ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ALGՀայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս–օգոստոս ամիսներին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս – օգոստոս ամիսներին սաստկացած զինված բախումների կապակցությամբ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար եւ անտեսում են մարդասիրական իրավունքի նորմերը: Վերջին ամիսների լարված իրավիճակում տեղի են ունեցել Մարդու իրավունքների եւ  Միջազգային մարդասիրական իրավունքի` Ժնեւյան համաձայնագրերում եւ դրանց Լրացուցիչ արձանագրություններում ամրագրված նորմերի կոպիտ խախտումներ, որոնք համապատասխանում են Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պատերազմական հանցագործություններին:

Այդ խախտումների գագաթնակետը եղավ 2014թ. օգոստոսի 7-ին, չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմի տիրապետության տակ հայտնված ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների դրսեւորած անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող դաժան վարվելակերպը: Գերեվարվելուց հետո մեկ օրվա ընթացքում, կասկածելի հանգամանքներում Պետրոսյանը մահացել է: ժնեւյան 4-րդ համաձայնագրի 35-րդ եւ 36-րդ հոդվածների համաձայն` Կարեն Պետրոսյանը, որպես քաղաքացիական անձ, իրավունք ուներ անարգելք հայրենադարձվել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը նրան հայտարարել էր դիվերսանտ, թեեւ միջազգային իրավունքով անգամ դիվերսանտները մարդասիրական վերաբերմունքի եւ արդարացի դատավարության իրավունք ունեն: Պետրոսյանի դին ցայսօր չի հանձնվել նրա ընտանիքին:

Առավել մտահոգիչ է, որ նման բռնությունների, անմարդկային վերաբերմունքի դրեւորումներն ուղեկցվում են ատելության, պատերազմի լայնածավալ քարոզչությամբ, թշնամու կերպարի խորացմամբ եւ նրա նկատմամբ ցանկացած դաժանության արդարացմամբ: Իսկ այն հասարակական գործիչները, իրավապաշտպանները եւ լրագրողները, որոնք հավատարիմ են ժողովրդավարության, հակասությունները երկխոսության միջոցով հաղթահարելու սկզբունքերին, ենթարկվում են աննախադեպ ճնշումների:

Նկարագրված միջադեպը դիտարկելով որպես հայ-ադրբեջանական հակամարտության հերթական ողբերգական դրսեւորում եւ գիտակցելով հետագա պատերազմական գործողությունների սպառնալիքը, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը`

Կոչ է անում կողմերին` 

• Բանակցությունների միջոցով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը` հիմք ընդունելով կառուցողական համագործակցության, հանդուրժողականության, փոխվստահության եւ փոխըմբռնման եվրոպական սկզբունքները: Որպես խաղաղարար գործընթացի կարեւորագույն փուլ` քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը եւ պայմանները:

• Մինչեւ այդ` իրենց հրամանատարության ներքո գործող զինված ուժերին խստորեն արգելել քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների, բնակելի տների գնդակոծումները, շփման գծից երկուստեք հետ քաշել դիպուկահարներին, ինչպես նաեւ դադարեցնել սահմանամերձ գոտիներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչության նկատմամբ բոլոր ոտնձգությունները:

Հորդորում է` 

• Ձեռնարկել քայլեր, որոնցով հնարավորություն կստեղծվի դիմել Փաստերի հաստատման միջազգային հանձնաժողովին` անաչառ կերպով պարզելու պատերազմական հանցագործությունների փաստերը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել` ըստ միջազգային քրեական օրենսդրության:

• Որպես փոխվստահության հասնելու կարեւոր միջոցի` նպաստել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների երկխոսությանը: Դադարեցնել այն անձանց եւ կազմակերպությունների հետապնդումները, որոնք պատրաստակամ են համագործակցել եւ հիմքերը գտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

• Ադրբեջանի Հանրապետությանը` ստորագրել եւ վավերացնել Ժնեւյան համաձայնագրերի Լրացուցիչ 1-ին եւ 2-րդ արձանագրությունները, ինչպես նաեւ Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:

• Հայաստանի Հանրապետությանը` վավերացնել Հռոմի միջազգային քրեական դատարանի` 1999թ. հոկտեմբերի 10-ին ստորագրած կանոնադրությունը:

Հիշեցնում է, որ` 

• Ադրբեջանը եւ Հայաստանը վավերացրել են Ժնեւյան 1949թ. օգոստոսի 12-ի չորս համաձայնագրերը` պարտավորվելով զինված բախումների ընթացքում պահպանել Միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, այդ թվում` չկիրառել ոչ ընտրողական բնույթի հարձակումներ, չռմբակոծել քաղաքացիական բնակավայրերը եւ քաղաքացիական օբյեկտները, պահպանել Ժնեւյան 3-րդ համաձայնագրով ամրագրված` ռազմագերիների հետ վարվելակերպի բոլոր նորմերը:

• Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված նորմերի գործողությունը զինված բախումների եւ պատերազմների ժամանակ ամենեւին չի դադարում, այլ, ի լրումն դրա, սկսում են գործել նաեւ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Դիմում է` 

• ԵՄ նոր ձեւավորված հանձնաժողովին, Եվրամիության այլ կառույցներին` կոչ անելով շարունակել իրենց ջանքերը Հարավային Կովկասում եւ ԱլԳ ամբողջ տարածաշրջանում անվտանգության երաշխիքների ձեւավորմանը, ուժեղացնել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաեւ պաշտոնական, քաղաքացիական եւ պրոֆեսիոնալ այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ բանակցություններին եւ երկխոսությանը:

• Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` կոչ անելով շարունակել զարգացնել Միջազգային մարդասիրական իրավունքի լուսաբանման ծրագրերը հակամարտող կողմերի դպրոցական եւ մյուս ուսումնական հաստատություններում եւ զինված ուժերի ստորաբաժանումներում, որը կբարձրացնի Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վերաբերյալ իրազեկվածությունը եւ կկանխարգելի մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների դեպքերը:

•  ԱլԳ ՔՀՖ-ին եւ ազգային բոլոր պլատֆորմներին` սույն հայտարարությանը միանալու առաջարկով:

2014թ. սեպտեմբերի 19, Երեւան
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

 

Share

Comments are closed.