Գյումրին և «անվտանգության երաշխավորը». կյանք՝ ներսի «Լևիաթանի» հետ

megr1Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Առաջին լրատվականի ռուսական
ծառայության`ru.1in.am խմբագիր
Երեւան 

«Ահա թե ինչու այն ամենը, ինչը բնորոշ է պատերազի ժամանակին, երբ յուրաքանչյուրը յուրաքանչյուրի թշնամին է, բնորոշ է նաեւ այն ժամանակներին, երբ մարդիկ ապրում են առանց անվտանգության որեւէ այլ երաշխիքի, քան այն, որով նրանց օժտում են իրենց սեփական ֆիզիկական ուժն ու հնարամտությունը:
Այսպիսի իրավիճակում աշխատասիրության համար տեղ չի մնում, քանի որ ոչ մեկին իր աշխատանքի պտուղները երաշխավորված չեն… եւ չկա հասարակություն եւ, ինչն ավելի վատ է, կա հավերժական սարսափ եւ բռնի մահվան մշտական վտանգ, երբ մարդու կյանքը միայնակ է, թշվառ է, անհույս, բութ եւ կարճաժամկետ»:

Թոմաս Հոբս, «Լեւիաթան», 1651թ

Ռուսաստանի ԶՈՒ 102-րդ ռազմակայանը հայ հասարակության ընկալմամբ ստեղծվում էր որպես խնդրահարույց հարեւանի` Թուրքիայի սահմանի պահապան: Հայաստանում ռուսական բանակի ներկայությունը, որը դեռեւս նախկինում «հայոց հողում հայտնվելու» պահից ի վեր «օրհնվել» է լուսավորիչ Խ. Աբովյանի հայտնի ասույթով, պատմականորեն համարվում էր եւ շատ հայերի մտքում տակավին շարունակում է դիտվել որպես հայ ժողովրդի գոյության երաշխավոր: Սակայն, հունվարի 12-ին տեղի է ունեցել բոլորովին աներեւակայելի սահմռկեցուցիչ մի դեպք, երբ զինծառայող Պերմյակովը` ինքնաձիգն ուսին ենթադրաբար դուրս է եկել «երաշխավոր» ռազմակայանի տեղակայման տարածքից, գիշերվա կեսին ներխուժել է Ավետիսյանների խաղաղ ընտանիքի ննջարանները եւ գնդակահարել ընտանիքի բոլոր անդամներին` չխնայելով անգամ նորածին երեխային:

Այս, ըստ դասականի` անիմաստ եւ անգութ ոճիրը կմնար առանց «ավելորդ քաղաքականացման», ինչպես այդ կապակցությամբ կոչ էին անում Հայաստանի անվտանգության երաշխավոր երկրի ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովը եւ Երեւանում նրա փաստացի ենթական` Ի. Վոլինկինը, եթե ողբերգությունը կարճ ժամանակում չվերաճեր անհեթեթության եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ստորացմամբ, որը նույնքան անիմաստ եւ անգութ էր, որքան տեղի ունեցած ոճիրը: Այո, հանցագործն ազգություն չունի, դա ի սկզբանե այդպես է, բայց միայն այն ժամանակ, երբ արդարադատության եւ ֆորմալ օրենքի մասին խոսվում է առանց չակերտների անհրաժեշտության, երբ արդարությունն ու ողջամտությունը չեն ոտնահարվում եւ, առավել եւս, չեն բռնաբարվում: Իսկ եթե տեղի ունեցածն առնչվում է միջպետական հարաբերություններին, ապա թե՛ ձեւով եւ թե՛ բովանդակությամբ պետք է կատարվի այն, ինչ ամրագրված է հանդիսավորապես ստորագրված միջպետական պայմանագրերում, եւ այդ պարագայում հարցի «քաղաքականացումը» միանգամայն անտեղի կլիներ: Սակայն Պերմյակովի պարագայում սա սոսկ տեսություն ու սկզբունք էր: Գործնականում ամեն ինչ լրիվ այլ կերպ ընթացավ:

Կողմը, որն առաջինը կոչ է արել չքաղաքականացնել հարցը, որն առաջինը հիշեցրել է, թե հանցագործն ազգություն չունի, այդ նույն հանցագործին «ազգություն» է ձեւակերպել: Այս ազգությունը նույնական է այն ռազմակայանի «ազգությանը», որտեղ ենթադրվող հանցագործն արդեն փաստացի ապաստարան եւ հովանավորություն է գտել: Այս ազգությունը կոչվում է նորակայսերական պուտինյան Ռուսաստան, որը «յուրայիններին չի հանձնում», անգամ եթե դա ուղղակիորեն պահանջում է առ այդ պարտավորեցնող միջպետական պայմանագիրը: Սա այդ նույն ազգությունն է, որին պատկանում են նրանք, ովքեր, հարցը քաղաքականացնելով, միաժամանակ պահանջում էին, որ ոչ ոք չքաղաքականացնի: Մնացյալ հայտարարություններն առ այն, թե «հանցագործը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ» եւ այլն, թերեւս հնարավոր կլիներ դասել հերթապահ դիվանագիտական «քնարերգության» շարքին, եթե չլիներ իրավիճակի ողջ ցինիզմը, որը լիակատար անկեղծությամբ բացահայտեց մեր առօրյա պետական կյանքի իրողությունների արատավոր դառնությունը:

Թվացյալ պարզ իրավիճակում, երբ երկու պետությունները պետք է ընդամենը հետեւեին ամրագրված ընթացակարգին, երկու «բարձր պայմանավորվող կողմերը» ոչ միայն «բարձր» չգտնվեցին, այլեւ հայտնվեցին միեւնույն` ստոր եւ սպանիչ ցինիզմի կողմում, որը վիրավորում է բանականությունը եւ գահավիժում անբարոյության հատակին: Չէ՞ որ այլ խոսքերով հնարավոր չէ կոչել այն, որ գլխավոր դատախազի բերանով հայտարարվում է, թե ռուս սահմանապահները Պերմյակովին պետք է հանձնեին հայկական կողմին, իսկ նա կրկին հայտնվում է «տանը»` ռազմակայանում: Իսկ ո՞ւր է քննությունը: Նա մտադիր էր անցնելու թուրքական սահմա՞նը: Իսկ ո՞ւր է համապատասխան հոդվածը, ո՞ւր է այդ մեղադրանքը: Եվ ո՞վ է հիմա քաղաքականացնում:

Բայց սա արդեն անցած փուլ է: Հարցերն արդեն հռետորական շարքին են դասվել: Դրանք այդպիսին են դարձել «օլիգոֆրենիայի» մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների տարածած «վարկածից» հետո: Կարեւոր չէ՞ այս «վարկածը» սկսել է շրջանառվել «ի վերուստ» իջած հրամանո՞վ,  թե՞ մեդիա-պատասխանատուների «բարի կամեցողությամբ»: Ռուսաստանյան «երաշխավորները» հավանաբար շատ ուշ են հասկացել, եթե առհասարակ հասկացել են, որ հնչած ախտորոշումը վերաբերում էր ոչ միայն եւ ոչ այնքան Պերմյակովին, որը պարզ «կենցաղային» հանցագործ չէր, այլ իրենց երկրի սահմաններից դուրս գտնվող ռազմակայանի կրտսեր սերժանտի ուսադիրներով զինծառայող, որին  իրենց երկրի շահերի պաշտպանության համար վստահվել է տաբելային զենք: Այսպիսով, հիշյալ ախտորոշման «պացիենտները» շատ են «երաշխիքաշնորհատու» կողմում:

Այս ախտորոշումը հավասար կերպով հասցեագրված է անվտանգության ոլորտում քաղաքական որոշումների համար փաստացի պատասխանատու անձանց եւ այն «բարձր պայմանավորվող կողմին», որն իր անվտանգությունը վստահել է այդպիսի «երաշխավորին»: Սա, թերեւս, պետական եւ միջպետական ցինիզմով ու կեղծիքով պատված ողջ ողբերգության մեջ ճշմարտության միակ տարրն է:

Ո՛չ, այս ոճիրը եւ դրան հաջորդած ֆարսը սոսկ ինչ-որ չարամիտ անձանց ձեռքի գործը չէ, այլ այն իրականության շարունակությունն ու օրինաչափ հետեւանքը, որն իր ողջ լկտի անկեղծությամբ ցույց է տրված Զվյագինցեւի խորապես ռուսական «Լեւիաթան» ֆիլմում, իսկ դրանից հարյուր ու ավելի տարի առաջ` Դոստոեւսկու համամարդկային պատվիրաններից խորթացած հոգեխանգարված հակահերոսների մեջ: Այս իրականությունը ծնվել է հասարակության քաղաքակրթական եւ մշակութային հիմքերի հետեւողական ոչնչացմամբ` անմարդկային քաղաքական վարչակարգերի անիմաստ հերթագայությամբ, որոնց հետեւանքով մարդն, ըստ Թոմաս Հոբսի,  դառնում է իր «անդրհայելային» հակապատկերը, քանզի «Լեւիաթանի» իրականությունում «մարդիկ ապրում են անվտանգության սոսկ այն երաշխիքներով, որոնցով նրանց օժտում է իրենց ֆիզիկակակն ուժն ու հնարամտությունը», որտեղ արժեքներն ու գոյության իմաստը ոչինչ են:

Իսկ Գյումրին եւ գյումրեցին մերժել են «Լեւիաթանի» իրականությունը, մերժել են դրա «ախտակիրներին», մերժել են նրանց, ովքեր հանուն «անվտանգության երաշխիքների» (ու դեռ պարզ էլ չէ, թե ում անվտանգության) մեր տուն են բերել այս ամենակուլ, ֆլեգմատիկ, հաստակաշի եւ բութ առասպելական հրեշին: Գյումրին եւ գյումրեցին իրենց կազմակերպված բողոքով մարմնավորել են հայոց Ոգին եւ հայկական Հանճարը, որն Ազատության, Հավասարության եւ Եղբայրության արժեքներն ու քաղաքակրթական անգնահատելի ներդրումը վերընձյուղող հայոց ապագայի` գալիք Հայաստանի Հանրապետության գրավականն է:

Քանզի Գյումրին եւ գյումրեցին եւ իրենց հետ ողջ Հայաստանն այս ողբերգության մեջ տեսել են իրենց հնարավոր ապագան, որի գիշատիչ երախի առջեւ այսօր մենք ինքներս մեզ զրկել ենք պաշտպանվելու հնարավորությունից` տրվելով «օրհնյալ պահի» պատրանքին: Պարզվել է, որ «օրհնյալ պահը» ոչ միայն պատրանք է, այլեւ` իսկական անեծք: Բողոքի ելած Գյումրին եւ գյումրեցին Հայաստանին ցույց են տվել այլ` «լեւիաթանազերծ» ապագան: Այն Հայաստանին, որը հազարամյա չգոյությունից հետո ավելի քիչ քան մեկ քառորդ դար առաջ վերստին պետություն է դարձել, այսօր եւ վաղը կրկին վիճակված է ընտրել եւ մարմնավորել իր ընտրությունը` վերադառնալ չգոյությանը կամ մնալ պետություն:

Գյումրին մերժել է «Լեւիաթանը» եւ ընտրել երկրորդ ուղին: Հերթը Հայաստանինն է: Այն պետք է ձեւակերպվի որպես քաղաքական որոշում եւ կենսագործվի գործնական քաղաքականության մեջ:

Share

Comments are closed.