Կասպիական գագաթնաժողովի արդյունքների քննությունը տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից

VelyzadehԻլգար ՎԵԼԻԶԱԴԵ
Լրագրող
Բաքու

Կասպից ծովը ոչ միայն հարուստ ածխաջրածնային պաշարների աղբյուր է, այլեւ ուժի համաշխարհային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերի խաչաձեւման կարեւոր վայր: Այդ պատճառով Կասպիցի շուրջ տեղի ունեցող գործընթացները միշտ գտնվել են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային խաղացողների ուշադրության կենտրոնում: Հենց դրա համար էլ սեպտեմբերի վերջերին Աստրախանում կայացած կասպիական հնգյակի գագաթնաժողովը լայն արձագանք ստացավ, ու ամենից առաջ` այնտեղ ընդունված որոշումների տեսանկյունից:

Աստրախանյան գագաթնաժողովի արդյունքները կասպյան երկրների ԶԼՄ-ներում բազմաթիվ հիացական արձագանքների են արժանացել: Սակայն Ադրբեջանում այդ լավատեսական բազմաձայնությանը երբեմն անվստահության հազվագյուտ ձայներ էին խառնվում, որոնք պատկանում էին ձեռքբերված պայմանավորվածություններին որոշակի հոռետեսությամբ վերաբերվող մարդկանց:

Խոսքը նրանց մասին է, ովքեր կարծում են, թե նախագահների հանդիպման արդյունքով ընդունված քաղաքական հայտարարությունը լիովին չի համապատասխանում վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանի վարած կասպիական քաղաքականությանը: Իմ կարծիքով, դա խաբուսիկ պատկերացում է, որը կազմվել է այն պատճառով, որ առաջին անգամ Կասպից ծովը հատվածների բաժանելու եւ նրանում ձեւափոխված միջնագիծ անցկացնելու վիճահարույց հարցերը գագաթնաժողովի օրակարգի փակագծերից դուրս են հանվել: Այն փաստը, որ ռուսական կողմը որպես քննարկման հիմք առաջ է քաշել ինքնիշխան գոտիների սկզբունքը, կարելի է բանակցային գործընթացի էվոլյուցիայի ցուցիչ համարել: Ընդ որում, որոշակի խմբագրման է ենթարկվել հենց ռուսաստանյան դիրքորոշումը, որն այլ երկրների համար ավելի ընդունելի դարձավ պատմական հենց այս ժամանակահատվածում, երբ միջազգային գործերում կասպյան երկրների համար հավելյալ վտանգներ հարուցող արդի քաղաքական փոթորկումը նրանցից պահանջում է  ջանքերի ավելի մեծ փոխմերձեցում առկա հակասությունները հաղթահարելու համար:

Այս կապակցությամբ ավելորդ չէ հիշեցնել, որ անցած տարվա նոյեմբերից ՌԴ ԱԳՆ-ն հաճախակիացրել է մերձկասպյան երկրների հետ քաղաքական խորհրդակցությունները` անցկացվել են աշխատանքային խմբերի մի շարք հանդիպումներ, որոնց սկզբնական փուլում ներկայացված առաջարկներն էապես լրամշակվել են` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Միայն դրանից հետո էր ռուսաստանյան ԱԳՆ-ն առաջարկել պատասխանատվության 25-միլանոց գոտիների տարանջատման տարբերակը, որը որպես հիմք է ընդունվել Կասպից ծովի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման սկզբունքների վերջնական մշակման համար:

Այնուամենայնիվ, համարձակվում եմ կարծել, որ ասրտրախանյան գագաթնաժողովում ընդունված քաղաքական հայտարարությունը թեպետեւ կարող է Կասպից ծովի կարգավիճակի որոշման համար ելակետ համարվել, այն, այսուհանդերձ, ո՛չ ըստ էության, եւ ո՛չ ըստ ձեւի չի հանդիսանում համաձայնեցման ենթակա վերջնական իրավապայմանագրային հիմք:

Կարծում եմ, որ հիշյալ հայտարարության տակ ստորագրած պետությունների ղեկավարները նախ եւ առաջ առաջնորդվել են մի քանի երկրի պատկանող ջրատարածությունների օգտագործման համընդհանուր ճանաչված պրակտիակայով: Դրա համար Կասպից ծովի սեկտորալ բաժանման սկզբունքը պաշտպանող պետություններն ընդունում են, որ ջրօգտագործումը պետք է բոլորի համար ընդհանուր լինի, իսկ նավագնացությունն իրականացվի ազատ ռեժիմով: Ընդ որում, ինքնիշխան գոտիների սկզբունքը չի բացառում սեկտորալ բաժանումը, քանի որ կասպյան պետությունները պատրաստ են ընդհանուր համարել միայն ծովի մակերեսը, իսկ ծովի հատակն ինչ-որ կերպ հարկ կլինի կիսել: Չպետք է մոռանալ, որ հիմնական ածխաջրածնային պաշարները գտնվում են հենց Կասպից ծովի հատակին:

Ձկնորսության վերաբերյալ պետք է ասել, որ Կասպից ծովի կենսաշխարհագրական առանձնահատկությունն այն է, որ դրանում ապրող ձկների բացառիկ տեսակները ձվադրում են կատարում բոլոր հինգ երկրներին պատկանող գետերի բերաններում, ուստի դրանց սերունդը նույնպես պատկանում է բոլոր ծովափնյա պետություններին: Այսպիսով, եթե երկրներից մեկն առանց մյուս երկրների հետ նախապես համաձայնեցնելու կատարի անսահմանափակ ձկնորսություն, ապա ծովի ողջ կենսաբանական հավասարակշռությունը կարող է խախտվել: Այս հարցում մերձկասպյան երկրների միջեւ նույնպես տարաձայնություններ չկան: Իմիջիայլոց, աստրախանյան գագաթնաժողովում Կասպից ծովում տնտեսական համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են այդ մոտեցման իրականացման հիմք հանդիսանալ:

Share

Comments are closed.