Կունենա՞նք նոր խորհրդարանում բազմակարծություն

ANԱնահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Մայիսի 3-ին Արցախում նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել հանրապետությունում գործող 12 կուսակցություններից 7-ը. համամասնական ընտրակարգով նրանք կպայքարեն 22 մանդատների համար:

 

Ովքե՞ր են մասնակցելու գալիք ընտրություններին

Այս ընտրությունները, ի տարբերություն նախորդների, առաջին հերթին աչքի կընկնեն իրենց ակտիվությամբ ու մրցակցությամբ, քանի որ մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն ունեն տարբեր դիրքորոշումներ ու հայացքներ: Դրանք են` Կոմունիստական, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները` համամասանական ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 34, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը` 48, «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը` 6 թեկնածուների ընդգրկմամբ:

ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձեւով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 4-ական թեկնածուներ` «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` «Ազգային վերածնունդ», 7-ը` «Շարժում 88» կուսակցությունները: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 33-ն անկուսակցական են:

Խորհրդարանական ընտրություններ. պատմություն եւ վիճակագրություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 1991թ. դեկտեմբերի 28-ին, որը նշանակված էր որպես ԼՂՀ Գերագույն խորհրդի ժողպատգամավորների ընտրությունների օր:

Ռազմաքաղաքական բարդ պայմաններում կայացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները, իսկ 1992թ. հունվարի 11-ին` կրկնակի քվեարկությունը: Նորանկախ երկրի 81 ընտրատարածքներում ընտրվեցին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները:

1995թ. ապրիլի 30-ին կայացան ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ. նոր ձեւավորված 33 ընտրատարածքներում ընտրվեցին ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները:

Հաջորդ ընտրությունները կայացան 2000թ. հունիսի 18-ին. Ազգային ժողովի 33 պատգամավորական մանդատի համար գրանցվել էին 113 թեկնածուներ, որոնցից 88-ը առաջադրվել էին քաղաքացիական նախաձեռնությամբ, իսկ 25-ը` կուսակցությունների կողմից: Այս գումարման ԱԺ-ում կուսակցությունները ներկայացված էին հետեւյալ կերպ` Արցախի Արմենական եւ Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները` մեկական պատգամավոր, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 9, Ժողովրդավարական Արցախ միությունը` 20 պատգամավոր:  Ի դեպ, շատերն են այսօր հիշում այս խորհրդարանը որպես ամենաարդյունավետներից մեկը:

Իրական մրցակցային հիմունքներով անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները կայացան 2005թ. հունիսի 19-ին. հերթական ընտրությունները, ի տարբերություն նախորդների, անցկացվեցին երկու` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով` համապատասխանաբար 11 եւ 22 մանդատների համար: Այդ ընտրություններին նույնպես մասնակցում էր 7 կուսակցություն` ընտրությունների շեմին ստեղծված  «Ազատ հայրենիք»  (17 թեկնածու), Արցախի ժողովրդավարական (25 թեկնածու), Բարոյական վերածնունդ ( 3 թեկնածու), ԼՂ կոմունիստական (10 թեկնածու), «Մեր տունը Հայաստանն է» (4 թեկնածու), «Սոցիալական արդարություն» (3 թեկնածու) կուսակցությունները եւ «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքը (18 թեկնածու), իսկ մեծամասնական ընտրակարգով` 111 թեկնածուներ:

Համամասնական ցուցակներով «Ազատ հայրենիք» կուսակցությանը բաժին հասավ 3, Արցախի ժողովրդավարական կուսակցությանը` 5, «ՀՅ Դաշնակցություն – Շարժում 88» դաշինքին` 3 մանդատ:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների` 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, որոնք կայացան 2010թ. մայիսի 23-ին, աչքի ընկան մրցակցության բացակայությամբ, քանի որ համամասնական 17 եւ մեծամասնական 16 մանդատների համար առաջադրված 4 կուսակցությունները` «Ազատ հայրենիք» (35 թեկնածու), Արցախի ժողովրդավարական (32 թեկնածու), ԼՂ կոմունիստական (5 թեկնածու), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (10 թեկնածու) կուսակցությունները 2007-ին կայացած նախագահական ընտրություններին միասնաբար պաշտպանել էին ներկայիս նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը եւ հայտնվել էին իշխանական բուրգում: Սա, ինչպես եւ ենթադրվում էր, թույլ տվեց վերոնշյալ կուսակցություններին գնալ քաղաքական առեւտրի եւ ընտրություններում պայքարել հենց այդ առեւտրի կանոններով, ինչն էլ հաջողվեց: Այդ ընտրությունների արդյունքներով` համամասնական ցուցակով «Ազատ հայրենիքն» ունեցավ 8, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 5,  Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 4 մանդատ, որոնցից երկուսը հետագայում դուրս եկան խմբակցությունից եւ անկախ պատգամավոր դարձան:

Ինչո՞վ են առաջիկա խորհրդարանական ընտրությունները տարբերվելու նախորդներից

Առաջին հերթին նրանով, որ գալիք խորհրդարանը լինելու է պրոֆեսիոնալ, ինչը նշանակում է, որ ընտրված պատգամավորները պետք է զբաղվեն միայն օրենսդրական գործունեությամբ: ԼՂՀ սահմանադրությամբ պատգամավորին արգելուվմ է զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Սա նշանակում է, որ ընտրություն պետք է կատարեն նաեւ ընտրված այն պատգամավորները, ովքեր ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում կամ այլ աշխատանք ունեն, բիզնեսով են զբաղված: Գաղտնիք ասած չեմ լինի, որ Արցախում շատ են գործարար պաշոնյաները, այդ թվում` գործող պատգամավորներն ու նոր թեկնածուները, սակայն, ինչպես ընդունված է մեզ մոտ, այդ բիզնեսներն իրենց անուններով չեն գրանցված, բայց Արցախն այնքան փոքր է, որ ամեն ոք կարող է րոպեների ընթացքում ցանկացած մարդու մասին մանրամասն տեղեկություններ իմանալ (եթե, իհարկե, դեռ չգիտի), էլ չենք խոսում այն մասին, որ հաճախ կարելի է տեսնել «ավելի կարեւոր» գործերով զբաղվող նախարարի կամ մեկ այլ պաշտոնյայի իր իսկ օբյեկտներում` կատարվող աշխատանքները վերահսկելիս:

Այս ընտրություններն աչքի են ընկնում նաեւ թեկնածուների «առատությամբ». պատգամավոր ձգտում են դառնալ շատերը` պատճառը, թերեւս, հասկանալի է` այսուհետ խորհրդարանականները բարձր աշխատավարձ են ստանալու` 8 գործակցով, ԱԺ նախագահն էլ` 14 գործակցով: Աշխատավարձը հաշվարկվում է այսպես` 8xնվազագույն աշխատավարձ, կամ էլ` 14xնվազագույն աշխատավարձ: Իհարկե, ոչ բոլորն են ձգտում պատգամավորական մանդատին հասնել բարձր աշխատավարձի համար, սակայն դա լուրջ խթան կարող է լինել:

Մյուս տարբերությունն այն է, որ այն կուսակցությունները, որոնք անցած ընտրություններում կանգնել են Բակո Սահակյանի կողքին եւ սատարել նրան, կարող են լուրջ պայքարի մեջ մտնել` խախտելով 2007-ի միասնության խաղի կանոները մի պարզ պատճառով` իրենց պաշտպանած թեկնածուն շուտով կհեռանա երկրի ղեկավարի պաշտոնից: Սակայն, շատ ավելի հավանական է, որ խորհրդարանական կուսակցությունները չեն գնա նման քայլի, այլ կխաղան իրենց ավանդական կանոններով: Համենայն դեպս, այս մասին է վկայում մեծամասնական ընտրատարածքներում այդ կուսակցությունների թեկնածուների բաշխվածությունը:

Մեկ այլ տարբերություն եւս. այս ընտրություններում «խաղացողների» բազմազանությունը հուշում է, որ չնայած իշխանական կուսակցությունների պայմանավորվածությանը` ընտրություններն, այնուամենայնիվ, կարող են հետաքրքիր լինել, քանի որ մասնակցելու են նաեւ ոչ իշխանական կուսակցություններ եւս: Նրանցից են «Շարժում 88»-ը, որի համամասնական ցուցակը գլխավորելու է վերջին նախագահական ընտրություններում շուրջ 33 տոկոս ձայն հավաքած թեկնածու Վիտալի Բալասանյանը եւ «Ազգային վերածնունդը», որը վերջին երկու տարում քաղաքական դաշտում իրական այլընտրանք էր հանդիսանում և որին աջակցելու է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Կփոխվի` արդյոք այս վիճակը 6-րդ գումարման խորհրդարանում` դժվար է ասել: Կունենա՞նք նոր խորհրդարանում բազմակարծություն, սկզբունքային քննակումներ ու դեմ քվեարկողներ` դարձյալ պարզ չէ, բայց որ դրա հնարավորությունը կա` դրանում կասկած չկա: Մնում է միայն այդ հնարավորությունը չխոչընդոտել ու քաղաքակիրթ ընտրապայքար վարել` զերծ բոլոր կարգի խախտումներից, քաղաքական առեւտրից, ճնշումներից ու վարչական լծակների գործադրումից:

 

 

Share

Comments are closed.