Խոցված կարգավորում

GeghamԳեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի խմբագիր
Ստեփանակերտ

Շփման գծի մոտ խոցված ու անօգնական ընկած ուղղաթիռը խորհրդանշում է խոցված ղարաբաղյան կարգավորումը: Այո, այն երեւակեց ղարաբաղյան կարգավորման ներկայիս պարզապես թշվառ ու անօգնական վիճակը:

Սակայն խոցված ուղղաթիռը երեւան հանեց նաեւ մեր քաղաքական էլիտաների խոցված կարողությունը, մեր հանրությունների խոցված աշխարհընկալումն ու մեր խեղված քաղաքագիտական-վերլուծական միտքը:

Խոցված ուղղաթիռն ի ցույց դրեց նաեւ տեղեկատվական պատերազմի անմարդկային, անմակարդակ ու միաժամանակ թշվառ վիճակը` ադրբեջանական կողմը միջադեպից անմիջապես հետո սիրիական պատերազմից «փոխառած» տեսանյութ տարածեց, ինչը կուլ տվին սոցիալական ցանցերի բազմաթիվ հայ օգտատերեր եւ մի շարք լրատվամիջոցներ, ապա իրական տեսանյութը հրամցրեց, բայց հավելելով այնպիսի հիմնավորումներով, որոնք հերքվում էին նույն այդ տեսանյութի յուրաքանչյուր կադրով:

Միջադեպը երեւան հանեց նաեւ միջազգային ակտորների հետ կապված խնդիրներ, երեւակեց նրանց իրական հնարավորություններն ու կարգավորման մեջ շահագրգռվածության իրական մակարդակը, նրանց վրա ազդելու մեր, մեղմ ասած, սահմանափակ հնարավորությունները:

Բայց սա դեռ ամենը չէ. խոցված ուղղաթիռը երեւան հանեց մի ահավոր իրողության` թե կարգավորման օրակարգում, թե հակամարտող կողմերի հարաբերություններում, թե միջազգային ակտորների վերաբերմունքում եւ թե մեր հանրային ընկալման մեջ ու դրա կենտրոնում Մարդը չէ: Ով ասես կա եւ ինչ ասես կա, բայց ոչ Մարդը: Շփման գծի մոտ խոցված ու անօգնական ընկած ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը հենց դա է վկայում: Դատելով տեղեկատվական հոսքերից` օդաչուներից երկուսը զոհվել էին անմիջապես, բայց երրորդն ինչ-որ ժամանակ դեռ ողջ էր: Ղարաբաղյան կողմի ռազմական պաշտոնյաներից մեկը թեթեւակի ակնարկել էր այդ մասին: Հասկանում եմ, թե ինչու թեթեւակի: Նախ` հավանաբար, հստակ տեղեկատվության պակասը եւ երկրորդն ու ամենակարեւորը` չփլուզելու համար նրան փրկելու շանսերը:

Սակայն այս տեղեկությունը համարժեք արձագանքի չարժանացավ միջադեպն անխնա դատապարտող, հակառակորդի վայրենությունն ի ցույց դնող եւ ուղղաթիռի խոցման մեջ աշխարհաքաղաքական նկրտումներ որոնող հայ հանրությունում` բացառությամբ երիտասարդ խոստումնալից քաղաքական գործչի հացադուլի: Չկար վիրավոր օդաչուին փրկելու, անհապաղ փրկելու, այդ նպատակով բոլոր միջոցները հավաքագրելու հանրային պահանջ ու հրամայական: Հանրային պահանջ ու հրամայական իշխանություններին, որոշում ընդունողներին ու դիսիժնմեյքերամերձ շրջանակներին: Հայ հանրությունը զբաղված ու կլանված էր այլ բաներով:

Հայ քաղաքագիտական-վերլուծական միտքը հերթական աշխարհաքաղաքական սցենարներն էր հյուսում եւ դրանք անհապաղ ներկայացնում հանրության դատին: Քաղաքագիտական-վերլուծական այս բարդագույն ոլորտը` աշխարհաքաղաքականությունը, հեշտացել է ձվածեղ անելու աստիճան, իսկ աշխարհաքաղաքականությամբ զբաղվելու ունակ սուբյեկտների թիվն էլ ուղիղ համեմատական է դարձել ձվածեղ անելու ունակ մարդկանց քանակին: Ու հետաքրքիր է, որ այս ոլորտում ինֆորմացիային տիրապետելն այլեւս անհրաժեշտ չէ, քանի որ ինֆորմացիան այլեւս գործիք չէ եւ իր տեղը վաղուց զիջել է այլ գործիքների` մատին ու բերանին: Ինչ աշխարհաքաղաքական վարկած ասես չեն ներկայացրել: Ասենք, զարմանալու բան չկա` հիմա մեզ մոտ նույնիսկ շուկայից կանաչի առնելն առանց աշխարհաքաղաքականության հնարավոր չէ:

Իսկ արդյունքում հանրային ուշադրությունից դուրս մնացին մի շարք կարեւոր հանգամանքներ, չտրվեցին կամ պատշաճ ուշադրության չարժանացան հատուկենտ անձանց կողմից բարձրաձայնված մի շարք տրամաբանական հարցեր` կապված միջադեպի եւ դրանից խուսափելու մեր պատասխանատվության հետ, այն է` ինչու՞ են շփման գծին այդքան մոտ թռչել մեր ռազմական ուղղաթիռները, ինչու՞ դրանք չեն ունեցել պաշտպանիչ ջերմահրթիռներ, ինչու՞ մյուս ուղղաթիռն առաջինին փրկելու փորձ չի արել եւ ընդհանրապես` ինչու՞ ոչ ոք չի խոսում մյուս ուղղաթիռի մասին, չէ՞ որ խոցված ուղղաթիռն ուղեկցում էր մյուսին` դրա անձնակազմը հաստատ պատմելու բան կունենա: Ինչ խոսք, կան հարցեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են «ռազմական գաղտնիք» հասկացությանը, բայց հանրության համար պիտի հստակ լինեն դրա սահմանները եւ չբացառեն բանակի հանրային վերահսկողության հնարավորությունը, առավել եւս, որ խոսքը մարդկանց կյանքին է վերաբերում:

Ես միտումնավոր կերպով չեմ մտասեւեռվում ադրբեջանական կողմի պատասխանատվության վրա` դա ադրբեջանական հանրության խնդիրն ու փորձությունն է: Ինձ առաջին հերթին հետաքրքրում է այս փորձության մեր բաժինը, մեր հանրային ընկալումն ու դրա դասերը: Ըստ իս, միջադեպը պիտի խթաներ մեր ունեցած ներուժի իրատեսական վերլուծությունն ու գնահատականը, մեր աշխարհընկալմանը, կոչեր լրջության, սթափության ու զգոնության, բայց ոչ սոսկ ատելության ու հոխորտանքի:

Թե պատերազմ սկսվեց` Ադրբեջանը վերանալու է երկրի երեսից` պնդում է մեր պաշտոնատար անձանցից մեկը: Ծնկաչոք զինադադար են խնդրելու, երբ մարտերն ընթանան Բաքվում` համոզված է անցած պատերազմի շինելից դեռեւս դուրս չեկած գեներալը: Մյուսներն էլ զբաղված են պատժի ու պատժաչափի մտացածին սահմանների հստակեցմամբ:

Ադրբեջանի հետագա գոյության կամ ապագայի հերթական զինադադարին առնչվելիք հանգամանքների մասին կարելի է վաղն էլ շաղակրատել, իսկ շփման գծի մոտ խոցված ուղղաթիռում միգուցե դեռ ողջ էր մեր օդաչուն…Ու ինչպե՞ս հավատաս նման ամպագոռգոռ հայտարարություններին, եթե ի վիճակի չես նույնիսկ մի զինվորի կյանք փրկել` այն էլ այն ժամանակ, երբ ուսումնավարժական առիթով արդեն իսկ ոտքի է հանված գրեթե ողջ ռազմական ներուժը: Ինչ խոսք, մեր զոհված օդաչուների դիերը հետ բերելու աննախադեպ օպերացիան վկայում է մեր բանակի արհեստավարժության, քաջության ու հնարամտության մասին, բայց չի տալիս բոլոր հարցերի պատասխանը:

Արդյո՞ք հայկական կողմերն ամեն ինչ են արել այդ իրավիճակում: Չգիտեմ` հոգուս վրա մեղք չվերցնեմ: Խոսքս պարզապես այն մասին է, որ միջադեպին առնչվող մեր առօրյայում ու միջազգային արձագանքների օրակարգում դեռ Մարդը չէ կիզակետում: Սա է ամենասարսափելին: Բացի դրանից, երբ խոսում ենք ամեն ինչ ձեռնարկելու մասին` նկատի ունենք նաեւ հրապարակային-դիվանագիտական քայլերը, որոնք ավելի արդյունավետ կարող էին լինել, առնվազն` հաստատ ավելի ընկալելի կլինեին բոլորի համար: Համենայն դեպս, մենք պարտավոր էինք այդ ռեսուրսն էլ օգտագործել` մարդկային ռեսուրսը, մարդու գործոնը: Բայց սա նաեւ հերթական տխուր առիթն է` մտորելու մեր քաղաքական թեթեւագույն քաշի մասին:

Բանակը, այո, կատարեց իր առաքելությունը, ի վերջո կատարեց, բայց ստեղծված իրավիճակն առաջին հերթին փորձություն էր քաղաքական ղեկավարության, մեր դիվանագիտության համար: Որքան էլ պարադոքսալ հնչի` ցանկացած փորձություն իրենից ոչ միայն մարտահրավեր է ներկայացնում, այլեւ` հնարավորություններ: Ընձեռված քաղաքական-դիվանագիտական հնարավորությունները չօգտագործվեցին ինչպես հարկն է:

Միջադեպն ամբողջ սրությամբ երեւակեց մի կարեւոր խնդիր եւս` ոչ միայն չկա կարգավորման արժեհամակարգ, այլեւ բացակայում են խաղի տարրական կանոնները: Այս գլխավոր խնդիրը պիտի լուծվի, որից ածանցյալ է մյուս` ընթացիկ հարցերի լուծումը:

Share

Comments are closed.