Ադրբեջանը 2014 թվականին

Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների միության տնօրեն
Բաքու

Արաբական աշխարհում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո նախկին խորհրդային հանրապետություններում եւ հատկապես Հարավային Կովկասում կայունություն պահպանելու հնարավորությունը չէր կարող կասկածներ չհարուցել: 2014թ. Ուկրաինայում մայդանական շարժման ընդարձակումը, որը ներքաշեց երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ, նպաստեց բոլոր հարեւան երկրներում ներքին քաղաքականության վերանայմանը:

Ադրբեջանական հասարակությունն ուշի ուշով հետեւում էր մայդանական իրադարձություններին: Ադրբեջանական իշխանություններն ապահովագրվելու համար նախըտրում էին ուշադրություն դարձնել ուկրաինական ղեկավարության սխալներին, իսկ քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ամեն օր հետեւում էին արագորեն զարգացող իրադարձություններին: Ընդդիմությունը, անտեսելով երկրի ներսում քաղաքական գործընթացների դանդաղ ընթացքը, ուկրաինական մայդանում տեղի ունեցող իրադարձություններին ավելի օպերատիվ էր հետեւում` պարբերաբար այցելելով երկիրը: Այդ այցելությունները չէին կարող չանհանգստացնել իշխանություններին. հետագա ամիսներին մենք համոզվեցինք, որ իշխանություններն իրենց ունեցած անհանգստությունից անհրաժեշտ եզրակացություններ քաղել են:

2014թ. Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո որոշ աղբյուրներ սկսել են բացահայտ գրել այն մասին, որ հաջորդ թիրախի դերում են հայտնվելու բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, մասնավորապես` Հարավային Կովկասի երկրները: Ակնհայտ էր, որ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը կաշխուժացնի  Մաքսային միության հիմնադրմանը միտված ջանքերը եւ Ադրբեջանի ուղղությամբ աշխատանք կծավալի` երկիրը հիշյալ միության մեջ ներառելու նպատակով:

Ի տարբերություն մյուս հարավկովկասյան երկրների` Ադրբեջանում ռուսական սփյուռքն ամենախոշորն է: Սակայն դա չի վկայում երկրում ռուսամետ քաղաքական ուժերի եւ ռուսամետ քաղաքականության գոյության մասին: Հայտնի է, որ մեր երկրում Ռուսաստանը լուրջ քաղաքական հենք չունի, ի հեճուկս այն հանգամանքի, որ 2013թ. նախագահական ընտրություններում չգրանցված Ռուստամ Իբրահիմբեկովը վայելում էր «միլիարդատերերի միության»` Ռուսաստանի ադրբեջանցիների ստեղծած կոնգրեսի աջակցությունը: Այսպիսով` Ադրբեջանում գոյություն չունեն իրադարձությունների զարգացման վրա լուրջ ազդեցություն ունեցող քաղաքական ուժեր:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը նույնպես սկսել էր անհանգստանալ, որ ուկրաինական եվրամայդանական շարժումը կարող է ապագայում ներթափանցել նաեւ իր տարածք: Իրականում, այս տարին Ադրբեջանի համար փորձությունների տարի էր: Նախ` Ուկրաինան ԳՈՒԱՄ-ի անդամ է, եւ Ադրբեջանը, բնականաբար, չէր կարող համաձայնություն հայտնել ուրիշ պետության կողմից միեւնույն դաշինքի անդամ այլ պետության տարածքի մի մասի բռնակցմանը: Այդ իսկ պատճառով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ուկրաինական հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանը զորակցեց Ուկրաինային տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում եւ աջակցություն ցուցաբերեց` ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար: Միաժամանակ, Ադրբեջանը դեմ քվեարկեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձեւին: Իհարկե, դա ճիշտ որոշում էր, որն ապահովագրեց երկիրն այն դեպքից, երբ հարկադրաբար պետք է որեւէ ընտրություն կատարել:

Ուկրաինայում իշխանության բռնի տապալումից հետո միջազգային եւ հատկապես ամերիկյան դրամաշնորհատուների գործունեության եւ նրանց հետ սերտորեն համագործակցող ՀԿ-ների նախագծերի նկատմամբ մտցված սահմանափակումներն Ադրբեջանում անցած տարվա տեղի ունեցած թերեւս ամենահիշատակելի իրադարձությունն էին: Ապրիլ ամսից Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը ծանուցման բացակայության պատրվակով դադարեցրել էր ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված բոլոր ֆինանսական գործողությունները: Հղում կատարելով նոր կանոնների ընդունմանը` Ադրբեջանի կառավարությունը մինչ օրս չի թույլատրում այդ ծրագրերի իրականացումը: Միջազգային դոնորների հետ աշխատող բոլոր կազմակերպությունների բանկային հաշիվները սառեցված են եւ հայտնի չէ, թե որքան ժամանակով:

Բացի դրանից, ապրիլ ամսվանից ՀԿ-ների ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների մեկնարկած ձերբակալությունները վախի մթնոլորտ են սերմանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում: Անկախ կազմակերպությունների մեծամասնությունը, լքելով երկիրը, սահմանափակել է իր գործունեությունը, իսկ դատախազությունը նրանց բանկային հաշիվների վրա կալանք է դրել:

Ադրբեջանի կառավարությունը, հաստատելով, որ ադրբեջանական ՀԿ-ների ծրագրերը ֆինանսավորվելու են պետության կողմից, հայտարարել է միջազգային դոնորներից նրանց ամբողջական կախվածությունը նվազեցնելու իր մտադրության մասին: Էլեկտրոնային գրանցման համակարգ ստեղծելու հանձնարարությունը եւ մի շարք նախարարությունների կողմից ՀԿ-ների նախագծերի ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող դրամական միջոցների ավելացումը կարող են մեկնաբանվել որպես պետության կողմից դրսեւորած փոխզիջում: Միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող նախագծերի գրանցման եւ հետագա գործունեության կարգի վերաբերյալ պահպանվող անորոշությունը յուրաքանչյուրին ՀԿ-ի ամենաշատը հետաքրքրող հարցն է:

Հաշվի առնելով այն, որ այս տարին վերջինն էր Արեւելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար, ակնհայտ էր, որ Ադրբեջանը տվյալ համաձայնագիրը չէր ստորագրի: Զգուշանալով Ռուսաստանի հակազդեցությունից` երկրի ղեկավարությունը որոշեց եվրաինտեգրման հարցում չշտապել` փորձելով որոշակի ժամանակ շահել: Այդ ուղղությամբ ստորագրվել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ մի պայմանագիր: Զուգահեռաբար` Ադրբեջանն առաջ է քաշել «Արդիականացման ծրագիրը», որն, ըստ էության, Ասոցացման համաձայնագրի այլընտրանքն էր: Բնականաբար, Եվրոպական Միությունը չի հրաժարվել առաջարկված նոր ծրագրից, եւ այժմ դրա պայմանների շուրջ քննարկումներ եւ բանակցություններ են ընթանում:

Ի տարբերություն Արեւելյան գործընկերության մյուս երկրների` Ադրբեջանը մինչ օրս Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, հետեւաբար` Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կիրառելիությունը մեծ խոչընդոտների կբախվեր: Ի հեճուկս այն հանգամանքի, որ մեր երկիրը էներգետիկ անվտանգության ոլորտում Եվրոպական Միության հետ երկկողմ պայմանագիր է կնքել, Եվրոպայի պաշտոնական դեմքերը շարունակում են քննադատել Ադրբեջանին մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումների պակասության համար, մինչդեռ այս քննադատությունը խոչընդոտում է Եվրամիության հետ փոխըմբռնման հաստատմանը եւ դանդաղեցնում ինտեգրման գործընթացները:

Այս տարի լրացավ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի կնքման 20-ամյակը: Բնական է, որ նախապես չի ծրագրվել  որեւէ պաշտոնական միջոցառում կամ հիշատակի արարողություն: Հրադադարի նկատմամբ հակամարտության կողմերի վերաբերմունքը  տարբեր է, քանի որ դրա արդյունքները  միանշանակ չեն ընկալվում:  Ադրբեջանական կողմը, նշելով, որ հրադադարը խաղաղության չի հանգեցրել, իր համար անընդունելի է համարում ստատուս-քվոյի պահպանումը եւ շահագրգռված է հասնել կարգավորման ավելի դինամիկ գործընթացի:

Այս տարի մենք ականատես եղանք, թե ինչպես հակամարտության գոտում իրավիճակը լարվեց ու անկայունացավ: Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Ֆիզուլու շրջանի տարածքով անցնող ճակատային գծում մայիսի 27-28-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվեցին երկու ադրբեջանցի զինվորներ` Ֆիքրեթ Մամեդովը եւ Խուդավերդի Աբիլովը, իսկ ղարաբաղյան կողմից` Էրիկ Գասպարյանը:

Հուլիս ամսին հայ-ադրբեջանական սահմանում երկու երկրների զինված ուժերում բազմաթիվ զոհերի հանգեցրած հնգօրյա փոխհրաձգությունից հետո Հարավային Կովկասում կայունության պահպանման համար կողմերի գործադրած բազմամյա ջանքերն ի չիք դարձան: 18 հոգու մահվան պատճառ դարձած դիմակայությունը սահմանափակեց պետությունների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակով մինչ այդ իրականացված խաղաղարար գործընթացների հնարավորությունները:

Հուլիսյան եւ օգոստոսյան դեպքերը դարձան Ադրբեջանում եւ Հայաստանում սահմանամերձ շրջանների եւ դրանց խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոտեցումների հանգեցրին:  Դիմակայության ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանը, Հայաստանը եւ ընդհարումները կանգնեցրած Ռուսաստանը ձգտում էին տեղի ունեցած իրադարձությունները ծառայեցնել սեփական նպատակների իրականացմանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ օգոստոսի 10-ին Սոչիում կայացավ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ կողմերը համաձայնվեցին դադարեցնել բռնությունը եւ սկսել նախապատրաստվել փարիզյան հանդիպմանը: Տարօրինակ է, որ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջեւ վերջերս առաջացած լուրջ խնդիրների, նրանց դեռեւս հաջողվում է ԼՂ հարցում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ:  Այս տեսանկյունից սեպտեմբերի 4-ին Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ կայացած նախագահների հանդիպումն ամրապնդեց հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հույսը` ճակատային գծում 18 զինվորի մահվան հանգեցրած բախումների ավարտից հետո:

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը նշել էր, որ «Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում անվտանգության իրավիճակի վատթարացումը եւ վերջին սրացումները եւս մեկ անգամ ցույց են տվել, որ աշխարհը չի կարող ընդունել այն, որ հակամարտությունն ավելի քան 20 տարի գտնվում է «սառեցված» վիճակում: Բոլոր կողմերը պետք է զերծ մնան բռնությունների ակտերից եւ սադրանքներից, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ եւ անմիջապես պարտավորվեն վերահաստատել իրենց հավատարմությունը հակամարտության դիվանագիտական կարգավորմանը»:

Հոկտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ հանդիպումը շատերի կողմից գնահատվեց որպես որեւէ լուրջ տեղաշարժ առաջացնելուն անընդունակ միջոցառում: Այդ հանդիպման առաքելությունն էր հակամարտության կողմերին հիշեցնելը նրանց իսկ դերակատարության կարեւորության մասին: Կողմերին առաջարկվել է ոչ միայն շարունակել ջանքեր ներդնել հակամարտության խաղաղ կարգավորման եւ «խաղաղության մեծ պայմանագրի» նախապատրաստման ուղղությամբ, այլեւ աշխատանք տանել մարդասիրական մի շարք կարեւոր խնդիրների, մասնավորապես`  անհայտ կորած անձանց որոնման հարցը լուծելու համար:

Քաղաքական լարվածության համապատկերում Ադրբեջանը հետ չի կանգնել միջազգային ինտեգրմանը միտված նախագծերի իրականացումից: Մասնավորապես, ի հեճուկս ներքին եւ արտաքին քննադատության, շարունակվում է գալիք տարվա հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին նախապատրաստվելու գործընթացը եւ միջոցներ են ձեռնարկվում Բաքվում շուրջ 600 մարզիկներ (այդ թվում եւ Հայաստանից) ընդունելու ուղղությամբ: Եվրոպական խաղերն ինքնագովազդի իրականացումից զատ, ընկալվում են նաեւ որպես Եվրոպային ինտեգրվելու շահագրգռվածություն ցուցադրելու հնարավորություն: Եվրոպական երկրներում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է. Ադրբեջանի էներգետիկ պաշարներից օգտվող երկրներն ավելի շատ են շահագրգռված մեր երկրի հետ համագործակցության ընդլայնմամբ:  Մասնավորապես,  այս տարի Թուրքիայի հետ ստորագրված Հարավային գազատար միջանցքի մասին նախագիծն ընդարձակում է հետագա համագործակցության հնարավորությունները եւ մեծ նշանակություն ունի ռուսական գազից եվրոպական սպառողների կախվածությունը նվազեցնելու համար:

2014 թվականը նաեւ Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տարի էր: Թեեւ այս տարվա ընթացքում համայնքային կառավարման հաստատությունների իրավասությունների ոլորտում լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվել, ՏԻՄ ընտրություններից մարդկանց սպասումներն այս տարի ավելի հստակ էին: Այս տարվա կեսին նախագահն, ի վերջո, հանձնարարեց հստակեցնել մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը երաշխավորող օրենսդրությունը: Մարդիկ հույս են ստացել հասնել համայնքապետարանների կողմից բաշխված հողերի պատշաճ փաստաթղթավորման: Այս գործընթացը նպաստել է ՏԻՄ մարմինների իրավասությունների հանդեպ մարդկանց հետաքրքրության աճին: Սակայն այս տարեվերջին կայանալիք ՏԻՄ ընտրություններից որեւէ էական փոփոխություն ակնկալել պետք չէ:

Բնականաբար, Ադրբեջանի շուրջ ծավալվող գործընթացների կողքին առաջին հերթին նկատվում է մարդկանց նյութական բարեկեցության բարձրացման հանդեպ ուշադրության աճը: Փաստորեն, 2014թ. մենք ականատեսը եղանք երկրում ենթակառուցվածքների արդիականացման, արտադրության նոր ոլորտների ստեղծման եւ սոցիալական բարեկեցության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացման:

Share

Comments are closed.