Բացասական նիշով իրադարձություններն ավելի շատ ներքաղաքական կյանքին են վերաբերում

Հարցազրույց`  փորձագետ-հակամարտաբան Զուրաբ ԲԵՆԴԻԱՆԻՇՎԻԼՈՒ հետ

– 2014 թ. Վրաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձություններից որո՞նք կգնահատեիք դրական, եւ որո՞նք` բացասական նիշով:

– Դրական իրադարձություններից ամենակարեւորը թերեւս այն է, որ պահպանվել են քաղաքական արեւմտամետ ուղեգիծն ու եվրոպական ընտանիքին Վրաստանի խորացող ինտեգրման միտումները: Այս տարի մենք վերջապես ստորագրել ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, կայացել են պետության ղեկավարի մի քանի շատ կարեւոր այցեր ԱՄՆ եւ Եվրամիության երկրներ` հանդիպումներ Բարաք Օբամայի, Ժոզե Բառոզուի հետ եւ այլն: Բազմաթիվ դրական այլ պահեր են հիշատակելի կառավարության արտաքին քաղաքական ուղեգծում:

Մենք դեռեւս պետք է կատարենք ամենաբարդ եւ պատասխանատու քայլերը. հասարակությունը, տնտեսությունը եւ քաղաքական համակարգը պետք է համապատասխանեցնենք ԵՄ-ի որդեգրած չափանիշներին: Շատ կարեւոր գործոն է երկրի անվտանգությունը, որը միայն Վրաստանից չէ, որ կախված է: Այս ուղղությամբ եւս առանցքային է միջազգային հանրության աջակցությունը:

Ի հեճուկս ընդդիմության պնդումների` երկրի քաղաքական ուղեգծի փոփոխության վտանգ դեռեւս չեմ տեսնում: Հիշենք, որ մեղադրանքները հնչել են ոչ միայն Ազգային շարժման, այլեւ պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի կողմից, որն Արեւմուտքում բարձր ընդունելություն եւ Վրաստանում բնակչության ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչ է: Արեւմուտքը շատ ցավալիորեն է վերաբերվել Իրակլի Ալասանիայի, Բիձինա Իվանիշվիլու եւ Իրակլի Ղարիբաշվիլու միջեւ պատահած միջադեպին: Հակամարտությունը զարգանում էր անձնական հարթությունում, թեեւ Ալասանիան խոսում էր երկրի արտաքին-քաղաքական ուղեգծի փոփոխության վտանգների մասին: Մեր արեւմտյան գործընկերներն, այնուամենայնիվ, հայտարարել են, որ Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը չի փոխվում, թեպետեւ նրանք որոշակի հարցեր ունեն: Ողջ 2014թ.-ի ընթացքում պարբերաբար խորհուրդներ են հնչել, որ ուժային գերատեսչություններն ու կառավարությունը հրաժարվեն քաղաքական հալածանքներից, իսկ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը թափանցիկ մնան: Ցավոք, այդ մտավախությունները դեռ ամբողջովին չեն փարատվել…

Կառավարությունը կարողացել է հաղթահարել մանր ճգնաժամերը, նրան հաջողվում է իր աշխատանքն ավելի կայուն կերպով շարունակել:

Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Վրաստանի հարաբերությունները չի կարելի միանշանակ դրական կամ բացասական որակել: Նոր կառավարությունը Ռուսաստանի նկատմամբ զգուշավոր քաղաքականություն է վարում` առանց բեկումնային ձեռքբերումներ ունենալու: Ռուսաստանը շարունակում է Վրաստանի եւ հետխորհրդային այլ երկրների նկատմամբ նախահարձակ քաղաքականություն վարել:

Վրաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները նույնպես երկակի տպավորություն են թողնում: Ուկրաինան շարունակում է մնալ Վրաստանի տնտեսական եւ քաղաքական գործընկերը, բայց Վրաստանի կառավարության եւ իշխող քաղաքական շրջանակների կողմից չեն հնչել Ուկրաինայի շահերը պաշտպանող հստակ քաղաքական հայտարարություններ:

Ուկրաինական հարցով ընդդիմության կողմից կառավարության քննադատությունից հետո իշխանություններն այդ ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկել: Օրինակ, նրանք հայտարարել են վիրավոր ուկրաինացի զինվորականներին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ նրանց` ընտանիքի անդամների հետ միասին, Վրաստան հանգստի հրավիրելու պատրաստակամության մասին: Դժբախտաբար, հայտարարություններից այն կողմ ոչինչ չի արվել: Կարելի է ասել, որ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքական դաշինքը, ցավոք, չի կայացել: Ըստ ամենայնի` Ուկրաինայի կառավարությունն ավելի մեծ վստահություն է տածում Սաակաշվիլու կառավարությանն ու նրա իրականացրած բարեփոխումներին. պատահական չէ, որ Սաակաշվիլու կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ Ուկրաինայի կառավարությունում բարձր պաշտոնների են նշանակվել: Այս ամենը կարելի է գնահատել որպես Վրաստանի իշխանությունների ձախողում վրաց-ուկրաինական հարաբերությունների ոլորտում, որն այս կամ այն կերպ բացասաբար կանդրադառնա երկու երկրների միջեւ առկա հարաբերություններին:

Բացասական նիշով հարաբերություններն ավելի շատ առնչվում են երկրի ներքաղաքական կյանքին: Նախ եւ առաջ` նկատի ունենք նախագահի եւ կառավարության հաստատությունների միջեւ փոխհարաբերությունները, որոնք միայն տարեվերջին որոշակիորեն կարգավորվեցին: Կարելի է հիշատակել նաեւ տնտեսական լճացումը. չեն իրականացվում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր, որոնց հասարակությունը վարժվել է նախորդ ժամանակաշրջանում:  Այս ամենը տարեվերջին հանգեցրել է ազգային տարադրամի` լարիի փոխարժեքի նվազմանը: Տնտեսական աշխուժության նվազումը կադրային փոփոխությունների պատճառ է դարձել կառավարության տնտեսական հատվածում: Չի իրականացվում նախապես խոստացված փոքր ձեռներեցության աջակցությունը. այդ ուղղությամբ նախատեսված ծրագրերը դեռ վատ են գործում: Սակայն, ընդհանուր առմամբ, տարին որոշակիորեն հանգիստ էր` առանց զգալի ցնցումների: Միաժամանակ, ես զերծ կմնամ արտաքին եւ ներքին քաղաքական կանխատեսումներից, հատկապես` ուկրաինական իրադարձությունների համապատկերում:

– ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Մոսկվայի եւ Սուխումիի միջեւ դաշնակցային պայմանագիրն Ուկրաինայում Ռուսաստանի սկսած «հիբրիդ պատերազմի» շարունակությունն է: Արդյո՞ք կարելի է ասել, որ այս պայմանագրով Մոսկվան Վրաստանի հետ հարաբերություններում որոշակի վերջակետ է դրել: 

– Միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի արձագանքել 2014թ. ռուս-վրացական պատերազմին եւ շարունակել է համագործակցել Ռուսաստանի հետ: Անգամ Ղրիմի բռնակցումից հետո արեւմտյան աշխարհը լիովին չի զարթնել: Միայն Ուկրաինայի արեւելքում մեկնարկած գործընթացները, երբ Ռուսաստանն այդ երկրի դեմ բացահայտ ռազմական ներխուժում սկսեց, Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին հարկադրեցին Ռուսաստանի նկատմամբ ճնշումներ եւ պատժամիջոցներ գործադրել: 2014թ. Ռուսաստանն իր իսկական դեմքն է ցուցադրել եւ ողջ աշխարհին մարտահրավեր նետել` հայտարարելով այսպես կոչված նոր աշխարհաքաղաքական բեւեռ ստեղծելու մտադրության մասին:

Մոսկվայի եւ Սուխումիի միջեւ պայմանագիրը ստորագրվել է G20 հանդիպումից մի քանի օր անց, հանդիպում, որի ժամանակ միջազգային առաջնորդները Պուտինին բացահայտորեն ցույց տվեցին նրա ավելորդ լինելն այնտեղ: Նրանց ի պատասխան` Պուտինը Սոչիում Սուխումիի հետ փաստաթուղթ է ստորագրում, որն ինքնին «անհամաչափ» արձագանք է Ավստրալիայում իր կրած նվաստացմանը: Պուտինի այս քայլն Արեւմուտքին հասցեագրված հերթական մարտահրավերն էր: Նա կամեցել է հասկացնել, որ որչափ շատ է լինելու Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը, այնչափ ուժեղ է լինելու Ռուսաստանի հակադարձ ճնշումն իր թույլ պաշտպանված այնպիսի հարեւանների վրա, ինչպիսին են Վրաստանն ու Ուկրաինան: Կարծում եմ, որ եթե Արեւմուտքի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ էլ ավելի չմեծանա, ապա նրա հաջորդ թիրախներն են դառնալու Մոլդովան, Ղազախստանը եւ այլ երկրներ: Պուտինին նահանջի ճանապարհներ չեն մնացել, եւ եթե նա կանգ առնի հիմա, ապա կկորցնի իշխանությունը: Մենք բոլորս շատ վտանգավոր քառուղիում ենք գտնվում, եւ ամեն ինչ կախված է հետխորհրդային տարածքում Արեւմուտքի հստակ գործողություններից, ինչպես նաեւ Ուկրաինայի, Վրաստանի եւ ռուսական հավակնությունների զոհ դառնալու հեռանկար ունեցող այլ պետությունների համատեղ քայլերից: Ռուսաստանը շարունակում է Եվրասիական Միության տեսքով ԽՍՀՄ-ը վերականգնելու քաղաքականությունը` ձգտելով մեծացնել իր ազդեցությունը ռազմական մեթոդների կիրառմամբ:

– Այս տարի Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման, իսկ Հայաստանը` Եվրասիական միության մեջ մտնելու համաձայնագիր: Արդյո՞ք 2014 թվականը Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ նախկին ձեւաչափով գործընկերության եւ համագործակցության վերջին տարին է լինելու: 

– Ես դա ամբողջովին բացառում եմ: Կարծում եմ, որ Հայաստանին Եվրասիական միություն բռնությամբ են ներքաշել: Ռուսաստանի կողմից շատ մեծ շանտաժ է գործադրվել Հայաստանի` ԵՏՄ մտնելու պայմանագրի ստորագրումն արագացնելու համար: Ռուսաստանը հենց դրանով է պատասխանել Վրաստանի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրությանը:  Մյուս զուգահեռը կարելի է անցկացնել Կոսովոյի ճանաչման եւ Ռուսաստանի կողմից որպես հակաքայլ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման միջեւ: ԵՏՄ-ն Հայաստանին ոչինչ չի տալու եւ ոչնչով չի սպառնում մեր տնտեսական հարաբերություններին, քանի որ մեր երկու երկրներն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, եւ մեր փոխհարաբերությունները կանոնակարգվում են այս միջազգային կազմակերպության կանոններով: Հայաստանի քաղաքական ուղեգիծն այսօր այդքան միանշանակ Ռուսաստանին ուղղված չէ: Երեւանը շարունակում է Արեւմուտքին եւս հայացք նետել, թեեւ, մի շարք օբեկտիվ եւ սուբեկտիվ պատճառներով Հայաստանը դեռեւս մնում է ստեղծված քաղաքական իրադրության պատանդն ու տակավին ի վիճակի չէ փոխել այն: Երեւի թե դա պետք է անի հասարակությունն` իր իսկ երկրի ներսում:

Իհարկե, այս ամենի մեջ մեծ դեր ունի ղարաբաղյան հիմնահարցը, որի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է գեթ փոքր քայլ կատարել: Հարկ է նշել, որ Ադրբեջանում եւս իրավիճակը փոփոխության դրական միտումներ չի արձանագրում. ամեն ամիս այս երկիրը դառնում է ավելի ու ավելի ներփակ` այնտեղ հետզհետե ավելի հաճախ են հնչում ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը: Սա շատ է մտահոգում, քանի որ Հարավային Կովկասում հակամարտության թեժացմամբ շահագրգռված է միայն մեկ երկիր` Ռուսաստանը: Նա կարող է սադրել պատերազմ, որը ոչ ոքի, այդ թվում եւ Վրաստանին, ոչ մի լավ բան չի տալու: Այս դեպքում վառոդի տակառի վրա ապրող մեր տարածաշրջանը տարիներով հետ կշպրտվի:

– Ինչպե՞ս եք գնահատում Բիձինա Իվանիշվիլու գործոնը: Նա իսկապե՞ս երկրի «գորշ կարդինալն» է: Նախագահը, պաշտպանության նախկին նախարարը եւ այլ քաղաքական գործիչներ բազմիցս հայտարարել են, որ Իվանիշվիլին շարունակում է կառավարել երկիրը վարագույրի հետեւից: Որքա՞ն երկար է տեւելու նրա ստվերային ազդեցությունը: 

– Ես Իվանիշվիլուն ստվերային կարդինալ չէի անվանի: Նա իշխանության է եկել մի շարք խոստումներով եւ հենց այդ ժամանակ հայտարարել է, որ կլքի պաշտոնը որոշ ժամանակ անց: Միաժամանակ, Իվանիշվիլին նշել է, որ, հեռանալով պաշտոնից` նա պատասխանատվությունից չի փախչում եւ շարունակելու է հետեւել երկրում ծավալվող գործընթացներին: Իմ կարծիքով, Իվանիշվիլին չունի ազդեցություն գործադրելու քաղաքական լծակներ, թեեւ նա մեծ հեղինակություն է վայելում ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների շրջանում, որից էլ օգտվում է ճգնաժամային իրավիճակներում: Նրանք իր իսկ ստեղծած իշխանություններն են` իր իսկ ձեւավորած կառավարությունը: Սա լավագույնս արտացոլվել է Իրակլի Ալասանիայի եւ վարչապետի միջեւ ծագած առճակատման ժամանակ, երբ Իվանիշվիլին հարկադրվել է բացահայտ կերպով վերադառնալ քաղաքական ասպարեզ եւ միջամտել վիճաբանությանը: Կարելի է ասել, որ նա իր մոտ է պահում այդ պատասխանատվությունը եւ փորձում է վերահսկել իրավիճակը, որպեսզի այն հունից դուրս չգա: Որքանո՞վ է դա լավ կամ վատ` ցույց կտա ժամանակը:

Զրուցել է Իրակլի ՉԻԽԼԱՁԵՆ

 

Share

Comments are closed.