Արցախյան հանրության ինքնակազմակերպման գործընթացը Խորհրդային Միության փլուզումից հետո

Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
“Ազատ Արցախ” թերթի գլխավոր խմբագիր

 

 

 

 

 


Վարդգես ԲԱՂՐՅԱՆ
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր

Կարծում ենք,  որ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծմանը հանգեցրած` ղարաբաղյան հանրության ինքնակազմակերպման գործընթացի լավագույնս ընկալման համար նախեւառաջ հարկ է մի փոքրիկ էքսկուրս կատարել դեպի մեր պատմությունը, որտեղ էլ հենց թաքնված են ղարաբաղյան պետականության ակունքները:

Այդ փաստերի իմացությունն անաչառ հետազոտողին թույլ կտա հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ոչ թե դատարկ տեղն է ծագել, այլ բազմադարյա պատմություն ունի, եւ եթե կարելի է այսպես արտահայտվել` այդ պետականության գեները երկար ժամանակ ննջում էին ղարաբաղցիների մեջ եւ վերստին արթնացան 20-րդ դարի ավարտին` Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավաքաղաքական նոր իրողությունների երեւան գալու հետ միասին: Հարկ է նկատի ունենալ նաեւ այն փաստը, որ նույնիսկ գտնվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում` Լեռնային Ղարաբաղը` որպես ինքնավար մարզ, ունեցել է պետական կազմավորման կարգավիճակ, իսկ հանրապետության հայ ազգաբնակչությունը համարվել է պետականաստեղծ ազգ:

Լեռնային Ղարաբաղը, կամ հայեցի` Արցախը վաղեմի ժամանակներում պատմական Հայաստանի նահանգներից մեկն էր, ինչը հաստատում են նաեւ մի շարք անտիկ հեղինակների` Ստրաբոնի, Պլինիուս Ավագի, Կլավդիոս Պտղեմեոսի, Պլուտարքոսի եւ այլոց աշխատությունները: 387 թվականին Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ Հայաստանի բաժանման արդյունքում Արեւելյան Անդրկովկասի տարածքը, այդ թվում` Արցախը, անցան Պարսկաստանին: Կարեւոր է նշել, որ ընդհուպ մինչեւ ուշ միջնադար երկրամասի էթնիկ սահմաննները, ինչպես եւ դրա էթնիկ կազմը փոփոխության չեն ենթարկվել` այն մնում էր հայաբնակ: Ոչ նվազ կարեւոր է մեկ այլ հանգամանք` չնայած պարսկական տիրապետությանը` Արցախի մելիքությունները (դրանք հինգն էին), որոնք ժառանգաբար կառավարվում էին մելիքների կողմից, պահպանել են իրենց անկախությունը: Զուտ ձեւականորեն նրանք միավորված էին Ղարաբաղյան խանության մեջ` Պարսկաստանի կազմում եւ, բնականաբար, ոչ մի կապ չունեին Ադրբեջանի հետ, ինչպես այսօր փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Այն պարզ պատճառով, որ այդ պատմական ժամանակաշրջանում Ադրբեջան` որպես պատմական կազմավորում, գոյություն չուներ: Միայն տասնութերորդ դարի կեսերից Ղարաբաղի հյուսիսային շրջաններ սկսեց մուտք գործել թյուրքական տարրն` ի դեմս քոչվոր ցեղերի, որոնք էլ բազմամյա պատերազմների պատճառ դարձան: Տասնիններորդ դարի սկզբներին` 1813 թվականին Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղյան խանությունը մտավ ռուսաստանյան կայսրության կազմը, սակայն Ռուսաստանում  1917 թվականի հեղափոխությունը եւ դրան հետեւած թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս կտրուկ փոխեցին երկրամասի պատմությունը: Բոլշեւիկյան կուսակցական ղեկավարության ոչ իրավական որոշման արդյունքում Լեռնային Ղարաբաղը` ի հեճուկս նրա բնիկ հայ բնակչության, քսանական թվականների սկզբներին հայտնվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում: Փաստորեն հենց Ադրբեջանի կազմ Արցախի բռնի ընդգրկման պահից ի վեր էլ, ինչն ըստ էության լեգիտիմացրել է հինավուրց հայկական հողերի բռնազավթումը, ծագել է ղարաբաղյան հիմնախնդիրը:

Հանրության ինքնակազմակերպման գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի կողմից անկախ  պետականության կառուցումը չի կարելի նաեւ դիտարկել Խորհրդային Միությունում 1980-ական թվականների կեսերին կատարված քաղաքական իրադարձություններից կտրված: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն օբյեկտիվորեն հանդիսացել է ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման արդի փուլի արդյունքը, շարժում, որ սկսվել է 1988 թվականի փետրվարին, ինչն էլ իր հերթին հետեւանք էր Միխայիլ Գորբաչովի հռչակած վերակառուցման քաղաքականության: Հենց այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կանխորոշեց նրա հասարակական-քաղաքական զարգացման հետագա  ուղին: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում` ուղղված Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին` նրա կազմից դուրս գալու, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին` նրա կազմի մեջ մտնելու եւ ԽՍՀՄ ԳԽ-ին` այդ դիմումը բավարարելու մասին` հիմնվելով իրավական նորմերի եւ ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:

Հարկ է նշել, որ նույնիսկ խորհրդային ամբողջատիրության ժամանակաշրջանում երկրամասի հայ ազգաբնակչությունը` երկար տարիներ խտրականության ենթարկվելով ադրբեջանական իշխանությունների կողմից, բազմիցս բարձրացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը Կենտրոնի առջեւ, ձգտել է մարզը դուրս բերել Ադրբեջանի կազմից, քանի որ միայն դրանում էր տեսնում իր անվտանգ զարգացման ու  իր պատմական բնակության տարածքը պահպանելու միակ երաշխիքը:  Սակայն կենտրոնական իշխանությունները ոչ միայն չեն լուծել հիմնախնդիրը, այլ ավելի են խորացրել այն: Ու միայն 1988 թվականին` վերակառուցման արդյունքը հանդիսացած քաղաքական փոքրիշատե լիբերալիզմի առկայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը նորից բարձրացրեց մարզը Հայաստանին վերաենթարկեցնելու հարցը:

Հարկ է առանձնակի ընդգծել, որ մարզը Հայաստանին վերամիավորելու հարցը դրվել է միանգամայն ժողովրդավարական ճանապարհով` ժողովրդական ազատ կամարտահայտման ձեւերի ու մեխանիզմների կիրառմամբ, ինչը, մասնավորապես, դրսեւորվել է կենտրոնական իշխանություններին հասցեագրված դիմումների տակ քաղաքացիների ստորագրությունների հավաքմամբ, խաղաղ երթերով ու ցույցերով: Ինքնին փետրվարի 20-ի որոշումը` Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, ընդունվել է խորհրդարանական ճանապարհով` ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում` ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային համընդհանուր նորմերի շրջանակներում: Իմա` իր սեփական քաղաքական ապագան ազատորեն որոշելու իրավունքից օգտված ժողովրդի պահանջն օրենսդրորեն ամրապնդվել է խորհրդարանական կառույցի որոշմամբ: Ժամանակին հենց այդպիսի կառույց էր մարզային խորհուրդը:

Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատման համար պայքարի ընթացքում մարզի բնակչությունը փորձեր էր ձեռնարկում ինքնակազմակերպվելու, տարերային ելույթներին, խաղաղ երթերին ու ցույցերին, հանրահավաքներին ու գործադուլներին կազմակերպված ու համակարգված բնույթ տալու համար: Այսպես, շարժման նախնական փուլում` 1988 թվականի մարտի 1-ին` ընտրությունների ժողովրդավարական ձեւով կազմավորվել է ՙԿռունկ՚ կոմիտեն, որը վայելում էր ժողովրդի մեծ վստահությունը: Հետագայում, երբ արդեն Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ կոմիտեն օրենքից դուրս հայտարարվեց, նրան փոխարինեց Տնօրենների խորհուրդը` կազմված Լեռնային Ղարաբաղի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներից: Խորհուրդն իր վրա  վերցրեց շարժման ղեկավարությունը:

1989 թվականի հունվարի12-ին  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ եղանակ: Մոսկվան կազմավորել է Հատուկ կառավարման կոմիտե` նրան օժտելով լիիրավ իշխանությամբ, սակայն մինչ այդ էլ դադարեցրել էր կոմկուսի ԼՂ մարզկոմի եւ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործունեությունը: Այս քայլն իրականում հակասահմանադրական էր, քանի որ ԽՍՀՄ սահմանադրության համաձայն` երկրի ամբողջ տարածքում իշխանությունը պատկանում էր Խորհուրդներին: Լայն լիազորություններով օժտված կոմիտեն, այնուամենայնիվ, քաղաքական խնդիրներ չէր լուծում, այլ իր ջանքերը կենտրոնացնում էր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ ազգամիջյան ընդհարումների կանխման վրա: Ի դեմս ժողովրդական պատգամավորների խորհրդի` իշխանության օրինական ընտրված մարմիններից զրկված ԼՂԻՄ բնակիչները 1989 թվականի օգոստոսի 16-ին Ստեփանակերտում հրավիրեցին ժողովրդի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն էլ ընտրեց Ազգային խորհուրդ: Բնականաբար, կենտրոնական իշխանությունների  կոշտ մամլիչի պայմաններում Ազգային խորհուրդը չուներ մարզի կառավարման իրական մեխանիզմներ (դրանք  գտնվում էին Հատուկ կառավարման կոմիտեի ձեռքին), սակայն խորհրդին հաջողվեց 1989 թվականի դեկտեմբերի1-ին Երեւանում` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հետ միասին ընդունել որոշում` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին:

Հարկ է ասել, որ Հատուկ կառավարման կոմիտեն` Արկադի Վոլսկու գլխավորությամբ, ադրբեջանական իշխանություններից անկախ քաղաքականություն էր վարում, ինչի շնորհիվ էլ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը փաստացի դուրս էր բերվել Ադրբեջանի իրավաենթակայությունից եւ անմիջականորեն ենթարկվում էր Մոսկվային: Դա, իհարկե, չէր կարող դուր գնալ պաշտոնական Բաքվին, որի ճնշման տակ էլ  1989  թվականի նոյեմբերին Մոսկվան լուծարեց Հատուկ կառավարման կոմիտեն, նույն թվի դեկտեմբերի 7-ին ստեղծելով Ադրբեջանի հանրապետական կազմկոմիտեն: Հենց այս կառույցի ստեղծմամբ էլ մարզում սկսվեցին դաժան ռեպրեսիաները եւ շարժման ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները: Հարկ է նշել, որ միութենական կենտրոնը վախենում էր էթնոտարածքային հարցերը ներքեւի նախաձեռնությամբ լուծելու նախադեպից, ուստի եւ պետական մեքենան սկզբում գործարկեց հիրավի ժողովրդական ղարաբաղյան շարժման վարկաբեկման, իսկ ապա նաեւ դրա դաժան ճնշման համար` ներքին զորքերի եւ բանակի ստորաբաժանումների օգնությամբ: Հայ ազգաբնակչության դեմ պատժիչ միջոցների թվին կարելի է դասել Կենտրոնի մշակած եւ Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ իրականացրած ՙԿոլցո՚ օպերացիան, որի արդյունքում բռնատեղահանվել է ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ նրան հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակչությունը, ինչն ուղեկցվում էր հայազգի բնակիչների սպանությամբ եւ թալանով: Բայց անգամ այդ պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի հրաժարվել Ադրբեջանի կազմից մարզը դուրս բերելու համար պայքարից:

Այստեղ հարկ է ընդգծել ղարաբաղցիների քաղաքական գործողությունների մի գլխավոր առանձնահատկություն: Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, իսկ ապա նաեւ սեփական պետականության կառուցման համար պայքարի բոլոր փուլերում նրանք խստորեն հետեւել են օրենքի նորմերին` ինչպես այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքին: Պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ընդդիմախոսներն այդպես էլ ցայսօր չկարողացան փոքրիշատե  ծանրակշիռ փաստարկ գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման անիրավաչափության օգտին:

1980-1990-ականների սահմանագծին աշխարհում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոխակերպումները եւ առաջին հերթին ԽՍՀՄ վերահաս փլուզումը միանգամայն այլ իրավիճակ ստեղծեցին, որն էլ նոր պահանջներ էր առաջադրում: Այդ իսկ պատճառով ղարաբաղցիները ստիպված եղան որոշակի շտկումներ մտցնել Ադրբեջանից սեցեսիայի խնդրի իրականացման ռազմավարության մեջ: Անկախ պետության ստեղծման գաղափարն իրական հեռանկար ձեռք բերեց այն բանից հետո, երբ իր վերջին օրերն ապրող Խորհրդային Միության փլուզումն անխուսափելի դարձավ: 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիր, որով Բաքուն փաստորեն հրաժարվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունից եւ վերականգնեց 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության պետականությունը: Ավելի ուշ` 1991 թվականի հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանն ընդունեց պետական անկախության մասին սահմանադրական ակտ, որն ամրապնդեց Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունից հրաժարումը, իմա` քաղաքական եւ իրավական առումներով դա հավասարազոր էր ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալուն: Այսպիսով, նշյալ երկու օրենսդրական ակտերը հռչակել են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության պետաիրավական կարգավիճակի վերականգնումը, հետեւաբար` 1918-1920 թվականներին նրա  ունեցած սահմանները, երբ ո´չ Ղարաբաղը, ո´չ էլ հայաթափված Նախիջեւանը չէին գտնվում Ադրբեջանի կազմում:

1980-ական թվականների վերջի եւ 1990-ականների սկզբների իրավաքաղաքական նոր իրողությունների մասին խոսելիս չի կարելի չհիշատակել 1990  թվականի ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքը` ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին: Ինքնավար կազմավորումների կողմից սեփական պետաիրավական կարգավիճակի հարցի լուծման կարգը սահմանած այդ օրենքի 3-րդ հոդվածում ասվում է, որ իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետությունում առանձին հանրաքվե է անցկացվում յուրաքանչյուր ինքնավարությունում: Ինքնավար հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք է վերապահվում ԽՍՀՄ կազմում կամ անջատվող միութենական հանրապետության կազմում մնալու մասին հարցը ինքնուրույն լուծել, ինչպես նաեւ իր պետաիրավական կարգավիճակի մասին հարց բարձրացնել: Այն միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ վայրի բնակչության մեծամասնությունը կազմող եւ հոծ բնակվող ազգային խմբեր, հանրաքվեի արդյունքների որոշման ժամանակ քվեարկության արդյունքներն այդ վայրերում առանձին են հաշվառվում՚ (Ведомости Съезда народных депутатов СССР и Верховного Совета СССР, 1990, #15, стр. 252): Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման գործընթացի անաչառ դիտարկման դեպքում կարելի է նկատել, որ Լեռնային Ղարաբաղի գործողությունները լիովին տեղավորվում են նշյալ օրենքի շրջանակներում:

1990  թվականի ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքը հիմք ընդունելով, ինչպես նաեւ նկատի ունենալով Ադրբեջանի ընդունած հռչակագիրը Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշեց ընտրել սեփական պետականության ստեղծման ուղին:  1991  թվականի  սեպտեմբերի 2-ին  ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում` բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հռչակագրում, մասնավորապես, արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում` մինչեւ ԼՂՀ սահմանադրության եւ օրենքների ընդունումը, գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը եւ օրենսդրությունը: Այլ կերպ ասած` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս է եկել  իրավական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, դեռեւս մնալով, սակայն, ԽՍՀՄ կազմում,  եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն արդեն դուրս էր եկել Խորհրդային Միության կազմից: Այնպես որ, երբ 1992  թվականին Ադրբեջանի Հանրապետությունը միջազգային ճանաչում ստացավ` ԼՂՀ-ն նրա կազմում արդեն չկար:

Անկախ պետականության ճանապարհին կատարված հաջորդ իրավական քայլը եղավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին` ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ անցկացված հանրաքվեն ԼՂՀ անկախության մասին, որը ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա իրավաբանորեն ձեւակերպեց հանրապետության կազմավորումը որպես անկախ պետություն: Հանրաքվեի նախապատրաստությունը, անցկացումը եւ արդյունքների ամփոփումն անցել են ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացման ժամանակավոր ընթացակարգին համապատասխան: Հանրապետության տարածքում ձեւավորվել է 81 ընտրական տեղամաս,  ընտրողների ցուցակում ներառվել է 132 հազար 328  մարդ: Հանրաքվեի դրված հարցն այսպես էր ձեւակերպված` ՙՀամաձա±յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձեւը ուրիշ պետությունների եւ ընկերակցությունների հետ՚: Քվեաթերթիկները կազմվել են երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Ընդհանուր առմամբ հանրաքվեին մասնակցել է 108 736  մարդ, կամ գրանցված ընտրողների 82,2 տոկոսը: Քվեարկությանը մասնակցածների 99,89 տոկոսը կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը: Հարկ է նշել, որ հանրաքվեին չմասնակցած ընտրողների ճնշող մեծամասնությունը կազմում էին ադրբեջանցիները, ովքեր Ադրբեջանի ղեկավարության հրահանգով բոյկոտել են այն: Սակայն այս հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում հանրաքվեի եւ դրա արդյունքների նշանակությունը, քանի որ քվեարկությանը չմասնակցելը նույնպես հանդիսանում է կամարտահայտության ժողովրդավարական ձեւ:

Կարեւոր է ընդգծել, որ ԼՂՀ անկախության հանրաքվեն նույնպես անցել է միջազգային նորմերին համապատասխան, տարբեր երկրներից ժամանած մի մեծ խումբ անկախ դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրաքվեի արդյունքների մասին նրանց կողմից ընդունված ակտը հավաստեց ժողովրդավարական կամարտահայտության տվյալ իրավական ակտի իսկությունն ու օրինականությունը: Դիտորդները նաեւ հարկ են համարել ընդգծել, որ հանրաքվեն անցկացվել է ԼՂՀ-ի դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչը դրսեւորվել է Ստեփանակերտի եւ մյուս բնակավայրերի անդադար գնդակոծմամբ` տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Այսպիսով, անկախության հանարաքվեն ապահովել է ԼՂՀ լիարժեք լեգիտիմությունը ԽՍՀՄ փլուզման իրավական համապատկերում, այլ կերպ ասած` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս է եկել ԽՍՀՄ օրենսդրությանը, ՄԱԿ կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Ամփոփելով կարելի է ասել, որ փաստորեն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն իրենց անկախության հռչակման ժամանակ հիմնվել են նույն պետաիրավական հենքին, իմա` ԽՍՀՄ օրենքներին: Տարբերությունը, սակայն, կայանում է նրանում, որ եթե առաջինի անկախությունը հայտարարվել է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից` առանց համաժողովրդական քվեարկության պարտադիր ընթացակարգի, ապա ԼՂՀ անկախությունը հռչակվել է հանրաքվեում ժողովրդական ազատ կամարտահայտության արդյունքում:

Անկախ ու ժողովրդավարական պետության ստեղծման ուղեգիծ ընտրելով` ԼՂՀ իշխանությունները սկսել են քայլեր ձեռնարկել պետական շինարարության գործընթացի հետեւողական զարգացման ուղղությամբ եւ ստեղծել իշխանության ու կառավարման մարմիններ: Անկախության հանրաքվեից անմիջապես հետո` 1991  թվականի դեկտեմբերի 28-ին, մեծամասնական ընտրակարգով անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնք թույլ տվեցին ընդհանուր, հավասար եւ գաղտնի քվեարկությամբ ձեւավորել պետական իշխանության բարձրագույն մարմին` ԼՂՀ Գերագույն խորհուրդ: Արդեն 1992  թվականի հունվարի  6-ին  Գերագույն խորհուրդն իր առաջին նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիր: Դրանում արձանագրվել էր, որ ելնելով ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքից, հիմք ընդունելով 1991  թվականի դեկտեմբերի 10-ին  կայացած հանրապետական հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը` ԼՂՀ Գերագույն խորհուրդը հաստատում է իր   դրոշը, զինանշանն ու օրհներգն ունեցող ԼՂՀ անկախ պետականությունը: Նույն այդ ժամանակ` 1992  թվականի հունվարի  6-ին, խորհրդարանը ձեւավորեց հանրապետության առաջին կառավարությունը` ԼՂՀ նախարարների խորհուրդը, որը ստիպված եղավ իր աշխատանքը սկսել Ադրբեջանի կողմից համատարած շրջափակման եւ ռազմական ագրեսիայի պայմաններում:

 

Հարկ է նշել, որ իր անկախության հռչակման պահից ի վեր ԼՂՀ-ն ձեռնամուխ է եղել իշխանական կառույցների ստեղծմանը` իշխանությունների տարանջատման (օրենսդիր, գործադիր եւ դատական) համընդհանուր սկզբունքի հիման վրա: Սակայն ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը լուրջ շտկումներ մտցրեց պետական շինարարության գործընթացում:  Արդեն 1992 թվականի ամռան կողմ ադրբեջանական զորքերի կողմից զավթված էր հանրապետության տարածքի շուրջ կեսը,  եւ նոր մարտահրավերներին դիմակայելու համար սուր անհրաժեշտություն էր դարձել խնդիրների օպերատիվ լուծման, բոլոր ներքին մարդկային ու նյութական ռեսուրսների հավաքագրման նպատակով իշխանության կենտրոնացումը: Ահա թե ինչու ստեղծելով կառավարման խորհրդարանական եղանակ` հանրապետության իշխանություններն այնուհետեւ ստիպված եղան գնալ խորհրդարանի եւ կառավարության լիազորությունների, քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների ու ազատությունների փաստացի սահմանափակման: 1992 թվականի օգոստոսին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց հանրապետությունում արտակարգ իրավիճակ մտցնելու եւ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու մասին` նրան փոխանցելով ամբողջ գործադիր իշխանությունն ու օրենսդիր իշխանության մի մասը:

Երիտասարդ հանրապետության պաշտպանության անհրաժեշտության հրամայականն առաջին պլան է մղել մարտունակ բանակի ստեղծման խնդիրը, բանակ, որ ԼՂՀ  եւ նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պիտի դառնա: Միասնական հրամանատարության ներքո ցանուցիր եւ ինքնավար գործող ինքնապաշտպանության ջոկատների միավորումից հետո կազմավորվել է Պաշտպանության կանոնավոր բանակը` կարեւոր պետական ինստիտուտ եւ ԼՂՀ անվտանգության երաշխավոր:

Պիտի ասել, որ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին հաջողվեց արտակարգ իրավիճակում լուծել իր առջեւ դրված խնդիրները, 1993-1994  թվականներին բեկում մտցնել ռազմաճակատում եւ ապահովել հանրապետության ու նրա բնակիչների անվտանգությունը:

1994 թվականի մայիսին զինադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված եռակողմ համաձայնագրից հետո կյանքն ինքն է հուշել իշխանական կառույցների լիազորությունների հստակ տարանջատման հիման վրա կառավարման ժողովրդավարական ձեւին անցնելու անհրաժեշտությունը: ԼՂՀ Գերագույն խորհուրդը դադարեցրել է Պաշտպանության պետական կոմիտեի գործունեությունը եւ 1994  թվականի նոյեմբերին օրենք է ընդունել ԼՂՀ նախագահի մասին,  դրանով իսկ հանրապետությունում մտցնելով նախագահի ինստիտուտը, ինչն էլ որակական նոր քայլ էր ԼՂՀ պետականության կայացման, նրա պետական կառույցների զարգացման ճանապարհին: Սկզբում`  1994  թվականի  դեկտեմբերին,  ԼՂՀ նախագահն ընտրվել է խորհրդարանի կողմից երկու տարով,  բայց արդեն  1996 թվականի նոյեմբերին նախագահ է ընտրվել համաժողովրդական քվեարկությամբ:

Ընդհանուր առմամբ` ԼՂՀ անկախ պետականության պատմության ընթացքում անցկացվել են նախագահական չորս համաժողովրդական ընտրություններ (1996-ին, 1997-ին, 2002-ին, 2007-ին): Դրանք բոլորն էլ անցկացվել են անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ, ովքեր անփոփոխ բարձր գնահատական են տվել ընտրություններին` ինչպես դրանց կազմակերպման, այնպես էլ քվեարկության ընթացակարգի տեսանկյունից, նշել են դրանց համապատասխանությունը համընդհանուր միջազգային նորմերին եւ ժողովրդական ընտրությունների անցկացման սկզբունքներին: Ըստ ԼՂՀ սահմանադրության` նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ԼՂՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը, ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը: Նա ներկայացնում է ԼՂՀ-ն միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող անընդմեջ հանրապետության նախագահ ընտրվել երկու անգամից ավելի: Հանրապետության նախագահը հետեւում է սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի ավարտով Լեռնային Ղարաբաղը թեւակոխեց պետական շինարարության հերթական փուլ, որը ենթադրում էր իշխանության եւ կառավարման մարմինների կառուցվածքի կատարելագործում:  Կյանքը հուշում էր նաեւ օրենսդիր իշխանության գերագույն մարմնի` ԼՂՀ Գերագույն խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը: 1991 թվականին ձեւավորված նախկին խորհրդարանը նոր պայմաններում դիտվեց որպես չափից ավելի մեծ ու ոչ արդյունավետ, դրա համար էլ որակական եւ քանակական փոփոխությունների ենթարկվեց: 1995 թվականի ապրիլի  30-ին հանրապետությունում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվեց նոր տիպի խորհրդարան, որը նախկին   81 պատգամավորի փոխարեն բաղկացած էր  33 պատգամավորից եւ ի զորու էր գործնականորեն արձագանքել կյանքի զարգացման դինամիկային, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտների փոփոխություններին: Մոտ մեկ տարի անց`  1996 թվականի մարտի 19-ին, Գերագույն խորհուրդը վերանվանվեց ԼՂՀ Ազգային ժողով:

 

Ընդհանուր առմամբ ԼՂՀ անկախության տարիներին հանրապետությունում անցկացվել են խորհրդարանական հինգ ընտրություններ, որոնց մասնակցել են տարբեր երկրներից ժամանած միջազգային անկախ դիտորդներ, որոնք փաստել են ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական չափորոշիչներին: Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ մեծամասնական եւ համամասնական խառը ընտրակարգ կիրառվեց 2005 թվականին, ընդսմին` խորհրդարանում գերակայում էին մեծամասնական տեղերը: Խորհրդարանական վերջին ընտրությունները կայացել են  2010  թվականի մայիսի  23-ին:

Այս անգամ համամասնական տեղերի քանակը թող որ աննշան, բայց գերակշռել է մեծամասնականին.  17` 16-ի դիմաց: Ընտրությունների արդյունքում ԼՂՀ Ազգային ժողովում են հայտնվել ՙԱզատ հայրենիք՚ կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն: Ազգային ժողովում ձեւավորվել են ՙՀայրենիք՚ (14 տեղ),  ՙԺողովրդավարություն՚ (10 տեղ),  ՙԴաշնակցություն՚ (6 տեղ) խորհրդարանական խմբակցությունները եւ ՙԱրցախատուն՚ պատգամավորական խումբը` կազմված երեք անկախ պատգամավորներից:

ԼՂՀ Ազգային ժողովն իրենից ներկայացնում է միապալատ ներկայացուցչական մարմին եւ հանդիսանում է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը: Նրա կողմից ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում ԼՂՀ նախագահի կողմից դրանց ստորագրումից հետո:  Խորհրդարանի լիազորությունները կանոնակարգվում են ԼՂՀ սահմանադրությամբ եւ ԼՂՀ Ազգային ժողովի մասին օրենքով: Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն ԼՂՀ նախագահը, պատգամավորները եւ կառավարությունը: Խորհրդարանի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ներկայիս Ազգային ժողովի կառուցվածքում կան յոթ մշտական հանձնաժողովներ:  ԼՂՀ Ազգային ժողովն արդյունավետ համագործակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ: Մշտապես գործում է ԼՂՀ եւ ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով:

ԼՂՀ Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է նաեւ հետխորհրդային տարածքի նոր պետությունների` Աբխազիայի Հանրապետության,  Հարավային Օսիայի Հանրապետության եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության խորհրդարանների հետ: Այն հետեւողական քայլեր է ձեռնարկում համագործակցության շրջանակերն ընդլայնելու ուղղությամբ, այդ իսկ նպատակով հաստատելով ու զարգացնելով կապերը տարբեր պետությունների խորհրդարանների եւ խորհրդարանական ենթակառուցվածքների` մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբակցությունների, բարեկամության խմբերի, առանձին խորհրդարանականների, ինչպես նաեւ հասարակական եւ քաղաքական ուժերի,  վերլուծական կենտրոնների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, միայն վերջին չորսուկես տարում  փոխադարձ այցելությունների եւ տարբեր ձեւաչափերով կազմակերպված պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների միջոցով այդօրինակ կապեր են հաստատվել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այլ երկրների ու միջազգային կառույցների հետ:

Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից բացի հանրապետությունում երեք տարին մեկ անցկացվում են ՏԻՄ ընտրություններ: Համայնքների անդամներն ընդհանուր, հավասար, անմիջական ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ ընտրում են տեղական ինքնակառավարման մարմիններ, ավագանի ու համայնքի ղեկավար, այդ թվում` հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ: ՏԻՄ հերթական ընտրությունները կանցկացվեն  2011 թվականի սեպտեմբերին:

Հետպատերազմյան տարիներին տեղի են ունեցել պետական իշխանության կատարելագործման ակտիվ գործընթացներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականության հետագա  ամրապնդման կարեւորագույն քայլ էր  2006 թվականի դեկտեմբերի

10-ին  համաժողովրդական քվեարկությամբ ընդունված ԼՂՀ սահմանադրությունը:

Հարկ է նշել, որ թեեւ մինչեւ  2006 թվականը հանրապետությունը չուներ սեփական սահմանադրություն` երկրում գործում էին պետության բնականոն գործունեությունն ապահովող սահմանադրական օրենքներ, որոնցում ամրագրված էին բոլոր հիմնադրույթները, որոնց հիման վրա էլ ձեւավորվել են պետական իշխանության եւ կառավարման մարմինները, սահմանվել են ԼՂՀ քաղաքացիության հիմնական սկզբունքները եւ այլն: Բարձրագույն իրավաբանական ուժով օժտված Հիմնական օրենքի ընդունումը հանրային դաշինքի արդյունք էր եւ հանդիսանում էր 1991 թվականին հռչակած ԼՂՀ-ի եւ դրան հետեւած պետական շինարարության 15-ամյա ժամանակաշրջանի տրամաբանական ավարտը: Սահմանադրության ընդունմամբ  էլ սկսվեց Լեռնային Ղարաբաղի սահմանադրական պատմության փուլը, քանի որ հենց այդ ժամանակ դրվեցին ԼՂՀ սահմանադրական կարգի հիմքերը, ամրապնդվեցին մարդու եւ քաղաքացու միջազգայնորեն ճանաչված իրավունքներն ու ազատությունները:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակելով ԼՂՀ-ն  եւ 1992 թվականի հունվարի 6-ին  ընդունելով հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը` ԼՂՀ ժողովուրդը փաստորեն հանդես է եկել անկախ ժողովրդավարական պետության հիմքերի կառուցման օգտին: Պատահական չէ,  որ երկու հռչակագրերն էլ դարձել են բազիսային փաստաթղթեր եւ հետագայում դրվել են ներկայիս սահմանադրության հիմքում,  որը մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հռչակել է բարձրագույն արժեք: Սահմանադրության ընդունմանը նախորդել  են հասարակարգի փոփոխությունը,  էկոնոմիկայի անցումը շուկայական հարաբերություններին,  բազմակարծության զարգացումը,  ժողովրդի կողմից իշխանության անմիջական իրականացումը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների եւ ՏԻՄ ընտրությունների միջոցով,  ինչպես նաեւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը:  Այս ամենը չէր կարող չանդրադառնալ հանրապետության  հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի վրա, ինչն էլ պահանջում էր գործող օրենսդրության շտկումներ: Ելնելով դրանից` սահմանադրության ընդունումից հետո առաջին երկու տարիների ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցվել է  հանրապետության հիմնական օրենքին: Ինչ խոսք, պետական շինարարությունն անընդհատ գործընթաց է եւ դրա ամեն մի փուլում կարող է օրենքներում համապատասխան փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն ծագել:

ԼՂՀ-ում գործադիր իշխանության  բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը կազմված է վարչապետից, փոխվարչապետից եւ նախարարներից: Ըստ ԼՂՀ սահմանադրության` վարչապետին նշանակում է հանրապետության նախագահը` Ազգային ժողովի համաձայնությամբ: Վարչապետի առաջարկությամբ ԼՂՀ նախագահը նշանակում է կառավարության մյուս անդամներին: Ներկայումս ԼՂՀ կառավարության կառուցվածքում կան 12 նախարարություններ: Բացի այդ, ԼՂՀ կառավարությանն առընթեր գործում են ԼՂՀ ոստիկանությունը, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայությունը, Փրկարարների ծառայությունը, կառավարման մի շարք այլ մարմիններ:

ԼՂՀ սահմանադրության համաձայն` հանրապետության դատական համակարգը կազմված է առաջին ատյանի դատարանից, վերաքննիչ դատարանից եւ Գերագույն դատարանից, ինչպես նաեւ օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից:  ԼՂՀ գերագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է, որը կազմված է սահմանադրական եւ վճռաբեկ պալատներից: Գերագույն դատարանի նախագահն ու այլ դատավորներ նշանակվում են խորհրդարանի կողմից` հանրապետության նախագահի առաջարկությամբ:

Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների համակարգում առանձնակի տեղ են զբաղեցնում դատական վարույթի սահմանադրական երաշխիքները: Սեփական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության` քաղաքացիների իրավունքը կոնկրետացված է ԼՂՀ սահմանադրության  44-50  հոդվածներում ամրապնդված մի շարք սահմանադրական նորմերում: Դատական պաշտպանության բնույթը թույլ է տալիս այն համապիտանի համարել, քանի որ դրա իրավունքն ունեն ոչ միայն առանձին քաղաքացիներ, այլեւ նրանց միավորումները: Դատական պաշտպանությունը դասվում է մարդու այն իրավունքների թվին, որոնք ոչ մի պարագայում սահմանափակման ենթակա չեն: Մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքը հանդիսանում է ԼՂՀ Գերագույն դատարանի հատուկ պարտականությունը` սահմանադրական արդարադատության իրականացման ժամանակ:

Որպես քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների պաշտպանության կարեւոր եւ բավականին արդյունավետ  երաշխավոր` 2008 թվականին հանրապետությունում ներդրվեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Այն ձեւավորվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային ինստիտուտների կարգավիճակին դասվող եւ ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 1993  թվականի դեկտեմբերի 20-ի բանաձեւում ամրապնդված հիմնարար սկզբունքներին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կանոնակարգվում է ԼՂՀ սահմանադրությամբ եւ օրենքներով: Մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ պաշտոնյայի հիմնական գործառույթներ են մարդու խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը,  մարդու եւ քաղաքացու իրավունքների մասին ԼՂՀ օրենսդրության կատարելագործումը եւ դրա համապատասխանեցումը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին ու նորմերին:  2009 թվականի օգոստոսին Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի վարչության (ինստիտուտի գործադիր մարմնի)  որոշմամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունվեց այդ կազմակերպության անդամ:

Ամփոփելով վերոնշյալը` կարելի է փաստել,  որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդիսանում է դե ֆակտո կայացած անկախ պետություն, որն անցել է պետական շինարարության բարդ գործընթացներ արտաքին ռազմական սպառնալիքի ծանրագույն պայմաններում: Հանրապետությունում ստեղծվել եւ արդյունավետորեն գործում են պետական իշխանության եւ կառավարման գործունակ մարմիններ, իշխանությունն իրականացվում է ժողովրդի կողմից ազատ ընտրությունների միջոցով, գործում է ոչ կառավարական կազմակերպությունների հատվածը: Չնայած այն բանին, որ այս ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչում չունենալու պատճառով զրկված է եղել միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունից` նրան հաջողվել է հաղթահարել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքները եւ շարունակել իր պետական ինստիտուտների զարգացման գործընթացը:

ԼՂՀ-ն իրականացնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն` ուղղված իր ազգային շահերի պաշտպանությանը: Արտաքին- քաղաքական գործունեության գլխավոր ուղղությունը եղել ու մնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը,  փաստացի անկախ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հասնելը: Ղարաբաղյան կողմի դիրքորոշումը խարսխված է ԼՂՀ հռչակման իրավաբանորեն անթերի ընթացակարգի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի պայմաններով ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, իմա` 1988 թվականի իրողություններին վերադարձը ոչ մի հեռանկար չունի եւ հղի է հակամարտության նոր սրմամբ ու իրավիճակի ապակայունացմամբ Հարավային Կովկասում:

Վտանգավոր հակառակորդին դիմակայելու պայմաններում իր ինքնուրույնությունն ապացուցած ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Նորանկախ երկրների կազմավորման արդի միտումները վկայում են,   որ գնալով գերակա դեր է խաղում  ժողովուրդների ինքնորոշման միջազգային հիմնարար իրավունքը,  ինչն էլ թույլ է տալիս հուսալու,  որ նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն իր լուծումը կստանա ներկայիս աշխարհակարգի  ձեւավորման միտումների համապատկերում:

Share

Comments are closed.