Փրկությունը` որպես վերլուծական կատեգորիա.

առաքինի ալտրուիստնե՞ր, թե՞ հաշվենկատ դիլերներ 


unnamed (1)Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Անկախ հետազոտող
Ֆրիբուրգ, Շվեյցարիա

Այսօր օրակարգային են մի շարք վիճելի հարցեր, որոնց քննարկումը կարեւոր է հարյուրամյակի շրջանում: Ի՞նչ վարքագիծ են դրսեւորում մարդիկ` սատարելով ցեղասպանության, էթնիկական զտումների եւ այլ մարդատյաց գործողություններին: Ինչո՞ւ են նրանք որոշում մասնակցել ցեղասպանական գործընթացին: Այդ հարցին ժամանակին փաստարկված պատասխան է տվել Հաննա Արենդտը. չարն իր էությամբ պարզունակ է, եւ ռեպրեսիվ համակարգի հրահանգներին կուրորեն հետեւում են մտածելու բեռից իրենց ազատած մարդիկ:  Մտածել չցանկացող մարդիկ ենթարկվում են առանց մտածելու: Ահա այսպիսի տափակամտություն:

Շատ ավելի լավատեսաբար է հնչում հետեւյալ հարցը` իսկ ինչո՞ւ այլոք դիմադրում են ցեղասպանական դրսեւորումներին եւ ընտրում են հալածվողներին աջակցություն ցուցաբերելու եւ նրանց մահացու հորձանուտից փրկելու ռազմավարությունը: Մարդկանց փրկելու ինչպիսի` պրակտիկաներ են եղել, եւ ի՞նչը կարելի է փրկության ակտ անվանել:

Թվում է, թե փրկությունը պարզապես փրկությունն է, սակայն, ողջ աշխարհով մեկ  տարածված բազմադեմ ու բազմապիսի հայկական սփյուռքի հետքերով հավաքված բանավոր պատմությունների միահյուսումը տարատեսակ մենագրություններում եւ թեմատիկ ժողովածուների մեջ լույս տեսած հոդվածներում ցույց է տվել երեւույթի ողջ բարդությունը եւ բազմաբնույթ դրսեւորումները:

Հրեական «Յադ Հաշեմ» թանգարանի կայքում կարելի է գտնել սեփական կյանքի վտանգմամբ մեկ կամ մի քանի հրեայի մահվան սպառնալիքից փրկած «առաքինի» մարդու սահմանումը: Հենց այս մարդիկ են արժանանում «Ազգերի մեջ առաքինի» (Righteous among the Nations) կոչվելու պատվին եւ նրանք վերազգային են, այսինքն` ազգություն չունեն: Կարելի է կռահել, որ եզրույթն առաջացել է հրեական Հոլոքոստի հետազոտությունների խորքերում, ընդ որում` Իսրայելում գոյություն ունի ոչ հրեադավան «առաքինի» մարդկանց պատվավոր անվանում (եբրայերենում` khassidey umot ha-olam):

Ցեղասպանության հետազոտությանը նվիրված ժամանակակից հատուկ գրականությունում առկա է վերջերս սկսված բանավեճ` առաքինիության հասկացության ակադեմիական արդյունավետության եւ համարժեքության շուրջ` հաշվի առնելով դրա հուդաքրիստոնեական կրոնական ավանդությունից բխած լինելու հանգամանքը: Մասնավորապես, եզրույթը վիճարկում է ամերիկացի սոցիոլոգ Ֆաթմա Մուղե Գյուչեքը: Նա առաջարկում է այլընտրանքային` ավելի պատշաճ, չեզոք եւ կրոնական ենթատեքստից ազատ արդար (just) մարդ եզրույթը: Հեղինակը հավանաբար խոսում է մահմեդական կրոնական բառապաշարի տարանջատման մասին, որն ինքնաբերաբար բացառում է մահմեդականների շրջանում այդ պրակտիկաների հնարավորությունն ու առկայությունը: Այստեղ, իհարկե, կարելի է բանավիճել, քանի որ բոլոր հիշյալ կրոնները ծագում են միեւնույն սեմանտիկ արմատից եւ գրականության մեջ հաճախ կոչվում Աբրահամական կրոններ:

Սակայն, սույն հոդվածը չի հետապնդում ոչ ճշգրիտ կամ ոչ կիրառելի գիտական հասկացությունների կազմաքանդման շուրջ բանավեճի մեջ խորանալու նպատակ: Իմ նպատակը որոշ իմաստով ունի մատենագրական բնույթ` կետ առ կետ ուրվագծել հայոց ողբերգության համապատկերում փրկության պրակտիկաների շուրջ առկա հետազոտությունները:  Տվյալ դեպքում խոսքը փրկիչ ալտրուիստական անձնավորությանը նկարագրող հոգեբանական հայեցակետերից գիտակցաբար տարածություն պահպանելու եւ ցեղասպանվողին փրկելու ընտրության բանական բացատրության մասին է: Առաջին անգամ համակարգված կերպով այս թեմային անդրադարձել է Նեչամա Թեքը, Սեմյուել եւ Պեռլ Օլիներները: Միայն 2011թ.` քսան տարվա ընդմիջումից հետո լույս տեսավ «Դիմակայելով Ցեղասպանությանը. փրկության բազմատեսակ ձեւերը» ընդհանուր անվամբ հոդվածների ժողովածուն` Ժակ Սեմելինի, Կլեր Էնդրյուի եւ Սառա Գենսբուրգերի խմբագրությամբ: Հայկական, հրեական եւ ռուանդական ցեղասպանությունների օրինակով ժողովածուի հեղինակները փորձում են ընդգրկել` հաճախ առեւանգմամբ, ստրկությամբ, դավանափոխությամբ եւ բռնի ամուսնությամբ ուղեկցվող փրկությունների բոլոր հնարավոր չափումները: Այս բոլոր ակտերն ուղղակիորեն կապված են հայկական ինքնությունը բռնի արմատախիլ անելու հետ:

Ժողովածուի հեղինակներից Հասմիկ Թեւոսյանն իր «Փրկության պրակտիկաները Հայոց Ցեղասպանության ժամանակ» հոդվածում (2008թ.) ցույց է տալիս, որ զանգվածային սպանությունների ժամանակագրությունը ծնում է փրկության ժամանակագրություն: Որպես կենտրոնական իրադարձություն հանդես է գալիս բռնի տեղահանումը, որից առաջ, որի ընթացքում եւ որից հետո փոխվում էին փրկության ձեւերն ու պայմանները: Կառավարության ռազմավարական գործողությունները` հայերի շրջանում զորակոչային տարիքի տղամարդկանց շինարարական գումարտակներում մեկուսացնելը, հրացանների եւ այլ զենքերի հաշվառումն ու առգրավումը, համայնքների ղեկավարների, մտավորականների եւ պետական պաշտոնյաների ոչնչացումը խոչընդոտում էին համատեղ դիմադրության եւ պաշտպանության կազմակերպմանը (Մուսալեռի եւ Վանի պաշտպանների բացառությամբ):

Բուն խնդիրը հենց այն է, որ մարդկանց փրկությունը ռիսկի ռազմավարությունների համատեքստում միշտ չէ, որ կապված է ալտրուիստական վարքագծի հետ: Գլխավոր հարցը տվյալ դեպքում հետեւյալն է. Ո՞Վ հանդգնեց փրկել ինստիտուցիոնալ կերպով որոշված զոհերին եւ ԻՆՉՈ՞Ւ: Փրկության տեսակների բարդ խճանկարը կախված է տարբեր մարդկանց ունեցած տարբեր դրդապատճառներից: Մարդասիրության զգացողությամբ պայմանավորված փրկությունը ենթադրում է մարդու մոտ անշահախնդիր մարդասիրական դրդապատճառների առկայություն:  Միաժամանակ, վկայված են պայմանագրային` գործարքային փրկության պրակտիկաներ, որոնք պարունակում էին գումարով ազատվելու կամ կամավոր ստրկանալու եւ տնային տնտեսությունում ծառայելու դիմաց փրկության պայմանը: Գործարքային փրկությունների պրակտիկային է վերաբերվում նաեւ մահվան երթից ազատումը` կրոնափոխության պայմանի դիմաց: Առանձին տեսակ են կազմում միջազգային բարերարների մասնակցությամբ կատարված փրկությունները: Այդ անձինք գործել են որպես անհատներ` առանց հաշվի առնելու իրենց ներկայացրած երկրի քաղաքական դիրքորոշումը: Առանձնանում են նաեւ նախքան տեղահանությունը որոշ հայերի փրկության դրվագներ, որտեղ վտանգվածների ճակատագրի դրական հանգուցալուծման մեջ միանշանակ դրական դեր է ունեցել նահանգային եւ տեղական պաշտոնյաների կաշառասունությունը:

Այսպիսով, որպես փրկության գործոններ ուրվագծվում են մարդասիրական, տնտեսական, գենդերային   (սեռական շահագործում) եւ այլ դրդապատճառներ: Բազմաթիվ իրապաշտ «փրկիչներ» կարողացել են հաջողությամբ շրջանցել համակարգը` կանանց որպես կողակից կամ հարճ իրենց տնային տնտեսություններում տեղավորելով կամ Թուրքիայի մանկատներից հայ որբերին որդեգրելու ցանկություն հայտնելով` նրանց անմիջապես մահմեդականացնելու պարտադիր պայմանով:  Այդ իսկ պատճառով արդարաբարո վարքագիծը ներկայանում է ամենաբազմազան գույներով եւ արտասովոր քողերով: «Ամեն ինչ շատ բարդ է. մենք գործ ունենք շահերի եւ մարդկայնության խառնուրդի հետ: Այո, նա մահմեդականացրեց երեխային, բայց փաստ է, որ դրանով իսկ փրկեց նրան, նրան կյանք պարգեւեց…»,- մտորում է ցեղասպանության մասին հաստափոր գրքի հեղինակ` պատմաբան Ռայմոն Գեւորգյանը:

Ընդհանուր առմամբ «Դիմակայելով Ցեղասպանությանը» գիրքն առանձնակի արժեքավոր է, քանի որ այն մարտահրավեր է նետում ալտրուիստ անձնավորության տեսության լիակատար տիրապետությանը: Փրկության մասին ակադեմիական տրամախոսության մեջ այն մտցնում է բռնությանը դիմադրելու  համար համագործակցող ու փոխգործակցող նոր դերակատարների: Հաճախ խոսվում է պետական հաստատությունների առանձին հատվածների եւ ազատ անհատների միջեւ փոխգործակցության մասին: Միասնաբար նրանք այն սոցիալական ցանցն են, որը սոցիալական փոփոխությունների դերակատարն է եւ մարդկային ավելի լավ ապագան կառուցողը: Այս նորարարական մոտեցումը, որը մշակվել է բոլոր վերոնշյալ գիտնականների կողմից փրկության համեմատական հետազոտությունների գործընթացում, վերանայում է մինչ այդ կարծրացած պատկերացումները:

Հեղինակը խորհրդատվության համար սրտանց շնորհակալություն է հայտնում պատմաբաններ Ռայմոն Կեւորկյանին, Համիտ Բորզասլանին, Փարիզի Նուպարյան գրադարանի աշխատակիցներին, Արա Սանջյանին (Միչիգան, Դեարնբորն, ԱՄՆ), ինչպես նաեւ սույն հետազոտության ֆինանսական աջակցության համար՝ Fondation Maison des Sciences de L’homme (FMSH) ֆրանսիական ինստիտուտին և Academic Swiss Caucasus Network (ASCN) շվեյցարական հիմնադրամին:

Share

Comments are closed.