Ուղղափառ էթիկան  եւ սոցիալիզմի ոգին

Margarita-1Մարգարիտա ՃԱՂԱՐՅԱՆ
Տնտեսության բարձրագույն դպրոց
Սանկտ-Պետերբուրգ

Մենք սովոր ենք լսել, որ բողոքականության սոցիալական եւ հոգեւոր արժեքները հիմք են ծառայել կապիտալիզմի զարգացման համար: Վերաշարադրելով Մաքս Վեբերին` հարց եմ տալիս, արդյո՞ք հնարավոր է խոսել ուղղափառ էթիկայի եւ սոցիալիզմի ոգու մասին: Իմ պատասխանը` այո՛:

Սոցիալիզմին տեսական հիմքով օժտել է մարքսիզմը: Մարքսիստական վերլուծությունը սկսվում է նյութական պայմանների քննումից` որպես ելակետ ընդունելով մարդկային հասարակության նյութական պահանջների բավարարման համար անհրաժեշտ տնտեսական միջոցառումները:

Այս հեղափոխության հնարավոր երկարաժամկետ արդյունքը կլինի սոցիալիզմի հաստատումը, որը հիմնված կլինի արտադրական միջոցների նկատմամբ հանրային սեփականության եւ անմիջապես օգտագործման համար կազմակերպված արտադրության բաշխման վրա` ըստ անհատի ներդրած աշխատանքի չափերի: Կառլ Մարքսը ենթադրել է, որ արտադրական ուժերի եւ տեխնոլոգիաների առաջխաղացման շնորհիվ սոցիալիզմն, ի վերջո, իր տեղը կզիջի հասարակական զարգացման կոմունիստական փուլին: Կոմունիզմը կլինի ոչ դասակարգային` քաղաքացիություն չունեցող անփող հասարակություն, որը հիմնված կլինի ընդհանուր սեփականության եւ «յուրաքանչյուրից ըստ կարողության եւ յուրաքանչյուրին ըստ վաստակի» սկզբունքի վրա:

Հասկանալու համար, թե ինչպես է ուղղափառ գաղափարախոսությունն ազդում սոցիալիզմի զարգացման վրա, նախ, կարծում եմ, պետք է սկսել ուղղափառության եւ սոցիալիզմի հիմնարար հենքերի փոքրիշատե ամբողջական նկարագրությունից:

«Բրիտանիկա» հանրագիտարանի սահմանմամբ` «սոցիալիզմը տնտեսական այն համակարգն է, որի արտադրական միջոցները գտնվում են հանրային սեփականության մեջ»: Սա այն ուսմունքն է, որի նպատակի եւ գաղափարի հիմքում ընկած է սոցիալական արդարության, ազատության եւ հավասարության սկզբունքների կենսագործումը: Միաժամանակ, բոլորս հիշում ենք, որ 20-րդ դարում Ռուսաստանում սոցիալիզմը հանգեցրել է բարդ եւ իրենց բնույթով մարդատյաց ձեւախեղումների` ամբողջատիրական բռնապետության եւ զանգվածային ահաբեկչության: Այժմ իմ նպատակն է գտնել այս երկու հզոր գաղափարախոսությունների հատման կետերը:

Սկզբում ես կկամենայի քննել այն ընդհանուր առանձնահատկությունները, որոնցով խորհրդային մարդը տեսնում էր աշխարհը: Մի զուգահեռ անցկացնենք. բողոքականության մեջ անհատականության եւ ինքնասահմանափակման ոգին նախաձեռնողական ձեռներեց գործունեության հաջողության գրավական է դառնում: Համեմատեք սա անհատի հանդեպ պատմական մատերիալիզմի ունեցած շեշտադրումների հետ. «Հասարակությունը բաղկացած չէ անհատներից, այլ արտացոլում է այն փոխհարաբերությունների եւ հարաբերությունների համագումարը, որոնց մեջ գտնվում են անհատները»:  Հարկ է նշել, որ «երկրորդ որակի» մարդ լինելու եւ սեփական արդարացիության վրա մշտապես տարակուսելու պատճառով խորհրդային մարդն ինքն իրեն ստիպում էր ուրիշին ենթարկվել: Գոյություն ուներ պատկերացում, որ միշտ կան ավելի շատ իմացող մարդիկ, ինչը նրանց ինքնաբերաբար իրավացի էր դարձնում: Ն. Բերդյաեւը գրում էր, որ ռուսական հոգու կրոնական ձեւաչափն արտադրել է մի շարք կայուն առանձնահատկություններ` դոգմատիզմը, ասկետիզմը, հանուն հավատի չարչարանքների եւ զոհողությունների գնալու պատրաստակամությունը:

Ինչպես տեսնում ենք, անհատականությունը մեկնաբանելու միեւնույն մեխանիզմը գործում է եւ՛ ուղղափառության, եւ՛ սոցիալիզմի պարագայում: Այն ամբողջովին հակասում է բողոքականության շրջանակում ձեւավորված ավանդույթին:

Հետաքրքիր է, որ բնավորության այսպիսի գծերը գոյություն ունեին նաեւ 1917թ. հեղափոխությունից առաջ: Հետաքրքական է, թե ինչն է դրան հանգեցրել:

Մինչ հեղափոխությունն ու ԽՍՀՄ-ում ծավալված կրոնական հալածանքները,   ռուս հոգեւոր կյանքում գլխավոր դեր է ունեցել պաշտոնական եկեղեցին: Ի. Զաբաեւը գրում է. «Մ. Վեբերի փրկագործական կրոններին վերաբերող աշխատություններում էթիկայի հիմնական խնդիրը ձեւակերպվում է հետեւյալ հարցերով… Ա. Գերագույն բարիքն ու դրան հասնելու հնարավորությունները, Բ. Գերագույն նպատակին հասնելը խթանող մարդու գործունեության հստակ ձեւը:  Քրիստոնեության մեջ, իր հերթին, վերջին հարցը տրոհվում է երեք մասի. ի՞նչ պետք է անի մարդը փրկվելու համար: Արդյո՞ք իր փրկությունն առհասարակ կախված է իր կատարած գործողություններից: Ո՞րն է մարդկային գործունեության չափաբաժինը անձի փրկության հարցում»: Սոցիալիստական հասարակարգի համապատկերում «փրկության» գլխավոր պայմանը կոմունիստական կուսակցության մեջ մարմնավորված գաղափարական դոգմային հավատարիմ լինելն էր:

Համարվում էր, որ մարդ պետք է ունենա Աստծու կամքին համահունչ վարքագիծ: Դրան հասնելու համար ներդրվել են մի շարք պրակտիկաներ: Առաջինը ենթադրում էր «հնազանդություն» Աստվածային կամքի ավելի գիտակ եւ հոգեւոր առումով ավելի փորձառու մարդկանց (համեմատեք այդ մոտեցումը կոմունիստական առաջնորդների աստվածացման հետ. նրանք քաջ գիտեին «ուղին» եւ միշտ ճշմարտացի էին. Ստալինը «հանճարեղ եւ պայծառատես հայր» էր):

Բողոքականության մեջ, որի հետ փորձում ենք համեմատական անցկացնել, ընտրյալ լինելու ցուցանիշը նույնանում է նյութական հաջողության հետ, մինչդեռ ուղղափառության մեջ այդ ցուցանիշը խոնարհությունն է: Հատկապես ուշ շրջանի սոցիալիզմին բնորոշ էր աղքատության նմանակման երեւույթը, որը գտնվում էր դասակարգային ցինիզմի եզրին: Մարդիկ պարտավոր էին ապրել զսպվածությամբ, իսկ համընդհանուր համահարթումը ենթադրում էր, որ մարդկանց բարեկեցությունը պետք է գերազանցապես համամասնական լիներ: Նյութական հաջողակության ցուցադրումը  կարող էր սպառնալ ոչ միայն պատժով, այլեւ` վտանգել կյանքը  (հիշենք` «հանրային բարիքների սեփականազրկումը /էքսպրոպրիացիա/», «կուլակաթափությունը» կամ «կոլեկտիվացումը»):

Ըստ ուղղափառ ուսմունքի` եթե մարդ կարողանում է հրաժարվել սեփական կամքից, նա փրկության ճանապարհին է կանգնած: Սեւասքեմ հոգեւորականությունը քարոզում էր վախի, խոնարհության եւ աստվածավախության գաղափարները. քարոզվում էր, որ կան աստվածամերձ բարեխոսներ, որոնք կարող են փրկել մարդուն տանջանքներից: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հոգու փրկությունը հստակորեն կապվում էր հնազանդության եւ խոնարհության հետ: Այստեղ ակնհայտ զուգահեռներ եմ տեսնում այն բանի հետ, թե ինչպես էր Homo Soveticus-ը զրկվում սեփական կամքից:

«Ուղղափառ էթիկա եւ սոցիալիզմի ոգի» ձեւակերպման իրավացիությունը փաստելու համար անհրաժեշտ է նաեւ պարզել, թե որոնք էին խորհրդային հասարակության առանցքային կետերը:

Խորհրդային հասարակության առանցքային կետը պետությունն էր, որն, ինչպես հայտնի է, դրսեւորվում է իր պաշտոնեությամբ: Հենց պաշտոնյաների նեղ շերտով եւ ոչ թե ժողովրդի եւ օրենքների միասնությամբ էր պահվում խորհրդային պետության միասնականությունը: Շատ հեշտ է հասկանալ, թե ինչու պետության միասնականությունը օրենքով չէր պահվում: Ռուսաստանում օրենքը գրվում էր այնպես, որ օրենսդիրը միշտ հնարավորություն ունենար վերահսկել այլ սուբեկտներին եւ անհրաժեշտության դեպքում կարողանար նրանց պատասխանատվության ենթարկել, մինչդեռ արեւմտյան հասարակություններում օրենքն ուներ բոլորովին այլ գործառույթ:

Հայտարարված «մշակութային հեղափոխության» եւ վերջինիս առաջնափուլ «Լիկբեզի»` անգրագիտության վերացման շրջանակներում պետությունը կարիք ուներ բազմաթիվ գրագետ անձանց: Քանի որ սկսնակ եւ միջին ուսումնական հաստատությունների կեսը կազմում էին ծխական դպրոցներն ու ճեմարանները, գրագետ անձանց նշանակալից մասը դուրս էր գալիս հենց եկեղեցական շրջանակից: Այդ իսկ պատճառով պետական պաշտոնյաների ծագման մասին վիճակագրական տվյալներն ունեն համարյա նույն պատկերը, ինչ բժիշկների եւ ուսուցիչների պարագայում:

Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ պետական պաշտոնեության մեջ մշտապես ներկա էր հնազանդության եւ խոնարհության էթիկան կրող կղերականների երեխաների որոշակի` բավականին մեծ քանակ:

Այսպիսով, կարելի է առանձնացնել ուղղափառ էթիկայի այն հիմնական տարրերը, որոնք ազդել էին սոցիալիզմի ոգու եւ տառի վրա: Այն նախ` քրիստոնեության, իսկ ապա` սոցիալիստական տեսության եւ պրակտիկայի մեջ բարձրագույն արժեք հայտարարված ընդհանրականություն-կոմունալությունն էր:  Ուղղափառության համար դասական դարձած հնազանդության եւ խոնարհության վարքականոնը հանգեցրել է ստալինյան բռնություններին եւ այլ տեսակի հալածանքների` ձեւավորելով բողոքի յուրահատուկ` գրեթե ամբողջապես բողոքազուրկ մշակույթը:

Խմբ. կողմից. Հոդվածը հրապարակվում է մասնակի կրճատումներով: Ամբողջական` ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ մեր կայքէջում:

Share

Comments are closed.