ: Սակայն, միաժամանակ, հարկ է հիշել, որ բոլոր ստորագրված թղթերը (անգամ եթե դրանք ստորագրողները Նոբելյան մրցանակ ստանան) իրականացվելու են թեթեւակիորեն սառեցված թեժ կետում ապրող մարդկանց կողմից: Առանց նրանց կարծիքը հաշվի առնելու նորացված «սկզբունքներից» նույնիսկ նորագույններն են մնալու որպես մեռած տող չաշխատող փաստաթղթի մեջ:  Ավելին` այդ ընդունված փաստաթղթին հղումներ են անելու, այն դառնալու է (ոչ միշտ կոռեկտ եւ ադեկվատ) բանավեճի ու մեջբերման առարկա: Այնուամենայնիվ, Յալթայից եւ Պոտսդամից եւ, հատկապես, Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Ղրիմից հետո` անջատողական տրամադրությունների համընդհանուր աճի համապատկերում այս կամ այն ձեւով «ղարաբաղյան հիմնախնդրին» անդրադառնալը միանգամայն հնարավոր է: Նկատենք, որ դա հնարավոր է ոչ միայն հետխորհրդային տարածությունում, այլեւ դրանց սահմաններից շատ հեռու, քանի որ ճանաչման համար անհրաժեշտ  իրավական եւ քաղաքական հստակ չափանիշների բացակայությունը կարող է վերածվել հավելյալ գործիքի:

Եվ վերջինը (ըստ կարգի, բայց ոչ կարեւորության). սեպտեմբերի 12-ի բանաձեւը ցույց է տալիս, որ տեղեկատվական պատերազմում եւ քաղաքական ծրագրավորման մեջ «մեղմ ուժի» գործիքների ակտիվ կիրառումը պետք չէ թերագնահատել: Այն կարեւոր է: Բայց, ամենակարեւորն այն է, որ այն հնարավոր է նաեւ այն ժամանակ, երբ թիկունքիդ կանգնած չէ էներգակիրներով հարուստ միջուկային գերտերություն: Իսկ եթե «մեղմ ուժի» ետեւում կանգնած է զգալի քաղաքական եւ տնտեսական պաշար, ապա վերջինիս նշանակությունն ու արդյունավետությունը կարող են էապես ուժեղանալ:

Թարգմանությունը՝ Անալիտիկոնի
www.politcom.ru/18076.html

Share

Comments are closed.