Հայ կանայք` խաղաղության և հակամարտության խաչմերուկում

KnarikՔնարիկ ՄԿՐՏՉՅԱՆ
Խաղաղարար ծրագրերի համակարգող,
«Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան»
Երևան 

Զինված հակամարտություններում կանանց` որպես հակամարտության ակտիվ մասնակիցների անդրադառնալը գիտական գրականության մեջ համեմատաբար նոր երևույթ է համարվում: Միայն 1990-2003թթ. ընթացքում կանայք մասնակցել են ավելի քան 38 զինված հակամարտությունների: Այնուամենայնիվ, պատերազմների լուսաբանմանը նվիրված առկա համաշխարհային գրականությունը գրեթե միշտ ունեցել է տղամարդկանց մասնակցությունն ընդգծելու միտում :

Այն դերերը, որոնք վերապահված են կանանց համար, միշտ կապված են զոհի և մշտական խնամքի կարիք ունեցող անձանց հետ: Տարատեսակ միտումներն ունեն տրամաբանական հիմնավորումներ. կանայք և աղջիկները զինված հակամարտությունների ժամանակ շարունակաբար ենթարկվում են տարբեր տեսակի հալածանքների, սակայն, միևնույն ժամանակ, չկան համապատասխան քաղաքական կամք և մեխանիզմներ` ուղղված իրավիճակի բարեփոխմանը:

Հայտնի և անժխտելի փաստ է, որ ժամանակի ընթացքում ռազմական հակամարտությունների տեսակները և ռազմական ամենատարբեր գործողությունների իրականացման միջոցները շարունակաբար փոփոխվում են` փոխելով նաև թողած հետևանքները և ազդեցության մասշտաբները: Հատկանշական է այն հանգամանքը, որ ժամանակակից զինված ակտիվ գործողությունների ժամանակ զոհերի ճնշող մեծամասնությունը հենց խաղաղ բնակչության ներկայացուցիչներն են: Համակարգված և զանգվածային բռնաբարությունները , կոտորածները, ինչպես նաև ռազմական ուժերում  երեխաների շահագործումը  համարվում են ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ամենածանր ռազմական հանցագործությունները: Այս երեք տեսակի հանցագործություններից յուրաքանչյուրն ունի այնպիսի մեծ և աղետալի ազդեցություն, որ միջազգային կառույցների կողմից ստեղծվել են առանձին օրենքներ այս հանցագործությունների իրականացումը կանխելու և հանցագործներին պատժելու համար:

Ռազմական հակամարտության ժամանակ իրականացված ցանկացած տիպի գործողություն և հանցագործություն ունենում է գրեթե նույնատիպ ազդեցություն հասարակության բոլոր անդամների վրա` առանց սեռային տարբերության: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ,  թե՛ աղջիկներն ու տղաները ենթարկվում են բռնի տեղահանության, սպանվում են, ստանում են մարմնական վնասվածքներ և հոգեբանական տրավմաներ, ունենում են կյանքի նույն դժվարությունները: Այնուամենայնիվ,  առկա են նկատելի տարբերություններ: Գենդերային հիմք ունեցող բռնությունները, ինչպես հակամարտային, այնպես էլ հետհակամարտային իրավիճակում շատ լուրջ խնդիր են հանդիսանում:  Այս տեսանկյունից կանայք և աղջիկները կազմում են ամենախոցելի խումբը: Սեռական բռնությունը և սեռական բնույթի շահագործումները (ստիպողական մարմնավաճառություն, սեռական բնույթի ծառայություններ պարենային ապրանքների դիմաց և այլն),  զանգվածային բռնաբարությունները, դրանց պատճառ հանդիսացող հղիությունները և թրաֆիքինգը առանձնակի ուշադրության արժանի հիմնախնդիրներ են: Այսօր հակամարտության ժամանակ իրականացված սեռական բնույթի հանցագործություններն այնքան ահասարսուռ մասշտաբների են հասել և ունեն այնպիսի կործանարար ազդեցություն ողջ հասարակության վրա, որ միջազգային կառույցների կողմից ճանաչվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և պատերազմական մարտավարություն:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից ընդունած 1820 բանաձևը, որը համարվում է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի հավելյալ մաս և շարունակություն, ճանաչում է բռնաբարությունը որպես «…պատերազմական մարտավարություն և պատերազմական զենք… Այս երևույթները… համարվում են միջազգային անվտանգության և խաղաղության կարևորագույն սպառնալիքներ, իսկ դրանց լուծմանն անդրադառնալը` առաջնային հիմնախնդիր»:

Խոսքերն ավելի տեսանելի դարձնելու համար ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում որոշ վիճակագրական տվյալներ.

  • 1993-ին Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանությունների գրանցման Զենիցիայի կենտրոնը Բոսնիայում և Հերցեգովինայում փաստագրել է 40.000 բռնաբարության դեպք, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում : Ըստ Մարգոտ Վոլստրոմի (2012-ի հուլիսի 22-ից հանդիսանում է ՄԱԿ-ի հակամարտային գոտիներում սեռական բռնության հիմնահարցերի հատուկ ներկայացուցիչ) հաշվետվության` մինչև 2010թ. Բոսնիայում և Հերցեգովինայում գրանցված 50.000-60.000 դեպքերից միայն 12-ն են քրեական պատասխանատվության ենթարկվել :
  • 1994-ին Ռուանդայում տեղի ունեցած եղեռնի ժամանակ տուցի ցեղախմբի 250.000- 500.000 կանայք դաժանաբար բռնաբարվել են, որի արդյունքում ավելի քան 10.000 երեխաներ են ծնվել:
  • ՄԱԿ-ի դիտարկումների համաձայն` Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը դարձել է «աշխարհի բռնաբարության մայրաքաղաքը»: 1998-ից ի վեր 200.000-ից ավել կանայք դաժանորեն բռնաբարվել են : Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Կոնգոյի Կիվու նահանգի հարավային մասում յուրաքանչյուր 5 րոպեում 4 կին է բռնաբարվում:

Զինված հակամարտությունների ժամանակ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների կողմից կատարված առաջին լուրջ քայլերից մեկը կարելի է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունած 1325 բանաձևը կանանց, խաղաղության և անվտանգության մասին: Բանաձևն առաջ է քաշում կանանց մասնակցության, պաշտպանության և բռնությունների կանխարգելման մեխանիզմների մասին մի շարք դրույթներ, որոնք պետք է կյանքի կոչվեն ազգային գործողությունների ծրագրերի միջոցով:

Ցավոք, վերոնշյալ հիմնախնդիրները անմասն չեն թողել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Չնայած որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է չլուծված ռազմական հակամարտության կիզակետում, պետական և քաղաքական մարմինների կողմից   ոչ մի գործնական քայլ չի կատարվել ազգային գործողությունների ծրագրի կամ գենդերային ուղվածություն ունեցող այլ ռազմավարությունների ստեղծման ուղղությամբ: Հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղաքական և ռազմական խմորումների և մի շարք այլ հիմնախնդիրների պատճառով գրեթե ամբողջությամբ բացակայում էին զինվորների հոգեբանաֆիզիկական վերականգմանը, պատերազմական հանցագործությունների գրանցմանը և պատժմանն ուղղված մեխանիզմները: Ռեսուրսների բացակայության պատճառով անհնար էր անդրադարձ կատարել նաև կանանց հիմնախնդիրներին, ինչպես նաև ստեղծել բռնության վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

«Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան» (ԿՌԿՀ) հասարակական կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը խաղաղարար ծրագրերի իրականացումն է, որոնց շրջանակներում իրականացվում են հասարակության իրազեկմանը, ռազմական հակամարտության ժամանակ հայ կանանց առջև ծառացած հիմնախնդիրների բացահայտմանը, ինչպես նաև կանանց ձայները լսելի դարձնելուն ուղղված աշխատանքներ: Նպատակադրվելով նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած տարածքներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև կանանց հիմնախնդիրների բացահայտմանը, լուսաբանմանն ու լուծմանը` 2007-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան» ՀԿ-ն Շուշիում հիմնադրեց իր մասնաճյուղը` «Կանանց ռեսուրսային կենտրոն Շուշի»-ն (ԿՌԿՇ): Ավելի քան յոթ տարվա գործունեության ընթացքում ԿՌԿ Շուշին իրականացրել է մի շարք ծրագրեր` ուղղված երիտասարդ աղջիկների և կանանց իրենց իրավունքների մասին իրազեկմանը և նրանց ակտիվացմանը: Կազմակերպվել են բազմաթիվ դասընթացներ Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում` Շուշիում, Ստեփանակերտում, Քարին Տակում, Վանքում, Ասկերանում, Հադրութում, Նոր Մարաղայում, Բերձորում և այլուր: ԿՌԿ Շուշին ոչ միայն ուրույն կրթօջախ է, այլև ապահով վայր կանանց համար, որտեղ նրանք կարող են մի պահ մոռանալ առօրյա հոգսերը և զբաղվել ինչ-որ այլ բանով` ձեռագործություն, ֆիլմի դիտում, քննարկումներ տարբեր թեմաներով և այլն:

ԿՌԿՀ-ի և ԿՌԿՇ-ի համատեղ գործունեության լավագույն արդյունքներից մեկը կարելի է համարել պատերազմից տուժած և այդ թվում նաև փախստական կանանց պատմությունների փաստագրումը: Հենց այս աշխատանքների ընթացքում բացահայտվեցին գենդերային հիմք ունեցող բռնությունների, մասնավորապես` սեռական բռնությունների բազմաթիվ դեպքեր: Ցավոք, այս և մի շարք այլ դեպքեր մնում են չբարձրաձայնված, որի պատճառով ստեղծվում է այնպիսի սխալ կարծիք, որ այս հոդվածում ներկայացված հիմնախնդիրները բնորոշ չեն հայ իրականությանը: Սա էլ իր հերթին խոչընդոտում է տարատեսակ խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան մեխանիզմների ստեղծմանը: Հասարակության մեջ առկա կարծրատիպերը, հայ կնոջը վերագրվող բարոյական բարձր արժեքները և համապատասխան օգնության տրամադրման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը բռնություն վերապրած կանանց ուղղակիորեն լռեցնում են:

2014-ի սեպտեմբերի 16-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան» ՀԿ-ն «Կանանց ռեսուրսային կենտրոն Շուշիի» հետ համատեղ գործնեության արդյունքում կազմակերպեց համաժողով Շուշիում` նվիրված կանանց և խաղաղարարությանը: Համաժողովին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր ԼՂՀ պետական մարմիններից և կազմակերպություններից, ինչպես նաև ներկա էին ՀՀ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կարևորագույն նպատակն էր ղարաբաղյան հակամարտության ժամանակ կանանց հիմնախնդիրների վերհանումը և ներկաների հետ համատեղ լուծման մեխանիզմների մշակումը, որոնք հնարավորություն կտան կանանց ավելի մեծ ազդեցություն ունենալ որոշումների ընդունման և խաղաղարար գործընթացների վրա:

ԿՌԿ-ի համար 2014-ի կարևորագույն ձեռքբերումներից կարելի է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունած 1325 բանաձևի դրույթների շուրջ հաշվետվության պատրաստումը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում հետհակամարտային իրադրությունում կանանց վիճակին և հիմնախնդիրներին: Այս բանաձևը մի այնպիսի բացառիկ փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս հաշվետվություններ ներկայացնել նաև միջազգային ճանաչում չունեցող երկրներին: Հաշվետվությունը ներկայացվելու է «Կին խաղաղարարների միջազգային ցանցի»  (Global Network of Women Peace Builders) տարեկան հաշվետվության մեջ: Հուրախություն մեզ` Լեռնային Ղարաբաղն առաջինն է, որը, ունենալով չճանաչված երկրի կարգավիճակ, ներկայացրել է այս հաշվետվությունը:

Լեռնային Ղարաբաղում առկա են մի շարք խնդիրներ` հասարակական-քաղաքական կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության տեսանկյունից: Կանայք ունեն քիչ դերակատարում որոշումների ընդունման գործընթացներում, գրեթե ներկայացված չեն ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ աշխատող խաղաղարար կարևորագույն խմբերում, հատկապես Մինսկի խմբում, կանանց նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունների ճնշող մեծամասնությունը մնում է չբարձրաձայնված և չպատժված, ավելին` կանայք շատ խոցելի են նաև տնտեսապես: Այնուամենայնիվ, հենվելով ԼՂՀ մի շարք պաշտոնյաների հետ ունեցած ԿՌԿ աշխատակիցների հանդիպումների և տարբեր կազմակերպություններից ստացած դրական արձագանքների վրա` կարող ենք վստահորեն փաստել, որ Լեռնային Ղարաբաղում առկա են նպաստավոր բավարար պայմաններ կանանց հիմնախնդիրներին անդրադառնալու և նրանց հասարակության էլ ավելի ակտիվ անդամներ դարձնելու համար:

Share

Comments are closed.