Ներքին եւ արտաքին միգրացիայի պայմաններում

Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների մասին

unnamed (1)Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան

Ծիծաղում  են այնտեղ, որտեղ լալիս են: Դա թաղումը հարսանիքի հետ խառնած հիմարի մասին առակ չէ: Դա արձակի բովանդակությունն ու իմաստն է: Դա Սերգեյ Դովլաթովի` վերջին տասնամյակների իմաստնագույն արձակագիրներից մեկի ստեղծագործությունների բովանդակությունն ու իմաստն է:

Անդրեյ Արյեւ

Ռուս դասական Սերգեյ Դովլաթովին (1941-1990թթ.) կոչում են ռուսական արտագաղթի «երրորդ ալիքի» գրող, թեեւ, ի հեճուկս ընդհանրացնող «ալիք» բառի, նա այդ հատվածի ռուս գրողների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ ԽՍՀՄ-ում Դովլաթովի ոչ մի գործ լույս չէր տեսել. նրա երկերը սկսել են տպագրել միայն ԱՄՆ-ում: Խոսքն այն մասին է, որ աշխարհի նկատմամբ նրա հայեցակետն, ըստ իս, բոլորովին յուրահատուկ տեսանկյունից էր բխում: Երրորդ ալիքի այլ գրողներից, Ի. Բրոդսկու խոսքերով, նա էապես տարբերվում էր հենց դրանով, որ չէր գրում (եւ ինքն իրեն չէր դիտում) որպես պատմության զոհ. նա գրում եւ բոլորի հետ շփվում էր որպես ամենքին հավասար մարդ:

«Սերգեյ Դովլաթովը ծնվել է էվակուացիայի եւ մահացել էմիգրացիայի մեջ». այսպես է սկսվում «Արտերկրուհի» վեպի կազմի սեղմագիրը: Հետաքրքիր է, որ իր կյանքի թե° խորհրդային, եւ թե° ամերիկյան ժամանակաշրջանները լի էին հումորով, հեգնանքով եւ ինքնահեգնանքով, գրավոր խոսքով, աբսուրդով եւ ալկոհոլով` շատ ալկոհոլով: Թեեւ` որպես առանցքային բառ ես այնուամենայնիվ կընտրեի նրա երկերում ամենուր նկարագրված կյանքի դիպվածների ԱԲՍՈՒՐԴՆ ու ՆՈՆՍԵՆՍԸ: Իմ այս փոքր ակնարկը հենց այն մասին է, թե ինչպես բազմահազարավոր կիլոմետրանոց եւ անդրատլանտյան խոչընդոտների առկայությամբ հանդերձ ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի աշխարհները հաճախ միմյանց շատ նման են հենց իրենց աբսուրդ անհեթեթությամբ:

Ի՞նչն է մեզ ստիպում ծիծաղել Դովլաթովի պատմվածքներում` մեզ, բայց արդեն ոչ միշտ` մեր երեխաներին: 1993թ. ես եւ դուստրս փորձել ենք միասին բարձրաձայն «Արտերկրուհի» կարդալ: Արդյունքում, սկզբից ես էի ծիծաղում, հետո դստերս երկար բացատրում էի խորհրդային ժամանակի ենթատեքստը եւ նա միայն դրանից հետո էր կարողանում ծիծաղել: Homo Soveticus-ի համար անմիջապես ճանաչելի քարոզչական կլիշեները հասկանալի պատճառներով նրա մոտ ընդհանրապես ծիծաղ չէին առաջացնում: Օրինակ` «Ռաֆայելը (ընդ որում նրա ամբողջական անունը Ռաֆայել Խոսե Բելինդա Չիկորիլիո Գոնսալես էր) հայտնվել է առեղծվածաբար եւ անկասելիորեն` ինչպես եւ երրորդ աշխարհի բուն հայտնությունը» նախադասությունն ինձ ժամանակավորապես կտրել է կարդալուց, որպեսզի ես կարողանայի առանց շտապելու ըմբոշխնել ասվածը: Իսկ դուստրս այդ նույն պահին լուրջ դեմքով ինձ էր նայում, տարակուսելով, թե որն է այդ «երրորդ աշխարհն» ու իր հայտնությունները եւ թե ովքե՞ր այդ դեպքում մաս են կազմում «առաջին» եւ «երկրորդ» աշխարհների:

Այնուամենայնիվ, Դովլաթովի տեքստերում կան յուրահատուկ սոցիալական կոնտեքստից անկախ բազմաթիվ տեղեր, որոնք իմ եւ դստերս ծիծաղի պոռթկումն էին առաջացնում: Օրինակ` «փլուզված հույսի գույնով փողկապ» («Արտերկրուհի») կամ թերթում զետեղված հետեւյալ հայտարարությունը` «Ռուսական գիշերային ակումբին հարկավոր են մատուցողուհիներ, նախընտրելի է` տղամարդիկ», «Առանց հրավերի, բայց երեխաների հետ ժամանած Լեմկուսը», թութակ Լոլոն «հայհոյում էր խորհրդային ոչ սթափ սեւագործ բանվորի նման», Մարուսյան բնութագրում էր իր նախկին ամուսին Ռազուդալովին. «Դու հանածո ես, այն էլ` անօգտակար…», «Լեմկուսի թեւը դուրս է ընկել մկրտականների ժողովում քվեարկելու ժամանակ…», «արհեստավարժ քանդող» Զարեցկին ներկայացրել է իրեն եւ իր այցի պատճառները. «Ես Ձեզ հետ գործ ունեմ: Ես վերջացնում եմ «Սեքսն ամբողջատիրության օրոք» գիրքը (էջ 66), «Կլիմաքսն ամբողջատիրության պայմաններում ի հայտ է գալիս ավելի վաղ, քան ժողովրդավարական երկրներում», «շրջանային այլակարծությունը մարմնավորող» իրավապաշտպան Կարավաեւը խտացած ժեստերով արձագանքում էր լատինաամերիկացի Ռաֆայել Գոնսալեսի եւ Մարուսյայի կապին. «Անբարո եւ ամոթալի է դավաճանել, երբ ողջ հելսինկյան խումբը ճաղերի ետեւում է»:

Դովլաթովը` որպես «ստեղծագործական միավոր»: Արտագաղթելուց հետո Սերգեյ Դովլաթովն օգնում էր հրատարակել ռուսալեզու «Նոր Ամերիկացի» շաբաթաթերթը (1980), այնուհետեւ դարձել էր վերջինիս գլխավոր խմբագիրն ու հոդվածագիրը: «Նոր ռուսական խոսք» թերթի կողմից անազնիվ մրցակցության պատճառով թերթը որոշ ժամանակ անց փակվել էր: Նույն թվականին «Նյու Յորքեր» թերթում լույս է տեսել նրա «Հոբելյանական տղա» պատմվածքը` դառնալով նշանակալից գրական իրադարձություն: Առաջին անգամ Նաբոկովից հետո ռուս գրողը հրավիրվում է տպագրվել ամերիկյան պարբերականում` հոդվածի համար ստանալով 6 000 դոլար հոնորար: Մինչեւ 1989թ. նա պարբերականի համար նոր պատմվածքներ էր գրում: Այնուհետեւ նրա գիրքը թարգմանվել է անգլերենի, եւ Դովլաթովն ընտանիքի հետ միասին հնարավորություն է ստացել փոխադրվելու սեփական տուն` Ֆորեստ-Հիլզի քոթեջը: Իր հաջողությամբ ապշած նրա գործընկերներից մեկը դառնորեն կատակում էր. «Դովլաթովն անկներեւաբար պարտվում է բնագրում…»: Գրաքննադատները նրան կոչում էին խորհրդային Ջեք Քերուաք: Մուսյան վրդովված ասում է ՊԱԿ-ի աշխատակցին. «Դուք, ի՞նչ, Դովլաթովին չե՞ք ճանաչում: Նա գրում է Տուրգենեւի պես, անգամ` ավելի լավ»:  Եվ այստեղ դովլաթովյան ինքնահեգնանքն իրեն սպասել չի տալիս. «Դովլաթովի հերոսները շատ ավելի վառ են խոսում, քան Սոլժենիցինի մոտ, բայց անհամեմատ ավելի  թեթեւամիտ դժոխքում»: Ծանոթանալով թարգմանություններին` ամերիկացի ընթերցողը ճանաչել է Սերգեյ Դովլաթովի գրական հանճարը:

Այնուամենայնիվ, շատ արագ Ամերիկան դադարեց դրախտ լինել, ինչպես որ օվկիանոսի հակառակ կողմից` Երկաթե վարագույրից էր թվում: Շատ արագ ոչնչով պակաս անհեթեթ իրականությունը եկել է փոխարինելու պատրանքներին: Այդ իրականությունը նույնպես լի էր մոլեռանդությամբ, անհանդուրժողականությամբ եւ նեղմիտ եսամոլությամբ:

Աբսուրդն այստեղ` ԱՄՆ-ում, ինչպես եւ ԽՍՀՄ-ում հանդես է գալիս որպես զենք` պետության դեմ պայքարելու համար, հետո ինչ, որ դա թույլի զենքն է (Ջեյմս Սքոթ): Անհեթեթ վարքագիծը եւ կամովին հիմարանալը դառնում է մշտական առօրյա պայքարի միջոց, որը ոչ պակաս իրական եւ արդյունավետ է, քան որեւէ ընդվզում, ապստամբություն կամ անգամ հեղափոխություն:

Դովլաթովի սուր եւ փոքրագույն իսկ նրբերանգների նկատմամբ զգայուն հայացքը չէր կարող չնկատել խորհրդային մարդկանց եւ ամերիկացիների իրավական գիտակցության եւ սոցիալական վարքագծի մեջ առկա տարբերությունները. «ԱՄՆ-ում այն, ինչ արգելված չէ` թույլատրված է, իսկ ԽՍՀՄ-ում այն, ինչ թույլատրված չէ` արգելված է» («Սոլո IBM-ի վրա»):

Հենց «Ֆիլիալ»-ում Դովլաթովը մեզ է ներկայանում որպես խորաթափանց սոցիոլոգ կամ անգամ` փիլիսոփա: Նրա գլխավոր «խաղաքարտը» «բանականության ժպիտն» է: Նրա պատմվածքներում ըստ էության չկան դրական, ինչպես եւ բացասական հերոսներ: «Երրորդ ձայն» ռադիոկայանի աշխատասենյակներից մեկում նա ասում է խմբագրին. «Կարծում եմ, որ մի հիսուն տարի անց աշխարհը միասնական կլինի, բայց թե այն կլինի լավը թե վատը` արդեն այլ հարց է: Բայց աշխարհը միասնական կլինի` մեկ տնտեսությամբ եւ առանց քաղաքական սահմանների: Բոլոր կայսրությունները փլուզվելու են` ձեւավորելով միասնական տնտեսական համակարգ…»:

-Գիտե՞ս ինչ,- ասել է խմբագիրը,- ավելի լավ է քո իդեալները քեզ պահես: Դրանք իմ աչքին շատ առաջադիմական են թվում» («Ֆիլիալ»):

Հակադրությունները միմյանց նմա՞ն են: Հակադրությունները շուտով կվերանա՞ն, թե՞ դրանք մտացածին են: Համաշխարհային պատմությունը միասնակա՞ն է, իսկ դրախտն ու դժոխքը` մեր մե՞ջ: «Հարկավոր է կարգին խմել, այն էլ` անմիջապես» («Ֆիլիալ»), քանի դեռ աշխարհի անհեթեթությունը մեզ վերջնականապես չի հեղեղել` կասեր այստեղ ռուս դասական Սերգեյ Դովլաթովը:

Խմբ. կողմից. Հոդվածը հրապարակվում է մասնակի կրճատումներով: Ամբողջական` ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ մեր կայքէջում:

Share

Comments are closed.