Միշտ էլ շանս կա փոխելու քո և ժողովրդի կյանքը.

հերթական ընտրություններին ընդառաջ

 

Վvardges-ovyan1արդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ

Ժողովրդական իմաստությունների` հարյուրավոր, հազարավոր առած-ասացվածքների մեջ այսպիսի տարածված միտք էլ կա. «Ժողովուրդն իմաստուն է»: Անշուշտ, ժողովուրդն իմաստուն է: Բայց… Բայց երբեմն պարզվում է, որ, այնուամենայնիվ, ժողովուրդն էլ անսխալական չէ: Ժողովրդի իմաստուն միտքն էլ ունի մակընթացության և տեղատվության ժամանակներ, մտավոր դեպրեսիայի պահեր: Բարեբախտաբար, վերջինս հնարավորինս սակավադեպ է: Դա թերևս կախված է նաև նրանից, թե ինչ բարոյական մթնոլորտ է տիրում տվյալ երկրում, տվյալ հասարակության մեջ: Օրինակ, գաղջ մթնոլորտում կարծես թե անխուսափելի են նման վրիպումները:

Այսպես, այսօր էլ մեր ժողովրդի մեջ տարածված արտահայտություն կա` «Ով էլ լինի` նույնն է լինելու, ոչինչ չի փոխվելու»: Այս միտքը, ցավոք, նոր չէ, տասնամյակներ առաջ ու դրանից առաջ էլ շրջանառվում էր հանրության շրջանում: Անբարո ղեկավարի կամ անբարո իշխանության պարագայում այն ամենատարածված արտահայտությունն էր դառնում` հնչելով թե՛ հասարակ շինականի և մուրացկանի, թե՛ պետական ծառայողի, մտավորականի և բանվորի շուրթերից:

Անկասկած, այդկերպ մտածողությունը բխում է առկա համակարգի, իշխող խավի շահերից: Փոփոխության միտված ցանկացած շարժում, ցանկացած գաղափար դեռ սաղմի մեջ սպանելու լավագույն միջոցն է «ոչինչ չի փոխվելու»-ն, որ կարող է թևաթափ անել, հուսահատության գիրկը նետել անգամ լավատես և նույնիսկ ամենաանընկճելի թվացող մարդուն:

Քանի որ նման մտածողությունը բխում է իշխող ռեժիմի շահերից, կարելի է ենթադրել, որ այդ «խայծը» վերևներից են նետել ժողովրդի մեջ: Բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, թե իրոք այդպես է դա: Այս մտածողությունը հատուկ է և տարածված է հատկապես ստրկամիտ հանրություններում, որոնք առաջնորդվում են «Ով փալան, մենք` էշ» սկզբունքով, և շարունակ խնամակալ են փնտրում` թևի տակ պատսպարվելու, գոյությունը պահպանելու համար:

Կասկած չկա, որ անհեթեթություն է դա: Այդպես լինել չի կարող: Ապացույցը` բազմաթիվ քաղաքակիրթ երկրները, որտեղ գերագույն արժեքն ու վճռորոշ գործոնը ոչ փողն է, այլ օրենքը, որի առաջ բոլորը հավասար են: Որտեղ դատավորի աշխատավարձը եռակի կամ քառակի չեն բարձրացնում, ինչ է թե` կաշառք չվերցնի, և իբր կոռուպցիայի դեմ պայքարով է դա պայմանավորված: Ու որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը վստահված չէ…կոռուպցիոներներին:

Թեմայից չշեղվեմ: Ասելիքս այն է, որ մարդկությունը եթե առաջնորդվեր «ոչինչ չի փոխվելու» անհեթեթությամբ, ապա ոչ մի առաջընթաց, ոչ մի զարգացում չէր լինի աշխարհում և այսօր մենք շնչելիս կլինեինք միջնադարի օդը, թերևս շատ ու շատ ազգեր էլ գուցե թե ապրելիս լինեին քարանձավում:

Ամեն անգամ լսելով այդ հայտարարությունը, զրուցակցիս հարցնում եմ. «Քո մտերիմների, բարեկամների, ընկերների մեջ կա՞ արդյոք մեկը, որին վստահում, հարգում ու սիրում ես բոլորից շատ»: Զրուցակիցս, բնականաբար, դրական է պատասխանում հարցիս` իհարկե, կա: Երբեմն էլ մեկի փոխարեն մի քանիսին է հիշում: «Այդ դեպքում, մի պահ պատկերացրու` այդ մարդն է քո երկրի ղեկավարը,- ասում եմ,- նա խաբելո՞ւ, թալանելո՞ւ է քեզ և քեզ նմաններին, նա անօրեն միջոցներով միլիոննե՞ր է կուտակելու»:

Անսպասելի հարցը մի որոշ ժամանակ մտքում քննարկելուց հետո հիմնականում այս պատասխանն է հնչում` իհարկե, ո՛չ: «Այդ դեպքում ինչո՞ւ ես ասում, որ ով էլ լինի, այդպես է լինելու, ոչինչ չի փոխվելու»` եզրափակում եմ:

Շատերն էլ, որպես «ոչինչ չի փոխվելու»-ի ապացույց, վկայակոչում են վերջին երկուսուկես տասնամյակի ղեկավարներին ու իշխանություններին: «Տեսնո՞ւմ եք, ոչինչ չի փոխվել»: Այո, ոչինչ չի փոխվել, որովհետև իշխանությունների սովորական վերարտադրություն է տեղի ունեցել, այլ ոչ թե փոփոխություն: Նույն «էլիտար» խավի մի ներկայացուցիչ փոխարինվել է մի այլ ներկայացուցչով: Վերջիններիս լեզվամտածողությամբ արտահայտված` «Մենք ենք, մեր թիմը»: Առաջին հորիզոնականում միշտ նույն թիմն է:

Ժողովրդի մեջ տարածված մի այլ անհեթեթության մասին ևս: «Հարյուրամյակներ շարունակ լինելով օտարների լծի տակ, պետականաշինության պատմական փորձ չենք կուտակել: Դեռ նոր-նոր ենք այն սովորում»,- ասում են ոմանք` դրանով արդարացնել փորձում պետականաշինության բոլոր ձախողումներն ու պետության մեր «մոդելը», առկա «կոտրած տաշտակի» գոյությունը:

Գուցե թե մի հազար կամ երկու հազար տարի առաջ տրամաբանական թվար նման մտածելակերպը: Բայց 20-րդ դարի վերջերից ի վեր ու 21-րդ դարում այդօրինակ մտածելակերպը նույնն է թե նոր-նոր մտածես հեծանիվ հնարելու կամ Ամերիկան նորից հայտնագործելու մասին:

Ունենք կրթական, այսպես կոչված, ժամանակակից համակարգ, գիտական հաստատություններ: Աշակերտը դպրոցական նստարանից արդեն ծանոթանում է զարգացման դինամիկային, պետական կազմավորումների մեխանիզմներին, բարձրագույնում կատարելագործում սովորածը: Մի հզոր գործոն էլ կա` համաշխարհային փորձը: Բարեբախտաբար, Ռոբինզոն Կրուզոյի անմարդաբնակ կղզում չենք ապրում, ունենք հարևան երկրներ և հարևանների հարևաններ, անգամ մեզնից հազարավոր կիլոմետրերով հեռու երկրներ կան, որոնց պետական կառավարման մեխանիզմները վաղուց գաղտնիք չեն…

Մի հետաքրքիր դիտարկում. քանի որ «պետականաշինության» մեր ճանապարհին շարունակ օրինախախտումներ կատարողը ոչ թե հասարակ մարդիկ են, ժողովուրդը (որն, ի դեպ, մեզանում եղել ու մնում է օրինապաշտ-օրինասեր-օրինահպատակ), այլ պետական պաշտոնյաները, ուրեմն հենց վերջիններս են այս ամենի մեղավորը և պետականաշինության իրենց անփորձությամբ ստանձնել են երկրի և ժողովրդի ճակատագիրը: Ավելին` իրենց անփորձությամբ հանդերձ, ատամներով, հնարավոր ու անհնարին ամեն միջոցով փորձում են պահել «անփորձի» իրենց իշխանությունը:

Այլ կերպ ասած կամ որպես կարճ ընդհանրացում` չես կարողանում, ձախողվել ես, ի հավելումն այդ ամենի` «պետականաշինության պատմական փորձ» չունես, հեռացիր, թող գան նրանք, ովքեր պետականաշինության իրենց գիտելիքները կարող են լրացնել, զարգացնել, կատարելագործել քաղաքակիրթ երկրների, զարգացած երկրների հարուստ փորձով:

Դիտարկածս «ժողովրդական» արտահայտություններն ամեն դեպքում արդարացնում են օրվա իշխանություններին, առկա պետական համակարգը: Եվ դա բխում է ոչ միայն իշխող խավի շահերից, այլև հանրության այն շերտերի շահերից, որոնք իրեն ամենևին նվաստացած չեն զգում սեփական անարժանապատիվ կյանքից, խուսափում են իրենց իրավունքների համար պայքարի որևէ ձևից, որովհետև վաղուց հրաժարվել են վերուստ իրեն շնորհված իրավունքից` երկրում Տեր լինելուց: Նրանք դարձել են միայն տեր փնտրող, ցանկացած տիրոջ ծառա, ստրուկ:

1988-ի ազգային վերելք, ազգային զարթոնք ապրած և պարտադրված պատերազմում հակառակորդին ծնկի բերած, իր մեջ ստրուկին հաղթած ժողովուրդը կրկին դարձել է, մեղմ ասած, անազատ, և պարզ է, թե ով է այս ամենի հիմնական մեղավորը: Այնուամենայնիվ, միշտ էլ շանս կա փոխելու քո և ժողովրդի կյանքը:

Share

Comments are closed.