Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին

rus135151063792Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր»
թերթի հրատարակիչ եւ խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար` նահանգային եւ տեղական մրցապայքարներում: Հետեւաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան  95 տոկոսը հաջողության է հասել:

Չնայած եւ հանրապետականները, եւ դեմոկրատներն ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում` նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից` Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:

Մի քանի գլխավոր հայամետ դեմոկրատ սենատորներ կկորցնեն իրենց ղեկավար պաշտոնները` նոր հանրապետական մեծամասնության պատճառով: Օրինակ` սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը հայկական հարցերով A+ է գնահատվում Հայ Դատի հանձնախմբի կողմից, այլեւս չի նախագահի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրան կփոխարինի հանրապետական սենատոր Ռոբերտ Քորկերը (D+), մեկն այն հինգ հանրապետական սենատորներից, որոնք անցյալ ապրիլին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձեւին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Բացի այդ, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը (A) կդառնա փոքրամասնության առաջնորդ: Նրան կփոխարինի սենատոր Միթչ ՄակՔոնելը (C+), որն աջակցություն է ստացել Հայ Դատի հանձնախմբի կողմից վերընտրվելու համար: Սենատոր ՄակՔոնելը դրական է քվեարկել որոշ հայկական հարցերի վերաբերյալ:

Պատկերն ավելի պայծառ չէ Ներկայացուցիչների պալատում` հայ-ամերիկյան հարցերի վերաբերյալ նրա բարձրագույն ղեկավարության դիրքորոշման առումով: Հանրապետական խոսնակ Ջոն Բոեները, որ կտրուկ աճ է ստացել իր կուսակցության մեծամասնության համար, Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի զբաղվի Հայոց ցեղասպանության հարցով: Զարմանալի չէ, որ Հայ Դատի հանձնախումբը նրան C գնահատական էր տվել: Հույսի մի շող է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քեվին ՄակՔարտին (B-), որն ստացել է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վերընտրվելու համար եւ սերտ կապեր է պահպանում իր հայ ընտրողների հետ: Բարեբախտաբար, կոնգրեսական Էդ Ռոյսը (A+), որը եւս վայելում է Հայ Դատի հանձնախմբի  աջակցությունը, դեռ կնախագահի Արտաքին հարաբերությունների կարեւոր հանձնաժողովում:

Զարմանալի չէ, որ թուրքական լրատվամիջոցները հոխորտում են Կոնգրեսի ընտրությունների արդյունքների համար: «Հանրապետականները Հայկական հարցում նախընտրում են Թուրքիային», այսպիսին էր թուրքական «Սաբահ» թերթի խորագրերից մեկը: Լրագրող Ռաջիփ Սոյլուն գրել է. «Սենատի ներսում տեղի ունեցած որոշ փոփոխություններ կօգնեն Թուրքիայի անախորժ փորձառությանը Կոնգրեսի հետ»: Սենատոր Մենենդեսի «հեռացումը» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «կօգնի Սենատում Թուրքիայի անհարմար եւ թույլ դիրքին»: Լրագրողը շարունակեց` Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնության վերահսկողությունն անվանելով «եւս մեկ լավ լուր Թուրքիայի համար, քանի որ պալատի խոսնակ  Ջոն Բոեներն արդեն խոստացել է Հայկական հարցը չբերել պալատի օրակարգ»: «Կոնգրեսը չի զբաղվի այս հարցով: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբաններ չենք», ասել է նա Անկարա կատարած իր այցելության ժամանակ 2014 թ. ապրիլին:

«Սաբահ» թերթի մեկ այլ հոդվածում, Իլնուր Չեւիկը մեծամտորեն գրել է. «Թուրքիայի ճակատագիրն այնքան էլ վատ չէ», ի դեմս «հավանական խնդիրների` Օսմանյան ժամանակաշրջանում հայերի հետ կապված 1915-ի իրադարձությունների 100-ամյակի առթիվ»: Չեւիկը հանրապետականներին ներկայացնում է որպես ոչ այնքան «կռվարար» Հայկական հարցի վերաբերյալ, որքան դեմոկրատները, «որոնք իրենց կոտորում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին գոհացնելու համար, հետեւաբար ավելի ընդունակ կլինեին հայերի վերաբերյալ կոշտ ձեւակերպումներին, հատկապես 2015 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակն է, երբ Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերը սպանվեցին եւ այս վիճահարույց հարցը հայերն անվանում են ցեղասպանություն»:

Մեկ այլ թուրքական պարբերական`  World Bulletin-ը, իր հոդվածը հրճվանքով վերնագրել է. «Հանրապետականների հաղթանակն ԱՄՆ Կոնգրեսում նպաստավոր է Թուրքիայի համար»: Հոդվածում նշվում է, որ «դեմոկրատի գլխավորությամբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մղձավանջ կլիներ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ այն հանդես էր գալու օրինագծերով` ցեղասպանության հայկական պահանջներով արեւելյան Թուրքիայում տեղի ունեցած 1915թ. իրադարձությունների վերաբերյալ»: Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի քաղաքականության ինստիտուտի թուրքական հետազոտական ծրագրերի տնօրեն Սոներ Չագափթայը հաստատեց նոր Սենատի թուրքամետ կողմնորոշումը, քանի որ «հանրապետականներն են, որոնք կանխել են Թուրքիայի դեմ ցեղասպանության պահանջներով օրինագծերը»: Մեկ այլ թուրք վերլուծաբան` Քադիր Ուսթունը, նկատել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւի անցկացման հնարավորությունը «երբեք այսքան ցածր չի եղել, քանի որ Կոնգրեսը հանրապետականների վերահսկողության տակ է»:

Այժմ Կոնգրեսի հանրապետական ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող ամերիկահայերի պարտքն է` համոզել նրանց պահպանելու հայկական  նախաձեռնությունները, միաժամանակ բացահայտելով Թուրքիայի աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային շահերին Մերձավոր Արեւելքում:

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Share

Comments are closed.