Բասկյան «ապաքինումը» ղարաբաղյան կարգավորման հետ համեմատական վերլուծության լույսի ներքո

Գեղամ Բաղդասարյան

Մասնակցությունը՝  որպես անկյունաքար

Ազգամիջյան հակամարտությունների ծագման  պատմությունը, ինչպես նաեւ դրանց կարգավորման փորձը ցույց են տալիս, որ հակամարտության կողմերը, որպես կանոն, հստակ ձեւակերպում են իրենց իրավունքներն ու հավակնությունները՝ կարեւորություն չտալով մյուս կողմի դիրքորոշումներին: Ստեղծված իրավիճակից ելքը, իմա՝ հակամարտության լուծումը, յուրաքանչյուր կողմ տեսնում է հենց իր իրավունքների ու պահանջների լույսի ներքո: Իրավունքների ու պահանջների այս համակարգում տեղ չկա մյուս կողմի իրավունքների ու հավակնությունների համար: Ինչպես հակամարտությունների փորձագետ Կլեմ Մաքքարտնին է կարծում՝ «Հակամարտության իրենց վարկածը եւ դիմակայության պատմությունը նրանք «կառուցում են»  այնպես, որ դրանք արտացոլեն այն, թե ինչպես են իրենք նախընտրում տեսնել հակամարտությունը եւ արդարացնեն իրենց այսօրվա գործողություններն ու հակամարտության լուծման իրենց առաջարկները:

Մեծամասամբ նման վարկած-պատմություններն ընդհանուր առմամբ չեն ժխտում փաստերը, սակայն նույն այդ փաստերում նրանց ներդրած իմաստը կարող է տարբեր լինել[2]»:

Իրավունքների ու հավակնությունների յուրաքանչյուր համակարգում ոչ միայն տեղ չի գտնվում մյուս կողմի իրավունքների ու իղձերի համար, այլեւ հազվադեպ է լինում, որ հակամարտության կողմերից մեկն իրավիճակից ելք գտնելու իր տեսլականը ներկայացնի մյուս կողմին: Սովորաբար նման տեսլականները, կարգավորման ուղիները ներկայացվում են միջնորդներին ու միջազգային շահագրգիռ կառույցներին: Տարբերությունը դժվար չէ հասկանալ. հակամարտող մյուս կողմին հիմնախնդրի լուծման տեսլականը ներկայացնելիս հնարավոր չէ նկատի չունենալ նրա շահերը: Հաղորդակցման այս եղանակը ենթադրում է անաչառության որոշակի աստիճան եւ ընդհանուր տեքստերի որոնում:

Այս առումով բասկյան հակամարտությունը շահեկանորեն տարբերվում է մյուս հակամարտություններից, համենայնդեպս՝ վերջին ժամանակներս: 2013 թվականի հունիսի 11-ին բասկյան կառավարությունն առաջարկել է «Խաղաղ գոյակցության պլան 2013-16 թվականների համար»: Սա պարզապես ձեւականորեն ինչ-որ բան արած լինելու կամ ցուցադրելու միտված փաստաթուղթ չէ, որի միջոցով հակամարտության կողմերից մեկի իշխանությունը փորձում է ավելի բարենպաստ կերպար ունենալ միջազգային հանրության աչքերում:

Ի տարբերություն, օրինակ, ղարաբաղյան կարգավորման, որն առավելս փակ բանակցային գործընթացներից մեկն է, բասկյան կարգավորման մեջ առանձնակի դեր ունեն հակամարտող կողմերի հանրությունները («Խնդիրը բանակցային գործընթացի կառուցվածքում է: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չափազանց մասնավոր ու գաղտնապահ ձեւաչափ են հաղորդել դրան, որն իրենց ազատում է տանը քաղաքական հաշվետվողականությունից: Հիմնականում հենց իրենք են բանակցում. իրենք են որոշում,  թե ինչ ասել հանրությանը, տեմպն են սահմանում եւ ոչ մի կերպ պատասխանատու չեն միջնորդների ջանքերի ձախողման համար»[3]): Ու պատահական չէ, որ բասկյան կառավարությունը ցանկացել է այդ պլանն արմատավորել հանրային ու քաղաքական մասնակցության գործընթացում: Հենց մասնակցությունն է հանդիսանում խաղաղ գոյակցության պլանի էական մասն ու անկյունաքարը:

Բասկյան իշխանությունների այս սկզբունքային դիրքորոշումն ի հայտ է եկել նախքան Խաղաղության պլանը: Ահա թե ինչ է 2009 թվականին հայ լրագրողներին ասել Բասկերի Երկրի նախագահի խորհրդական Գորկա Էսպայաու Իդայոագան. «Երկրի նախագահը որոշեց իր ձեռքը վերցնել իրավիճակի փոփոխման լծակները: Նա պատրաստեց հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ՝ առաջարկելով մեծացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը եւ, այդպիսով, հիմնախնդրի կարգավորումը բաշխելով քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական միավորումների միջեւ»[4]:

Ղարաբաղյան կարգավորման մեջ ընդունված է կարծել, որ ղեկավարությունները պատրաստ են փոխզիջման, իսկ հանրությունները՝ ոչ: Նման դատողությունը չափազանց միակողմանի է, քանի որ հանրությունների անպատրաստությունը հենց իշխանությունների գործունեության արդյունք է: Բայց մեզ հետաքրքրում է այս խնդրի մեկ այլ հայեցակետ: ԼՂՀ-ում, Հայաստանում եւ Ադրբեջանում հանրությունները տեղեկացված չեն բանակցային գործընթացի մասին, ուստի եւ, ըստ էության, չեն կարող պատրաստ լինել փոխզիջման: Ժամանակին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում միայն վեց մարդ է տեղյակ ղարաբաղյան կարգավորման նրբություններին (երեւի նույնքան, իսկ գուցե եւ ավելի քիչ մարդ է տեղյակ Ադրբեջանում): Այս պայմաններում մեծ վերապահումով կարելի է խոսել հանրությունների մասնակցության մասին:

Բասկերի Երկրում, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրել են այլ հակամարտությունների կարգավորման փորձը եւ եկել այն եզրահանգման, որ հակամարտող կողմերի քաղաքական ղեկավարությունների կողմից ձեռքբերված ցանկացած համաձայնություն իրենից ոչինչ չի ներկայացնում առանց հանրային համաձայնության: Խաղաղության պլանում շեշտադրում անելով հանրային մասնակցության վրա՝ բասկյան կառավարությունը փորձում է հասնել այն բանին, որպեսզի այս փաստաթղթի ժամկետի ավարտին այսօր իրարից տարբերվող հայացքներն առավելագույնս մերձենան կամ համընկնեն: Սա չափազանց բարդ խնդիր է՝ նկատի ունենալով բասկյան իրողությունները:

Իր «Բասկյան հակամարտությունը» գրքում («ՄԳԻՄՈ-ի գիտական դպրոց» շարքից) Սերգեյ Խենկինը խոսում է համայնական ժողովրդավարության մասին. «Նման հանրություններում կայուն ժողովրդավարությունը եւ հուսալի կառավարելիությունը ձեռք են բերվում համայնական ժողովրդավարության ձեւավորման ճանապարհով, որը ներառում է մեծ կոալիցիայի սկզբունքները, փոխադարձ վետոն, համամասնությունը՝ որպես քաղաքական ներկայացուցչության գլխավոր չափորոշիչ եւ յուրաքանչյուր հատվածի բարձր աստիճանի ինքնավարությունը: Իսպանական այս տարածաշրջանում համայնական ժողովրդավարության հաստատման ճանապարհի խոչընդոտն առաջին հերթին քաղաքական էլիտաների (գլխավորապես՝ ազգայնական) հավակնոտ, մրցակցային, տարաձայնությունների հարթման չձգտող վարքագիծն է: Իր դերն է խաղում նաեւ տարածաշրջանի համար պայքարող եւ ոչ մի «կոալիցիոն բանաձեւ» չընդունող նախահարձակ արմատական-ազգայնական փոքրամասնության առկայությունը: Իր դերակատարումն ունի նաեւ բասկյան քաղաքականությունում համայնական ժողովրդավարության արմատացած պատմական ավանդույթների բացակայությունը»[5]:

Հանուն կանխատեսելի անցյալի

Խորհրդային տարիներին հայտնի կատակ կար այն մասին, որ խորհրդային ժողովուրդը ոչ միայն անկանխատեսելի ապագա ունի, այլեւ՝ անկանխատեսելի անցյալ (ակնարկվում էին պատմության նորանոր մեկնաբանություններն ու խեղաթյուրումները): Ազգամիջյան հակամարտություններում անցյալի վերագնահատումը հաճախ հանգեցնում է պատմության վերանայման:

Հակամարտությունների կարգավորման ժամանակ չափազանց կարեւոր են անցյալի վրա հայացք ձգելու համատեղ ու անաչառ փորձերը, քանի որ հենց այնտեղ՝ անցյալում են գտնվում ոչ միայն դիմակայության ակունքները, այլեւ դրանցից դուրս գալու բանալիները: Էլ ավելի կարեւոր է անցյալի քննադատական գնահատումը եւ դրա վերաբերյալ նոր տեքստի արմատավորումը: «Խաղաղության եւ համակեցության պլանի» առաջնային ռազմավարական նպատակներից մեկն էլ հենց կայանում է նրանում, որպեսզի ներդրում արվի անցյալի մասին քննադատական տեքստում: Ու դեպի նման տեքստ տանող ճանապարհին առաջին քայլն այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք թույլ են տալիս արտացոլել տարաբնույթ կարծիքներ: «Խաղաղության պլանում» հաշվի են առնված անցյալի վերագնահատման բոլոր ռիսկերն ու վտանգները (մի խախտումը մյուսով արդարացնելու կամ հավասարակշռելու, ինչպես նաեւ որոշակի խախտումների առկայությունը նվազեցնելու կամ քողարկելու փորձերը՝ կանխելու համար դրանց օգտագործումը որպես փաստարկ այլ խախտումների արդարացման համար), ուստիեւ առաջարկվում է անցյալը դիտարկել ճշմարտության եւ պատասխանատվության տեսանկյունից: Հենց սա էլ բասկյան «էթիկական նվազագույնի» հենքն է:

Հաստատելով, որ ապագայի կառուցման գինը չի կարող լինել անցյալի մասին հիշողության բացակայությունը կամ էլ արդեն իսկ եղածի անտեսումը, «էթիկական նվազագույնը» կարող է սահմանվել հետեւյալ կերպ. «ձգտել ընդհանուր հիշողության ստեղծմանը՝ որպես զոհերի անարդար տառապանքների թեթեւացման, խաղաղության եւ ժողովրդավարական գոյակցության հաստատման միջոց: Այդ հիշողությունը պիտի ծառայի ապագայի իմաստավորման եւ ձեւավորման գործին՝ առանց անցյալի իրադարձություններին մեզ կապող խարիսխների» («Խաղաղության եւ համակեցության նախագիծ 2013-2016թթ. ժամանակատավածի համար»):

Նման մոտեցումն, ամեն ինչից զատ, օգնում է հասկանալու հակամարտության յուրաքանչյուր կողմի ցավը, վախերն ու ակնկալիքները: Ըստ «Խաղաղության եւ համակեցության պլանի»՝ գոյություն ունի մի հիմնական կանոն, որն օգնում է կառավարելու անցյալը: Այդ կանոնը երեք բաղկացուցիչ մաս ունի՝ օբյեկտիվ փաստեր, սուբյեկտիվ ընկալումներ եւ համատեղ գնահատական:

Բասկերի Երկրի նախագահ Խուան Խոսե Իբարեչեն, ելույթ ունենալով զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Ժողովրդավարությունը չի կարող ձեզ վերադարձնել այն, ինչ դուք կորցրել եք, բայց դուք կարող եք վստահ լինել, որ ձեր հարազատների մասին հիշողությունը կմնա մեր հոգիներում: Որովհետեւ մենք վստահ ենք, որ խաղաղ գոյակցությունը կարող է խարսխված լինել ճշմարտության եւ արդարության վրա»[6]:

Բասկերի վարչապետը նույն նպատակով ընդհանուր քաղաքականության մասին մտքերի փոխանակության ժամանակ իր խոսքում ուշադրություն դարձրեց հետեւյալ հայեցակետերին. «Խաղաղությունն ու գոյակցությունը պահանջում են բռնության անիրավաչափության ճանաչում, պատճառած վնասի եւ զոհերի արժանապատվության ճանաչում. բոլոր զոհերն էլ ունեն ճշմարտության, արդարադատության եւ փոխհատուցման իրավունք»:

Թերեւս, ղարաբաղյան կարգավորման մեջ նույնպես հարկ էր սկսել «անցյալի հետ հաշտեցումից» եւ «էթիկական նվազագույն» կազմելուց:

Միկրոհամաձայնություններ՝ «ամեն ինչ ու միանգամից» կարգախոսի փոխարեն 

Ռուս ժամանակակից երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին մի շատ հայտնի արտահայտություն ունի. «Ուզում ես ամեն ինչ ու միանգամից, բայց ստանում ես ոչինչ եւ աստիճանաբար»: Ցավոք, հակամարտության կողմերն անտեսում են այս իմաստնությունը: Մասնավորապես, ղարաբաղյան կարգավորման մեջ այսպիսի մարտավարություն ունի ադրբեջանական ղեկավարությունը:

Բասկյան կարգավորման կարեւոր գործիքներից է միկրոհամաձայնությունների մեթոդը: Միկրոհամաձայնությունների առաջարկը մի «աշխատանքային մեթոդ է, որը թույլ է տալիս «համաձայնություններիպատառիկներն» ի վերջո օգտագործել հիմնական, կայուն եւ ոչ հակասական փոխհամաձայնությանհամար»[7]: Այս մեթոդաբանությունը խարսխված է եռաչափ նպատակների վրա. միկրոհամաձայնություններ անցյալի ընդհանուր ընկալման, ընթացիկ իրավիճակի բնականոնացման եւ ապագա համաձայնեցված դիրքորոշման էթիկական ու ոչ քաղաքական սկզբունքների շուրջ:

Հակասություններն ու վստահությունը երկխոսության ժամանակ

Բասկյան կառավարությունը գտնում է, որ հստակ երկխոսությունը տարաձայնությունների հաղթահարման եւ կոնսենսուսի ձեռքբերման գործիք է: Գիտակցելով, որ բացարձակ համաձայնություն հնարավոր չէ եւ, որ բազմակարծության վրա հենված հանրությունում տարաձայնություններ են լինելու գրեթե բոլոր հարցերում, բասկյան կառավարությունը վստահ է, որ բազմակարծությունը նվազագույն փոխհամաձայնություն է պահանջում, որպեսզի որոշվի իրերի վիճակը եւ սահմանվեն խաղի կանոնները, ուստիեւ հակասության սկզբունքը պետք է փոխհատուցվի հիմնարար վստահության սկզբունքով: Անվստահությունից վստահության անցումը մի խնդիր է, որի լուծմանն է միտված «Խաղաղության եւ համակեցության պլանը»: Առավելագույն ձեռքբերումը կլինի համաձայնեցված դիրքորոշման որոնումների գործընթացին համատեղ մասնակցության նպատակով հիմնարար վստահության համար պայմանների ստեղծումը:

Հենց սրանով էլ բասկյան կարգավորումը տարբերվում է ղարաբաղյանից: Ղարաբաղյան կարգավորման մեջ միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այսպես կոչված մադրիդյան սկզբունքները քննարկում են հակամարտության կողմերի միջեւ տեղեկատվական պատերազմի եւ հաճախակի սահմանային փոխհրաձգությունների, իմա՝ հակամարտող կողմերի միջեւ նվազագույն վստահության բացակայության պայմաններում: Մինչդեռ նպատակահարմար կլիներ սկսել հանրային տրամադրություններում մթնոլորտի փոփոխումից եւ հակամարտող հանրությունների միջեւ վստահության կամուրջների կառուցումից:

«Մենք պետք է հաղթահարենք մեր իրականության անկապտելի մասը հանդիսացող անվստահությունը եւ հիմնային վստահության մթնոլորտ ստեղծենք առնվազը տվյալ երկրի բոլոր քաղաքական ավանդույթների շրջանում, որպեսզի բնականոն դարձնենք գոյակցության հանրային հայեցակետը: Անվստահությունը գերիշխում է քաղաքական սցենարի նկատմամբ եւ չեզոքացնում այն: Այն խարսխված է հստակ նույնականացված եւ շատ դեպքերում հավանաբար արդարացված վախերի վրա: Բացի այդ, այդ վախերն ընդհանուր չեն, քանի որ, բովանդակությունից կախված, դրանք ազդում են մարդկանց միայն այս կամ այն խմբի վրա: Հենց այդ պատճառով էլ մի մասի մտահոգություններն ու հուզմունքները կարող են անտեղի համարվել մյուսների կողմից կամ էլ չլսվել նրանց կողմից»,- ասվում է «Խաղաղության պլանում»[8]:

Իսկ ինչպե՞ս հաղթահարել անվստահությունը: «Կա այդ խնդրի լուծման միայն մի եղանակ՝ խոսել բաց ու հստակ: Մենք պետք է հստակ պատասխանենք այն հարցերին, որոնք վախ կամ անվստահություն են սադրում մեր քաղաքական ընդդիմախոսների մոտ»[9]:

Խաղաղության պլանում երկխոսությունից բացի ընդգծվում է նաեւ հանրակրթական պատասխանատվության ամրապնդման կարեւորությունը: «Գերնիկայի հիշողության թանգարանի հիմնադրամի» խաղաղության եւ մշակույթի բաժնի ղեկավար Ալեքս Կարասկոսան հաստատում է խաղաղարար նախաձեռնությունների բազմազանությունը: Բազմաթիվ ծրագրեր, որոնց օգնությամբ մշակույթի ու կրթության միջոցով տեղի է ունենում հանրային տրամադրությունների փոխակերպում, նպատակաուղղված են կոշտ դիմադրության չեզոքացմանը[10]:

«Ապաքինման» մեդիահարթակը

ԶԼՄ-ները, այդ թվում՝ նոր մեդիան, երկխոսային հարթակ են, որտեղ գործարկվում են նոր գործընթացներ՝ խաղաղության արժեքի ու հակամարտության ոչ բռնի փոխակերպման գաղափարների զարգացում, «ապաքինման» ուղղությամբ քայլեր: Հենց լրատվամիջոցներն էին կատալիզատորի դերում հանդես գալիս նաեւ հասարակական-քաղաքական մասնակցության գործընթացում: Անգնահատելի է ինչպես ավանդական լրատվամիջոցների, այնպես էլ նոր տեխնոլոգիաների ու սոցիալական ցանցերի դերը լայն հանրության համար քաղաքական բանավեճերի բացման եւ հանրության ներգրավման գործում: Պատահական չէ, որ «Խաղաղության պլանում» առանձնակի տեղ է հատկացվում բասկյան հեռուստատեսության («EiTB») եւ այլ ԶԼՄ-ների հետ համագործակցությանը՝ ի նպաստ հանրության իրազեկվածության մեծացման:

«Լոկարի» կազմակերպության տնօրեն Պաուլ Ռիոսը պատմում է խաղաղարար կազմակերպությունների ու լրատվամիջոցների փոխհարաբերությունների մասին. «Մեր երկրում շատ մեծ բազմակարծություն է: Որոշ ԶԼՄ-ներ պաշտպանում էին պաշտոնական Մադրիդի դիրքորոշումը: Մենք հասկացանք, թե որքան կարեւոր է ԶԼՄ-ների աջակցությունը: Ուստի եւ մեծ ուշադրություն էինք դարձնում լրատվամիջոցների հետ համագործակցությանը: Նրանց ոչ միայն տեղեկություններ էինք տալիս, այլեւ հանդես էինք գալիս վերլուծություններով: ԶԼՄ-ների աջակցությունը ստանալու համար նախ պետք է արժանանալ նրանց վստահությանը: Ինչ վերաբերում է նոր մեդիային, ապա վեց տարի առաջ մենք մի բան փորձարկեցինք՝ հատուկ ռազմավարություն մշակեցինք նոր մեդիայի համար: Գաղափարը հետեւյալն էր՝ ստեղծել մի հարթակ, որտեղ մարդիկ կարողանան մտքեր փոխանակել, բանավիճել: Մենք նաեւ սոցիալական ցանցերն օգտագործեցինք, բլոգ ստեղծեցինք, որում ամենատարբեր մարդիկ իրենց տեսակետն էին հայտնում: Դա այն ժամանակահատվածում էր, երբ հիմնախնդրի կարգավորման առանձնակի հույսեր չկային: Բայց մենք գիտակցաբար գնացինք հանրային երկխոսության, փորձելով այնտեղ գտնել հաշտության պաշարներ»[11]:

Բնականաբար, բազմակարծության պայմաններում ԶԼՄ-ները մատչելի են բնակչության բոլոր խավերի, յուրաքանչյուր քաղաքական ուժի, ցանկացած մտքի ու դիրքորոշման համար, այդ թվում՝ ամենաարմատական ու ազգայնական: Բայց, նախ՝ դա տեղի է ունենում վերոնշյալ «էթիկական նվազագույնի» շրջանակներում, հետո էլ՝ հենց բանավեճն է ունակ մղելու իրավիճակից ելքի համատեղ որոնմանը եւ այս կամ այն գաղափարի հրամայականից հրաժարմանը: Այդ բանավեճերում կարեւորը համատեղ որոշում ընդունելու իրավունքն է: Հենց սրա վրա է շեշտադրում անում Լոլա Գոմեզը «Աշխատավոր հայրենասերների միավորում» կուսակցությունից. «Ինքնորոշումը ոչ մի կապ չունի անկախության հետ: Ինքնորոշումը փաստացի նշանակում է մեր ժողովրդի, մեր քաղաքացիների՝ որոշում ընդունելու իրավունքը»[12]:

«Ես, ինչպես եւ շատերը, անկախության կողմնակից եմ, բայց ստիպված կլինեմ ինչ-որ կերպ հաշտվել իրողության հետ,- ասում է գրող, «Իսպանացիներին չսիրելու հարյուր պատճառ» գրքի հեղինակ Խոսե Մարի Էսպարզա Զաբալեգին,- եթե ժողովրդավարական պայմաններ ստեղծվեն, եւ մենք ինքնորոշվելու իրավունք ստանանք: Թող մեր ճակատագիրը որոշվի ժողովրդավարական ճանապարհով՝ մնո՞ւմ ենք մենք Իսպանիայի կազմում, ինչ-որ կերպ կապվա՞ծ ենք լինելու Իսպանիայի ու Ֆրանսիայի հետ, թե՞ անկախություն ենք ձեռք բերում»[13]:

Բասկերի Երկրում երկխոսությունը համարվում է տարաձայնությունների հարթման եւ փոխհամաձայնության ձեռքբերման գլխավոր գործիքը, ուստի եւ պայմաններ են ստեղծվում ամենատարբեր կարծիքների արտահայտման համար: Ու լրատվամիջոցներն էլ նման երկխոսության գլխավոր հարթակն են: Դրանք նպաստում են հակասական հայացքների առավելագույն մերձեցմանը՝ հանուն վերջապես կայուն ու ոչ հակասական փոխհամաձայնության:

 

 

2.«Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը»: 

3.Томас де Ваал, “Черный сад: Армения и Азербайджан между миром и войной”, РОССПЭН. Москва, 2014, с. 361 

4. «Ինտերնյուզ Հայաստան», ֆիլմ «Սովորական ուտոպիա», 35.22. (ֆիլմը ֆինանսավորված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից), http://vimeo.com/61610186 

5. Сергей Хенкин, «Баскский конфликт» (из серии «Научная школа МГИМО»), https://www.facebook.com/l/RAQGbRuR6AQFvjmf214gYAeKPASRFpo3w734ee2bwns03rw/ www.mgimo.ru/files/210060/Basque-conflict_Henkin.pdf

 6. «Ինտերնյուզ Հայաստան», ֆիլմ «Սովորական ուտոպիա», 38.00. http://vimeo.com/61610186 

7. «Խաղաղության եւ համակեցության պլան 2013-16 թվականների համար» 

8. Ibid. 

9. Ibid. 

10. «Ինտերնյուզ Հայաստան», ֆիլմ «Սովորական ուտոպիա», http://vimeo.com/61610186, 40.25. 

11.«Լոկարի» կազմակերպության տնօրեն Պաուլ Ռիոսի հետ սկայպ-հարցազույց (20.10.14.) 

12.  «Ինտերնյուզ Հայաստան», ֆիլմ «Սովորական ուտոպիա», http://vimeo.com/61610186, 42.10. 

13.  «Ինտերնյուզ Հայաստան», ֆիլմ «Սովորականուտոպիա», http://vimeo.com/61610186, 18.02.

Share

Comments are closed.