Արցախյան քրոնիկոն (օգոստոս)

Օգոստոսի սկզբին Արցախ է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը. կառավարական պատվիրակության անդամները հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, հանրապետության գյուղատնտեսության ոլորտի մի խումբ պատգամավորների հետ:

Օգոստոսի 1-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար կազմին. նախագահը շնորհավորել է ներկաներին  Գեոդեզիստի եւ հողաշինարարի օրվա առթիվ եւ նշել, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները երկրատեղեկատվական համակարգի մշակման, մասնագետների պատրաստման եւ որակավորման կատարելագործման, ինչպես նաեւ գերատեսչության գործունեությունն ավելի հրապարակային դարձնելու ուղղությամբ:

Օգոստոսի 2-ի առավոտյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր. վարչապետը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին, այնուհետեւ զինծառայության ընթացքում պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին պարգեւատրել ժամացույցներով:

Տիգրան Սարգսյանը եղել է նաեւ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին եւ դիմելով զինծառայողներին վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի նրանք ունենան բոլոր հնարավորությունները` բարձրացնելու իրենց մարտունակությունը:

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին. հանդիպմանը երկուստեք նշվել է էներգետիկայի ոլորտում մեծ ներուժի եւ այստեղ երկու հայկական հանրապետությունների միջեւ փոխգործակցության լավ հեռանկարների առկայության մասին:

Նույն օրը նախագահը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ. հանդիպմանը, որին ներկա էր Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Օգոստոսի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նկարիչների ՙՀայկական ներկապնակ՚ առաջին միջազգային սիմպոզիումի մասնակիցներին Հայաստանից, Ռուսաստանից (Սանկտ-Պետերբուրգ) եւ Բելառուսից` Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ. սիմպոզիումը, որը նախատեսված էր անցկացնել Հայաստանի տարբեր մարզերում եւ ավարտել մայրաքաղաք Երեւանում, մեկնարկեց Արցախից:

Եթե պատերազմ լինի, մենք նորից հաղթելու ենք` օգոստոսի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նախարարի խոսքերով` 1994-ից մինչ օրս շարունակվում է դիրքային պատերազմը. հակառակորդն առաջին գծում վարում է ռազմական գործողություններ, իհարկե ոչ ակտիվ` առանց զորքերի տեղաշարժման. ՙԻնչպես բոլոր տարիներին, այս տարի էլ մենք պարտադրողի դերում ենք՚,-հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարը:

ՙԱյս տարի մեկ տեղ ենք դիրքերն առաջ տվել` դարձյալ աջ թեւում` զուտ տակտիկական նկատառումներից ելնելով՚,- նույն ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը. նախարարի փաստմամբ` եւ հակառակորդի, եւ մեր կողմից այնքան են դիրքերն առաջ քաշվել, որ այսօրվա վիճակը բավականին կրիտիկական է` զինված ուժերը միմյանց բավական մոտ են` հեռավորությունը սկսվում է 35 մետրից եւ դիրքերի  95 տոկոսը մինչեւ 200 մետր հեռավորության վրա է:

Արցախում ինտերնետ ցանցի բաժանորդների թիվը զգալիորեն ավելացել է. հուլիսի 1-ի դրությամբ բաժանորդների թիվը կազմել է 11524` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7654-ի փոխարեն` օգոստոսի 15-ին առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը:

Հանրապետությունում բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում եւ կազմակերպություններում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի շատ է աճում, քան առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատողներինը` նույն ասուլիսի ժամանակ հայտարարել է ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը` փաստելով, որ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում եւ կազմակերպություններում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 107.5 հազար դրամ եւ աճել 7.6 տոկոսով, իսկ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում զբաղվածներինը` 89.7 հազար դրամ եւ աճել է 5.9 տոկոսով:

Օգոստոսի 15-ին համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիես Դյուվալը, ովքեր հայտարարել են Արցախում ՙՆՈՒՌ՚ ծրագրի մեկնարկի մասին. ծրագրի շրջանակներում առաջին փուլում XO դյուրակիր համակարգիչներ կստանան Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների 1-4-րդ դասարանի 3150 աշակերտներ եւ 130 ուսուցիչներ:

Նույն օրը Շուշիում տեղի ունեցավ նոր` ՙԱվան Շուշի Պլազա՚ հյուրանոցի բացման արարողությունը:

Օգոստոսի 16-ին խորհրդարանի հավանությամբ փոփոխություններ կատարվեցին ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքում եւ ընտրական օրենսգրքում. պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված փոփոխությունների համաձայն` ուժը կորցրած կճանաչվեն ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի այն դրույթները, ըստ որոնց` համայնքի ղեկավարը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, ինչպես նաեւ այն, որ նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Օգոստոսի 17-ին Արցախում նշվեց Շինարարի մասնագիտական օրը. նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ոլորտի մի քանի ներկայացուցիչներ պարգեւատրվեցին մեդալներով:

ԼՂՀ սոցապահովության նախարարության օգոստոս ամսում հրապարակված հաշվետվության համաձայն` հուլիսին Արցախում վերաբնակչի կարգավիճակ է տրվել 9 ընտանիքի` բաղկացած 29 անձից, որոնցից 12-ը երեխաներ են:

Օգոստոսի 19-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ հռչակման 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում նախատեսվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ. նախագահն ընդգծել է, որ միջոցառումները պետք է անցնեն նախատեսված ծրագրերին համապատասխան, բարձր մակարդակով, բոլոր շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությամբ:

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 14-20-նն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները AK, հԹԺ, կԽ  եւ ԺՄԽ տիպի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց:

Օգոստոսի 20-23-ը Արցախում էր ֆրանսիացի պատգամավորների խումբը` Ֆրանսիայի ԱԺ ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ,  ՙԺողովրդական շարժման միություն՚ խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Գի Տեսիեի գլխավորությամբ. Գի Տեսիեի հետ Ղարաբաղ էին այցելել նաեւ Ֆրանսիայի ԱԺ ազգային սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, ՙԺողովրդական շարժման միություն՚ խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար, Մարսելի քաղաքապետի տեղակալ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերություննների հանձնաժողովի քարտուղար, Վիեն քաղաքի քաղաքապետ Ժակ Ռեմիլեն եւ Ֆրանսիայի ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ,ՙԺողովրդական շարժման միություն՚ խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժորժ Կոլոմբիեն, ովքեր հանդիպել են ԼՂՀ նախագահին, ԱԺ նախագահին, պատգամավորներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են նաեւ Խաչեն գյուղ` ծանոթանալու SPFA (ՙՖրանս-հայկական բողոքական համերաշխություն՚) կազմակերպության միջոցով իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ  Գանձասար, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոն եւ Շուշի:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած տեղեկատվության համաձայն` օգոստոսի 21-ին` ժամը 19:45-ի սահմաններում, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վերք է ստացել ՊԲ զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը:

Օգոստոսի 23-ին ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Պամելա Ստատակիսին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ, եւ գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոման Պարամոնովին:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին տրվող ամենամսյա պատվովճարի չափը կավելանա 5 հազար դրամով, կառավարության օգոստոսի 23-ին կայացած նիստում տեղեկացրել է սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը. Մեծ հայրենականի վետերանները նախկին 20 հազար դրամի փոխարեն կստանան 25 հազար դրամ:

Նույն նիստում գործադիրի հավանությանն է արժանացել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհուրդ:

Օգոստոսի 19-24-ը սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ինքնաառաջադրումն էր. ԿԸՀ-ի տվյալներով` համայնքի ղեկավարի համար իրենց թեկնածությունն են առաջադրել 223, իսկ ավագանու անդամի համար` 1226 հոգի:

ԿԸՀ-ից ստացված տեղեկությունների համաձայն` Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները 3-ն են` Սուրեն Գրիգորյանը (ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար), Մարատ Հասրաթյանը (ԼՂՀ ԱԺ պատգամավոր) եւ Էդուարդ Աղաբեկյանը (ԼՂՀ վարչապետի խորհրդական, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ), ովքեր արդեն գրանցվել են:

Սեպտեմբերի 1-ից ԼՂՀ-ում  ներցանցային զանգերի համար բաժանորդներն ավելի քիչ կվճարեն, քան հիմա` օգոստոսի 26-ին  տեղեկացրել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում. ըստ այդ փոփոխությունների` 12.2 տոկոսով կնվազեն անշարժ համարներից դեպի բջջային համարներ, բջջային հետվճարային համարներից դեպի անշարժ եւ շարժական համարներ, Premium հեռախոսային քարտերով դեպի ԼՂՀ բջջային ցանց եւ ֆիքսված անլար միջերես համակարգով դեպի ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի բջջային ցանց կատարվող զանգերի րոպեավճարները` 33 դրամից դառնալով 28.99 դրամ, իսկ բջջային կանխավճարային համարներից դեպի անշարժ եւ շարժական համարներ կատարվող զանգերի րոպեավճարը` 39.99-ից-34.99 դրամ:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության օգոստոսի 26-ին տարածած տեղեկատվության համաձայն` 2011 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացի, դա 49 տոկոսով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նույն օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շուրջերկրյա նավարկություն կատարած ՙԱրմենիա՚ առագաստանավի անձնակազմի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Oգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանը /ծնված` 1992թ./, որտեղ մեկ ժամ անց մահացել է:

Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում,  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի տեղեկացմամբ, գրանցվել են համայնքի ղեկավարի 219 եւ ավագանու անդամի 1220 թեկնածուներ:

Share

Comments are closed.