Քաղաքական իսլամը Օրհան Փամուկի «Ձյունը» վեպում.  

նմանություններ Հյուսիսային Կովկասին

 

Margarita-1Մարգարիտա ՃԱՂԱՐՅԱՆ
Տնտեսության բարձրագույն դպրոց
Սանկտ-Պետերբուրգ

«Հյուսիսային Կովկասում առկա խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Նկատի ունեմ բնակչության շրջանում պահպանվող հարաբերական աղքատությունը, անգործության բարձր մակարդակը… կոռուպցիայի պարզապես հրեշավոր ծավալները, տարածաշրջանային մակարդակով պետական կառավարման համակարգային ձևախեղումները, իշխանական մարմինների ծայրաստիճան ցածր արդյունավետությունը»

Մուխու Ալիև, Դաղստանի նախագահ

 

Ահաբեկչությունն ընդդեմ բարեկեցությա՞ն: Արդյո՞ք Հյուսիսային Կովկասում արդիական է քաղաքական իսլամի թեման: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող մահմեդական հանրապետություններից և տարածաշրջաններից  վերջին տասնամյակներում ամենախնդրահարույցը Հյուսիսային Կովկասն էր: Չեչնիայի, Դաղստանի և մյուս հյուսիսկովկասյան հանրապետություններում 90-ական թվականներին քաղաքական իրավիճակի սաստկացումը ռուսաստանյան ԶԼՄ-ները մշտապես կապում էին «իսլամական ահաբեկչության» ուժեղացման հետ: Զբիգնև Բժեզինսկին վկայում է, որ 1979թ. հուլիսի 3-ին ԱՄՆ նախագահ Ջ. Քարթերը ստորագրել է գաղտնի հրամանագիր` «իսլամական միջազգային ահաբեկչական ցանցի ստեղծման համար կես միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ` Միջին Ասիայում իսլամական ծայրահեղականությունը տարածելու և դրա միջոցով Խորհրդային Միությունն ապակայունացնելու նպատակով»:

80-ական թվկաններին Մերձավոր և Միջին Արևելքում ստեղծված ահաբեկչական ցանցն իր ենթակառուցվածքներով, կադրերով և ֆինանսական հոսքերով ԽՍՀՄ փլուզումից հետո չի անհետացել, ընդամենը, վերանայվել են վերջինիս առջև դրված խնդիրները: Անտարակույս, «իսլամական ահաբեկչության» տարածման վրա արտաքին ազդեցությունները պետք է հաշվի առնվեն, բայց, միևնույն ժամանակ, չարժե անտեսել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական խնդիրների կտրուկ սրացումը:

Կարս-Կար-Կա. վե՞պ, թե՞ ազգագրական հետազոտություն: Հայտնի թուրք գրող, գրականության ոլորտում 2006թ. նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկն իր «Ձյուն» գրքում (թուրքական անվանումը «Car»-Կար-Ձյուն) անդրադարձել է Թուրքիայի համար բազում ցավոտ թեմաների: Գովաբանելով «Ձյունը»` քննադատները միահամուռ այն վեպ-նուար («վեպ` գաղջի մասին») են անվանում: Վեպի գործողություններն ընթանում են կիսաքանդ և ձյունով (կար) ծածկված հնամենի Կարս քաղաքում, որտեղ բնակվում են տան և ընտանիքի հոգսն իրենց վրա մի կերպ տանող, կարկատած հագուստներ հագնող անգործ և հիասթափված տղամարդիկ և դժբախտ կանայք: Այդ «բերրի» հողի վրա բռնազբոս գույներով ծաղկում են ամեն տեսակի կիսաօրինական ազգայնական շրջանակներ, աղանդավորանման խմբեր և անգամ զինված խմբավորումներ:

Վեպի գլխավոր հերոսը Գերմանիա արտագաղթած թուրք մտավորական Կան է, որը հայրենի Թուրքիան է վերադարձել ոչ միանշանակ պարզ նպատակով, բայց, հավանաբար, իր առաջին սիրուն` գեղեցկադեմ Իփեքին տեսնելու համար: Հետագայում, հենց ձյունածածկ Կարսից ձգվող թելերն են հանգեցնում Գերմանիայում նրա մահվանը` ծայրահեղական իսլամականի ձեռքով:

Այսպիսով, վեպի գործողության վայրը Կարսն է` Թուրքիայի արևելքում գտնվող սահմանային քաղաք, որը ժամանակին «երկու մեծ տերությունների` Օսմանյան և Ռուսական կայսրությունների համար կարևոր հենակետ» էր, որտեղ անհիշելի ժամանակներից հայերը կառուցում էին քրիստոնեական եկեղեցիներ և որին հերթով տիրում էին թուրքերը, ռուսներն ու, անգամ, անգլիացիները: Սակայն,  իշխանափոխությունից 20 տարի անց քաղաքը շատ է փոխվել: Հեղինակը բացահայտում է այդ հին բնակավայրի գլխավոր խնդիրները. «Աղքատությունը և հուալքումը, անգործությունը, թանկացումները, բարոյազրկությունը, անաստվածությունը, իշխանությունից և աղքատությունից հոգնածությունը, ինքնասպանությունները, սպանությունները, ահաբեկչությունը, անառակությունը, կաշառակերությունը, էթնիկական խտրականությունն ու ազգայնամոլությունը»: Ահա գրքից վերցված այս բնութագրումները թույլ են տալիս պատկերացնել հեռու-մոտիկ այդ  քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրների ողջ պատկերը:

«Կրոնական կարգերի հաստատման կողմնակիցները խմբերով դռնեդուռ են գնում և կանանց խոհանոցային սպասք բաժանում: Ձեր ձայնը տվեք Բարօրության կուսակցությանը, որն ալլահի կուսակցություն է,- ասում են նրանք: Մեր աղքատությունն ու թշվառությունը Ալլահի ճանապարհից շեղվելու պատճառով է մեզ բաժին հասել»: Նրանք գրավում են խոցված արժանապատվությամբ անգործներին և ուրախացնում նրանց կանանց, որոնք չգիտեն, թե նվեր ստացած  դատարկ կաթսայում երեկոյան ի՞նչ է հնարավոր եփել, նոր նվերների խոստմամբ կանանց հորդորում են Ալլահի կուսակցության օգտին քվեարկել: Նրանք գրավում են ոչ միայն իրենց իսկ կողմից առավոտվանից երեկո  նսեմացվող ամենաաղքատ մարդկանց, այլև ուսանողների հարգանքը, որոնց ստամոքսներում օրը միայն մի անգամ է տաք ճաշ հայտնվում, ինչպես նաև արհեստավորների հարգանքը, քանի որ նրանք ամենաաշխատասեր ու համեստ մարդիկ են:

Կարսի նկարագրությանը ծանոթանալիս, որտեղ սոցիալ-տնտեական խնդիրները դիտվում են որպես արմատական իսլամի առաջացման պատճառ, ես մտահղացա նույն տեսանկյունից քննել նաև Հյուսիսային Կովկասի քաղաքների խնդիրները: Ինձ համար պարզ և ակնհայտ դարձավ, որ դրանք իրարից շատ քիչ են տարբերվում:

Ձերբազատվել մունաֆիկներից և ապրել ըստ շարիաթի՞: Ո՞ր գործոններն են նպաստում Հյուսիսային Կովկասում արմատական իսլամի աճին: Արմատական իսլամական վերափոխման կողմնակիցներ կան բոլոր հյուսիսկովկասյան հանրապետություններում, բայց Հյուսիսային Կովկասում արմատական իսլամի գլխավոր օջախն այժմ համարվում է իր հակամարտայնությամբ առանձնացող Դաղստանը: Վահաբիզմի կողմնակիցներն ունեն շատ հստակ գաղափար` զինված պայքարի միջոցով գրավել իշխանությունը և շարիաթի հիման վրա պետություն կառուցել: Ղուրանում գրված է, թե ինչպես պետք է ճիշտ ապրել: Տեղի արմատականները կարծում են, որ պետք չէ ոչ մի նոր բան հորինել: Այս հռետորաբանությունը չի բացառում նաև  մունաֆիկների դեմ պայքարը:  Մունաֆիկները, այսինքն` երեսպաշտները, ըստ նրանց, Դաղստանի մահմեդականների հոգևոր վարչությունն է (ԴՄՀՎ):

Դաղստանցի Ի. Բոյկովի կարծիքով` ծայրահեղ իսլամական տրամադրությունների աճին նպաստում են հետևյալ գործոնները.

  1. Լեռնաբնակների դեպի հովիտներ զանգվածաբար փոխադրվելու գործընթացի փաստացի ավարտը և դաղստանյան քաղաքներում այլ` մեծապես լուսանցքայնացված և լեռնաբնակ ավանդական հասարակությունից սկզբունքնորեն տարբերվող հանրույթի ձևավորումը,
  1. Արմատական իսլամական գաղափարախոսությունից դուրս դաղստանցիների մոտ բացակայում է պահանջարկ վայելող որևէ այլ իրական գաղափարական այլընտրանք: Վահաբիզմն իսլամի սոսկ կրոնական հոսանքներից մեկը չէ: Այն հստակ քաղաքական գաղափարախոսությունն է, որն օժտված է հզոր էգալիտար երանգավորմամբ: Դրա դեմ արդյունավետորեն ընդունակ է պայքարել միայն այլ` ոչ պակաս չափով հավակնոտ գաղափարախոսություն: Հասկանալի է, որ Դաղստանում այն ամբողջական և ավարտուն տեսքով գոյություն չունի,
  1. Հանրապետությունում կրթության աղետալիորեն ցածր մակարդակն առանձնահատուկ կերպով արտացոլվում է նախ երիտասարդական միջավայրում: Ծայրահեղ իսլամական հայացքների տեր մարդկանց թվի աճին նպաստում է բնակչության փաստացի, այլ ոչ թե պաշտոնական կրթության մակարդակը: Դաղստանցի երիտասարդության ներկայացուցիչներն, ունենալով ԲՈՒՀ-երի փողով գնված դիպլոմներ և անգամ գիտական աստիճանների կեղծ վկայականներ, գործնականում լիովին անգրագետ են և հաճախ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան բարձագույն կրթություն չունեցող անձինք: Վահաբիզմի գաղափարախոսների քարոզած աշխարհի պարզունակ պատկերը նրանք առանց որևէ քննադատության են ընդունում:

1990-ականներին հասարակության քաղաքային, հարթավայրային և լեռնաբնակ հատվածների միջև սերտ կապն ընդհատվել է: Դաղստանյան հասարակությունը շատ է փոխվել. բնակչության հիմնական մասը վերադարձել է բնամթերային տնտեսությանը, իսկ կողմնակի եկամուտներ հայթայթելու հոգսը համարյա ամբողջովին ընկել է կանանց` այսպես կոչված «չելնոչնիցաների» ուսերին (հետխորհրդյին Ռուսաստանի «վայրի» կապիտալիզմի գռեհիկ ծնունդը), որը հղի է մշակութային և գենդերային ինքնության ճգնաժամով:

90-ականների կեսերին Դաղստանն արդարացիորեն համարվում էր Ռուսաստանի «ամենակարմիր» տարածաշրջաններից մեկը, որտեղ ձայների մինչև 70 տոկոսը կայուն կերպով տրվում էր ՌԴ Կոմունիստական կուսակցության և Գենադի Զյուգանովի օգտին: Սակայն, ՌԴԿԿ փակուղային քաղաքական ընթացքը և պետական քաղաքականության վրա ազդելու վերջինիս ակներև անկարողությունը դաղստանցիների մոտ սպանել են սոցիալական արդարության խորհրդային գաղափարախոսության նկատմամբ հավատի վերջին փշրանքները: Այսպիսի իրավիճակում բնակչության սոցիալապես ակտիվ մասի համար գրավիչ է դառնում շարիաթի վրա հիմնված պետությունում «համընդհանուր բարեկեցության» մասին կրոնական ուսմունքը: Ըստ Ի. Բոյկովի` այսպիսին են ծայրահեղական իսլամի տարբեր հոսանքների առաջացման համար պարարտ հող ստեղծող գործոնները:

 

 

Օգտագործված գրականություն

1.О.Памук “Снег”. СПб: Изд-во «Амфора» 2008.

2.В.Бобровников «Soveticum vs.islamicum: некоторые итоги и перспективы изучения ислама в России». Москва 2007, стр. 8-22.

3.Амиров З.М., Магомеддаев А.М. «Политический ислам на Северном Кавказе: роль внешнего влияния». Махачкала 2009.

Интернет ресурсы:

  1.  www.article 20674.htm.
    5. www.politics/20020718-zab.html.
    6. www.vserossiyskaya konferenciya.php.
Share

Comments are closed.