Իրազեկ հանրությունը վախենալու քիչ առիթներ ունի

TigoՏիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

Սթիվեն Լեվիթի եւ Սթիվեն Դաբների հանրահայտ «Ֆրիքոնոմիկա» գրքի գլուխներից մեկում հեղինակները պատմում են այն մասին, թե ինչպես է հասարակ լրագրող Սթեթսոն Քենեդիին հաջողվել տապալել Կու-կլուկս-կլան ահաբեկչական կազմակերպությունը:

Կու-կլուկս-կլանը վերելքների եւ անկումների երկար ու յուրահատուկ պատմություն ունի: Այն հիմնադրվել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո համադաշնության վեց զիվորների կողմից` Թեննեսի նահանգի Պուլասկի քաղաքում:

Սկզբնական շրջանում կազմակերպության ողջ գործունեությունն իրենից ներկայացնում էր անմեղ եւ անհեթեթ արարքների մի ամբողջություն. կլանի անդամները սպիտակ բարձերեսներ եւ սավաններ հագած շրջում էին ձիերով գիշերային ժամերին: Սակայն շուտով Կլանը ընդլայնվում եւ հասնում է ահաբեկչական կազմակերպության մասշտաբների, որը միավորում էր բազմաթիվ մարդկանց ԱՄՆ տարբեր նահանգներում: Կազմակերպության անդամերը հիմնականում  ահաբեկում եւ սպանում էին ազատություն ստացած սեւամորթ ստրուկներին: Կու-կլուկս-կլանը մոլեգնում էր քսաներորդ դարի սկզբներին` ամեն տարի հարյուրավոր եւ հազարավոր սեւամորթներ սպանելով:

Սակայն ժամանակի ընթացքում կազմակերպության գործունեության ծավալները նվազեցին: Քսաներորդ դարի կեսերին, հեղինակների խոսքերով, Կլանը մռայլ տղամարդկանց եղբայրություն էր, որոնք, որպես կանոն, նորմալ կրթություն եւ հեռանկարներ չունեին: Նրանց պարզապես մի տեղ էր պետք, որտեղ կարելի էր ժամանակ անցկացնել եւ տնից գիշերներով բացակայության արդարացում ունենալ: Կլանի գլխավոր առավելությունը հասարակության հանդեպ այն էր, որ նրանք  սեփական կառուցվածքի եւ գործունեության մասին ինֆորմացիայի մենաշնորհ ունեին: Այդ փաստը թույլ էր տալիս կազմակերպությանը պահպանել իր սարսափելի իմիջը` չիրականացնելով լայնածավալ բռնություններ: Մի խոսքով, Կու-կլուկս-կլանը պահպանում էր գոյությունը իր լեգենդի շնորհիվ:

Ատլանտա քաղաքում ապրող Սթեթսոն Քենեդին հայտնի լրագրող, ռասիզմի ու ֆանատիզմի մոլի հակառակորդ էր եւ Կու-Կլուկս-կլանին Ամերիկայի գլխավոր չարիքներից էր համարում: Նա Կլանի գործունեությունը քննադատող բազմաթիվ հոդվածներ ու գրքեր էր հեղինակել եւ վերջիվերջո որոշել էր կեղծանունով անդամակցել կազմակերպությանը` այն ներսից տապալելու նպատակով: Կու-կլուկս-կլանի շարքերում մի քանի շաբաթ անցկացնելով` Քենեդին ավելի էր տենչում որեւէ կերպ վնասել կազմակերպությանը: Նա կլանի գործունեության մասին տեղեկություններ էր փոխանցում դատախազություն, փորձում էր ներգրավել բարձրաստիճան պաշտոնյաների եւ այլն: Սակայն ամեն ինչ ապարդյուն էր, քանի որ կլանը չափազանց ամուր դիրքեր եւ կապեր ուներ թե Ատլանտայում, թե Ամերիկայի այլ քաղաքներում ու նահանգներում: Այդպիսի անելանելի իրավիճակում Քենեդին հասկանում է կլանը տապալելու միակ հնարավոր միջոցը: Գիտակցելով, որ Կու-կլուկս-կլանի կենսունակության միակ պատճառը ինֆորմացիայի տիրապետության մեջ գոյություն ունեցող ասիմետրիան է` նա որոշում է կլանի իրական գործունեության եւ ներքին կառուցվածքի մասին ինֆորմացիան հրապարակային դարձնել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի:

Քենեդին իր պլանն իրականացնելու հիանալի միջոց է ընտրում: «Սուպերմենի արկածները» խորագրով ռադիոհաղորդումը հեռարձակվում էր ողջ երկրի տարածքում եւ սիրված էր Ամերիկայի բոլոր երեխաների կողմից: Քենեդին կլանի պարագլուխների անհեթեթ կեղծանուններն ու գաղտնաբառերը եւ նմանատիպ այլ մանրամասնությունները ուղարկում է ռադիոհաղորդման հեղինակներին: Վերջիններս մեծ ուրախությամբ պատրաստակամություն են հայտնում համագործակցել նրա հետ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում կոմիքսի բացասական կերպարները Հիտլերն ու Մուսոլինին էին, չարագործների մեծ դեֆիցիտ էր նկատվում: Առաջին հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո Կու-կլուկս-կլանը ծաղրի առարկա է դառնում ողջ երկրում: Ամերիկացի երեխաներն իրենց խաղերում սկսում են օգտագործել տարիներով գաղտնիության մեջ պահված մականուններն ու գաղտնաբառերը: Սթեթսոն Քենեդիին հաջողվում է ոչնչացնել կլանի լեգենդը: Այդ լրջագույն հարվածից հետո Կու-կլուկս-կլանը կորցնում է իր ազդեցությունը եւ դառնում գոյություն ունեցող բազմաթիվ մարգինալ կազմակերպություններից մեկը:

Հանրության իրազեկվածության կախարդական ուժի մասին սույն պատմությունը կարող է արցախցիներիս համար օգտակար լինել մի կարեւոր վտանգի չեզոքացման գործում:

ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության գործելաոճի մասին վերջերս շատ է խոսվել: Այդ կազմակերպությունը հիմնականում զբաղված է ոչ թե ազգային անվտանգության ապահովմամբ, այլ իշխող ռեժիմի «ակնառու» ներկայացուցիչների անձնական շահերի սպասարկմամբ: Իրենց այդ «պարտականությունը» կատարելու ընթացքում ԱԱԾ աշխատակիցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ճնշման են ենթարկում ԼՂՀ քաղաքացիներին` անթաքույց կերպով խառնվելով երկրի ներքաղաքական գործընթացներին:

Այդ կառույցի ամենակարեւոր գործառույթն Արցախում վախի մթոլորտի ստեղծումն է: Բայց ինչպես քսաներորդ դարի երկրորդ կեսի Կու-կլուկս-կլանի դեպքում, այնպես էլ ԱԱԾ պարագայում, վախի պատճառը գոյություն ունեցող լեգենդն է: Հասարակության հավաքական հիշողության մեջ ԱԱԾ-ն ասոցացվում է Խորհրդային շրջանի ՊԱԿ-ի (КГБ) հետ: Պատահական չէ, որ ժողովրդի մեջ գործածվում է կառույցի անվանման խորհրդային տարբերակը: Տվյալ պարագայում մենք ականատես ենք դառնում նաեւ արցախցիներին բնորոշ  ինքնաներշնչմանը, որը, անկասկած, ձեռնտու է իշխանություններին:

Այսօր արցախյան հասարակությունը սեփական Սթեթսոն Քենեդիների կարիք ունի: Մարդիկ, որոնք կկարողանան պայթեցնել ԱԱԾ-ի շուրջ միտումնավոր կերպով ստեղծվող ինֆորմացիոն փուչիկը: Իհարկե, ոչ մեկի մտքով չի անցնում զուգահեռներ անցկացնել Կու-կլուկս-կլանի եւ ԱԱԾ-ի գործունեության միջեւ (կլանի պատմությունն օգտագործվել է հանրության տեղեկացված լինելու կարեւորությունը գիտակցելու նպատակով), սակայն ակնհայտ է, որ երկու դեպքերում էլ նույն երեւույթին ենք հանդիպում, երբ ինֆորմացիայի տիրապետության մեջ ասիմետրիայի պատճառով ստեղծվել են որոշակի կարծրատիպեր, որոնք նպաստում են հասարակության տարբեր զանգվածների մոտ վախի մթնոլորտի ձեւավորմանը:

Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ  հասարակության կողմից վերահսկողության հաստատումն այսօր դառնում է առաջնային խնդիրներից մեկը: Հայության առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ԱԱԾ-ը ռեպրեսիվ նկրտումներով սովետական ոճի կազմակերպությունից վերածել ազգային կառույցի, որը սեփական քաղաքացիներին լրտեսելու եւ վախեցնելու փոխարեն կկարողանա լուծել իր անվանմանը հարիր խնդիրներ:

Share

Comments are closed.