Իշխող համակարգին հանգիստ չեն տալու

HAKOB-BADALYANՀակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երեւան

«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», հայտարարեց Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին եւ կրկնեց երկու անգամ` մինչեւ աքլորականչ, երրորդը ոչ թե չհասցրեց, այլ երեւի թե չկրկնեց, որովհետեւ «աքլորականչից» կամ ավելի ճիշտ կլինի ասել` «աքլորակռվից» հետո պետք է պարզվեր, որ տեղի ունեցողը հենց կրկես էլ լինելու է` քաղաքական կրկես:

Ամեն ինչ սկսվեց փետրվարի 5-ին: Այդ օրը Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ իր հրավիրած համաժողովում եւ առաջին անգամ ներկայացրեց հստակ պահանջ Սերժ Սարգսյանին. «Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ…»: Ծառուկյանը հայտարարեց, որ հակառակ դեպքում կմնա միայն պահանջել նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Այդ ելույթից երկու օր անց դաժան բռնության ենթարկվեց Գագիկ Ծառուկյանի կուսակից, ԲՀԿ խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը: Խաչատրյանի դեմ բռնությունից հետո ԲՀԿ-ն հանդես եկավ էլ ավելի կոշտ հայտարարություններով, որոնց, սակայն, հակադարձեց Մոսկվայից վերադարձած Հովիկ Աբրահամյանը` Գագիկ Ծառուկյանի խնամին, հայտարարելով, որ ԲՀԿ-ն շտապել է եւ որ հետագայում ԲՀԿ բոլոր հայտարարությունների համար անձնապես պատասխանատվություն է կրում Գագիկ Ծառուկյանը: Հովիկ Աբրահամյանը մինչ այդ հայտարարությունը գտնվում էր Մոսկվայում` ԵՏՄ վարչապետների հավաքին, որտեղ, սակայն, հանդիպել էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մամուլը գրեց, որ Հովիկ Աբրահամյանը Քոչարյանին ներկայացրել է Սահմանադրության փոփոխությունն իրականացնելու եւ Հայաստանի կառավարման մոդելը փոխելու Սերժ Սարգսյանի որոշումը: Ամենայն հավանականությամբ, Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում ստացել էր Ռոբերտ Քոչարյանի կոշտ արձագանքը Սերժ Սարգսյանի որոշմանը, այն Երեւանում փոխանցել Սերժ Սարգսյանին եւ նրանից ստացել ԲՀԿ-ին կոշտ արձագանքելու ցուցումը:

Հովիկ Աբրահամյանն իրականացրել էր գրոհի հետախուզական պատրաստությունը, որից հետո ասպարեզ մտավ Սերժ Սարգսյանը, փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին հռչակելով չարիք Հայաստանի համար: Մինչ այդ, Գագիկ Ծառուկյանի պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա եւ հանդիպել Պետդումայի իշխող մեծամասնության ներկայացուցիչներին: Վերադառնալուց հետո ԲՀԿ-ն տարածեց Ծառուկյանի փետրվարի 5-ին հրավիրած համաժողովի հռչակագիրը, ասելով, որ եթե լինելու է Սահմանադրության փոփոխություն, ապա ԲՀԿ-ն այն վերածելու է նախագահի արտահերթ ընտրության պահանջի: Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի ելույթը: «Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ` անձամբ փակելով այդ քաոսը, ե°ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե°ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո` բացատրելով, որ նա ուղղի իր սխալը», հայտարարեց Սերժ Սարգսյանը, հրահանգելով սկսել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու, հարկային պարտավորությունները քննելու, նրա եւ շրջապատի հետ կապված քրեական պատմությունները ուսումնասիրելու գործընթաց:

Փետրվարի 13-ին հրապարակվեց Ծառուկյանի պատասխանի տեքստը: «Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից», հայտարարեց Ծառուկյանը: Նա սկսեց խորհրդակցություններ ոչիշխանական բեւեռի երկու հիմնական գործընկերների` ՀԱԿ-ի եւ Ժառանգության հետ: Հայտարարվեց, որ փետրվարի 20-ին հրավիրում են շտապ հանրահավաք: Իրադարձությունների զարգացումը նոր շրջադարձ ունեցավ իրավիճակին Ռոբերտ Քոչարյանի արձագանքից հետո: Նա Սերժ Սարգսյանին կոչ արեց վերադառնալ «բանավոր մենամարտի» դաշտ եւ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումները:

Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի նախաձեռնած գրոհի ենթատեքստում ակնհայտ է այն, որ նա մեղադրում է Ծառուկյանին այլ ուժի` ամենայն հավանականությամբ Քոչարյանի ազդեցության տակ գործելու համար: Այդ մասին վկայում է թե այն, որ իրավիճակի սրընթաց լարումը մեկնարկեց Մոսկվայում Հովիկ Աբրահամյան-Քոչարյան հանդիպումից հետո, ու թե այն, որ Քոչարյանի արձագանքից հետո անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա բաց նամակով դիմեց Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով դեմ առ դեմ նստել եւ մշակել Հայաստանի նախագահի անունից միջազգային հանրությանն ուղղվելիք փաստաթուղթ` ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով: Մինչ այդ մամուլում եղավ տեղեկություն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանից հստակ ապացույց եւ հայտարարություն է պահանջել, որ նրա հետեւում Ռոբերտ Քոչարյանը չէ: Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին վկայեց, որ ապացույց չկա, եւ Տեր-Պետրոսյանը փորձում է հոգալ իր հետագա քաղաքական ճակատագիրը:

Պարզվեց, որ իր ճակատագրի հոգսով է ապրում նաեւ Գագիկ Ծառուկյանը, եւ Տեր-Պետրոսյանի նամակից քիչ անց տեղեկություն տարածվեց, որ հանդիպում են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը` ՀՅԴ-ի եւ Մոսկվայից ժամանած հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջնորդությամբ: Մինչեւ ուշ գիշեր տեւած քննարկումների արդյունքում Գագիկ Ծառուկյանը, որ փետրվարի 13-ին հայտարարել էր Սերժ Սարգսյանի մարտահրավերն ընդունելու մասին, հանդես եկավ նոր հայտարարությամբ: «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կյանքի կոչել դրանք», հայտարարեց Ծառուկյանը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ փետրվարի 20-ին հանրահավաք չի լինի:

Մնում էր ասել` «վարագույր, ծափահարություններ», բայց կան հարցեր, շատ հարցեր, որ ներքաղաքական «բլից-կրիգից» հետո սպասում են պատասխանի: Թվարկենք հարցերից մի քանիսը միայն. ի՞նչ է լինելու Գագիկ Ծառուկյանի գլխավորած ոչիշխանական բեւեռի հետ, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ այն էլ ավելի է մոտեցել կռիլովյան հայտնի իրավիճակին. ի՞նչ է լինելու ԲՀԿ հետ, եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Գագիկ Ծառուկյանը պետք է հեռանա քաղաքականությունից, կարծես թե առայժմ չի հայտարարվել «ուժը կորցրած». Սերժ Սարգսյանի վերաբերմունքից բացի` ի՞նչ վերաբերմունք է ձեւավորվելու Գագիկ Ծառուկյանի հանդեպ հենց ԲՀԿ-ում. ի՞նչ է լինելու ՀՀԿ-ԲՀԿ կամրջի գործոնի շնորհիվ իշխող համակարգում քաղաքական հավակնություններ հասունացնող Հովիկ Աբրահամյանի հետ, որի այդ դերակատարումը փաստացի դառնում է ավելորդ եւ նա կանգնում է կամ նոր նշանակալից դեր գտնելու հրամայականի, կամ աստիճանաբար համակարգի ավելորդ օղակ դառնալու վտանգի առաջ. ի՞նչ է կատարվելու ՀՀԿ-ում, երբ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի դիրքերի փաստացի ուժեղացում եւ լուծելով Գագիկ Ծառուկյանի հարցը` Սերժ Սարգսյանը ստանում է ՀՀԿ-ում առկա մի շարք հարցերը լուծելու հնարավորություն, որոնք հրամայական են Հայաստանում առկա հանրային դժգոհության, միեւնույն ժամանակ արտաքին քաղաքական կենտրոնների տարիներ ի վեր հնչող պահանջների տեսքով` հակակոռուպցիոն պայքարի շրջանակում:

Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ հենց Հայաստանի ներքաղաքական հաշտեցման ակտին զուգահեռ` Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը հայտարարեց Երեւանում, որ իշխանության հետ սկսում են նոր հակակոռուպցիոն նախաձեռնություն, այդ թվում` փողերի լվացման դեմ, մրցակցային տնտեսության ձեւավորման համար: Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այլ ելք չի թողնում, հատկապես երբ ակնառու է, որ Ռուսաստանը չի կարողանալու անհրաժեշտ ծավալով սնուցել Հայաստանի տնտեսության կայունությունը եւ ՌԴ-ի մեկուսացման` Արեւմուտքի քաղաքականության շարունակումը Հայաստանի տնտեսությունը դնելու է նոր մարտահրավերների առաջ: Դրանց հաղթահարումը կարող է տեղի ունենալ միայն իրական ներքին բարեփոխման միջոցով:

Մյուս հարցն այն է, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխության խնդիրը: Արդյո՞ք այն կորցնում է հրատապությունը, եթե Սարգսյանը կարողացել է զսպել ոչիշխանական բեւեռն ու հետեւաբար այդ բեւեռի հույսով նախագահական հավակնություն ունեցող անձանց` Ծառուկյան, Տեր-Պետրոսյան, գուցե Քոչարյան եւ գուցե նաեւ Հովիկ Աբրահամյան, ով այդ բեւեռի միջոցով հայտնվեց վարչապետի պաշտոնին: Ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այժմ առկախ է թողել իր վերադարձի խնդիրը, պարբերաբար փորձելով թարմ պահել հարցը: Չէ՞ որ եթե Սերժ Սարգսյանը սանձում է ԲՀԿ-ն, Քոչարյանը զրկվում է վերադարձի դեպքում անհրաժեշտ կոմունիկացիայից: Այդ առումով որոշիչ կլինի ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ հստակ կլինի, թե արդյոք այդ տարելիցի շուրջ արտաքին զարգացումները Հայաստանը կներգրավեն որեւէ նոր միջազգային գործընթացում:

Միեւնույն ժամանակ Հայաստանի ներքին զարգացումների համար շարունակում է գերկարեւոր մնալ ընդհանուր առմամբ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը: Այդ դիմակայութունը Հայաստանի համար հղի է մեծ ռիսկերով, միեւնույն ժամանակ կարող է ընձեռել մեծ հնարավորություններ: Կասկածից վեր է, որ Հայաստանի իշխող համակարգը հանգիստ չի ունենալու եւ ստիպված է ընտրել կամ իրական բարեփոխումները, կամ պերմանենտ «ռազբորկաները», այն դեպքում, երբ ավելի ու ավելի դժվար է լինելու դրանք ավարտել հաշտությամբ` եթե նույնիսկ Մոսկվայից Սամվել Կարապետյանի փոխարեն անձամբ Պուտինը գա: Բայց Հայաստանի իշխանության ու քաղաքական դասի ադեկվատությունը չի թողնում լավատեսության տեղ:

Հայաստանի հնարավորությունը մնում է հանրությունը: Ցավոք, վաղուց շատ բան պարզ է նաեւ իրական էլիտաներից զուրկ հանրության պարագայում:  Պարզապես այդ սեկտորում, ի տարբերություն իշխանաքաղաքականի, ակնհայտորեն առկա է ներուժ, որը կարող է ապահովել համաշխարհային դիմակայությամբ ընթացող նոր աշխարհակարգի ձեւավորումը Հայաստանի համար մեծ ռիսկից փոքր հնարավորության վերածումը:

Share

Comments are closed.