Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է 2014-ին

MilanaՄիլանա ԳՈՐԵՆՇՏԵՅՆ
Լրագրող
Երուսաղեմ

 

Աստված ոչ թե ուժի, այլ`ճշմարտության մեջ է:
Ալեքսանդր Նևսկի

Նորանկախ պետության ճանաչումը հնարավոր է երկու ձևով` դե-ֆակտո, այսինքն տվյալ պետության և իր կառավարության գոյության փաստի ճանաչումն` անկախ նրա իրավաբանական իրավունքներից, և` դե-յուրե, այսինքն` միջազգային հարաբերություններում իր բոլոր իրավասություններով և արտոնություններով:

Ռուսաստանի և արևմտյան տերությունների կողմից Ադրբեջանի  անկախության ճանաչումն` իր նախկին խորհրդային սահմաններով, հարատև հակամարտության ծագման պատճառ դարձավ: Ղարաբաղի նկատմամբ իրավասության բացակայության պայմաններում Ադրբեջանի` նոր պատերազմ սկսելու սպառնալիքի շահարկումը դարձել է միջազգային դիվանագիտությունում նրա գլխավոր գործիքը: Սակայն, շանտաժի դիվանագիտության ժամանակն ավարտին է մոտեցել: 2014թ. աշխուժացել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրավունքների խնդրին նվիրված բանավեճը: Ադրբեջանի Հանրապետության ներկայիս հռչակագրված սահմանների և գործող վարչակարգի օրինավորության միջազգային ճանաչման իրավացիության քննարկումն օրակարգային է դարձել:

2013թ. մայիսի սկզբին` Եվրոպայի օրը, «տարվա եվրոպացի» է ճանաչվել Եվրոպական դատարանի մարդու իրավունքների գծով դատավոր Յուլիա Լաֆրանկը, որին այդ տիտղոսին է արժանացրել Էստոնիայի Եվրոպական շարժումը: Ճակատագրի կամոք հենց Յուլիա Լաֆրանկին է վիճակվել ընդունել մի բախտորոշ որոշում, որը վերջակետ է դրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ԼՂՀ-ի ու նրա սահմանների կարգավիճակի որոշման հարցին: Մարդու իրավունքների գծով եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ռեֆերենտ Վուգար Ֆաթալիևը հաղորդել է, որ Ադրբեջանի Հանրապետությունում նախագահական ընտրությունների կեղծման վերաբերյալ թիվ  25718/14 բողոքը դատարանի 2014թ. մայիսի 28-ի որոշմամբ մերժվել է ՄԻԵԴ-ի էստոնացի դատավոր Յուլիա Լաֆրանկի (Julia Laffranque) կողմից:

ՄԻԵԴ-ին հղված դիմումը բուն բողոքից (արդար դատաքննության իրավունքի (Եվրոպական կոնվենցիա, հոդված 6), իրավական պաշտպանվածության արդյունավետ միջոցի իրավունքի (Եվրոպական կոնվենցիա, հոդված 13) և ազատ ընտրությունների իրավունքի ոտնահարում (թիվ 1 արձանագրություն, հոդված 3)  պարունակում էր 2013թ. Ադրբեջանում նախագահական ընտրությունների կեղծումը հաստատող փաստացի նյութերի ավելի քան 100 էջ և մեկ տրիլիոն եվրոյի նյութական  փոխհատուցման պահանջ:

Իրավաբանության մեջ արարքն իրադարձության պարտադիր հատկանիշ է. այն սահմանվում է որպես գործողության կամ անգործության ձևով գիտակցված-կամային վարքագծի ակտ: Իր որոշմամբ (անգործությամբ)  Եվրոպական դատարանը հրաժարվել է ոչ միայն Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների, այլև ԽՍՀՄ փլուզումից հետո պետությունների իրավահաջորդության հարցի քննությունից, ինչը փոխադրել է ղարաբաղյան հակամարտության լուծումը բացառապես միջազգային իրավունքի հարթություն:

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է 1988 թվականից: Ղարաբաղյան պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ: Մեկ միլիոնից ավելի մարդիկ փախստական և ներքին տեղահանված անձ են դարձել, որոնց մի զգալի հատվածն էլ Ադրբեջանից փախստականներն են` հիմնականում հայեր (ինչպես նաև ռուսներ, հրեաներ և հայ-ադրբեջանական խառն ընտանիքների անդամներ), որոնք ստիպված էին փախչել Հայաստան, ԼՂՀ, Ռուսաստան, ԱՄՆ և այլ երկրներ: Ի տարբերություն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների` Ադրբեջանից հեռացած հայ փախստականները երբեք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցնող բանակցությունների ուշադրության կենտրոնում չեն եղել: Մի քանի հարյուր հազար մարդ, կարծես, «օդում կախված են մնացել»…

Փախստականներից շատերն ունեին ԽՍՀՄ անձնագրեր և ոչ մի երկիր պատրաստ չէր նրանց համար պատասխանատվություն ստանձնել: Ադրբեջանի Հանրապետությունն անտեսում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիների իրավունքները (դա արտացոլված է թիվ` 25718/14 գործի փաստաթղթերում), հետևաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ներկայիս սահմաններով Ադրբեջանական ԽՍՀ-ից վտարված մոտ կես միլիոն հայ փախստականների միակ իրավահաջորդ պետությունն է, իսկ նրա տարածքը` հատուցման պաշարներից մեկը:

2014թ. օգոստոսի 1-ին ՄԻԵԴ թիվ 25718/14 գործը և «Մենք գոյություն ունենք» ուղեկից նամակն  Իսրայելում Իտալիայի դեսպան Ֆրանչեսկո Մարիա Տալոյի միջոցով ուղարկվել են Իտալիայի Հանրապետության կառավարությանը, իսկ պատճենները` ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Ուղեկից նամակը պարզաբանում էր այն նոր իրավական դրությունը, որում հայտնվել են ղարաբաղյան կարգավորման հարցին հետամուտ պետությունների կառավարությունները և միջազգային կազմակերպությունները ՄԻԵԴ ճակատագրական որոշումից հետո: Հիշյալ նամակը հղում էր կատարում 1998թ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության  (ԱԺՀ) ստեղծման 80-ամյակի կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին ուղղված Հեյդար Ալիևի պատմական կոչին, որում նա օրենսդրորեն ամրագրված է համարել այն, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն ԱԺՀ քաղաքական իրավահաջորդն է: Արդի Ադրբեջանը չի դարձել Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը, իսկ ԱԺՀ-ի պետական սահմաններում Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել:  Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի Հանրապետության կառավարության հայտարարությունները ոտնահարված տարածքային ամբողջականության մասին, ինչպես նաև ԼՂՀ տարածքի նկատմամբ ներկայացվող հավակնությունները զուրկ են որևէ իրավական հիմքից:

Իտալիայի կառավարությանն ուղղված նամակում նշվում է, որ ԼՂՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձանց ապօրինի հայտարարություններին աջակցող պետությունները պետք է պատասխանատվություն կրեն մոտ կես միլիոն հայ փախստականների ճակատագրերի համար, որոնց կողմից կարող են միլիոնավոր դատական հայցեր սպասվել  թե° հայ, և թե° ադրբեջանցի փախստականների կողմից` նրանց օրինական իրավունքների ոտնահարման կապակցությամբ: Բարձրաձայնվել է նաև այն միտքը, թե ԼՂՀ-ն պետք է ճանաչվի որպես չեզոք անկախ պետություն: Ընդգծվել է, որ երկու կողմերի փախստականների փոխհատուցման չափը և հետհակամարտային զարգացման հարցերը կարգավորվելու են հետագա բանակցություների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կամ որևէ այլ ձևաչափով:

Դեպի անցյալ վերադարձն ահնար է. այս իրողության հետ պետք է հաշտվեն և° ղարաբաղյան հակամարտության կողմերը, և° միջազգային միջնորդները: AZAM 21 խաղաղարար խմբի կողմից մշակված կարգավորման ծրագիրը 2013թ. հուլիսին ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Մենք ձգտում ենք, որ «սառեցված» հակամարտությունը վերջնականապես կարգավորվի քաղաքական, տնտեսական և հոգևոր մակարդակներում:

– Քաղակական մակարդակը ներառում է ԼՂՀ ճանաչումը որպես անկախ չեզոք պետություն, որի չեզոք կարգավիճակը հաստատվում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից: Նոր «ճանապարհային քարտեզը» ենթադրում է ԼՂՀ քաղաքացիության մասին նոր օրենքի ընդունում` Ադրբեջանական ԽՍՀ-ից արտաքսված հայ փախստականների, խառը հայ-ադրբեջանական ընտանիքների և ԼՂՀ-ում բնակվել կամեցող ներքին տեղահանված անձանց թվին պատկանող ադրբեջանցիների շահերի հաշվառմամբ: Նոր իրողություններում ԼՂՀ կառավարությունը պետք է իրականացնի արդյունավետ կառավարում` մարդու իրավունքների, էթնիկական խաղաղության և տարածաշրջանային կայունության սկզբունքների հիման վրա:

– Տնտեսական մակարդակը ներառում է ԼՂՀ տնտեսությունը տնտեսական նոր նախագծերի հիման վրա գյուղատնտեսական-պաշարայինից հետարդյունաբերական հարթություն փոխադրելը` ներդրումային ժամանակակից մոդելների միջոցով: Դրանցում կարող են մասնակցություն ունենալ ոչ միայն ԼՂՀ, այլև հարավկովկասյան ողջ տարածաշրջանի բնակիչները:  Տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն են այլընտրանքային էներգետիկան, առողջապահությունը, բնապահպանական զբոսաշրջությունը և բարձ տեխնոլոգիական ոլորտները:

– Հոգևոր մակարդակը ներառում է ժողովրդական դիվանագիտության չօգտագործված պաշարների լայն կիրառումը` երկու ժողովուրդների ներկայացուցիչների միջև հաղորդակցության հաստատման, սադրիչ քարոզչության բացառման, միջէթնիկական խտրականության խորացմանը նպաստող գործողությունների կանխարգելման, հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման և մշակույթի ու զբոսաշրջության ակտիվ զարգացման միջոցով ԼՂՀ միջազգային կապերի ընդլայնման ուղղությամբ:  Հարկ է շեշտը դնել բարեդրացիության, կովկասյան մշակույթի և ավանդույթների ընդհանրության, ինչպես նաև համատեղ ձեռքբերումների և հաղթանակների վրա: Հետհակամարտային շրջանում կարող են դրական դեր  ունենալ տեղական ԶԼՄ-ները, ՀԿ-ները, բարոյական հեղինակությունները, ինչպես նաև AZAM 21 և այլ խաղաղարար խմբեր»:

Share

Comments are closed.