Փոքր գյուղերի ճակատագիրը համայնքների խոշորացման ծրագրում

annaԱննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լրագրող
Երեւան

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ այս տարեվերջին մեկնարկում է համայնքային խոշորացման պիլոտային ծրագիրը, որով Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում որոշ գյուղական եւ քաղաքային համայնքներ միավորվելու եւ կառավարվելու են մեկ կենտրոնից: Ըստ պաշտոնական տեսակետի` այս ծրագրի նպատակը ոչ թե գյուղերի միավորումն է, այլ կառավարման արդյունավետության բարձրացումը:

«Ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ, համայնքների խոշորացման ծրագրի փորձագետ Վահան Մովսիսյանն ասում է, որ խոշորացման արդյունքում հանրային վերահսկողությունն ավելի կմեծանա, գյուղերի բյուջեները մեկտեղվելու դեպքում բնակիչներն ավելի պահանջատիրական մոտեցում կցուցաբերեն, ինչպես նաեւ միջհամայնքային համագործակցություններ կառաջանան, օրինակ՝ աղբի սպասարկման եւ այլ ոլորտներում:

Հայաստանի 915 համայնքներից մոտ 100-ում 30-ից պակաս ընտանիքներ կան, իսկ 400 համայնքներում բնակչությունը 1000-ից քիչ է: Խոշորացման ծրագրի կողմնակիցներն ասում են, որ այս ծրագրի իրականացման արդյունքում միջոցներն արդյունավետ կօգտագործվեն. փոքր համայքներում գյուղական բյուջեների մոտ 85 տոկոսն օգտագործվում է առավելապես գյուղապետարանի 4-5 աշխատողների աշխատավարձի համար:

Սակայն համայնքապետերը հիմնականում դեմ են արտահայտվում խոշորացման ծրագրին՝ պնդելով, որ դրա արդյունքում գյուղերը ոչնչացվելու են:

Սյունիքի մարզի Լեհվազ համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանն, օրինակ, ասում է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմա Ագարակին է օգնում, եւ այդպես էլ շարունակվելու է. «Խոշորացման արդյունքում էլի քաղաքներն են օգտվելու, դրանից գյուղերին օգուտ չի»:

Լեհվազը, որ մոտ 700 բնակիչ ունեցող գյուղ է, ընդգրկված է այն 13 համայնքների մեջ, որոնք ղեկավարվելու են Մեղրի քաղաքից: Այս փունջն ընդգրկում է 11 գյուղ եւ երկու քաղաք՝ Ագարակ, Մեղրի:

«Մեզնից վերեւ երեք գյուղեր կան՝ Վարհավար (37 բնակիչ), Կուրիս (58) եւ Գուդեմնիս (39), էդ համայնքերում մի քանի հոգի բնակվում են միայն նրա համար, որ գյուղապետեր կան, եթե դա էլ հանեցին, էդ համայնքները վերջանալու են,- վրդովվում է Զաքարյանը: – Եթե մարդիկ գյուղերից գնում են, ապա թող ուրիշ լուծում գտնեն: Մեր բարգավաճող գյուղն էլ ուզում են միացնել ուրիշի հետ ու փչացնել»:

Զաքարյանն իր դիրքորոշումն ամրապնդում է հետեւյալ փաստարկով. «Ես որ ընտրվեմ՝ իմ քաղաքի համար կանեմ, ինչու՞ պիտի գյուղերին նայեմ, քաղաքի ժողովուրդը շատ է, ձայներն էլ էնտեղից են գալիս»:

Այս փնջում ընդգրկված 11 համայնքներից մեկն էլ Վարդանիձորն է, որը նախկինում 100 տոկոսով բնակեցված է եղել ադրբեջանցիներով. բնակչության մի մասն այժմ Բաքվից բռնագաղթված հայեր են, մի մասն էլ՝ տեղացի հայեր: Վարդանիձոր գյուղն ինքը խոշորացված համայնք է. այն ընդգրկում է 5 գյուղ, որից երկուսը հաշվառված չեն, որովհետեւ այնտեղ բնակիչներ չկան: Գյուղապետ Ալբերտ Բեկլարյանի խոսքերով՝ պարզապես գյուղացիներն իրենց տները վերածել են ամառանոցների ու ամառները գալով՝ հող են մշակում, տեր կանգնում իրենց ինչքին: Իսկ Վարդանիձորը միավորում է Թխկուտ, Այգեձոր եւ Վարդանիձոր գյուղերը, որոնք միասին ունեն 365 բնակիչ:

Բեկլարյանը համայնքների խոշորացման ծրագիրը ոչ բոլոր դեպքերում է համարում արդարացված: Նա կարծում է, որ այդ հարցը պետք է որոշի բնակիչը, իսկ կառավարությունն էլ միայն բնակչության կարծիքի հիման վրա պետք է որոշում կայացնի: «Եթե գյուղը միացնեն քաղաքին, այն քաղաք չի դառնա. դրանց մենթալիտետները տարբեր են,- ասում է նա: – Մի երկու տարի միավորված գյուղերից երեխաներին տանել-բերելու են մանկապարտեզ, դպրոց, հետո կտեղափոխվեն կենտրոն»:

Սակայն Վարդանիձորի բնակչուհի Սուսաննա Հարությունյանը, ով տեղյակ է համայնքային խոշորացման ծրագրին, կողմ է դրան եւ հույս ունի, որ այն ինչ-որ փոփոխություն կբերի: «Մանրամասն ծանոթ չեմ ամեն ինչին, ուղղակի մտածում եմ, որ նոր աշխատատեղեր կլինեն, մի բան կփոխվի, այն էլ՝ դեպի լավը,- կարծում է նա,- սա էլ փորձենք՝ գուցե մի բան ստացվի»:

Իսկ Վարդանիձորի մեկ այլ բնակիչ՝ 50-ամյա Զոյա Եղյանը դեմ է ծրագրին, պնդելով, որ հիմա գյուղը հազիվ է իր կարիքները հոգում. «Բա որ խոշորանա՝ ի՞նչ կլինի: Եթե իմ կարծիքը հարցնեն՝ ես դեմ եմ, խոշորացումը ոչ մի լավ բանի չի բերի»:

Բեկլարյանն ասում է, որ բազմաթիվ օրինակներ կարող է բերել, երբ խոշորացված գյուղերը դատարկվել ու ոչնչացվել են: Նա բերում է իր պապական գյուղի օրինակը Ղարաբաղում, որտեղ երկու գյուղ մի քանի անգամ միացրել ու անջատել են: «Երեք անգամ դա արել են, մեկը զարգանում էր, մյուսը մնում էր տեղում, նորից առանձնացնում էին,- պատմում է նա:- էս գյուղերը դաչա են դառնալու, ոնց որ մեր վերեւի երկու գյուղերը: Խոշորացումը կառավարման հեշտ տարբերակ է, բայց եթե բնակիչը խնդիր ունենա, ո՞վ է նրան լսելու: Դուք ձե՞ր տունն եք պահելու, թե՞ հարեւանի»:

Նույն մարզի Եղվարդ համայնքի ղեկավար Սպարտակ Զաքարյանն էլ նշում է, որ ՏԻՄ-ը ծառայությունների մատուցում է. «Եթե խոշորացնեն՝ բնակչությունն էլ գնա, ո՞ւմ են ծառայություն մատուցելու. ծառերի՞ն, թե՞ էնտեղ մնացած գազաններին»:

Պաշտոնական կողմը՝ ներկայացնելով ծրագիրը, խոսում է այս ռիսկերի մասին. ներքին միգրացիա, համայնքների անավասարաչափ զարգացում եւ այլն: Սակայն համայնքային զարգացման խնդիրներով զբաղվող շատ փորձագետներ գտնում են, որ խոշորացումն անհրաժեշտ գործընթաց է, այլ հարց է, թե ինչպիսին պիտի լինի այն:

«Տարածքային զարգացման հիմնադրամի» նախագահ Վարազդատ Կարապետյանն, օրինակ, նշում է, որ հնարավոր է 200-300 հոգանոց գյուղում չլինի մեկը, ով ունի կառավարման ունակություն, հետեւաբար ընտրվում է նա, ով ավելի շատ ազգականներ եւ ընկերներ ունի, մինչդեռ այդ մարդը չի կարող կառավարել:  «Այսինքն, մի կողմից՝ պետք է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, մյուս կողմից էլ, որպեսզի համայնքը որպես միավոր չտուժի,- մեկնաբանում է նա,- գործընթացն իրականացնելիս պետք է հիմնվել այս երկու սկզբունքների վրա, սակայն այն մոդելները, որ հիմա առաջարկվում են՝ գնում են համայնքային ինստիտուտները ոչնչացնելու ճանապարհով, որը շատ վատ կանդրադառնա փոքր գյուղերի վրա»:

Կարապետյանը հիշում է Խորհրդային Միության օրոք կատարված հայտնի փորձերը, երբ որոշ քաղաքներ եւ գյուղեր միավորել են՝ գյուղը վերածելով քաղաքի որեւէ թաղամասի. «Քյավառին են միացվել Արծվաքարն ու Հացառատը, կամ Սեւանին՝ Գոմաձորն ու Ցամաքաբերդը: Եթե քայլենք քաղաքի այն թաղամասերով, որոնք նախկինում գյուղեր են եղել, ապա կտեսնենք, որ էնտեղ ավերակ է, այսինքն՝ միշտ մեծն ավելի լավը կլինի, քան միավորվածը, ու դա միշտ էլ այդպես է լինում: Ապակենտրոնացումը ճիշտ է, պարզապես այդ ուժը պետք է ճիշտ ու հավասարաչափ բաշխվի»:

«Տարածքային զարգացման հիմնադրամի» նախագահը մանրամասնում է՝ խոշորացվելու դեպքում պետք է կենտրոնացվեն կառավարման որոշ գործիքներ, քանի որ ՏԻՄ-ը ծառայությունների մատուցում է, սակայն գյուղի ամենակարեւոր սոցիալական գործառույթը, որը հիմնված է ներհամայնքային կյանքի հետ, պետք է թողնել գյուղում, քանի որ գյուղում հարեւանը հարեւանին ավելի մեծ օգուտ է տալիս, քան պետական բոլոր գործիքները միասին վերցրած. «Ավելի լավ  է որոշ մեխանիզմներ, օրինակ՝ հողի պլանավորում եւ արդար բաշխում, գյուղից պատվիրակեն վերադասին, բայց այն մեխանիզմները, որոնք կապված են հարեւանության եւ իմաստության ինտիտուտի հետ՝ պետք է մնան համայնքում»:

Ըստ Կարապետյանի՝ եթե գյուղապետից վերցնեն հողերի բաշխման գործառույթը եւ թողնեն նախախորհրդային ժամանակներում գյուղերում հայտնի ավագի կամ իմաստունի ինստիտուտը, ապա մարդիկ կընտրեն գյուղի ամենաիմաստուն ու խելոք մարդուն, «այլ ոչ թե նրան, ով ուզում է գյուղի հողերը վաճառելով փող աշխատել. իսկ առաջարկվող մոդելներով դա են ուզում վերցնել, մինչդեռ դրանով ոչինչ էլ չի փոխվի, ու իրավիճակն ավելի կվատանա, որովհետեւ գյուղն անտեր կմնա՝ թե լուսավորվածությունը եւ թե ճանապարհի վիճակը»:

Եղվարդի համայնքապետ Զաքարյանն ասում է, որ փոքր գյուղերում չնչին իսկ խնդրի դեպքում բնակիչները դիմում են գյուղապետին:  «Ամեն հարցում գյուղապետին են դիմում, անգամ՝ երբ ամուսինները գժտվում են,- ասում է նա:- Իսկ էն ժամանակ ո՞ւմ են դիմելու»:

Մատնանշելով այն հանգամանք, որ ներկայումս պետական ունեցվածքը միավորված է գույքի կառավարման վարչությունում, Կարապետյանը գտնում է, որ նույնը կարելի է անել հողի հետ, որովետեւ հողն է պատճառը, որ մարդիկ ուզում են գյուղապետ դառնալ. «Եվ տվյալ դեպքում պետությունն ինքը կկառավարի այդ ռեսուրսներն ու կնշանակի գործիմաց ու կառավարման մասնագետ հանդիսացող մարդու»:

Վարազդատ Կարապետյանը նաեւ կարծում է, որ համայնքային խոշորացման ծրագիրը երկրի ամենահրատապ հարցերից չէ, եւ կարիք չկա դրան առաջնային նշանակություն տալ: Նրա կարծիքով, այս ծրագրի ընդունման համար քաղաքական որոշում է պետք, որն այս պահին դեռեւս չկա. «Քաղաքական մեծամասնության համար ցանկացած համայնքապետ հենք է. եթե ինքը համայնքապետին վնասեց՝ հաջորդ ընտրություններին խնդիր կունենա»: Փորձագետի կարծիքով, համայնքների խոշորացման ծրագիրը մինչեւ 2018թ. նախագահական ընտրություններ չի ընդունվի. «Այս երեք տարիների ընթացքում մի քանի հատ պիլոտ կանեն, ապա քննարկումներ կսկսեն ու կձգեն մինչեւ ընտրություններ, որից հետո կարող են էական փոփոխություններ լինել»:

Այսպես թե այնպես, համայնքային խոշորացման պիլոտային ծրագիրը կառավարության որոշմամբ գերակա ուղղություն է եւ ընդգրկված է Արեւելյան գործընկերության շրջանակներում ստանձնած օրենսդրական բարեփոխումների ցանկում:

 

Share

Comments are closed.