Ինքնիշխանություն

arm141269490276Արա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեկնաբան 

Անկախությունը մենք չհասկացանք:

Անկախության համար պայքարողների մեծամասնության համար անկախությունը Սովետից անջատվել էր նշանակում: Հիմա` Ռուսաստանից ազատվել ու մի քիչ էլ թուրքերից անվտանգ լինել է նշանակում:

Եվ երբեք այն չընկալվեց որպես բարեկեցության նախապայման` որպես ներհանրային ու անձնական ինքնիշխանություն հենց կողքինից, հարեւանից, սեփական հանցագործից ու տականքից:

Վերջերս հերթական անգամ հանդիպեցի անկախության սկզբից մեզ համար սովորական դարձած մի վերնագրի` «Ոստիկանները նկարահանում են հանրահավաքի մասնակիցներին»:

Արդեն 26 տարի նկարում են, եւ «նկարելու» պրոցեսը դեռեւս զարմանք է առաջացնում: Իհարկե, բոլորս էլ գիտենք` նկարում են, որ հետո գիշերով գան, տնից տանեն, ծեծեն,  տնեցիներից ու բարեկամությունից վերջին ունեցվածքը պոկեն, իսկ չտվողին էլ բանտում փտեցնեն:

Ժողովրդի մեծամասնության կողմից հանդուրժվող ու նույնիսկ երազելի բիզնես է` պետական հովանու ներքո ու պետության անունից մարդ հետապնդելը, խոշտանգելը, թալանելը: Եվ ով «եղունգ ունի» ու «բաշարում է»` անում է:

Եղած արժեքայինի սահմաններում այսպիսիներին մեղադրելն էլ անտրամաբանական է, որովհետեւ ոստիկանն ու քննիչը հարգված գործ է մեզանում:

Օրինակ, ամերիկյան քաղաքներում հարյուրավոր վահանակ կտեսնեք, որ ազդարարում է, թե հենց հիմա ոստիկանի պահանջ կա, եւ պայմաններին բավարարողն աշխատանքի է հրավիրվում:

60-ականներին էլ հայտնի անեկդոտը կար, երբ գյուղից քաղաք գնացողին ծանոթը հարցնում է, թե գնում ես ի՞նչ անես: Սա էլ թե` կփորձեմ համբալ աշխատել, որ չստացվեց, միլիցեն կա ու կա:

Իսկ ներկայում մեզանում ինչքան է ոստիկան, քննիչ դատավոր, կամ մարդ հետապնդող որեւէ այլ գործի նշանակվելու կաշառքը:

Նոր սերունդը ծնվել ու տեսել է, որ միջին ոստիկանը, քննիչը, դատախազը, լավ տղան ու առհասարակ «հնարավորություններ» ունեցող մեկն օրենքից դուրս են ու «պետքական»: Մարդիկ էլ տեսնում են, որ մարդ հալածելով նույնիսկ միլիոն աշխատելը դժվար չէ, ու այդ «հեշտ» ապրուստին են ձգտում:

Էնպես որ, հիմա մեր ոստիկանին «հայկական ոճով ոստիկանություն» անելու մեջ, կամ էլ մարդ հալածողին մեղադրելը նույնն է, որ գիշատիչին մեղադրես, թե ինչու է գիշատիչ:

Համ էլ էդ մարդիկ օդից չեն ընկել` մերն են, ինչպես մնացածս ենք մեր թերություններով, կեղծիքներով կամ այլանդակություններով հանդերձ:

Խնդիրն այլ է` թե ինչու արարելու, կերտելու, արտադրելու ու դրա հաշվին մարդավայել ապրելու փոխարեն իրար ենք հոշոտում եւ իրար հոշոտելու ձգտում:

Բացատրությունները` թե պատահականորեն ծուռ գնացին գործերը, թե թշնամիներով էինք շրջապատված, թե պատերազմ էր, թե ռուսը չթողեց` անլուրջ են: 19-20-րդ դարերի մեր դասականների գործերում էլ առատորեն առկա է ներկա «հայակերպարը»` խավարամիտ, կարճատես, դաժան, ագահ, ազգակործան:

Վրացիք էլ նույն սովետականի ծնունդն էին, բայց կարողացան հաղթահարել ոստիկանի դիկտատը, եւ այնտեղ հայկականից խիստ տարբեր վիճակ է:

Իմ կարծիքով, այսօրվա նկարահանող ոստիկանը գենետիկական մակարդակ անցած մեր «յոլա գնալու» հոգեբանությունն է, աշխարհայացքն ու արժեքայինը` որում  կարեւոր էլ չէ, թե ոնց յոլա կգնաս` մի կտոր հացով, թե կողքինին հոշոտելով:

Եվ հոշոտման համակարգն էլ լուրջ հիմքերի վրա է դրված: Ոնց գայլերի ոհմակը զոհի վրա հարձակվելիս ամեն մեկն իր ֆունկցիան ունի, մեր հարազատ հոշոտող համակարգն էլ նույնն է: Նորելուկ էն ամենաաներեսը մարդու դեմ կանգնած լպիրշորեն նկարում է ապագա զոհին: Հետո նկարված կադրերը հասնում են շեֆին, եւ նա էլ որոշում է, որին երբ ու ոնց կբռնի, կամ ինչ վատություն կանի: Որոշում կայացնելուց հետո արդեն ողջ համակարգն է անցնում գործի, ոնց արտադրական հարահոսը` մեկը բռնում է, մյուսը ծեծում, մյուսը շանտաժում, մյուսը վախեցնում, մյուսը «քննում», մյուսը դատում, մյուսը բանտում ծրագրավորված «տիրություն», «լավություն» կամ «վատություն» է անում:

Բայց առավել զարմանալին զոհն է, որն աներեւակայելի անզգույշ է, ոչ երեսն է թաքցնում` ինչպես ամբողջ աշխարհով մեկ դիմադրողներն են անում, ոչ փախչում է, ու ոչ էլ փորձում է կասեցնել պրոցեսը:

Կենսաբանության մեջ հայտնի կերային շղթայի դասական տարբերակ է`  համակարգը ոնց գիշատիչը` սնվում է զոհի հաշվին, զոհն էլ օրահացն այստեղ-այնտեղից մի կերպ հաջողացնելու հաշվին:

Առաջին հայացքից հրապարակայնորեն մարդ հոշոտելու, ճակատագրական վատություն անելու այս մշակույթը 21 դարի մարդուն անհարիր է, անտրամաբանական ու հակակենսաբանական: Իսկ դա հպարտորեն հրապարակայնորեն ցուցադրելն էլ` վայրենություն:

Բայց երեւի ունիկալ հիմնավոր պատճառներ կան, որ մեզանում սույն շղթան վերջին 23 տարիներին ուղղակի համատարած է դարձել:

Մենք անլուրջ ու անազնիվ ենք հանդեպ ինքներս մեզ եւ շրջապատող աշխարհը, հանդեպ բարիքի կերտումը: Մենք այն սպառողն ենք, որը մսխում է ապրանքը  առանց գնահատելու նրա կերտողին ու նրա վրա թափված աշխատանքը:

Վայրենի  հանցագործը բենթլի է քշում հոշոտածի հաշվին եւ դա մերձավորների կողմից որեւէ կերպ չի դատապարտվում որպես հանցագործություն, իսկ ավելի լայն ընկալմամբ` որպես մարդակերություն:

Խնդիրը ոչ միայն արյունով շաղախված ահռելի փողերի կուտակումն է, այլեւ վայրենու իրավունքը` բենթլիի ղեկին նստելու: Հայաստանում գործ դրած թուրք գործարարն էր անկեղծացել` թե  էս փոքր երկրում ահռելի փողեր կան:

Բա մարդակերություն չէ սա, ինչ է:

Չարտադրող երկրում մարդակերություն է` եւ բենթլի քշելը, եւ մարդ «նկարելը», եւ կրկնահանցագործին պաշտոն տալը, եւ հանրության հարստությունը հանդիսացող պետական ընդերքն ու ունեցվածքը մսխելը, եւ պետությունը իզգոյ սարքելը, եւ նրա սուբյեկտայնությունը վերացնելը:

Իհարկե, այս ամենը մարդակերություն է: Բայց այնպիսի մարդակերություն, որին պատրաստ է մեծամասնությունը, որն ամրագրված է մեր արժեքայինում` որպես հարց լուծելու ունակություն, որպես շուստրիություն, որպես բաշարող ու «շրջապատով մարդ» լինելու ու «լավտղության» վկայություն:

Գոնե այլ ժողովուրդների փորձից ելնելով, մենք պետք է տեղյակ լինեինք, որ ինքնիշխանությունն առաջին հերթին ներքին ինքնիշխանություն է` այսինքն ազատություն ներքին սրիկայից, ներքին այլանդակից, ներքին կապանքներից, ներքին դատարկից, ներքին վայրենուց: Եվ նոր միայն` ներքին ազատության ուժով, նաեւ ամենօրյա պետական կազմակերպված պայքար` արտաքին ինքնիշխանության համար:

Պետք է իմանայինք, որ հենց ներքին ինքնիշխանության բացակայությունն է պատճառը, որ ազգի սերուցքը տարած ղարաբաղյան  պատերազմի արդունքն այսօր բեռ է դարձել թե իշխանական տականքի, եւ թե կենդանի մնացած շարքայիններ համար:

Եթե ինքնիշխանության պահանջի գոնե տարրերն ունենայինք, ապա սեպտեմբերի 3 չէր լինի, նման խորհրդարան, գործադիր, դատական ու վերնախավ չէր լինի, սպասվելիք հոկտեմբերի 10 չի լինի:

Եթե ինքնիշխանության գիտակցումը լիներ, քաղբանտարկյալ չէր լինի, Բողոքող մարդուն նկարող ոստիկան չէր լինի, ու մեր պետական ու ազգային գաճաճ այս վիճակը չէր լինի:

Արժանապատիվ կյանք ապահովող երկու հիմնական գործոնների` ներքին ինքնիշխանության եւ արտադրելու հարցերը մի կողմ են նետված հայ քաղաքական ու ներհանրային մտքից, եւ ազգովի ուրիշներին մեղավոր հանելու գործին ենք:

Անթիվ-անհամար արտաքին թիրախներ ու մեղավորներ ունենք` ռուս, թուրք,  պատերազմ, տարածաշրջան, օլիգախիա, ոստիկան, քննիչ, դատախազ, սափրագլուխ: Բայց երբեք չկանք հենց մենք` որպես ինքներս մեզ տեսնողներ, որպես մեր ներքին աղբանոցը հասկացողներ, վերլուծողներ ու դեմն առնողներ:

Մեր հայտնի ասացվածքը` «Թե գայլի գլխին ավերատարան կարդացին, ասաց` ոչխարն անցավ սարի հետեւը», լրացում է պահանջում` Ոչխարի գլխին էլ ավետարան կարդացին, ասաց, էս գայլն ինչո՞ւ է ուշանում:

Ներհայկական կյանքում գայլի եւ ոչխարի անբնական  սիմբիոզ է ձեւավորված: Մեկ կյանք ենք ապրում, անարժան  է նման դերերում այն վատնելը:

www.lragir.am/index/arm/0/comments/view/105043

 

Share

Comments are closed.