Քաղաքացիական նախաձեռնություններն այս տարի նվազ հաջողակ էին

annaԱննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լրագրող
Երեւան

Անցնող տարին Հայաստանի քաղաքացիական հասարակության համար լի էր բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք առնչվում էին հասարակության ամենատարբեր ոլորտներին ու շոշափում տարաբնույթ խնդիրներ, սակայն եթե նախորդ երկու տարիներին արձանագրվեց երկու խոշոր` Մաշտոցի պուրակի եւ 100-ի շարժումն ապահովող հաղթանակներ, ապա նույնը չի կարելի ասել 2014 թվականի համար: Նախորդ տարեվերջից սկիզբ առած եւ տարվա ընթացքում ձեւավորված բազմաթիվ նախաձեռնություններից միակը, որ կարելի է հաջողված համարել` հղի կանանց տրվող նպաստի կրճատման դեմ ուղղված պայքարն էր, որը հիմնականում հասավ նրան, ինչին ձգտում էր:

Ընդդեմ  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծի

Այս տարի նոյեմբերին նախածննդյան եւ հետծննդյան շրջանում մայրերին տրամադրվող նպաստների համար պայքարող խումբը հաղթեց. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրեց նոր օրինագիծ, համաձայն որի՝ 140 օր ժամանակահատվածում աշխատող մայրերը կստանան իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով նպաստ:

Նախկինում աշխատող կինը նշված ժամանակահատվածում, որը ներառում է 70 օր հղիության եւ 70 օր երեխայի ծննդից հետո ընթացքը, ստանում էր միջին աշխատավարձն ամբողջությամբ: Սակայն կառավարությունը մի նախագիծ էր ներկայացրել, որով վերջին աշխատավայրում մեկ տարուց պակաս աշխատած կինը կստանար իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում` 60 տոկոսը, իսկ 3 տարի եւ ավելի ստաժի դեպքում` 80 տոկոսը: Բացի այդ, սահմանվում էր նպաստի վերին շեմ, որը գործող օրենքում չկար: Ըստ այս փոփոխությունների, փաստորեն ոչ միայն կրճատվում էր աշխատող մայրերին հղիության ու հետծննդյան արձակուրդի ընթացքում տրվող գումարը, այլեւ տուժում էին հատկապես բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստն անհամաչափ էր լինելու վճարած բարձր հարկերին:

Կառավարությունն այս նախագծի առաջարկությունն արդարացնում էր բյուջեի սղությամբ, ինչպես նաեւ փաստարկում, որ սրանով գումար կտնտեսվի, որով 2016-ից նպաստներ կստանան նաեւ չաշխատող մայրերը:

Այս օրինագիծը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց ակտիվ կանանց շրջանում, որոնք «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ եւ իրավաբանների մասնակցությամբ հանրային քննարկումներ կազմակերպեցին ու համապատասխան առաջարկություններ ներկայացրեցին կառավարությանը: Կանայք ասում են, որ չաշխատող մայրերին նպաստ տրամադրելը պետք է կատարվի ոչ թե աշխատող մայրերի, այլ պետբյուջեի հաշվին, ինչպես նաեւ նրանք պահանջում էին, որ նշված ժամանակահատվածում կինը ստանա իր աշխատավարձի 100 տոկոսը:

«Մենք կարծում ենք, որ նպաստը կրճատել մի երկրում, որտեղ ամենաապահով խավը մայրերը չեն, ռազմավարական սխալ է,- ասում է նախաձեռնության անդամ Սոֆյա Մանուկյանը,- բացի այդ` աշխատող կանանց համար պետք է սահմանվի փոխհատուցում, այլ ոչ թե նպաստ, քանի որ հղիությունը վերարտադրողական ֆունկցիա է, որ տրված է կանանց, եւ դրա համար սահմանել քիչ նպաստ` աշխատավարձի ողջ փոխհատուցման փոխարեն, պարզապես խտրականություն է»:

Շատ կարճ ժամանակում օրինագծում ընդգրկվեցին առաջարկված փոփոխությունները, որով պահպանվում է աշխատավարձի 100 տոկոսը, միայն սահմանվեց վերին 1 միլիոն դրամի շեմ, որը գերազանցելու դեպքում լրացուցիչ փոխահատուցում կկատարի գործատուն:

Ըստ պաշտոնական աղբյուրների` Հայաստանում գրանցված աշխատող կանանց թիվը 110 հազար է, որի 99.65 տոկոսը կստանա 100 տոկոս փոխհատուցում, քանի որ նրանց  աշխատավարձը չի գերազանցում սահմանված առավելագույն շեմը, իսկ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ՀՀ-ում ստանում է շուրջ 400 կին:

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը

Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող շենքը, որ հայտնի էր որպես Աֆրիկյանների շենք, ուներ 130 տարվա պատմություն եւ հանդիսանում էր Երեւանի պատմական ժառանգության մաս, հունիս ամսվա ընթացքում մաս առ մաս ապամոնտաժվեց, իսկ հուլիսի 1-ին ապամոնտաժվեց նաեւ շենքի ճակատը. տարածքը ճանաչվել էր որպես գերակա հանրային շահ եւ վաճառվել մի կազմակերպության, որն այդ հատվածում բարձրահարկ էլիտար շենքեր է կառուցում:

Երեւանում առաջացել է քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանման համար պայքարող մի խումբ, որն ակտիվ է սկսած 2009 թվականից, երբ հարց էր դրված քանդելու «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը: Այս խումբը խիստ զգայուն է քաղաքի մշակութային դեմքը պահպանելու հարցում, եւ երբ հայտնի դարձավ Աֆրիկյանների շենքը քանդելու մասին` անմիջապես ձեւավորվեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» խումբ, որը երկու ամիս շարունակաբար պայքարեց շենքի քանդման դեմ:

Նախաձեռնության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասում է, որ շենքի տեղափոխում իրականացվում է միայն այն դեպքում, երբ դրա համար կա անվիճարկելի փաստարկ, օրինակ` երբ կառուցվում է ջրամբար:

«Աֆրիկյանների տան դեպքում փաստարկն այն է, որ շենքը միջավայրից դուրս է եւ պիտի ճանապարհը լայնացվի, բայց դա շենք տեղափոխելու հիմնավորում չէ»,- ասում է նա:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքերով` այս տարածքն ապամոնտաժվում է, որովհետեւ քաղաքի գլխավոր հատակագծի նորացման շրջանակներում նախատեսված է Տերյան եւ Զաքիյան փողոցները միացնել միմյանց:

Աֆրիկյանների շենքը քանդվում էր նաեւ հիմնավորմամբ, որ այն ընդգրկված է «Հին Երեւան» նախագծի շրջանակներում եւ նույնությամբ վերականգնվելու է:

Այս շենքը ՀՀ կառավարության 2004թ. որոշմամբ ընդգրկված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում եւ այն քանդելու համար անհրաժեշտ է Մշակույթի նախարարության թույլտվությունը, որը չի եղել: Շենքի ապամոնտաժման թույլտվությունը ստորագրել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ուրբանլաբ» ՀԿ համահիմնադիր Սարհատ Պետրոսյանը, ով խմբի ակտիվիստներից է, ասում է, որ շենք-հուշարձանի ապամոնտաժումն անօրինական է. «Ով շենքի քանդման թույլտվություն է տալիս` նա հանցագործություն է անում»:

Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումից հետո պայքարը տեղափոխվեց իրավական հարթություն եւ այժմ երկու տարբեր կազմակերպություններ` «Ուրբանլաբ» եւ «Թրանսփարենսի հակակոռուպցիոն» ՀԿ-ները դատարանում վիճարկում են շենքի քանդումը որպես ճարտարապետական ժառանգության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտում:

Ինքնիշխան Հայաստան

«Ինքնիշխան Հայաստան» խումբը ձեւավորվեց նախորդ տարվա դեկտեմբերին, եւ ամենատեսանելի միջոցառումը, որ կազմակերպվել է այս խմբի կողմից` նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Հայաստան Պուտինի այցելության օրն էր. դիմավորողները հակապուտինյան պաստառներ ու լոզուգներ էին հանել: Այդ օրը ցույցի դուրս եկած մոտ 2000 մարդուց 110 հոգի ոստիկանության կողմից բերման ենթարկվեց, որը շատ մեծ թիվ է, այդ քանակությամբ մարդիկ որեւէ դեպքի ժամանակ բերման չեն ենթարկվել, անգամ 2008թ. մարտի 1-ին:

Այս խումբը հիմնականում պայքարում է Եվրասիական միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման դեմ եւ դրսեւորում է եվրաասոցիացման ուղղությամբ շարժվելու կեցվածք: Խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ այս դեպքում Հայաստանն ավելի ազատ էր իր ընտրության մեջ, իսկ մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման գործընթացի տեսանկյունից շատ ավելի մեծ առաջընթաց կարող էր գրանցել եվրոպական կառույցների հետ մերձեցումներից:

«Իսկ ԵՏՄ-ին միանալու դեպքում մեր երկրի տնտեսական-դրամավարկային քաղաքականությունը պետք է որոշվի Մոսկվայում, եւ լուրջ սահմանափակումներ կլինեն»,- ասում  է նա:

Հովհաննիսյանի կարծիքով` «Ինքնիշխան Հայաստանը» առաջին շարժումն է, որն ի տարբերություն այլ շարժումների` քաղաքական երանգ ունի եւ հայտ է ներկայացնում Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի ուղղության որոշման համար:

«Մնացած նախաձեռնությունները ներքաղաքական էին ու հիմնականում առնչվում են սոցիալական հարցերին` տրանսպորտ, գազ եւ այլն», ասում է նա:

Դեմ!Եմ

Երբ նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու բարեփոխված կենսաթոշակային օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը, հզոր քաղաքացիական շարժում սկսվեց, որը դուրս եկավ Երեւան քաղաքից եւ տարածվեց նաեւ մարզերում:

Քաղաքացիական լայն զանգվածներ բողոքում էին համակարգում ընդգրկված 5 տոկոս պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ, որով գանձված գումարները տնօրինում են մասնավոր ընկերություններ` ՀՀ Կենտրոնական բանկի հսկողությամբ: Մարդիկ ասում են, որ այդ օրենքով մարդկանց սոցիալական վիճակն ավելի է  բարդանալու: Իշխանությունների փաստարկն այն է, որ Հայաստանի հասարակությունը ծերանում է, եւ ներկա սերունդը չի կարողանում ապահովել թոշակառուներին տրվող նպաստները, նույնիսկ կենսաթոշակային ֆոնդում առկա է հսկայական դեֆիցիտ, որն ամեն տարի ավելի է մեծանում (2012թ. այն դարձել էր 67 մլրդ դրամ):

Ընդդիմադիր դաշտից ասում են, որ երկրի սոցիալական կյանքի պատասխանատուն պետությունն է, ու նա չպետք է մի կողմ քաշվի ու դրա իրականացումը վստահի մասնավոր ընկերությունների: Բացի այդ, մարդիկ համոզված էին, որ իրենց ստացած վճարները երբեք հետ չեն ստանալու:

Օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը տարածվում է շուրջ 250 հազար զբաղված մարդկանց վրա, որը Հայաստանի աշխատուժի մոտ 25 տոկոսն է: Մնացածը դուրս են մնում այս համակարգից, այդ թվում` մոտ 500 հազար գյուղացիներ եւ օրենքով սահմանված այլ կատեգորիայի պատկանող անձինք:

«Դեմ!Եմ» շարժումն օրենքի որոշ բաղադրիչներ վիճարկեց Սահմանադրական դատարանում եւ հաղթեց, նրան ուղղորդեցին ԱԺ չորս` Ժառանգություն, Ազգային կոնգրես, Դաշնակցություն եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունները, որոնք ներկայացրին շարժումը Սահմանադրական դատարանում: Սակայն արտաքուստ դրական արդյունք գրանցած այս հաղթանակը շարժմանը տարավ դեպի անկում, որովհետեւ օրինագծում փոփոխություններ կատարվեցին` այն սահմանադրական ճանաչելու համար, որի արդյունքում օրենքն ի վերջո ընդունվեց եւ այժմ գործում է: Միայն մեկ տարբերությամբ, որ այն այժմ տարածվում է պետական համակարգում աշխատող մարդկանց վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն կգործի երկու տարի հետո, այսինքն` այս հզոր խմբի պայքարի միակ արդյունքը մասնավոր հատվածի համար երկու տարի հետագձելն է:

Զարուհի Հովհաննիսյանը բացասական է գնահատում իրադարձությունների այսպիսի շրջադարձը, որովհետեւ «Դեմ!Եմ»-ը` լինելով լուրջ գործընթաց, կուսակցականացվեց, ինչն էլ նրան տարավ դեպի մարում:

Նախաձեռնությո՞ւն, թե՞ շարժում

Ըստ ազգագրագետ Աղասի Թադեւոսյանի` 2009թ. սկիզբ  առած քաղաքացիական նախաձեռնությունները խնդիր ունեն քաղաքացիական հզոր շարժում ձեւավորելու, ինչը, սակայն, ներկայումս փակուղու առաջ է կանգնած: «Գոյություն ունի ռազմավարական լայն խնդիր ձեւակերպելու պահանջ, որը գտնվում է մեթոդաբանության հարթությունում,- մեկնաբանում է նա:- Կարծում եմ, որ կա լուծումների դեֆիցիտ ու պետք է նոր տիպի խնդիրներ դնել, որոնց ձեւակերպման համար կա մարդկային ռեսուրսների սահմանակում` քանակական եւ որակական տեսակետից, ինչպես նաեւ նոր գիտելիքի պակաս»:

Թադեւոսյանն ասում է, որ խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանության տիպի փոփոխությունը, որը շատ նախաձեռնություններ չեն էլ հասկանում, եւ խմբերը, որոնք զբաղված են լոկալ խնդիրներով, մեթոդաբանորեն չեն մոտենում դրանց, մինչդեռ ունեցած ձեռքբերումների հիման վրա պետք է գնան դեպի իշխանության սուբյեկտի փոփոխության, որը հասարակության մոդեռնացման կարեւորագույն տարրերից է:

Share

Comments are closed.