Անցնող տարվա արդյունքները Հարավային Օսիայում 

Մարիա ՊԼԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ

Անցնող տարվա ընթացքում Հարավային Օսիայում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել. երկրում կայացել են խորհրդարանական ընտրություններ, ոչ կառավարական կազմակերպությունների դեմ օրենք է ընդունվել (օրենքում դրանք անվանված են ոչ առեւտրային կազմակերպություններ), իրականացվել է հանրապետության գլխավոր ավտոմայրուղու` Տրանսկամի վերանորոգումը, ճանապարհ, որը ոչ միայն Հարավային Օսիան է միացնում Հյուսիսային Օսիայի հետ, այլեւ ողջ Հարավային Կովկասը` Հյուսիսային Կովկասի հետ: Կարգի է բերվել նաեւ մայրաքաղաքը հեռավոր Լենինգորի շրջանի հետ կապող ճանապարհը, որը 2004-2008թթ. մասամբ գտնվել է Վրաստանի իրավասության ներքո: Իսկ արտաքին քաղաքականության մեջ «ամենանշանավոր» իրադարձությունը Հարավային Օսիայի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումն էր:

Տարին սկսվեց նրանով, որ հունվարին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ցրեց հանրապետության կառավարությունը ու վարչապետի պաշտոնակատար նշանակեց մշակույթի նախկին նախարար Դոմենտի Կուլումբեգովին, ով հետո հաստատվեց այդ պաշտոնում: Իր հատուկ հայտարարության մեջ Տիբիլիովը քննադատեց կառավարության աշխատանքը` նախարարների կաբինետին մեղադրելով չհամաձայնեցված գործողությունների եւ նախագահական հանձնարարականների չկատարման մեջ: Իրականում դա պարզապես իրական գործունեության տպավորություն թողնելու նպատակ ուներ. նրա նախորդներն էլ էին սեփական անգործությունն արդարացնելու նպատակով ցրում նախարարների կաբինետը:

Խորհրդարանական ընտրություններ 

Փետրվար ամսից սկսվել էր խորհրդարանական ընտրապայքարն` ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, որոնք վերջին նախագահական ընտրություններից հետո բուսնում եւ աճում էին երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն հանրապետության ԿԸՀ-ը գրանցել է միայն 9 կուսակցություն: Իրապես անկախ կամ ընդդիմադիր կուսակցություններ դրանց մեջ չկային, այդ իսկ պատճառով ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին: Իշխող «Միասնություն» կուսակցությունը չի հաղթահարել 7 տոկոսանոց պատնեշը, եւ նրա տեղը զբաղեցրել է նույնանման «Միասնական Օսիա» կուսակցությունը. ինչպես ասում են` «գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»:

Նախորդ խորհրդարանական կուսակցություններից նոր խորհրդարան է անցել միայն «Ժողովրդական կուսակցությունը»` ընդամենը չորս մանդատով: Մի ժամանակ, «Ժողովրդական կուսակցությունն» իսկապես անկախ կուսակցությունն էր, բայց 2009թ. ապրիլին այն ռեյդերական գրավման է ենթարկվել նախկին նախագահ Կոկոյտիի կողմից, որից հետո կուսակցության լիդեր եւ անդամներ են դարձել Կոկոյտիին լիովին հավատարիմ անձինք:

Հարավային Օսիայի քաղաքական կուսակցությունների առանձնահատկություններից է այն, որ կուսակցության անդամ եւ պատգամավորության թեկնածու կարող էին դառնալ բոլոր պաշտոնյաները, անգամ` ուժային կառույցների աշխատակիցները: Այդ իսկ պատճառով նախորդ գումարման խորհրդարանն ավելի նման էր փոքր ՊՆ-ի (պաշտպանության նախարարության): Սակայն, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել կառավարության մասին նոր օրենքը, որի համաձայն՝ հարավօսական կառավարության անդամները չեն կարող լինել քաղաքական կազմավորումների անդամ: Դրանից հետո այն ժամանակվա արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Սանակոեւը լքեց իր իսկ ղեկավարած կուսակցության շարքերը:

Թե ինչպես են Հարավային Օսիայի քաղաքացիները նախապատվություն տվել այս կամ այն կուսակցությանը` արժանի է առանձին հոդվածի, ավելի շուտ` երեք արարով թատերական ողբերգության: Կուսակցությունների քաղաքական ծրագրերը միմյանց չափազանց նման էին, իսկ մարդիկ շարունակում էին ընտրություն կատարել` առաջնորդվելով ազգակցական կամ ընկերային սկզբունքներով: Օրինակ, «Հարավային Օսիա» թերթի խմբագիրը գրում էր, որ այդ 15 կուսակցությունների ղեկավարների ցուցակում նա հայտնաբերել է իր երկու ազգականի եւ մեկ դասընկերոջ: Նա շվարած հարց էր տալիս, թե այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր չեզոքություն պահպանել:

Նոր գումարման խորհրդարանի որոշ առանձնահատկությունները չափազանց նման են նախորդ գումարման խորհրդարանի ուրույնություններին. 34 պատգամավորից վեցը կանայք են: Մյուս կողմից, խորհրդարանը բավականին երիտասարդացել է: Եթե նախկինում ժողովրդի ծառաների միջին տարիքը 51 տարեկան էր, ապա այժմ այն կազմում է 42 տարեկան: Նոր գերագույն օրենսդիր մարմնի գրեթե բոլոր պատգամավորներն ունեն բարձրագույն կրթություն, սակայն նրանց մեջ ոչ ոք չունի գիտության թեկնածուի գիտական կոչում:

Վհուկների որս 

Մայիսի 7-ին Հարավային Օսիայի խորհրդարանի հաստատմանը ներկայացվեց ոչ կառավարական կազմակերպությունների մասին նոր օրինագիծ: Օրինագիծը մշակվել էր հանրապետության Արդարադատության նախարարության կողմից սույն թվականի մարտ ամսին եւ ենթադրում էր ներմուծել «օտարերկրյա գործակալ» եզրույթը` արտերկրից դրամաշնորհ ստացող ոչ կոմերցիոն (ՈԿ, հետայսու` ՈԿԿ` ոչ կառավարական կազմակերպություն) կազմակերպությունները բնութագրելու համար: Նշենք, որ Հարավային Օսիայի գործարարներից ոչ ոք ՈԿԿ գործունեություն չի ֆինանսավորում: Ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները հայտարարել են, որ «օտարերկրյա գործակալ» եզրույթի կիրառությունն իրենց հանդեպ անհանդուրժելի է: Հարավային Օսիայի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների կարծիքով` նման եզրույթն իրենց որպես «օտարերկրյա լրտես» էր պիտակավորում: Նրանք ԶԼՄ-ների միջոցով հայտարարեցին, որ նոր օրենքը ոչ միայն խաթարում է իրենց քաղաքացիական ակտիվությունը, այլեւ սպառնում անձնական անվտանգությանը:

Պատերազմական պայմաններում ավելի քան 20 տարի ապրող` ատելությամբ, վախով ու կասկածամտությամբ լի հասարակությունը չի խորանալու իրավաբանական մանրամասների մեջ: Արդարադատության նախարարն այդ նախաձեռնությունը հիմնավորել է «պետությունը ֆինանսավորման անվստահելի աղբյուրներից պաշտպանելու» եւ «ՈԿԿ միջոցով հասարակության մեջ անառողջ միտումների ներթափանցումը կասեցնելու» անհրաժեշտությամբ:

Նախորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Միրա Ցխովրեբովան սատարել է ՈԿԿ դիրքորոշմանը եւ խիստ քննադատության է ենթարկել առաջարկված օրինագիծը: Նա իր գործընկերներին հիշեցրել է, որ լրտեսական գործունեությամբ, այդ թվում եւ 2008թ. օգոստոսին, զբաղված անձինք մինչ օրս դատարանի առաջ չեն կանգնել: Նրանց գործունեության քննությամբ չեն զբաղվել նաեւ համապատասխան լիազորված կառույցները:

Փորձագետ Ալան Պարաստաեւի կարծիքով` տրամաբանական չէ ՈԿԿ նկատմամբ այդչափ խիստ միջոցներ ձեռնարկելը: «21-րդ դար» թերթի խմբագիր Թիմուր Ցխուրբաթիի խոսքերով` «Հիշյալ օրենքի ընդունմամբ ոչինչ չի փոխվելու, բոլորը նախկինի պես կշարունակեն աշխատել: Օրինագիծն ընդամենը պատրվակ է` թշնամիների կարիք ունեցող իշխանության գործունեության իմիտացիան ապահովելու համար, որովհետեւ նրանք ստեղծագործել դեռ չեն սովորել»:

Վերջապես, մայիսի կեսերին Հարավային Օսիայի խորհրդարանը ոչ կոմերցիոն կազմակերպությունների մասին նոր օրենք է ընդունել` առանց այս հարցում ռուսաստանցի գործընկերներին լիովին հետեւելու: Հանրապետության քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին հաջողվել է ազդել միայն իրենց իրավաբանական կարգավիճակը սահմանող եզրույթի փոփոխության վրա: Նրանք համոզել են օրենսդիրներին փոխարինել «օտարերկրյա գործակալ» եզրույթը «արտասահմանյան գործընկեր» ձեւակերպմամբ: Նրանք նաեւ մտադիր էին դիմել նոր գումարման խորհրդարանին` առկա երկիմաստ իրավիճակը քննարկելու համար: Նոր գումարման խորհրդարանը դեռեւս այդ հարցին չի անդրադարձել:

Սահմաններ 

Մարտի կեսերին «Հարավային Օսիա» պաշտոնաթերթը հրապարակեց Հարավային Օսիայի եւ Վրաստանի պետական սահմանը հատելու պարզեցված կարգի մասին կառավարության որոշումը: Հարավային Օսիայի իշխանությունները որոշել են, որ ժամանակն է կարգավորելու հանրապետության Լենինգորի շրջանի` Վրաստանում փախստականի կարգավիճակ ունեցող բնակիչների հարցը: Եթե նրանք չհրաժարվեն այդ կարգավիճակից, ապա նրանց պետք է մերժվի Լենինգոր վերադառնալու համար վրաց-հարավօսական սահմանի հատման թույլտվությունը:

Լենինգորի շրջանում էթնիկ վրացիների մեծամասնությունն ունի նաեւ վրացական անձնագրեր, որոնց շնորհիվ նրանք Վրաստանում փախստականի նպաստ են ստանում: Սահման հատելու խնդիրներն առկա են նաեւ այն պատճառով, որ շատ էթնիկ վրացիներ չեն կամենում ստանալ հարավօսական անձնագրեր: Նախկինում այդ մարդիկ սահմանը հատում էին «Ձեւաթուղթ 9»-ի պես մի տեղեկանքի օգնությամբ: Սահմանը հատելու կարգի խստացումից հետո նրանք ստացան հարավօսական անձնագրեր: Իրականում, Վրաստանի հետ սահմանն այս մարդիկ անցնում են երկու անձնագրով: Ռուս սահմանապահներին (2008 թվականից ի վեր Հարավային Օսիայի սահմանը, ռուս-հարավօսական միջպետական պայմանավորվածությունների համաձայն, պահպանում են ռուսաստանցի սահմանապահները) Լենինգորի բնակիչները ցույց են տալիս հարավօսական անձնագրերը, իսկ վրացի սահմանապահներին` վրացականները:

Հոկտեմբերի վերջին «Эхо Кавказа» տեղեկատվական հարթակում մեծ հոդված հայտնվեց, որտեղ նշվում էր, որ Լենինգորի բնակիչների համար դեռեւս արդիական է հատուկ անցագրեր ստանալու խնդիրը, առանց որոնց նրանք չեն կարող հատել Վրաստանի սահմանը: Տեղական վարչակազմի ներկայացուցչի խոսքերով` Լենինգորում մշտապես բնակվող մարդկանց մեծամասնությունն արդեն իսկ ստացել է հարավօսական անձնագրեր: Այնուամենայնիվ, շատ լենինգորցիներ բողոքում են, որ զրկվել են իրենց հարազատներին տեսնելու հնարավորությունից: Նրանք պնդում են, որ հաճախ կես տարուց ավել են սպասում պահանջված անցագրերի ստացմանը: Այս իրավիճակը Հարավային Օսիայի համար բավականին վտանգավոր է, քանի որ շրջանի բնակչության մեծամասնությունը կարող է ի վերջո մշտական բնակության համար Վրաստան տեղափոխվել:  Այս դեպքում վրացական իշխանությունները Հարավային Օսիայի դեմ հավելյալ խաղաքարտ կունենան` ստեղծված իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելով որպես նոր «էթնիկակակն զտումներ»:

 

Share

Comments are closed.