Ոչինչ չգիտեմ

Այսպիսին է թուրք հասարակության վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության նկատմամբ

annaԱննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող
Երեւան

Եթե հայկական հարցի մասին իրազեկ թուրք հասարակության մի որոշակի հատված այն դիտարկում է որպես «1915թ. դեպքեր» եւ Ցեղասպանությունը որակում որպես հայերի կոտորածներ եւ զանգվածային տեղահանություններ, ապա բոլորովին այլ է շարքային քաղաքացու գիտելիքն այս հարցի մասին: Իսկ Թուրքիայի զարգացած շրջաններից դեպի հարավ-արեւելյան շրջաններ գնալիս էլ պատկերն ամբողջությամբ փոխվում է: Ադանայում, օրինակ, մարդիկ Ցեղասպանության մասին ունեն ճիշտ հակառակ պատկերացում:

Ղազի անունով մի մարդ ասում է, որ Ցեղասպանությունը բացահայտ սուտ է: «Որովհետեւ  թուրք հասարակությունն այն հասարակությունը չէ, որ այլ ազգի կոտորի,- մեկնաբանում է նա:- Մենք Հայաստանի մասին շատ բան ենք լսել, բայց լսածներիս մեծ մասը սուտ է, որովհետեւ թուրք ազգի առանձնահատկություններից մեկն այն է, որ իրեն շրջապատող ազգին գուրգուրում եւ իր գիրկն է առնում»:

Ռյուսջե քաղաքի բնակիչ Բայրամն էլ ավելացնում է, որ հայերին չի հավանում ու չի սիրում, որովհետեւ նրանք կոտորածներ են արել:  «Այդ կոտորածների մեջ էլ մեզ են մեղադրում ու դա շարունակում են անել մինչեւ հիմա»,- ավելացնում է նա` նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտությունն ու ադրբեջանական ենթատեքստը:

Այհան անունով մի գյուղացի քիչ այլ դիրքորոշում ունի եւ ասում է, որ տարբեր տեսակետներ է լսել այդ մասին, սակայն կարծում է, որ ճիշտն այդ մասին մոռանալն ու կյանքը նոր էջից սկսելն է: «Մեկն ասում է, որ հայերն են թուրքերին մորթել, մյուսն էլ` հակառակը, բայց եթե դա անընդհատ քննարկենք` կմնանք անցյալում ու տեղից չենք շարժվի,- պարզաբանում է նա,- իսկ հիմա մարդը պետք է իր հնարավորություններին ու ապագային նայի»:

Մարդիկ Ադանայում ասում են, որ հայերն իրենց ընկերները չեն ու նրանց այստեղ չեն սիրում, որովհետեւ հայերը թուրքերին կոտորել են: Իսկ այն տրամաբանական հարցին, թե այդ դեպքում ու՞ր են այսօր հայերը, եթե նրանք են կոտորել թուրքերին, մարդիկ պատասխանում են պաշտոնական տեսակետից ելնելով, այն է` հայերին վտարել են, որովհետեւ նրանք համագործակցել են ռուսների հետ` ընդդեմ թուրքերի: Այդ ամենը մարդիկ գիտեն պատմության դասագրքերից, որով նրանք սովորել են իրենց դպրոցներում:

Թուրքական լրատվամիջոցներում «1915թ. դեպքերի մասին» խոսելիս որպես բեքգրաունդ մշտապես նշվում է այն, որ թուրքերը կտրականապես ժխտում են հայկական կողմի` Ցեղասպանություն լինելու պնդումը եւ ասում, որ հայերը զոհվել են ներհամայնքային կռիվների ժամանակ եւ տեղահանումների ընթացքում տիրող սովի պատճառով: Միեւնույն ժամանակ նշվում է, որ բազմաթիվ թուրքեր են սպանվել հայկական զինված զորախմբերի (օգտագործվում է gang` բանդա բառը) կողմից:

001-5-1

Հուսեին Դողան

Այս մասին հստակ վերաբերմունք ունի Հուսեին Դողանը, ով թուրք հեծանվորդների մի կազմակերպության անդամ է: Ի դեպ, առանց որեւէ տեղեկություն ունենալու, թե ինչ է նշանակում 2015 թվականը հայերի համար, նա առաջարկում է մյուս տարի հայ եւ թուրք հեծանվորդների միացյալ երթ կազմակերպել եւ անունը դնել խաղաղության երթ:

«Հայերն ու թուրքերն իրար եղբայրներ են, սակայն անցած 100 տարիների ընթացքում քաղաքական դրդապատճառներով մեզ արհեստական ձեւով իրար թշնամի դարձրեցին,- ասում է նա` ներկայացնելով իր դիրքորոշումը Ադանայի կոտորածների մասին,- դա կոտորած չի եղել, եղել է պատերազմ, որի ժամանակ երկու կողմից էլ մարդիկ են սպանվել»:

65-8717

Մեհմեդ Ալի

Ադանայում է գտնվում հայ աղջկերանց վարժարանը, որն այսօր ծառայում է որպես Մշակույթի պալատ եւ որի հայկական վարժարան լինելու մասին ոչինչ չգիտի անգամ ենթակառուցվածքի պատասխանատու Մեհմեդ Ալին: Նա միայն տեղյակ է, որ շենքի ճարտարապետը հայ է եղել, իսկ շենքն էլ  առաջին աշխարհամարտի ժամանակ գործածվել է որպես պահեստ: Մեհմեդ Ալին գերադասեց չպատասխանել հայերի հետ առնչություն ունեցող որեւէ հարցի, նկատելով, որ չգիտի, թե ով ում է կոտորել:

«Թող պատմաբաններն այդ հարցով զբաղվեն,- ասում է նա,- ես կողմնակից եմ նրան, որ մարդիկ սրտով իրար հետ ընկերություն անեն, աշխարհը փոխվում է, եկեք համերաշխ լինենք»:

Հայկական ներկայության եւ հայերին վերաբերվող հարցերին մարդիկ հիմնականում անտեղյակություն էին ցուցաբերում: «Ոչինչ չգիտեմ». այս բառակապակցությամբ կարելի է բնորոշել թուրք հասարակության մի ստվար հատվածի վերաբերմունքը: Սակայն սա միշտ չէ անտեղյակություն, առավել հաճախ այն նաեւ դիրքորոշում է:

Անկարայում աշխատող թուրք լրագրող Հուսեին Հայաթսեւերն ասում է, որ հայերին առնչվող հարցերին մարդիկ կասկածով են վերաբերվում եւ գերադասում են այդ մասին չխոսել, նույնիսկ եթե այդ թեմայով որոշ բաներ գիտեն: Նրանք կարծում են, որ այդպես ավելի ապահով է` պարզաբանում է Հուսեինը. «Թեպետ որեւէ պատճառ չկա, որ նրանք վախենան կամ իրենց անապահով զգան»:

Այն, որ թուրքական պաշտոնական տեսակետը չի արտացոլում իրականությունը, անկարացի լրագրողը հասկացել է` ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ եւ ներքին հարցադրում արել, թե ուր են այսօր Արեւելյան Անատոլիայում (Արեւմտյան Հայաստան) ապրող հայերը:

Նա ասում է, որ այս հարցը նրան հուզել է, որովհետեւ հետաքրքրվում է իր երկրի պատմությամբ, առավել եւս, որ դա այն ժամանակահատվածի պատմությունն է, որը ներկայից հեռու է ընդամենը մեկ դարով:

Ձախ ազատական հայացքներ ունեցող, թուրքական «Greens and the Left Party of the Future» կուսակցության անդամ Այշե Օքթեմն ասում է, որ թուրքական ինքնությունը հիմնված է անցյալի վատ իրադարձությունների սրբագրման եւ հաղթանակների հիշողության վրա:

«Ես կարծում եմ, որ մարդիկ ոչ միայն Անատոլիայում, բայց հատկապես Անատոլիայում, ներքին զգացողություն ունեն, որ անցյալում մի վատ բան է կատարվել, բայց իրենք այդքան էլ տեղյակ չեն, թե կոնկրետ ինչ է եղել, ու այդ թեման տաբու է, եւ այդ մասին չեն խոսում,- ասում է նա:- Ես հաճախակի եմ մարդկանցից լսում, որ անցյալում ինչ-որ բան է եղել հայերի հետ կապված, բայց թե կոնկրետ ինչ, այդքան էլ լավ չգիտեն, որովհետեւ տարեցներն այդ մասին չեն պատմում»:

Այշեն պատմում է, որ 12 տարի առաջ նա եղել է Ադանայում, որտեղ տեսել է գետի ափից բավական հեռու խաղացող երեխաների, որոնք խուսափում էին մոտենալ ափին:

«Նրանք ինձ ասացին, որ իրենց մայրերը թույլ չեն տալիս խաղալ ափին, որովհետեւ այդ գետում երեխաներ են խեղդվել, ու նրանց հոգիներն այժմ գետում են,- պատմում է նա:- Ես նաեւ մի ծիրանի ծառ տեսա, որ լի էր պտուղներով, սակայն ոչ ոք չէր ուտում այդ ծառի ծիրանը, որովհետեւ ասում էին, որ ժամանակին այդտեղ մարդկանց են մորթել, ու այդ ծառը ջրվել է նրանց արյունով»:

Քաղաքական ակտիվիստը նշում է, որ Անատոլիան լի է խեղդված երեխաների հոգիներով բնակեցված գետերի, մարդկանց արյունով ջրված ծիրանենիների ու անիծված ոսկիների մասին պատմություններով, որոնցից անհրաժեշտ է ազատվել: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թուրք կապված է հայերի հետ այդ պատմություններից ինչ-որ մեկով,- ասում է նա:- Ու, որպեսզի մեր երեխաները կարողանան խաղալ այդ գետերի ափերին` Թուրքիան պետք է ընդունի, որ եղածը Ցեղասպանություն է: Թուրքիան պետք է բացի սահմաններն ու հետ վերադարձնի հայերի ունեցվածքը»:

Թուրքիայի մտավորականության ձախ հայացքներ ունեցող մի նեղ շերտ ընդունում է Ցեղասպանությունը որպես փաստ, սակայն այդ շերտը չափազանց փոքր է, որպեսզի որեւէ ազդեցություն ունենա լայն հասարակական զանգվածների, առավել եւս` իշխանությունների վրա: Մյուս կողմից` այդ նույն մտավորականության մեկ այլ շերտ, որը եւս քաջածանոթ է իր երկրի պատմության անցյալի էջերին, առաջարկում է հարեւանությունն սկսել նոր էջից:

Անկարացի լրագրող Հայաթսեւերն ասում է, որ երկու կողմերը կանգ են առել մեկ բառի վրա ու չեն ուզում այդ բառից այն կողմ անցնել: «Ես կարծում եմ, որ մեկ բառից կառչելը մեզ ոչ մի տեղ չի տանի, որովհետեւ վստահ եմ, որ որեւէ թուրք պաշտոնյա երբեւէ չի ընդունի, որ եղածը Ցեղասպանություն է,  եւ ոչ մի հայ չի համաձայնվի, թե եղածը Ցեղասպանություն չէ»,- մեկնաբանում է նա:

Սույն տեսակետն արտահայտող հատվածի ներկայացուցիչներն ասում են, որ թուրք հասարակությունը Ցեղասպանություն եզրի հետ խնդիր ունի, ու թեպետ մտավորական որոշ շրջանակներում այն ընդունված է գործածել, սակայն Թուրքիայում ընդհանուր առմամբ այն ընդունելի չէ: Տարածված է այսպիսի մի մոտեցում, ըստ որի ճիշտ կլիներ, որպեսզի Ցեղասպանություն եզրը փոխարինվեր մեկ այլ, ավելի մեղմ եզրով:

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն այս ձեւակերպմանն ընդառաջում է հակընդդեմ հարցադրմամբ. «Իսկ ի՞նչ անուն պետք է տալ 1.5 մլն մարդկային զոհերի ու 4000-5000 ոչնչացված հուշարձանների համար»: Հարցնում է ու հավելում, որ այս տարի Թուրքիան 5 լիրա արժողությամբ մետաղադրամներ է թողարկել Կարսի ու Վանի գրավման կապակցությամբ:

Ցեղասպանագետը նշում է, որ Թուրքիայի խնդիրը միայն իրավական դաշտում չէ. «Ցեղասպանության ճանաչման դեպքում պետք է պատմությունը վերաշարադրվի, որը թուրք հասարակության ներսում բարոյահոգեբանական խնդիրներ կառաջացնի»:

Հայաթսեւերը վստահ է, որ եթե անգամ սահմանները բացվեն` այդ բառն ընկած է լինելու երկու պետությունների արանքում: «Ես լավատես չեմ այն հարցում, որ թուրք կառավարությունը երբեւէ ներողություն կխնդրի 1915թ. դեպքերի համար,- ասում է նա,- սակայն  եթե անգամ դա երբեւէ կատարվի` հայերը կառարկեն ու կպահանջեն, որպեսզի այդ դեպքերը ճանաչվեն որպես Ցեղասպանություն»:

Ըստ Հայաթսեւերի` թուրք հասարակությունը պետք է կենտրոնանա այդ մարդկանց (նկատի ունի Ցեղասպանության զոհերին) ժառանգների զգացմունքների վրա եւ հասկանա, թե ինչ միջոցներով է հնարավոր թեթեւացնել այն ցավը, որ նրանք կրում են տարիներ շարունակ:

«Շատ փոքր քայլերը երբեմն կարող են մեծ նախաձեռնությունների համար հիմք հանդիսանալ»,- ասում է նա` նկատի ունենալով, որ որպես առաջին եւ անհապաղ քայլ պետք է սահմանը բացել, միաժամանակ նկատում է, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով դա այդքան էլ հեշտ չէ անել:

65498722

Ադանայում է գտնվում հայ աղջկերանց վարժարանը, որն այսօր ծառայում է որպես Մշակույթի պալատ

01014752

Ադանայի կամուրջը

Լուսանկարները` հեղինակի

 

Share

Comments are closed.