ՀՀԿ-ն փորձում է վերածվել ՍՄԿԿ-ի եւ Հայաստանը տանել հետ` դեպի ՍՍՀՄ

1363695871,3Մեսրոպ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երեւան

Այս տարվա սեպտեմբերի 6-ը ոչնչով աչքի չընկնող սովորական շաբաթ օր էր: Լրատվամիջոցներն առանձնապես որեւէ արտառոց բան չէին հաղորդում, մի երկու մանր-մունր իրադարձություն, որոնք չէին կարող օրակարգ ձեւավորել: Եվ այդ օրն այդպես էլ կմնար սովորական, եթե երեկոյան տեղի չունենար  Հայաստանում իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ-ի) գործադիր մարմնի, ապա եւ խորհրդի նիստը, որում ելույթ պիտի ունենար (եւ ունեցավ) ՀՀԿ նախագահ, վսեմափայլ եւ ազգընտիր Սերժ Ազատի Սարգսյանը… (բուռն ծափահարություններ, որոնք աստիճանաբար վերածվում են օվացիայի) … 

Ծիծաղներդ եկա՞վ: Ծանո՞թ թվաց:

Իհարկե, մեր այս սկիզբը պաշտոնական ոճից մի քիչ տարբերվում էր, բայց էությունը նույնն է: Ուզում եմ ասել, որ ՀՀԿ-ն ինքը եւ լրատվամիջոցները, ըստ էության, ձանձրույթից արհեստական օրակարգ են առաջադրում` տպավորություն ստեղծելով, թե Հայաստանում այդ օրակարգը ձեւավորվում է հենց մե´կ կուսակցության ղեկավար մարմնում կամ այդ կուսակցության շուրջ: Եվ այս միտումն արդեն բավականին տեւական ժամանակ է շարունակվում է:

Հաղորդագրությունները, որ տարածվում են, շատ են հիշեցնում սովետական տարիների ՏԱՍՍ-ի տարածածները «ՍՄԿԿ կենտկոմում»  կամ` «ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը» վերնագրով: Բացառություն չէր նաեւ այդ օրվանը` «ՀՀԿ մամուլի ծառայություն» ստորագրությամբ տարածվածը, որ նույնությամբ, առանց որեւէ միջամտության հրապարակեցին համարյա բոլոր լրատվամիջոցները:

Այդ հաղորդագրությունից  մի հատված ենք բերում (Սերժ Սարգսյանի ելույթից)` ցույց տալու համար կոմունիստական անցյալից բաժանված չլինելը: Սերժ Սարգսյանը խոսում է ՀՀ Սահմանադրության մեջ իր իսկ հրամանագրով նախապատրաստվող փոփոխությունների մասին.

«Դուք գիտեք, որ մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության եւ մասնագիտական շրջանակների հետ, հուլիս ամսին հանձնաժողովի անդամներն այցելել են հանրապետության բոլոր մարզեր եւ ներկայացրել բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները: Մեր անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա, երբ հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծ, այլ բոլոր այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար: Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով` հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը եւ մինչեւ հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է իմ հաստատմանը»

(Մեջբերված է ըստ ՀՀԿ կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության տեքստի, տես´  www.hhk.am):

Սա տիպիկ սովետական կուսակցական ղեկավարի խոսք է, երբ իմիտացիոն գործընթացները կամ այլ կերպ ասած` բուռն գործունեության պատրանքը ներկայացվում է իբրեւ աշխատանք: Չէ´, քրտնաջա´ն աշխատանք:

Իսկ իրականությունը, ինչպես սովետական տարիներին, այն է, որ մարդկանց` պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների չինովնիկներին,  ստիպողաբար քշում էին Գագիկ Հարությունյանի 4 ժամանոց դասախոսությունները լսելու: Դրանց ժամանակ պետական եւ համայնքային ծառայողները մի կուշտ ձանձրանում ու ննջում էին… Տեսնես էդ ի՞նչ արդյունքներ են ունեցել էդ քննարկումները, որ դեռ պիտի հաշվի առնեն… Հա, երեւի դարձյալ կոմունիզմի ժամանակների ոգով պատրաստի ճառեր…

Կարելի է շարունակել մեջբերումներ անել Սերժ Սարգսյանի հիշյալ ելույթից` ցույց տալու համար կոմունիստական-բրեժնեւյան ոգու առկայությունը դրանում: Ինքնագովեստին հաջորդում է ինքնաքննադատության իմիտացիան, դրան էլ` հանձնարարականները կուսակցական ընկերներին… դե, իսկ շարունակությունը հայտնի է` կուսակցականները պիտի որ գործեն «ընկ. Ս. Ա. Սարգսյանի ելույթի լույսի ներքո…»:

Ինչպես ասում են, ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, որովհետեւ հենց նման գործելակերպն է, որ մեզ ստիպում է ասել, որ ՀՀԿ-ն փորձում է վերածվել ՍՄԿԿ-ի` իրեն դնելով միակ կուսակցության տեղ:

Եվ ամենից ցավալին այն է, որ լրատվամիջոցները կամա, թե ակամա նպաստում են մեկ կուսակցության շուրջ այդ միֆի ուռճացմանը, երբ ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստի օրերին շարվում են գրասենյակի մուտքի մոտ` ինչ-որ բան լուսաբանելու հույսով:

Այսուհանդերձ, ինչքան էլ ՀՀԿ խոսնակն ու որոշ ինտելեկտուալներ այս կերպ փորձում են ՀՀԿ-ի բարոյական կերպար կերտել, այդ երեւութական կերպարի հետեւից ցցվում են` քծնանքի մի կողմից (Շարմազանով եւ նրա նմաններ) ու գռեհկության (Սաշիկ Սարգսյան, Շմայս եւ այլք)` մյուս կողմից, ականջները…

Եվ դա էլ ՀՀԿ-ի իրական կերպարն է` դեպի ՍՍՀՄ` քծնանքի ու գռեհկության ականջներով…

Իսկ ինչո՞ւ դեպի ՍՍՀՄ` կհարցնեք դուք: Մեկնաբանեմ: Նախ` դեպի ՍՍՀՄ ընթացքի կամ ազգային հետընթացի մեկնարկի սկիզբն ազդարարեց Սերժ Սարգսյանը` անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին, երբ Պուտինի մոտից սփրթնած դուրս գալով հայտարարեց Եվրասիական միությանը միանալու իր (այո, հենց իր, որովհետեւ ինքը Հայաստանը չէ) մտադրության մասին: Եվ թեպետ անցած մեկ տարում այդ դեռ չեղած միության անդամներն ամեն ինչ անում են Հայաստանին հեռու պահելու համար, Սերժ Սարգսյանը համառորեն փորձում է Հայաստանը խցկել այդտեղ: Եվ դեպի ՍՍՀՄ շարժման ախտանշանների թվում է հենց երեւութական բազմակուսակցական համակարգի ֆոնին միակուսակցական դիկտատուրայի իմիտացիան:

Եվ այս ամենից հետո արդեն արտառոց չի թվում այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին, ինչը, սակայն, շատ քիչ արժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը:

Քանի որ ՀՀԿ-ն սովոր է ամեն ինչ անել` հասարակական պահանջի պատրանք ստեղծելով, այդ նախաձեռնությունն էլ հասարակական պահանջի պատրանքի ոլորտից էր: Չչարաշահեմ ընթերցողի համբերությունը: Խոսքն այսպես կոչված Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում ՀՀ խորհրդանիշների շուրջ քննարկմանն է վերաբերում: Ըստ «Առավոտի» հրապարակման` «խորհրդի բոլոր անդամները համակարծիք էին. պետք է վերադարձնել  Սովետական Հայաստանի նախկին` Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգը` մի քանի բառ փոխելուց հետո, քանի որ այն ավելի պաթետիկ է…» (տե´ս www.aravot.am): Արամ Խաչատրյանի երաժշտության դեմ ոչինչ չունենք, սակայն վաղուց ժամանակն է հասկանալ, որ դա գրվել է կոնկրետ երկրում եւ կոնկրետ ժամանակաշրջանի համար:

Այն, որ սովետի կարոտախտով տառապողները վաղուց են երազում վերադարձնել սովետական հիմնը, նորություն չէ: Նորություն էին ՀՀ զինանշանի եւ դրոշի մասին կարծիքները: Ահա` «Ենթահանձնաժողովի  անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասաց, որ պետության զինանշանը մարդու ներսում պետք է հպարտություն առաջացնի, իսկ ՀՀ  զինանշանը   խղճուկ երկրի  թափթփուկ զինանշանի է նման, որն անպայման պետք է փոփոխել: Դրոշի հարցում մի քանի կարծիք հնչեց. ոմանք առաջարկում էին օրհներգի հետ միասին վերադարձնել նախկին` սովետական դրոշը` ինչ-ինչ փոփոխություններով, ոմանք էլ` փոխել ներկայիս դրոշի գույների հերթականությունը: Արվեստի ներկայացուցիչները քվեարկություն կազմակերպեցին, որտեղ միաձայն կողմ որոշվեց, որ ՀՀ խորհրդանիշները փոփոխելու կարիք կա…»:

Ինչպես ասում են` տեղ հասանք: Կարոտախտով տառապողները, ովքեր այդպես էլ չհասկացան ու չըմբռնեցին անկախության էությունը, ում համար անկախությունն իրենց կոմսոմոլա-կուսակցական կարիերայի ավարտ էր նշանակել, հիմա` սերժսարգսյանական` իրենց համար բարենպաստ քամին զգալով, որոշել են վրեժ լուծել Անկախությունից եւ իբրեւ թիրախ ընտրել են հենց անկախության սիմվոլները` Դրոշը, Զինանշանը, Հիմնը: Երեւի հաջորդ քայլը կլինի Սահմանադրության մեջ կուսակցության (մեր դեպքում, բնականաբար, ՀՀԿ-ի) դերի եւ առաքելության մասին սովետական սահմանադրության տխրահռչակ 6-րդ հոդվածի վերականգնումը, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը:

Սակայն, ինչպես կասեն իմ ղարաբաղցի բարեկամները` «Ընջուկեն քամակը կտըսնան»: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը դեռ իր խելքը հացի հետ չի կերել, եւ ինքան էլ դժվար լինի ու ծանր` 600 տարվա պայքարով նվաճած անկախությունը չի նվիրի հանուն սովետական կարոտախտով տառապող մի խումբ չկայացած «մտավորականների» շահերի:

Share

Comments are closed.