Նոր Եվրասիա. դե-ֆակտոյի եւ դե-յուրեի միջեւ

Sergey-Markedonov (1)Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Ռուսաստանի Հումանիտար համալսարանի
արտասահմանյան տարածաշրջանագիտության
եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ
Մոսկվա

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամն այդ երկիրը դարձրել է առանձնակի հետաքրքրության  եւ բարձր ռիսկերի գոտի: Խոսքը ոչ միայն ներքին, այլեւ աշխարհաքաղաքական ռիսկերի մասին է: Պատմաբան Ալեքսեյ Միլլերն արդարացիորեն կարծում է, որ «այսպիսի պետությունները կայունության որոնման ժամանակաշրջան են ապրում` որպես պետության եւ ազգի էթնիկական ու քաղաքացիական հայեցակարգերի միջեւ փոխզիջման արդյունք»: «Ուկրաինական հեղափոխությունը» ծայրագույնս արդիականացրել է ազգի` որպես «ամենօրյա պլեբիսցիտի» մասին Էռնեստ Ռենանի հայտնի թեզը:

Այս այլաբանությունը ոչ միայն հասցրել է ձեռք բերել վերացական հնչեղություն, այլեւ` գործնական մարմնավորում: Ղրիմյան հանրաքվեից եւ Ռուսաստանի կազմի մեջ նրա մտնելուց հետո հետխորհրդային տարածությունն իր բելովեժյան տեսքով դադարել է գոյություն ունենալ: Բելովեժյան համաձայնագրի 14 հոդվածներից (1991թ. դեկտեմբեր) առավել կարեւոր էր 5-րդ հոդվածը, որում երեք ստորագրողները (որոնցից երկուսը Ուկրաինան եւ Ռուսաստանն են) պատրաստակամություն են հայտնել ճանաչել եւ հարգել «միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Իհարկե, այս սկզբունքը խախտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության տարիների եւ 2008թ. օգոստոսին` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ «հնգօրյա պատերազմի» արդյունքում: Սակայն, գոյություն ունի երկու նրբերանգ. այս երկու անդրկովկասյան հանրապետությունները Խորհրդային Միությունը չեն թաղել եւ ԱՊՀ չեն հիմնադրել, իսկ Վրաստանը ԱՊՀ է մտել նրա 11 անդամներից ավելի ուշ եւ լքել այն 2008-2009 թթ. ընթացքում: Ընդ որում, երկար տարիներ ռուս-վրացական հարաբերությունները (առնվազն 2000թ. վիզային ռեժիմի հաստատումից ի վեր) ավելի շուտ դիտվում էին որպես եզակի բացառություն: Այլ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի` Բելովեժն ու հետխորհրդային իրականությունը երկու կերտողների պարագան: «Ղրիմի դեպքը» դարձել է Խորհրդային Միության փլուզման արդյունքում գոյացած նորանկախ պետության տարածքներից մեկի իրավասության փոփոխության նախադեպ:

Բայց Ղրիմով գործը չի սահմանափակվել: Ուկրաինական ճգնաժամը (իշխանության ոչ սահմանադրական փոփոխությունը եւ տեղաշրջանների կարգավիճակի հարցը կառուցողաբար քննարկելու` երկրի նոր ղեկավարության անկարողությունը, ինչպես նաեւ հարեւան երկրում սեփական ազդեցությունն ամրապնդելու Մոսկվայի ձգտումները) հանգեցրել են «Դոնբասի ռուսական գարնանը»: Ու թեեւ այսօր հնարավոր չէ  որոշակի եզրակացություններ անել վերջինիս հետեւանքների մասին (քանի որ տվյալ իրավիճակի զարգացումն ակտիվորեն շարունակվում է), հարկ է արձանագրել Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության սուբյեկտ դարձած երկու չճանաչված կազմավորումների` (Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ) առաջացումը: Երկու այլ անջատողական նախագծերը (Խարկովի եւ Օդեսայի ժողովրդական հանրապետություններ) ձախողվել են: Սակայն, Նովոռոսիայի` որպես եվրոպական եւ ատլանտյան ինտեգրման օգտին հանդես եկող կիեւյան նոր իշխանություններին դիմադրող Արեւելյան Ուկրաինայի տարածաշրջանների այլընտրանքային գաղափար պահպանում է իր արդիականությունը: Այն պատմության գիրկը չի անցել, չնայած այն բանին, որ միասնական պետության տրոհման եւ Արեւելյան Ուկրաինայի տարբեր տարածաշրջանների Դոնբասին միավորվելու հույսերը ներկա պահին դեռ չեն արդարացել:

Ինչեւէ, մեծությամբ Եվրոպայի երկրորդ (603, 7 հազ. քառ. կմ.) եւ բնակչությամբ հինգերորդ (շուրջ 42 միլիոն` Ղրիմի բնակչությունը չհաշված) երկրում ծագած ճգնաժամը կրկին արդիականացրել է չճանաչված պետականության խնդիրը: Ի հեճուկս հաճախ լսվող պնդումների` այս երեւույթն իրականում խորհրդային (կամ խորհրդային-հարավսլավական) ծագում չունի: Հեղափոխությունների, ազգային ինքնորոշման տարբեր դրսեւորումների (որոնք պոստ-ֆակտում անվանվել են ազատագրում) կամ արտաքին քաղաքական խաղերի շնորհիվ առաջացած կազմավորումները գոյություն ունեին 1991 թվականից շատ ավելի վաղ: Այդ կարգավիճակում գտնվել են Եվրոպայի շատ երկրներ` Ֆրանսիան (Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո), Նիդեռլանդները, Բելգիան, Իռլանդիան: 1917թ. երկու հեղափոխություններից, խորհրդային իշխանության հաստատումից եւ քաղաքացիական պատերազմից հետո ՌԽՍՀ-ն եւ ԽՍՀՄ-ը գոյություն են ունեցել առանց միջազգային ճանաչման: 1949 թվականի հոկտեմբերից մինչեւ 1971թ. հոկտեմբերը ՄԱԿ-ում ներկայացված չէր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ): Չինաստանի շահերը ներկայացնում էր Չինաստանի Հանրապետությունը (Թայվան): Եւ միայն 1971թ. հոկտեմբերի 25-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած «ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրինական իրավունքների վերակագնման մասին»  թիվ 2758 բանաձեւն է փոխել տասնամյակներով գոյություն ունեցած կարգը:1  Մյուս կողմից էլ` հիշյալ բանաձեւն արմատապես փոխել է Չինաստանի Հանրապետության (Թայվանի) կարգավիճակը: ՄԱԿ-ի համահիմնադիր երկրի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից Թայվանն անցել է ՄԱԿ-ի կողմից չճանաչված  ազգային միավորումների շարքը: Նախկին կարգավիճակը ստանալու (նախկին կամ Թայվան անվանմամբ) բազմաթիվ փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Բայց ԽՍՀՄ փլուզման գործընթացը ներկայացրել է իրականում գոյություն ունեցող, բայց ժամանակակից պետությունների ակումբ լինելու հավակնող ՄԱԿ-ի անդամ-երկրների կողմից չճանաչված կազմավորումների պատկառելի ցանկ: Ներկայումս պահպանվել է չորս դե-ֆակտո կազմավորումների ենթակառուցվածքը (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, Աբխազիա, Հարավային Օսիա եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Նրանք կարողացել են գոյատեւել իրենց մետրոպոլիաների հետ ունեցած հակամարտություններում, ձեւավորել սեփական իշխանության մարմիններ, ուժային կառույցներ եւ անցկացնել բազմաթիվ ընտրարշավներ: Եվ ամենագլխավորը` ստանալ օրինավորություն իրենց «չճանաչված քաղաքացիներից»: Առանձին քաղաքական գոյության հայտ ներկայացրած ոչ բոլոր կազմավորումներն են կարողացել գոյատեւել մինչեւ մեր օրերը:

Այս տեսանկյունից բացառիկ է 1991-1994թթ. եւ 1996-1999թթ. Իչքերիայի Չեչենական Հանրապետության օրինակը, որը դե-ֆակտո Ռուսաստանից անկախ էր: Այսօր Ռամզան Կադիրովի իշխանության ներքո Չեչնիան ներկայանում է որպես Ռուսաստանին գրեթե ամենահավատարիմ դաշնային սուբյեկտ: Ընդ որում, Չեչնիայի ներկայիս ղեկավարի անձի հանդեպ ունեցած վերաբերմունքից անկախ, հարկ է խոստովանել, որ նա Մոսկվայի «խաղալիքը չէ»: Նա ունի ժողովրդականության իր պաշարը թե´ հանրապետության ներսում եւ թե´ նրանից դուրս: Անգամ ռուս էթնիկ ազգայնականներն են տրտնջում, որ իրենց համակիրների շարքերում չկա իրենց Ռամզանը: Սակայն հանրապետության «խաղաղեցման» գինը Չեչնիայի առաջին դեմքին ինքնիշխանության մեծագույն մասի փաստացի հանձնումն էր: Այսօր Կադիրովին հաջողվել է ռուսական եռագույն դրոշի ներքո ստեղծել սեփական ազգային-պետական նախագիծ:

Ողջ ուժով բռնկված ուկրաինական ճգնաժամը նույնպես ցույց է տվել, թե որքան խոցելի կարող է լինել յուրաքանչյուր հետխորհրդային պետություն: Դրա վառ ապացույցը Ղրիմի ինքնորոշումն էր (որը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի կազմում ինքնավար հանրապետությունից դարձել է չճանաչված հանրապետություն եւ ապա ՌԴ մաս) եւ Դոնբասում երկու ինքնահռչակ հանրապետությունների առաջացումը:

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած կազմավորումները փաստացի նույնացվել են էթնոքաղաքական դիմակայությունների հետ:  1992թ. վրաց-օսական եւ մոլդովա-մերձդնեստրական հակամարտությունների գոտում հրադադար է հաստատվել: 1994թ. հրադադար է հաջողվել հաստատել Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում, իսկ 1996թ.` Չեչնիայում: Սակայն,  հաստատված ստատուս-քվոն ապահովել է միայն լայնածավալ ռազմական բախումների (թեեւ հրադադարի խախտումներն ու առանձին թեժացումները պարբերաբար շարունակվում էին) դադարեցումը` առանց որեւէ քաղաքական լուծում առաջարկելու: Հակամարտությունները (ինչպես եւ չճանաչված կազմավորումների կարգավիճակը) «սառեցվել» են: Որոշ դեպքերում դա որոշվում էր ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությամբ (Լեռնային Ղարաբաղ), մյուս իրավիճակներում ուժային գործոնները լրացվում էին սոցիալ-հոգեբանական եւ իրավական պատճառներով (օրինակ` Չեչնիայի հինգ տարով «հետաձգված կարգավիճակը»): Սակայն «սառեցումը» չէր կարող երակաժամկետ լինել, քանի որ իրենց պարտված համարող կողմերը շահագրգռված էին փոփոխել ստեղծված ուժային հավասարակշռությունը: Նախկին հավասարակշռության փոփոխման ձգտումը մեծանում էր ռեւանշի հակված կողմերի մոտ անհրաժեշտ ռեսուրսների կուտակմանը զուգընթաց: Այս իմաստով Դոնբասում 2014թ. սեպտեմբերի 5-ին ձեռքբերված «մինսկյան հրադադարը» նույնպես չպետք է պատրանքներ ստեղծի մեզ մոտ: Եթե Ուկրաինան մի օր հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հավակնություններից, դա տեղի կունենա ոչ թե ներքուստ բխող ինչ-որ խաղաղասիրության, այլ միանգամայն գործնական հանգամանքների դրդմամբ (խնդրահարույց տարածքի ինտեգրմանը պատրաստ չլինելու կամ չցանկանալու դեպքում):

«Սառեցված դրությունը» փոխելու պարբերական փորձեր էին ձեռնարկում Ռուսաստանը 1999-2000թթ. Չեչնիայում, Վրաստանը 1998 եւ 2001թթ.` Աբխազիայում եւ 2004թ.` Հարավային Օսիայում: Ի տարբերություն Մոսկվայի եւ Թբիլիսիի` Ադրբեջանն իր ուշադրությունը կենտրոնացրել է խաղաղ կարգավորման դիվանագիտական ձեւաչափերի փոփոխության վրա եւ որոշակի հաջողության է հասել, եթե այդպիսին համարենք ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տեղափոխումը Երեւան-Բաքու ձեւաչափ` առանց Ստեփանակերտի մասնակցության:  2008թ. օգոստոսին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչմամբ Ռուսաստանը ստեղծել է միջհանրապետական սահմանները միջպետականի վերածելու նախադեպ: Դրանից հետո նախկին ԽՍՀՄ տարածքում առաջացել են «մասնակիորեն ճանաչված» պետություններ, այսինքն` այնպիսի կազմավորումներ, որոնք, չլինելով ՄԱԿ-ի անդամ, միաժամանակ անկախ են ճանաչվում ՄԱԿ-ի որոշ անդամ-երկրների կողմից:

Սակայն մնում է եւս երկու չճանաչված պետություն` Լեռնային Ղարաբաղը եւ Մերձդնեստրը. առաջինն արդյունք է հայ-ադրբեջանական հակամարտության, երկրորդը Մոլդովայի ու Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիմակայության հետեւանքն է: Ուկրաինական ճգնաժամը ռազմական դիմակայության վերածվելու ընթացքում երկրի հարավ-արեւելքում առաջացել են երկու դոնբասյան հանրապետություններ: Ինքնին բոլոր վերոհիշյալ հակամարտությունները (մասնակի ճանաչման դեպքերը ներառյալ) քաղաքական առումով կարգավորված չեն: Այս ամենը չի կարող չհարուցել միջազգային հանրության անհանգստությունը, քանի որ անհայտ կարգավիճակով կազմավորումների անբավարար ներգրավվածությունը հղի է անկայունության նոր օջախների եւ հնարավոր նոր հակամարտությունների առաջացման սպառնալիքներով:

Այս կապակցությամբ կանխատեսել Ռուսաստանի (Հյուսիսային Կովկասի պատճառով) եւ Ուկրաինայի (Ղրիմի ու Դոնբասի պատճառով) տրոհումն անարդյունավետ է: Սակայն, ճանաչելով Կովկասի երկու չճանաչված հանրապետությունների անկախությունը, իր կազմի մեջ ներառելով Ղրիմը եւ «բարոյապես ու նյութապես» (Եվգենի Պրիմակովի եզրույթն է) աջակցելով դոնբասյան նախագծերին` Մոսկվան որոշակի ռիսկերի է դիմել: Այսօր Հյուսիսայի Կովկասում էթնիկական անջատողականությունն անկում է ապրում. այնտեղ շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում իսլամական անջատողականությունը (որը ծայրաստիճան տարաբնույթ է գաղափարաքաղաքական եւ անգամ տնտեսական հարաչափերով): Միաժամանակ, բարդ սոցիալ-տնտեսական իրադրությունը եւ հյուսիսկովկասյան տարածաշրջանի կառավարման պատշաճ ռազմավարության բացակայությունը ռուսաստանյան Հարավի համար հղի են բազմաթիվ հնարավոր վտանգներով: [2]

Այսպիսով, ԽՍՀՄ փլուզմամբ մեկնարկած էթնիկական ինքնորոշման գործընթացը դեռ չի ավարտվել: Հրաժեշտ տալով ԽՍՀՄ-ին` Եվրասիայի նոր պետություններն ակնհայտորեն չէին կամենում հրաժարվել «Կրեմլի կայսրության» այնպիսի ժառանգությունից, ինչպիսին էր նրա անցկացրած տարածքային սահմանազատումը եւ «անիծյալ անցյալից» ժառանգված սահմանները: Պարադոքս էր ստեղծվում: Մենք չենք կամենում Մոսկվայի իշխանությունն ու ազդեցությունը, բայց Մոսկվայի կառուցած բնակելի մակերեսը մեծ հաճույքով ենք զբաղեցնելու: Բայց չէ՞ որ հետխորհրդային պետությունները դեռ չեն մշակել տարածաշրջանում ազգային խաղաղության եւ կայունության ապահովման որակյալ մեխանիզմներ: Ֆեդերալիզմի մերժումը, էթնիկական փոքրամասնությունների եւ առանձին տարածաշրջանների հաշվին «տիտղոսավոր ազգին» վերապահված արտունությունները տարիների ընթացքում «պայթուցիկ նյութ» էին կուտակում, որը կպահպանվեր թե՛ Ռուսաստանի հետ, եւ թե՛ առանց նրա: Այսօր Աբխազիան եւ Հարավային Օսիան պատրաստ չեն ճանաչելու Վրաստանի, Ղարաբաղը` Ադրբեջանի, իսկ Ղրիմն ու Դոնբասի մի շարք շրջաններ` Ուկրաինայի ինքնիշխանությունը: Այսօր մենք տեսնում ենք առանց տեղաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնելու եվրոպական ինտեգրման հեռանկարների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք Մոլդովայի Գագաուզիա տարածաշրջանում:

Հայերը կամ ադրբեջանցիները` Վրաստանում, ուզբեկները` Ղրղզստանում կամ ուկրաինացիները` Մոլդովայում նոր պետականությունը դժվարությամբ են իրենցը համարում: Իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր կատարել ազգային շինարարության սկզբունքային փոփոխության ուղղությամբ: Այդպիսի գործողությունները կարող էին կանխել վերջին երկու տասնամյակում Վրաստանում եւ 2010թ.` Ղրղզստանում տեղի ունեցած, իսկ այժմ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, որոնց ազդեցությունը եվրոպական անվտանգության վրա անհամեմատ ավելի մեծ է:  Չհասկանալ դա եւ Ուկրաինայում ու ողջ հետխորհրդային տարածությունում տեղի ունեցող իրադարձություններում տեսնել միմիայն Կրեմլի սադրիչ ձեռքը` հավասարազոր է բարդ բազմագույն համայնապատկերը միտումնավոր պարզունակեցնելուն եւ ճգնաժամային իրավիճակներից ելքերը արգելափակելուն: Մինչեւ նախկին Խորհրդային Միության տարածքում էթնոքաղաքական հակամարտությունները կարգավորելն ու նոր սահմաններն օրինավոր ճանաչելը նրա` ԽՍՀՄ-ի փլուզումը (որպես պատմական գործընթաց) անհնար է վերջնականապես ավարտված համարել: Ընդ որում, առանց այս գործընթացն ավարտելու հնարավոր չէ խոսել հետխորհրդային երկրների կայացած պետականության եւ դեպի ժողովրդավարություն նրանց անցման մասին:

 

1. См. полный текст Резолюции: // http://www.un.org/russian/Docs/journal/asp/ws.asp?m=A/RES/2758(XXVI) 

2. Подробнее см.: Маркедонов С.М. «Пятидневная война»: предварительные итоги и следствия //Неприкосновенный запас. 2008.?5 (61). С. 116-122

Share

Comments are closed.