Հայաստանի մուտքը ԵՏՄ. անվտանգության երաշխիքներ` քաղաքական սուբեկտության դիմա՞ց

Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան

Join, or die, Join and die, կամ վերադա՞րձ դեպի ապագա: Տարվա իրադարձությունները` Ռուսաստանի աջուահյակ հարձակողական եւ շահարկումային քաղաքականությունն, ըստ իս, հանդիսանում է աշխարհում հռչակված գաղափարներից եւ արժեքներից աննախադեպ նահանջ: Հանուն արդարության հարկ է նշել, որ արեւմտյան երկրների քաղաքական գործիչները նույնպես կատարել են մի շարք ապակառուցողական գործողություններ` հարված հասցնելով համաշխարհային հավասարակշռությանը: Այսպես թե այնպես, 2013թ. Վ. Պուտինը պաշտոնապես հայտարարել էր, որ հարգելու է Ուկրաինայի որոշումն` անկախ նրանից, թե այն ինչպիսին է լինելու: Ակնհայտ է, որ նա տրամագծորեն հակառակ կերպով վարվեց` գլորելով աշխարհը դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանում առատորեն խմորված կարծրատիպային դիխոտոմիաների եւ «աշխարհաքաղաքական փակուղիների» անդունդը:

Դեռեւս «վերակառուցման» տարիներին Էստոնական ԽՍՀ-ից խորհրդային մի տնտեսագետ մատնանշել էր Խորհրդային Միության պահպանման բանաձեւը` ընդհանուր շուկայի ստեղծումը: Այն ժամանակ նրան չլսեցին, բայց այժմ` տարիներ անց, այն տպավորությունն է, թե Պուտինը փորձում է հենց դա անել, բայց ընդամենը` եվրոպական նախագծերը խոչընդոտելու համար: Խելահեղ 90-ականների թերթերից մեկը երգիծում էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի կարգախոսը` «միացի´ր կամ մեռի´ր» (join, or die)` վերաձեւակերպելով այն հետեւյալ կերպ` «անջատվի´ր, որպեսզի ապրես» (divide or die): Այսպիսով, Ռուսաստանից բաժանումը համարվում էր անկախ Հայաստանի գրավականը: Սակայն, 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը քայլ կատարեց դեպի անցյալ: Այս տարեթիվը նրա համար դարձավ ինտեգրացիոն պատերազմների գագաթնակետը:

Join, or Die by Benjamin Franklin was recycled to encourage the former colonies to unite against British rule. Pennsylvania Gazette, 1754г.

«Республика Армения» թերթ, 1990թ.

Սեպտեմբերի 3-ի առեղծվածը: 2013թ. սեպտեմբերի սկիզբը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, ըստ երեւույթին, ջրբաժանի դեր ունեցավ. երկրի նախագահն ակնթարթային կամային որոշմամբ եւ, ի հեճուկս նախորդ հայտարարությունների եւ կամարտահայտությունների, հայտարարեց Մաքսային Միությանը միանալու մասին: Այս անսպասելի քայլն անդամալուծեց ողջ հայաշխարհը: Ժողովրդի կարծիքը ոչ ոք չհարցրեց. որոշումն ընդունվեց միապետաբար` միանձնյա: Անգամ եթե հարցնեին, Սարգսյանը, միեւնույն է, իրավացի կլիներ. Հայաստանի բնակչության մեծամասնությունը Ռուսաստանի նկատմամբ լոյալություն է ցուցաբերում եւ այդ երկրի հետ կապված է բյուր թելերով: Այստեղ, ըստ մի պատմաբանի դիպուկ արտահայտության, գոյություն ունի այդ որոշումը մեկնաբանելու երկու հարթություն` կենցաղային եւ քաղաքական:  Կենցաղայինն առնչվում է ոչ միայն իրենց ընտանիքների, այլեւ պետության համար ոսկե ձվեր ածող միգրացիաների եւ աշխատանքային միգրանտների, իսկ քաղաքականը` իշխանության վերարտադրությունն ապահովող ընտրությունների հետ:  Հայկական արեւմտյան սփյուռքի մտավորական շրջանակներում հետեւողականորեն խոսում են Մոսկվայի «ձեռագրի»` Մոսկվայի կողմից բացահայտ եւ կոպիտ ճնշումների մասին: Սակայն, անկախ, իսկ նաեւ ակնհայտորեն ընդդիմադիր փորձագետների կարծիքով` ոչ ոք չի տեսել անգամ ճնշումների նշույլ Հայաստանի նախագահի գրասենյակի վրա: Այնուամենայնիվ, Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունն ընդունվեց ակնթարթային արագությամբ. համաձայնեցված առեւտրամաքսային քաղաքականության մասին փաստաթղթի ստորագրումը մեծ անակնկալ էր անգամ երկրի քաղաքական վերնախավի համար: Այս որոշման ակնթարթայնությունը շատերի համար անհերքելի ապացույց է, որ Մոսկվան Հայաստանին պատին դեմ է տվել: Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ սակարկությունն ընթանում էր երկրի եւ սահմանների անվտանգության, այսինքն` Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի շուրջ: Ուրիշներն էլ պնդում են, որ խոսքը Կրեմլի արած մի քանի թափանցիկ ակնարկների մասին էր:

Ինչեւէ, Հայաստանը մտնում է պուտինյան ամենագլխավոր նախագծի` ԵՏՄ-ի մեջ: Ինչպիսի՞ն է այն լինելու: Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ-ի) նախատի՞պը: Այն զուտ տնտեսական միությո՞ւն է մնալու, թե՞ ավելին: Այն հանգեցնելո՞ւ է Արեւմուտքի հետ հարաբերությունների սառեցմանը: Ինչպիսի՞ տնտեսական օգուտներ է կարող այն տալ Հայաստանին: Դեռեւս հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Շատ ընդդիմադիր շարժումների համար (հարցի վերաբերյալ ամենահստակ դիրքորոշմամբ հանդես է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը) այս ընտրությունը շաղկապվում է անկախության մասնակի կամ ամբողջական կորստի եւ ելակետային դիրքին` պայմանականորեն ասված ԽՍՀՄ վերադառնալու հետ: Այլ հարց է, որ Հայաստանում ավագ սերնդի շրջանում գոյություն ունի թվացյալ անսասան տնտեսական կայունություն ունեցած ԽՍՀՄ հանդեպ բավականին արտահայտված կարոտախտ:[1]

Բարդ ընտրությունը: Ի հեճուկս նախագահ Սարգսյանի դիվանագիտական մանեւրների` նրան չի հաջողվել վարել իր հռչակած «եւ´, եւ´»-ի քաղաքականությունը, քանի որ երկու կազմավորումների մաքսային պահանջները պարզապես անհամատեղելիորեն տարբեր են: Սերժ Սարգսյանի այցը Լեհաստան համոզիչ կերպով ցույց է տվել, որ անգամ տնտեսական հարթությունում նա ստիպված էր լինելու ընտրություն կատարել: Նա ոչ մի կերպ չէր կարողանա երկու աթոռների վրա միաժամանակ նստել, գեթ դրանց միանգամայն այլ ոճերին եւ ձեռագրերին պատկանելու պատճառով: Լեհ քաղաքական գործիչ Բրոնիսլավ Կոմորովսկին այդ ժամանակ շատ հստակ է արտահայտվել` անհնար է գտնվել երկու տնտեսական գոտիներում/ռեժիմներում. Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը:

Միեւնույն ժամանակ, որոշ միջազգային մշտադիտարկողներ խոստովանում են, որ ԽՍՀՄ տարածությունում նախկին կապերն օբեկտիվորեն ավելի սերտ էին, ուստի անգամ ընդհանուր սահմանների բացակայությունը չի խոչընդոտում, որ ԵՏՄ անդամ-երկրների միջեւ պատմական կապերն ավելի կենսունակ  լինեն: Կարծում եմ` ո´չ: Եվրոպական կառույցներին ինտեգրվելը կնպաստեր տնտեսությունում ազատական բարեփոխումների անցկացմանը, խորհրդային կառավարման ոճերից ձերբազատմանը եւ պետականաշինական կաղապարների փոփոխությանը: «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում հետեւողականորեն անցկացված սոցիալ-տնտեսական բարեփոխումները, ինչպես եւ մինչ այդ Համաշխարհային բանկի ցուցաբերած աջակցությունը Հայաստանում աննախադեպ տնտեսական աճի հանգեցրին` հնարավորություն տալով խորհրդանշաբար խոսել նրա «կովկասյան վագր» լինելու մասին  (“Caucasian Tiger: Sustaining Economic Growth in Armenia” 2007): Կրեմլում ունեցած պատասխան ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ եվրոպական կառույցների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանն անցկացրել է այնպիսի սոցիալական բարեփոխումներ, որոնք այժմ նրան ավելի գրավիչ են դարձնում: «Մենք կանգ առնելու միտք չունենք»,- հայտարարել է նա: Ավա՜ղ, այս փրկարար փոփոխությունների եւ ապագային միտված ծրագրերի հետ համաշխարհային հեգեմոնի կորսված կարգավիճակի վրա նարցիսաբար կենտրոնացած Ռուսաստանը ոչ մի առնչություն չի ունեցել եւ այժմ էլ չունի: Այնուամենայնիվ, Հայաստանի «պաշարյալ» մտածողությունը կանխորոշեց ընտրության դառը միանշանակությունը, որի հետեւանքով մենք օլիգարխիկ ռեժիմի վերջը դեռ շատ երկար չենք տեսնելու:

Չդնե՞լ խաչ եվրաինտեգրման գործընթացների վրա: Բազմաթիվ պաշտոնական հայտարարություններից դատելով` Հայաստանն իր արտաքին քաղաքականությունում կոմպլիմենտարիզմից չի հրաժարվում: Ըստ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի` ԵՏՄ անդամակցությունը  Հայաստանին չի խանգարելու աշխատել ԵՄ կառուցվածքներում: Երեւանն անընդհատ ընդգծում է, որ ԵՏՄ անդամ դառնալուց հետո մտադիր չէ խզել Եվրոպայի հետ առկա կապերը (Հայաստանը շարունակում է մնալ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ): Դրանք սոսկ հայտարարություններ չեն: «Նոյան Տապան» թերթի հաղորդմամբ` նախկին շրջկենտրոն Չարենցավանում վերջերս տեղի է ունեցել հայ-լեհական առաջին համատեղ «Լյուբավա-Արմենիա» նոր ռազմաարդյունաբերական ձեռնարկության բացումը: Այն գործելու է խորհրդային ժամանակաշրջանի ռազմաարդյունաբերական խոշոր համալիրի` Չարենցավանի հաստոցաշինական գործարանի  հիման վրա: Ձեռնարկության բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նորաբաց գործարանը զբաղվելու է արտադրական օբեկտների արդիականացմամբ եւ վերանորոգմամբ, ինչպես նաեւ «ժամանակակից բազմագործառութային սարքավորումների» արտադրությամբ: Դժվար չէ կռահել, որ խոսքը ռազմական եւ երկակի նշանակության արտադրանքի մասին է: Այս կապակցությամբ հետաքրքիր է մեջբերել Սեյրան Օհանյանի խոսքերն այն մասին, թե ընկերությանը կհաջողվի ընդլայնել արտադրությունը ԵՏՄ եւ այլ միջազգային շուկաներ դուրս գալու հաշվին:

Շտայնմայերի Երեւան կատարած այցը, հայաստանյան «Նովոյե Վրեմյա» թերթի գնահատմամբ, այն բանի ազդանշանն է, որ ԵՄ-ն, ի հեճուկս Ուկրաինայում ծավալվող ճգնաժամի, շարունակելու է իր «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունը: ԵՏՄ անդամակցությունը չի խաթարելու Հայաստանի շփումները Եվրոպայի հետ` ասել է Շտայնմայերը, հայտարարելով Եվրոպայի կողմից 34, 387 միլիոն եվրո չափով ուղիղ եւ նպատակային դրամաշնորհների տրամադրման մասին: Ընդ որում, Արեւմուտքը Հայաստանից չի պահանջում հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ, եթե վերջին իս հետ համագործակցությունը Երեւանի համար շահավետ է:  Ավելին, 2014 թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարել է, թե ուրախ է Հայաստանի ԵՏՄ անդամակցության համար, քանի որ երեք միլիոնանոց շուկայի փոխարեն երկրի առջեւ կբացվի 170 միլիոնանոց շուկան («Новое время №2487 (111)):

Այնուամենայնիվ, ակներեւ է Ադրբեջանի ուղղությամբ կողաթեքումը: Հոկտեմբերի սկզբին ԵԽԽՎ-ն որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ բռնազավթված տարածքներում լարվածության թեժացում» անվանյալ զեկույցը նախապատրաստելու մասին: Անվանման մեջ առկա Լեռնային Ղարաբաղի եւ անվտանգության գոտիների/«բռնազավթված տարածքների» նույնացումը մեկնաբանվել է որպես Եվրոպայի արձագանք Ադրբեջանի` ԵՏՄ կազմ մտնելու «սպառնալիքին»: Դրանից հետո անիմաստ էր որեւէ բան ակնկալել երկու երկրների նախագահների փարիզյան հանդիպումից, ինչ էլ որոշ ժամանակ անց հաստատվեց:

 

[1] «Բարի խորհրդային ավանդույթներ» վերականգնելու ջատագով են ԽՍՀՄ-ը տեսած սերունդները, բայց ո´չ բնավ երիտասարդությունը: 

[2] Տե´ս մանրամասն` http://www.noev-kovcheg.ru/mag/2014-20/4784.html#ixzz3If4XQj99 

 

 

Share

Comments are closed.