ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ


ruՀայաստանի ինտերնետային լրատվամիջոցների հետազոտության  արդյունքներ

2014 թ.հոկտեմբերի 1- նոյեմբերի 30 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ռուսաստանի ներկայությունը հայաստանյան ինֆորմացիոն հարթությունում ապահովվում է զանգվածային հաղորդակցական ժամանակակից ալիքներով.

(հայաստանյան եւ ռուսաստանյան ԶԼՄ-ների տարածման ավանդական եւ նորաձեւ միջոցներով), սոցիալական ցանցերով:

 

Ռուսերենի մատչելիությունը մի կողմից, իսկ մյուս կողմից` ռուսաստանյան ԶԼՄ-ների հասանելիությունը ՏՏ տարբեր ձեւաչափերով ու կրիչներով դրանց դարձնում են Հայաստանում Ռուսաստանի ներկայիս կերպարը ձեւավորող ակտիվ կողմ:

Հայաստանյան հասարակությունն ունի ժամանակակից Ռուսաստանի մասին պատկերացումներ կազմելու եւս մեկ արդյունավետ ալիք. դա միջանձնական շփումներն են ռուսաստանցի ազգակիցների, գործընկերների եւ կամ ծանոթների հետ, եւ երբեմն այս տպավորություններն ավելի մեծ ներդրում են ունենում Ռուսաստանի կերպարի այս կամ այն երանգավորման հարցում, քան որեւէ այլ լրատվամիջոց:

Թե ինչու մենք ձեռնարկեցինք հայաստանյան հայալեզու ինտերնետային ԶԼՄ-ներում ժամանակակից Ռուսաստանի ինֆոկերպարն ուսումնասիրելու ու դրա ընդհանուր ուրվագծերը ցույց տալու այս գործը, ուներ տարբեր պատճառներ: Դրանք բոլորը մի կողմից բխում էին անհրաժեշտությունից կոնկրետություն մտցնելու այս թեմայով պարբերաբար ընթացող բանավեճերի մեջ, իսկ մյուս կողմից` իհարկե  զուտ հետազոտական հետաքրքրությունից:

Ստորեւ ներկայացված եզրակացությունները վերաբերում են 2014 թվականի վերջին` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ ցույց են տալիս հայաստանյան բազմազան ինտերնետային ԶԼՄ-ների շարքից մեկ տիպային խմբի արտադրանքը տարբեր դիտանկյուններից:

Մեր ընտրած ԶԼՄ-ներն (1in.am, News.am, Lragir.am, Aravot.am, Ilur.am, Yerkir.am, 7or.am, Panorama.am) ունեն քաղաքական ուժերին հարելու (իշխանական, ընդդիմադիր եւ անկախ), գործունեության տարբեր տարիների (2-16 տարվա),  ամենօրյա արտադրանքի քանակի (օրական առավելագույնը` 60- 280 նյութ), թեմատիկ ու ժանրային նախասիրությունների (գլխավորապես` լուրեր,  գլխավորապես` մեկնաբանություններ) տեսանկյունից միանգամայն տարբեր ցուցանիշներ: Բայց նրանք բոլորն ունեն կայուն լսարաններ:

ՈՎՔԵ՞Ր

Ինֆորմացիոն աղբյուրները

Ռուսաստանի ինֆոկերպարն ուրվագծելու հարցում հայաստանյան ԶԼՄ-ները մոտավորապես կիսել են իրենց ջանքերը արտասահմանյան լրատվամիջոցների հետ. հանրության ուշադրությանը ներկայացվել են 47% սեփական արտադրության եւ 43% արտասահմանյան (այդ թվումփ ռուսաստանյան) ԶԼՄ-ների նյութեր: Սակայն առանձին ԶԼՄ-ների ցուցանիշները վկայում են, որ այս խմբում կան այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ռուսաստանյան թեմաները զարգացնում են գլխավորապես արտասահմանյան ինֆոաղբյուրների ակտիվ գործածմամբ, եւ հակառակը` այնպիսիները, որոնք իրենց գիծը տանում են սեփական արտադրության բովանդակությունների միջոցով:  8 ԶԼՄ-ներից  6-ի դեպքում արտասահմանյան ծագման նյութերի քանակը 1.2-2.5 անգամ ավելի շատ են, քան սեփական արտադրության նյութերը, ինչպես,  ասենք, News.am (26% սեփական եւ 65%` արտ. ԶԼՄ-ների նյութեր), 7or.am (26% սեփական եւ 47%` արտ.ԶԼՄ-ների նյութեր), Panorama.am (36% սեփական եւ 45%` արտ.ԶԼՄ-ների նյութեր) դեպքում է: Իսկ Lragir.am-ի (67% սեփական նյութի դիմաց 18% արտասահմանյան աղբյուրների նյութեր) եւ Aravot.am-ի (55% սեփական նյութի դիմաց 18%արտասահմանյան աղբյուրների նյութեր) դեպքում ճիշտ հակառակ պատկերն է, այստեղ սեփական նյութերի քանակը մոտ 3 անգամ գերազանցում է արտասահմանյան ԶԼՄ-ների նյութերի քանակը:

Հայաստանյան լրատվամիջոցներն ակնհայտորեն քիչ են տեղափոխել իրենց հարթակներ սոցիալական ցանցերում հնչող կարծիքներն ու գնահատականները, որտեղ Ռուսաստանի մասին շրջանառվող բովանդակությունները բազմազան են թե իրենց երանգավորումներով, թե ծագումնաբանությամբ (Ռուսաստանի թեմայով նյութերի 1%):

 

ԻՆՉՊԵ՞Ս

Ինֆորմացիոն հետաքրքրվածությունը

Ռուսաստանը միակ երկիրն է, որին ուսումնասիրության ժամանակահատվածի միասնական ցուցանիշներով ամբողջովին կամ մասնակիորեն առնչվող նյութերի քանակը գերազանցել է ցանկացած այլ արտասահմանյան երկրի, այդ թվում` Ադրբեջանի մասին նյութերի ընդհանուր ցուցանիշները:

Ռուսաստանը ստաբիլ կերպով, հետազոտության երկու ամիսների ընթացքում կազմել է հայաստանյան տեղեկատվական առանցքներից մեկը: Հետազոտված լրատվամիջոցների մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի մասին նյութերի առավելագույն քանակը 11-32 նյութ է: Իսկ այն օրերի քանակը, երբ առհասարակ չեն շոշափվել ռուսաստանյան թեմաներ, կազմում է 61-ից առավելագույնը` 9 օր:

Ռուսաստանն իր ներքին եւ արտաքին հարցերով, այդ թվում` քաղաքականության հայկական ուղղության տարբեր դրսեւորումներով առկա է եղել 8 ԶԼՄ-ների թողարկած բոլոր նյութերի 7 %-ում: Առանձին լրատվամիջոցների երկու ամսվա ընթացքում հրապարակած բոլոր նյութերի զանգվածում Ռուսաստանյան թեմատիկայի մասնաբաժինը տատանվել է 3-26% միջեւ:

Տրամադրվածության երանգները 

Դիտարկված 8 լրատվամիջոցների ընդհանուր ցուցանիշներով,

Ռուսաստանի հետ կապված նյութերն ամենից շատ անգամ ներկայացվել են չեզոք (նկարագրությունների 61%), ապա բացասական (29%) եւ դրական տրամադրվածությամբ (10%):  Այս հերթականությունը հայաստանյան մեդիային բնորոշ հատկանիշ է, որը դրսեւորվում է նաեւ այլ թեմաներով տարբեր խորքային հետազոտությունների ժամանակ: Հատուկ ընդգծենք, որ Ռուսաստանի մասին նկարագրությունների նշանները (չեզոք, դրական եւ բացասական) որոշարկել ենք ըստ դրանց ուղիղ իմաստաբանական (semantic) նշանակության, այլ ոչ թե ըստ ենթատեքստային ուղերձների:

Այսպես կոչված ագրեսիվության եւ բարյացակամության ինդեքսների շոշափելի դինամիկա չկա, եւ սա անգամ 10 տարի առաջ կատարված մեր նույն մեթոդով անցկացված հետազոտության արդյունքների հետ համետատ (տես` Азербайджан на перепутье «ни мира, ни войны», Ереван, 2005 թ., րՑՐ. 82): 2004 թվականին համահավաք ագրեսիվության ինդեքսը կազմում էր 0.32, 2014 թ.` 0.48,  2004 թ. համահավաք բարյացակամության ինդեքսը կազմում էր 0.24, 2014 թ.` 0.15:

Ագրեսիվության ինդեքսը, այսինքն` բացասական նկարագրությունների հարաբերությունը  չեզոք նկարագրությունների քանակին, եւ այսպես կոչված բարյացակամության ինդեքսը` այսինքն դրական նկարագրությունների քանակի հարաբերությունը չեզոք նկարագրությունների քանակին ցույց են տալիս, որ 1 դրական նկարագրության դիմաց ունենք մոտ 6 չեզոք նկարագրություն, եւ 1 բացասական նկարագրության դիմաց` մոտ 2 չեզոք նկարագրություն:

Բացի Lragir.am-ից եւ Aravot.am-ից, չեզոք նկարագրությունների ցուցանիշներն էապես ավելի շատ են այսպես կոչված էմոցիոնալ (դրական կամ բացասական) նկարագրությունների քանակից: Aravot.am-ում չեզոք նկարագրությունները ընդամենը 1%-ով են գերազանցում բացասականների ցուցանիշը (41% չեզոք, 40% բացասական նկարագրություն):  Իսկ Lragir.am-ն առանձնանում է մնացած բոլոր լրատվամիջոցներից նրանով, որ բացասական նկարագրությունների քանակը 8%-ով ավելի է չեզոքներից  (52% բացասական, չեզոք 44% նկարագրություն):  Եվ նույնիսկ այս պարագայում Lragir.am-ի այսպես կոչված ագրեսիվության ինդեքսը 1.2 է, մեծ հաշվով ունենք բացասական եւ չեզոք վերաբերմունքի 1/1 հարաբերակցություն:

Տրամադրվածության հեղինակները

Չեզոք նկարագրությունների գլխավոր հեղինակները իրենք իսկ հայաստանյան ԶԼՄ-ներնեն, նաեւ` հայաստանյան ուժերի ներկայացուցիչները, առանձին գործիչներն ու մասնագետները (միասնաբար` 91%):  Մեր դիտարկած լրատվամիջոցներում շոշափելիորեն ավելի քիչ է եղել արտասահմանյան այլ (3%) եւ ռուսաստանյան գործիչների, ուժերի, մասնագետների (6%) բերանով հնչեցված չեզոք նկարագրությունների քանակը:

Դրական կերպարի ցուցանիշները գլխավորապես ձեւավորվել են հայաստանյան (57%)  եւ ռուսաստանյան ուժերի, գործիչների ու այլ մասնագետների արտահայտած կարծիքների (23%), եւ հետո միայն` բուն իսկ հայաստանյան մեդիայի (17%) կողմից արված մեկնաբանությունների հիման վրա:

Բացասական կերպարի գլխավոր հեղինակները դարձյալ հայկական կողմից են` հայաստանյան ԶԼՄ-ները եւ հայաստանյան ուժերը, գործիչները մասնագետները (միասնաբար` 95%):

Հայաստանյան մեդիան Ռուսաստանի կերպարի դրական կամ բացասական երանգավորման համար հատուկ ու նպատակաուղղված չի կիրառում արտասահմանյան ԶԼՄ-ների կոնտենտները: Թեեւ` ռուսաստանյան լրատվամիջոցներն ավելի մեծ մասնաբաժին ունեն բոլոր (չեզոք, բացասական եւ դրական նկարագրությունների) ցուցանիշների ձեւավորման հարցում, քան արտասահմանյան այլ երկրների լրատվամիջոցները:  Այսպես, բոլոր բացասական նկարագրությունների 19%-ը հայաստանյան լրատվամիջոցներում են հայտվել ռուսաստանյան հայտնի տեղեկատվական աղբյուրներից: Նույն աղբյուրներից էլ այստեղ են տեղափոխվել Ռուսաստանի դրական բոլոր նկարագրությունների մոտ 22% -ը:

Ի՞ՆՉ

Սյուժետային գծեր եւ թեմատիկ առաջնահերթություններ 

Թեմաների եւ սյուժետային գծերի հարցում հայաստանյան լրատվամիջոցները չունեն ոչ մի սահմանափակումներ: Ավելին, կան ԶԼՄ-ներ, որոնք նախապատվությունը տալիս են այսպես կոչված ներռուսաստանյան ամենաբազմազան թեմատիկային ու Ռուսաստանի (բացի Հայաստանից) այլ երկրների հետ հարաբերությունների խնդիրներին. News.am (Ռուսաստանի հետ կապված բոլոր նյութերի 48%), Ilur.am (25%) եւ այլն: Ներռուսաստանյան իրադարձություններին եւ Ռուսաստանի ու (բացի Հայաստանից) այլ երկրների հետ հարաբերություններին ամենից քիչ տեղ է տվել Aravot.am-ը (համապատասխանաբար` 5% եւ 9%):

Եվ հակառակը` կան ԶԼՄ-ներ, որոնք Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ դիտարկում են հայ-ռուսական վերաբերմունքի, Ռուսաստանի հայկական քաղաքականության, Ռուսաստանի համատեքստում տարբեր ինքնանկարագրությունների (ավտոստերեոտիպերի) օգտագործմամբ: Առանձին արդյունքները ցույց են տալիս, որ նյութերն առավել քանակի ավտոստերեոտիպերով զուգորդած լրատվամիջոցներն են` Lragir.am-ը, 7or.am-ը, Ilur.am-ը, Yerkir.am-ը (Ռուսաստանի մասին նյութերի 91-97% ում կան հայկական ավտոստերետիպեր), իսկ մյուսների դեպքում ավտոստերեոտիպերով նյութերի քանակը կազմում է Ռուսաստանի մասին նյութերի ողջ քանակի 0.4-4%:

Ռուսաստանը հայաստանյան լրատվամիջոցներում ավելի շատ ներկայանում է որպես ինֆորմացիոն գործող սուբյեկտ (իրադարձություններ, գործող ուժեր եւ անձինք Ռուսաստանի ներսում, Ռուսաստանը որպես գործող սուբյեկտ իր արտաքին-քաղաքական տարբեր, այդ թվում նաեւ` հայկական հարթակներում, միասնաբար` 93%), քան որպես հայկական (գլխավորապես ընդհանուր ստերեոտիպային) վերաբերմունքի օբյեկտ: Ռուսաստանի ինֆոկերպարը ձեւավորվում է կոնկրետ մոտիվացիոն հիմքերով, երբ սկզբում ներկայացվում են իրադարձություններն ու գործընթացները, ապա տրվում գնահատականներ:

Հիշեցնենք,որ մեր ուսումնասիրության ժամանակահատվածը համընկել էր Հայաստանի ԵՏՄ անդամակցության կարեւորագույն փուլերի հետ. Հայաստանի կողմից ԵՏՄ պայմանագրի ստորագրումը Բելառուսի  մայրաքաղաքում (հոկտեմբերի 10), ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին հավանություն տալը (նոյեմբերի 14) եւ ԱԺ-ի կողմից փաստաթղթի սպասվելիք վավերացումը (դեկտեմբերի 4): Բոլոր այս իրադարձություններն առաջ բերեցին ակտիվ քննարկումներ հայաստանյան մեդիայում, եւ, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրության արդյունքները, նաեւ մեր դիտարկած լրատվամիջոցներում: Հայաստանյան մեդիայում 2014 թ.հոկտեմբեր-նոյեմբեր ամսիների ընթացքում Ռուսաստան ասելով նկատի են ունեցել ԵՏՄ, իսկ ԵՏՄ-ի տակ գլխավորապես հասկացվել է Ռուսաստան: Այլ խոսքերով` Հայաստանի ինտեգրացիոն բոլոր ապագա զարգացումները եւ Հայաստանի համար հետեւանքները իսկապես բխեցվել են Ռուսաստանի հայկական քաղաքականությունից, նաեւ այլ երկրների եւ Ռուսաստանի միջեւ ընթացող հարաբերությունների բնույթից:

Հայաստանի համար հնարավոր ապագան (Վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ թեմա) նկարագրվում է երկու գույներով. բացասական եւ դրական: Դրական, լավատեսական տեսանկյունն ավելի քիչ հնչեղություն է ունեցել: Եվ արվել է հիմնականում պաշտոնական շրջանակների ձայների միջոցով:  Հենց այս խմբի նյութերում է, որ լրատվամիջոցների ընդհանուր ցուցանիշներով բացասական նկարագրությունների քանակը  (53.5%) գերազանցել է թե չեզոք (29.5%), թե դրական (17%) նկարագրությունների քանակին:

Թեմատիկ ռեյտինգներում լրատվամիջոցների ընդհանուր ցուցանիշներով առաջին տողերում այսպես կոչված ոչ հայկական սյուժեներով թեմաներն են (Ներռուսաստանյան անցուդարձեր, ՌԴ/(բացի Հայաստանից) այլ երկրների հետ հարաբերություններ), իսկ այնպիսիավանդական թեմաները, ինչպես միգրացիան, ռուսաստանյան սփյուռքը եւ այլն, զգալիորեն ավելի քիչ են լուսաբանվել:

Սույն հետազոտությունն իրականացվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից ֆինանսավորված «Հրատապ երկխոսություններ Հայաստանի ինտեգրացիոն նոր օրակարգերի շուրջ» ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքի, եզրակացության կամ առաջարկության համընկնումը ԱՄՆ կառավարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ`

www.regioncenter.info/sites/default/files/Russia%20in%20Armenian%20Media%20ARM_0.pdf

 

 

 

Share

Comments are closed.