ԵՄ ԱլԳ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ

ALG2014թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը երկիրը շեղեց ժողովրդավարական ինստիտուտների եւ հասարակական, տնտեսական ու բազմաթիվ այլ ոլորտների կայացման եւ ամրապնդման դժվարին, բայց այլընտրանք չունեցող ճանապարհից: Անժխտելի է, որ տարիներ շարունակ անարդյունավետ կառավարման եւ մասնավոր շահի սերտաճումը, ինչպես նաեւ ընտրությունների կեղծումը գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ են եղել այդ ճանապարհին: Այնուամենայնիվ, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանն ուղղված քաղաքական կուրսը, որ որդեգրվել էր երկրի կողմից, հույս էր ներշնչում, որ Հայաստանը կարող էր զարգանալ ժողովրդավարական ինստիտուտների եւ երկրի տնտեսական հզորացման ուղիով:

Փաստորեն, ԵՏՄ-ին անդամակցելով, այժմ անցում է կատարվում դեպի քաղաքական արկածախնդրության դաշտ` իշխող քաղաքական ուժի դերակատարմամբ, որը բազմիցս ի ցույց է դրել իր նեղ կուսակցական շահերը` դրանք վեր դասելով երկրի, պետության, ժողովրդի շահերից: Ակնհայտ է, որ հոկտեմբերի 10-ի որոշման ամենածանր հետեւանքը լինելու է երկրի ինքնիշխանության կորուստը, ինչպես նաեւ ԵՏՄ-ում Հայաստանին սպասվող նվաստացուցիչ եւ ստորադաս կարգավիճակը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացն ուղեկցվեց Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի խախտումների անհանգստացնող աճով, ինչպես նաեւ ՀՀ տնտեսական աճի նկատելի դանդաղմամբ, որը, միջազգային հեղինակավոր կառույցների կանխատեսումներով, էլ ավելի մեծ նվազման միտում ունի:

Միաժամանակ, նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակներում ի հայտ են գալիս քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելուն, վերահսկելուն ուղղված ակնհայտ միտումներ: Ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի այս շրջադարձային փոփոխության հանդեպ կա՛մ ցուցաբերում են անպատասխանատու անտարբերություն, կա՛մ ողջունում են այն, կա՛մ դա համարում են անշրջելի իրողություն: Նման քաղաքական ուժերը` քաղաքական մեծամասնության հետ միասին, Կրեմլին հաճոյանալու եւ իրենց անձնական շահերը պաշտպանելու նպատակով երկիրը տանում են վտանգավոր եւ անկանխատեսելի ճանապահով:

ՀԱՊ-ը խիստ մտահոգություն է հայտնում առ այն, որ.

• ԵՏՄ մտնելու պայմանագիրը ստորագրված է ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց օրինական ընթացակարգերի պահպանման:

• Մտնելով ԵՏՄ, Հայաստանն իրավունք չի ունենալու սեփական կամքով դուրս գալ այդ միությունից, ինչը նշանակում է մեր երկրի ինքնիշխանության կորուստ:

• Հայաստանը մտնում է մի տնտեսական միության մեջ, որի անդամներն ավտորիտար, ոչ ժողովրդավարական երկրներ են, որոնցում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումներն աղաղակող չափերի են հասնում:

• Որեւէ քննադատության չեն դիմանում այն պնդումները, որ ԵՏՄ-ն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, մինչդեռ ԵՏՄ որեւէ հիմնադիր փաստաթղթում նման գործառույթ առկա չէ:

• Մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը հանրությանը որեւէ հստակ տեղեկություն չի տվել այն մասին, թե ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն ինչպես, ինչ ծավալով եւ ինչ ձեւաչափով է շարունակելու: Եվ վերջապես, արդյո՞ք ԵՏՄ-ին միանալով` Հայաստանը կորցնում է «GSP+»-ը:

Մենք` ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներս,  կոչ ենք անում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակությանը, վերանայել այս վտանգավոր խաղի մեջ մտնելու` կործանարար հետեւանքներով լի որոշումը:

Միաժամանակ, մեզ հիասթափեցնում է Եվրամիության անհամարժեք արձագանքը հոկտեմբերի 10-ին ստորագրված ԵՏՄ պայմանագրի եւ դրա արդյունքում ակնկալվող վտանգների վերաբերյալ, դրանով անտեսելով այն սպառնալիքները, որ նման Միության էքսպանսիան կարող է ունենալ Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ:

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը մտադիր է շարունակել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին նվիրված հասարակական լայն քննարկումները, կարեւորելով հանրային լայն իրազեկում այն բոլոր ռիսկերի մասին, որ սպասվում են ԵՏՄ անդամության դեպքում:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում ենք ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵՏՄ պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության կասեցումը: Այդ նպատակով, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին համախմբման կոչ ենք անում` այս կործանարար գործընթացը կասեցնելու ուղղությամբ արդյունավետ պայքարի կազմակերպման համար:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
10 նոյեմբերի, 2014
ք.Երեւան

Share

Comments are closed.