Շոտլանդիան նախընտրում է փոփոխությունը Միացյալ Թագավորության կազմում

DonnachaԴոնակա Օ’ԲԻԽՈՅՆ
Դուբլինի քաղաքային համալսարան (DCU)
Իռլանդիայի Հանրապետություն

Ողջ աշխարհի ԶԼՄ-ների սեւեռուն ուշադրության ներքո անցած համարյա երկամյա արշավի եւ մտորումների համապատկերին` Շոտլանդիայի ժողովուրդն, ի վերջո, 55-45 տոկոս հարաբերակցությամբ դեմ է արտահայտվել անկախությանն ու Միացյալ Թագավորության հետ կապերի խզմանը: Սակայն, դա ավելի շուտ վեպի մեկ գլխի, քան ողջ վեպի ավարտն է:  Քանի որ անկախությանը «կողմ» քվեարկելը կարող էր հանգեցնել «սեյսմիկ» հետեւանքների, իսկ անկախությունից հրաժարվելու օգտին քիչ ձայներով ապահովված քվեարկությունը նույնպես կարող է պատճառ դառնալ մի ամբողջ դարաշրջանում բրիտանական սահմանադրության լրջագույն վերանայման համար:

Հանուն Շոտլանդիայի անկախության շարժման վերելքը

Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին «կողմ» քվեարկության արդյունքերը Լոնդոնի իշխանական միջանցքներում մեծ թեթեւությամբ են ընդունել: 2012թ. հոկտեմբերին, երբ ձեռք է բերվել հանրաքվե անցկացնելու մասին համաձայնություն, սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Շոտլանդիայի 4.2 միլիոն ընտրողների մեծամասնությունն ամենեւին էլ կողմ չէր անկախությանը` որպես իրենց հիմնական նախընտրություն: Այդ ժամանակից ի վեր կատարված բազմաթիվ  հարցումները վկայում էին անկախության հակառակորդների ճամբարի թվային գերազանցության մասին:  Հենց այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը դիմել է լավ հաշվարկված ռիսկի` հրաժարվելով քվեաթերթիկի մեջ ներառել Շոտլանդիային իրավասությունների առավելագույն քանակի փոխանցման տարբերակից, որը ժողովրդին ծանոթ էր «devo-max» անվամբ: Այս վերջինը դիտվում էր որպես շոտլանդացիներին ամենաձեռնտու տարբերակ: 2011թ. ազդեցիկ շոտլանդական սոցիոլոգիական պարբերականում ներկայացվել են համապատասխան հետազոտության արդյունքները, որոնք պարզել էին, որ բնակչության ընդամենը 32 տոկոսն է կողմ  Շոտլանդիայի անկախությանը: Միաժամանակ, հայտնի է դարձել, որ ստատուս-քվոյի պահպանմանը կողմ է ընտրողների սոսկ 21 տոկոսը: Շատ ավելի մեծ թվով հարցվածներ հանդես էին գալիս Միացյալ Թագավորության կազմում ավելի լայն ինքնավարության օգտին: Դեմ լինելով շոտլանդացիներին իրավասությունների ավելի մեծ չափաբաժնի հատկացմանը` Դեւիդ Քեմերոնի Պահպանողական կուսակցությունը դեռեւս 1998թ. դեմ էր Շոտլանդական խորհրդարանի ստեղծմանը, իսկ ինքը` Քեմերոնը, միանգամայն վստահ էր, որ միացյալ պետության եւ անդունդի միջեւ երկընտրանքի պարագայում շոտլանդացիներին հնարավոր կլինի համոզել չպահանջել որեւէ փոփոխություն: Ահա թե ինչու նա քամահրանքով մերժեց Շոտլանդիային լիակատար ֆինանսական ինքնավարություն տրամադրելու տարբերակը քվեաթերթիկի մեջ ներառելու վերաբերյալ խնդրանքը:

Ամեն ինչ փոխվեց, երբ քվեարկությունից երկու շաբաթ առաջ կատարված հարցումները ցույց տվեցին, որ անկախության կողմնակիցներն առաջին անգամ առաջ են անցել: Այդ հարցումների արդյունքները Վեստմինստերում խուճապ են առաջացրել, իսկ «դեմ»-ի կողմնակիցները մնացող ժամանակն օգտագործել են իրենց թուլացող քարոզարշավին նոր զարկ հաղորդելու համար: Բրիտանական հիմնական քաղաքական կուսակցությունների առաջնորդները հյուսիս մեկնեցին` շոտլանդացիներին անձամբ համոզելու համար: Մշակվել եւ համակարգվել են բանկերի տեղափոխմանը, գների կտրուկ աճին, աշխատատեղերի եւ թոշակների կորստին վերաբերող բազմապիսի սպառնալիքներ: Ահաբեկմանը զուգընթաց գործել է նաեւ կաշառքը: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ` ծագմամբ շոտլանդացի եւ միացյալ պետության կողմնակից Գորդոն Բրաունի նախաձեռնությամբ Պահպանողական, Լեյբորիստ եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները հրապարակային խոստում են տվել Շոտլանդիային ավելի թվով իրավասություններ փոխանցելու, ֆինանսավորումը մեծացնելու եւ հավասարություն շնորհելու վերաբերյալ: Այսպիսով, «դեմ» քվեարկությունն արդեն չէր ենթադրում ստատուս-քվոյի վերահաստատում, այլ նախկինում քվեաթերթիկից կանխամտածված կերպով հանված անորոշ տարողությամբ «devo max» տարբերակի առաջարկ:

Քարոզարշավ

Սկսելով քարոզարշավն առավել քան համեստ ելակետից` Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը հասկացել է, որ անհրաժեշտ են հերկուլեսյան ճիգեր` տարակուսողներին անկախության հնարավորության եւ ցանկալիության մեջ համոզելու համար: Դա ստիպել է նրան զբաղեցնել այնպիսի դիրք, որն իրեն խոցելի է դարձրել իր ընդդիմախոսների հարձակումների առջեւ:  Ամենավառ օրինակն այն է, որ նա հանդես է եկել անկախ Շոտլանդիայի տարածքում ստերլինգի գործածությունը շարունակելու օգտին, ինչին բրիտանական կառավարությունն ամենայն հստակությամբ պատասխանել է, որ դրան չի նպաստելու: Եվրոյի գոտի մտնելը կպահանջեր ԵՄ անդամակցությունը, որին հանուն անկախության շոտլանդական շարժումը մեծապես կողմ էր: Սակայն, Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Կատալոնիայի հնարավոր անջատմամբ մտահոգ Իսպանիայի կառավարությունը սպառնացել են, որ Շոտլանդիան չի կարողանա անմիջապես միանալ Եվրամիությանը եւ յուրաքանչյուր նոր հայցվորի օրինակով ստիպված  է լինելու կանգնել հերթի վերջում, ի հեճուկս այն հանգամանքի, որ երկիրը ԵՄ անդամ էր հանդիսանում ավելի քան չորս տասնամյակ շարունակ: Հղում կատարելով այդ առարկություններին` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հաստատել է, որ Շոտլանդիային «շատ դժվար կամ առհասարակ անհնարին կլինի» դառնալ ԵՄ անդամ:

Դեւիդ Քեմերոնի խոսքերով` անկախությունն ավելի շուտ կլինի ոչ թե «անջատ կեցություն», այլ «տանջալից ապահարզան»: Եվ սա ոչ թե անորոշ կանխատեսում էր, այլ բրիտանական կառավարության` ֆունտ ստերլինգի, հազարավոր աշխատատեղերի եւ ԵՄ անդամակցության կորստի վերաբերյալ հնչեցրած իրական սպառնալիք: Անկախության դեմ քվեարկել համոզող մի քարոզչական գրքույկում գրված էր. «Մի° վտանգեք ձեր աշխատանքը, թոշակը, ֆունտ ստերլինգը, առողջապահության ազգային համակարգն ու ձեր ապագան: Եթե չգիտեք, քվեարկեք «դեմ»:

Քարոզարշավի զարգացմանը զուգընթաց անգլիական ԶԼՄ-ների մեծ մասի թիրախն ավելի շուտ Սելմոնդն էր եւ ոչ թե Շոտլանդիան: «The Daily Telegraph» թերթը Շոտլանդիայի առաջին նախարարին համեմատում էր Ռոբերտ Մուգաբեի հետ, իսկ  «The Daily Mail»-ը ենթադրում էր, որ առ անկախություն Սելմոնդի ձգտումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 18 տարեկան հասակում նա ձախորդ փորձ է ունեցել անգլիացի մի աղջկա հետ հարաբերություններում: Մամուլը չէր խորշում անգամ ամենածիծաղելի մեղադրանքներից, որոնց մեջ հիշատակելի է, օրինակ, այն պնդումը, թե Շոտլանդիայի անկախությունը կզրկի երկիրը ՆԱՏՕ-ի պաշտպանությունից եւ այն անպաշտպան կդարձնի ռուսական ներխուժման առջեւ:

Անկախության օգտին քարոզարշավի դեմ են լծվել բոլոր բրիտանական ԶԼՄ-ները, հիմնական քաղաքական կուսակցությունները, ազդեցիկ ֆինանսական եւ գործարար շրջանակները, որոնք կանխագուշակում էին վախճանաբանական աղետ այն դեպքում, եթե շոտլանդացիները «ցանկապատից ցատկեն»: Պետք է ասել, որ նրանք հաջողության են հասել ընտրազանգվածի հետ այդօրինակ աշխատանքի հարցում:  Իհարկե, ահաբեկման քաղաքականությունն էլ ռիսկեր էր պարունակում: Տնտեսական փլուզման մասին խոսակցություններով նրանք կարող էին հրահրել շոտլանդացիների ազգային հպարտության զգացմունքներն այն աստիճան, որ նրանց մոտ կարող էր ցանկություն առաջանար «դաս տալ» վեստմինստերյան վերնախավին:

Վերջին հաշվով, անհայտության առջեւ երկյուղն ավելի մեծ դեր է կատարել, քան Միացյալ Թագավորության կազմում մնալը: «Կողմ» քվեարկած տարածքներից էին շոտլանդական ամենախոշոր քաղաքները` Գլազգոն եւ Դանդին. այնտեղ գրանցվել է  ամենացածր մասնակցությունը (համապատասխանաբար 75% եւ 78.8%), մինչդեռ «դեմ» քվեարկած Դանբարտոնշիրը եւ Արեւելյան Ռենֆրյուշիրը ցուցաբերել են արտասովոր բարձր մասնակցություն (համապատասխանաբար 91% եւ 90.4%): «Կողմ» քվեարկությունը կդառնար թռիչք դեպի մթություն եւ շատ անկայուն տնտեսական ժամանակ: Շատ քվեարկածների մոտ, հատկապես նրանց, ովքեր «չկողմնորոշված» են մնացել, երկյուղը` որպես դրդիչ ուժ, հաղթել է հույսին:

Եզրակացություն

Շոտլանդացիները, թերեւս, քվեարկել են անջատվելու դեմ, բայց, միաժամանակ, նրանք հաստատ չեն քվեարկել ստատուս-քվոյի պահպանման օգտին: Եթե տվյալ հանգամանքը բավարար չափով չընկալվի, ապա Շոտլանդիայի մեկուսացումն էլ ավելի կխորանա: Հիմա, ինչպես եւ դրանից առաջ ու միշտ, նախաձեռնությունը կրկին Վեստմինստերի քաղաքական վերնախավի ձեռքում է: Շոտլանդիային տրված խոստումներն անպայման դոմինոյի էֆեկտ են առաջացնելու նաեւ Հյուսիսային Իռլանդիային, Ուելսին եւ անգամ բուն Անգլիային նոր իրավասությունների փոխանցումն արագացնելու իմաստով: Այս ամենի արդյունքը կարող է լինել միայն պատասխանատվության մեծացումը եւ սողացող դաշնայնացումը (ֆեդերալիզացիան):

Հիմնական հաղթողն այստեղ բուն գործընթացն է: Խոշոր պետության կազմում գտնվող եւ ինքնորոշման ձգտողների համար մեթոդաբանությունն ավելի ընդունելի եւ հստակ ուրվագծեր է ստանում: Չեխերն ու սլովակները սիրալիր կերպով բաժանվել են երկու տասնամյակ առաջ եւ հազիվ թե կարելի է պնդել, որ նրանցից որեւէ մեկը տուժել է: ԵՄ-ում սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, եւ որոշ դեպքերում դա ավելի շուտ կուժեղացնի, քան կթուլացնի դեպի ազգային ինքնորոշում ձգտումը:

Այժմ շոտլանդացիները սպասում են իրենց խոստացված «devo max»-ի որոշակի ձեւի իրացումը: Իրավասությունների հեղափոխական ծավալի փոխանցման դեպքում դա լինելու է 1921 թվականից ի վեր (երբ Իռլանդիայի մեծ մասը դուրս է եկել Միացյալ Թագավորության կազմից) ամենանշանակալից սահմանադրական փոփոխությունը: Հակառակ պարագայում Շոտլանդիայի անկախության հարցն ամենայն հավանականությամբ նորից է ծագելու, ընդ որում` ավելի հավանական է շուտ, քան ուշ:

Քսան կետանոց «անդունդն» ընդամենը մեկ տարում հաղթահարելը մեծ ձեռքբերում է: Հանրագումարելով հանրաքվեում կրած պարտությունը` Ալեքս Սելմոնդը դեմքը փրկող հետեւյալ հայտարարությունն է արել. «Եկեք չգոհանանք նրանով, որ մեզ հաջողվել է կրճատել տարածությունը. եկեք գնահատենք այն տարածությունը, որը մեզ հաջողվել է անցնել»:

 

 

Share

Comments are closed.