«Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա»

hovik-abramyanՍարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի վարչապետն իր մտահոգությունը հնչեցրեց` Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունն արդեն իսկ բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա, եւ եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շարունակվեն, բացասական ազդեցությունն ավելի մեծ կլինի:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը թվեր չնշեց, բայց փաստորեն չբացառեց` հնարավոր է կառավարությունը չկարողանա ապահովել այս տարի խոստացած 4 տոկոս տնտեսական աճը:

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի տարածաշրջանում ընթացող բոլոր պրոցեսների մեջ մեր տնտեսությունը զարգացում ապրի, բայց բոլորդ գիտեք, որ մենք ունենք նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության պայմաններում բացասական ազդեցություն մեր տնտեսության վրա: Այսօր հունվար-սեպտեմբեր ամիսներով 4 տոկոս է տնտեսական ակտիվությունը, եթե կարողանանք մինչեւ տարվա վերջ ապահովել այդ թիվը, ապա ես կարծում եմ, դա ձեռքբերում է»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով «Ազատության» հարցին, թե Ռուսաստանի տնտեսության ոչ բարվոք վիճակը ինչքանո՞վ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, վարչապետը պատասխանեց.- «Ինչքան այս սանկցիաները երկար տեւեն, այնքան շատ»:

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Աբրահամյանի կառավարությանն առայժմ կարծես թե ստացվում է ապահովել 4 տոկոս աճը: Հունիսին, հուլիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին գրանցվել է 4 տոկոսից փոքր-ինչ բարձր տնտեսական ակտիվություն (հունվար-սեպտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 4.3 տոկոս):

Սակայն անգամ Հայաստանի Կենտրոնական բանկում վստահ չեն, որ այս տարի կհաջողվի հասնել 4 տոկոս տնտեսական աճի: Բանկի վերջին կանխատեսման համաձայն, չի բացառվում, որ աճը կլինի 3.6 տոկոս:

Էլ ավելի հոռետեսական են միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները: Մոտ մեկ ամիս առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչները հայտարարեցին` 2014-ին Հայաստանի տնտեսական աճը չի կարող գերազանցել 2.6-2.7 տոկոսը, եւ կրկին` որպես գլխավոր պատճառ նշում էին Ռուսաստանում տնտեսական վիճակի վատացումը:

Եվրամիությունից հետո Ռուսաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է, սակայն մեր տնտեսության համար էական նշանակություն ունեցող տրանսֆերտների մոտ 85 տոկոսը գալիս է (2012թ., 2013թ) հենց Ռուսաստանից: Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ այդ փոխանցումներն աստիճանաբար կրճատվում են. օգոստոսին` նախորդ օգոստոսի հետ համեմատած անկումն ավելի քան 9 տոկոս էր (2014թ. օգոստոսին Ռուսաստանից Հայաստան  փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար` 2013թ. օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց), մայիսին՝ 1.1 տոկոս:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, Ռուսաստանի նախագահ Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբում ցույց է տալիս` հնարավոր է Ռուսաստանը երկարատեւ հակամարտության մեջ է մտնում Արեւմուտքի հետ: Ուստի, Հայաստանի տնտեսության համար արտաքին բացասական ազդեցությունը նույնպես կարող է երկարատեւ լինել եւ չսահմանափակվել սոսկ ուկրաինական գործոնով:

«Այն իրավիճակը, որ այսօր շարունակվեց Ռուսաստանում, եւ եթե այսպիսի միտում շարունակվի, միանշանակ է, որ բացասական ազդեցություն է ունենալու, ի տարբերություն այն բոլոր խոսակցությունների, որ կար երկու ամիս առաջ, երբ Հայաստանի պաշտոնյաներն ասում էին, որ հնարավորություն է ստեղծվել, այդ պատժամիջոցների շնորհիվ ռուսական շուկայում տեղ է բացվել եւ Հայաստանի արտադրողները կարող են այդ տեղը զբաղեցնել»,- ասաց տնտեսագետը:

www.azatutyun.am/content/article/26658890.html

Share

Comments are closed.