Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություն

Gul, SargsyanՀայաստանը եւ Թուրքիան,

ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային եւ այլ ոլորտներում, ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված արձանագրության,

վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկիի եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

վերահաստատելով իրենց երկկողմ եւ միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու եւ հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը,

հաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստող` երկու երկրների միջեւ հավատի եւ վստահության մթնոլորտ ստեղծելու եւ պահպանելու կարեւորությունը, ինչպես նաեւ վճռական լինելով զերծ մնալ ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից, խրախուսել վեճերի խաղաղ կարգավորումը, պաշտպանել մարդու իրավունքները եւ  հիմնարար ազատությունները ստեղծելու կարեւորությունը,

հաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով, կարեւորելով ընդհանուր սահմանը բացելու իրենց որոշումը,

վերահաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը` անկախ դրանց պատճառներից, խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում,

հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի վրա հիմնված հարաբերությունների նոր ձեւեր եւ  ուղիներ մշակելու եւ խաղաղության, փոխըմբռնման ու ներդաշնակության ձգտելու իրենց պատրաստակամությունը,

համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիային համապատասխան, սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից եւ փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:

Սույն արձանագրությունը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունն ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:

Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

10 հոկտեմբեր, 2009թ., ՑյուրիխGul, Sargsyan

Նկարում` Սերժ Սարգսյան-Աբդուլլահ Գյուլ պատմական ձեռքսեղմում, 6 սեպտեմբեր, 2008թ., Երեւան

 

http://www.aniarc.am

Share

Comments are closed.