Հայերի բռնի իսլամացման քաղաքականությունը.

1870-ականներից մինչեւ 1920-ականների սկիզբ

AvanesovՀովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Մեսրոպ Մաշտոց համալսարանի մագիստրանտ
Ստեփանակերտ

 

Բռնի իսլամացման քաղաքականության խնդիրը հանդիսանում  է  հայագիտության  քիչ ուսումնասիրված  թեմաներից մեկը:     Նպատակահարմար ենք գտնում  ներկայացնելու  այն  թիրախային խմբերը,  որոնց  նկատմամբ առաջինը սկսվեց բռնի իսլամացման քաղաքականությունը: Այդ թիրախային խմբերն են` հայ երեխաները, աղջիկներն ու կանայք:

Հայության  բռնի մահմեդականացման  քաղաքականության  իրականացումը  կարելի  է  բաժանել երեք փուլերի. առաջին  փուլ` 16-17-րդ դարեր, երկրորդ` 18-րդ դարից մինչեւ 19-րդ դարի կեսերը, եւ երրորդ` 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականներ:

Սույն ուսումնասիրության մեջ  անդրադառնալու  ենք   բռնի մահմեդականացման քաղաքականության  երրորդ  փուլին՝ 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակաշրջանին: Նշված ժամանակաշրջանում  բռնի իսլամացման քաղաքականությունն ամբողջովին խարսխվում էր պանթուրքիզմի գաղափարախոսության վրա, քանի որ այդ շրջանում դա ենթադրում էր բնակչության թուրքացում: Ամերիկացի բողոքական միսիոներներ Սմիթն ու Դուայթը 1831թ. Լոնդոնում, ապա` 1833թ. Բոստոնում հրապարակած ճանապարհորդական նոթերում գրում են. «Հայերի մեջ նույնպես… մի զգալի մասը դավանում է մահմեդականություն: Շրջանը, որտեղ նրանք բնակվում էին… կոչվում է Համշեն [Համամաշեն]»:

Օսմանյան Թուրքիայում կրոնափոխության համար մահապատժի օրենքի վերացմանն ակտիվորեն մասնակցել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ստրեֆուրդ Կանգինը: Առիթը հանդիսացավ երտասարդ մի հայի մահապատիժը, որն ընդունել էր մահմեդականություն եւ ապա կրկին դարձել քրիստոնյա: 1844թ. Աբերդինը հանձնարարում է Կանգինին խստագույնս պահանջել  սուլթանական կառավարությունից վերջնականապես արգելելու կայսրության տարածքում մահապատժի կիրառումը կրոնափոխության պատճառով: «Եթե Թուրքիան Մեծ Բրիտանիային համարում է իր բարեկամ պետություն, որը վտանգի եւ դժվարության պահին կարող է օգնության ձեռք մեկնել նրան, ապա նա պետք է առանց երկդիմության հայտարարի նման կարգի վերացման մասինե- նշում է Աբերդինը: Սուլթանական իշխանությունների հետ երկար ու դժվար բանակցությունների արդյունքում մարտի 23-ին դեսպանը  հաղորդում է Աբերդինին, որ կրոնափոխության պատճառով մահապատժի վերացման խնդիրը Օսմանյան կայսրությունում հաջողությամբ եւ վերջնականապես լուծված է: Սուլթանը  դեսպանին խոստացել էր, որ այսուհետ քրիստոնեությունն իր կայսրությունում չի հետապնդվելու, չի ենթարկվելու վիրավորանքի, քրիստոնյաները այլեւս հավատի համար պատիժ չեն կրելու: Բարձր Դռան կողմից մարտի 21-ին հռչակած պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր. «Բարձր Դուռը պարտավորվում է գործուն միջոցներ ձեռնարկել այսուհետ արգելելու քրիստոնյայի պատիժը եւ մահապատիժը կրոնափոխության պատճառով»:

Սակայն իրականում սուլթանը չի վերացնում մահմեդականությունից հրաժարվելու պատճառով մահապատժի ենթարկելու օրենքը, որը հետագայում շարունակվում է կիրառվել օսմանյան իշխանությունների կողմից: 1877-78թթ  ռուս-թուրքական պատերազմից հետո ակնհայտ էր, որ  Օսմանյան  տիրապետությունը  Բալկաններում այլեւս  գոյատեւելու հեռանկար  չուներ: Պայքար  կարող էր  լիներ  միայն  Կրետեի  եւ  Մակեդոնիայի  համար: Այլ հարց  էր  Արեւելքը: Դուրս  մղվելով  Արեւելքից՝  Աբդուլ Համիդը պետք է միատարր  պետության  հիմքն այստեղ  ստեղծեր: Բայց  կայսրության  այս  մասում եւս ապրում  եւ  ստեղծագործում  էր  հնամյա  քրիստոնյա  ժողովուրդ: Հայրենիք, պատմություն, լեզու  ազգային վառ  ինքնագիտակցություն  ունեցող  հայությունը  բնական  խոչնդոտ  էր  համիդյան ծրագրերի  իրագործման համար:

1878թ. Բեռլինյան կոնգրեսից հետո Օսմանյան կառավարությունը երկրի ներսում պետք է իրականացներ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ, ինչպես նաեւ բարելավեր իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդների ու հատկապես հայերի վիճակը, որն ամրագրված էր Բեռլինյան տրակտատի 61-րդ հոդվածով: Բեռլինյան կոնգրեսով նախատեսված բարեփոխումները դարձան չար պատիժ հայ ժողովրդի համար: Ծնվեց հայկական հարցը: Գերտերությունները, որոնք պետք է հետեւեին բարեփոխումների իրականացմանը, հայկական հարցն օգտագործում էին Օսմանյան կայսրությանն իրենց շահերին ենթարկեցնելու համար:

Հայտնի  է,  որ  Աբդուլ  Համիդը  կայսրությունում  հաստատել  էր իր  միահեծան կառավարումը  եւ    միաձայն   էր   ընդունում  քաղաքական   կարեւոր   որոշումները:  Նա   անմիջականորեն   ղեկավարում  էր  նաեւ   հայ  ժողովրդի նկատմամբ  վարվող  քաղաքականությունը: Նրա   մոտեցումը   հայ  ժողովրդի   նկատմամբ   շատ   հստակ   կերպով  արտահայտվեց  հետեւյալ  բնութագրության   մեջ.  «Հայերը  դեգեներացված  ժողովուրդ   են… Նրանք   միշտ  ծառաներ  են  եղել»:  Աբդուլ  Համիդը հայկական հարցը վերջնականապես փակելու եւ հայ ժողովրդի ազատագրական միտումները վերացնելու համար 1894-1896թթ. իրականացրեց հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ եւ իսլամացում:

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության քաղաքական կյանքում տեղի ունեցած վճռորոշ իրադարձությունն էր երիտթուրքական հեղաշրջման արդյունքում «Միություն եւ առաջադիմությունե կուսակցության իշխանության գալը: Կայսրության բոլոր ժողովուրդների միջեւ հավասար իրավունքների կոչերով հանդես եկող երիտթուրքերը 1909թ. տիրանալով իշխանությանը` շարունակեցին քրիստոնյաների հանդեպ բռնությունների դարավոր քաղաքականությունը, որն առավել ցայտուն արտահայտվեց հայերի պարագայում: 1909թ. Կիլիկիայում կազմակերպվեց հայերի զանգվածային կոտորածը: Ինչպես նկատում է այդ դեպքերի ականատես Ֆերիման Դուքեթը, չնայած Օսմանյան կայսրությունում ստեղծվել էր նոր «սահմանադրական կառավարությունե, սակայն հայկական խնդրում շարունակվեցին հին մեթոդները: Նա թուրքական նոր իշխանություններին գնահատական է տալիս հայտնի ասույթի միջոցով. «Թուրքական նոր սահմանադրական կառավարությունը չէր մոռացել ոչինչ եւ չէր սովորել ոչինչե: Կազմակերպված կոտորածին զոհ գնաց շուրջ երեսուն հազար հայ, սակայն  ցեղասպանությանը զուգահեռ` արձանագրվեցին նաեւ հայերի զանգվածային իսլամացման դեպքեր:

1914-1921թթ. ընկած ժամանակահատվածը վճռորոշ նշանակություն ունեցավ Պոնտոսի Ճորոխ գետի հովտից Տրապիզոն, Գյումուշխանե եւ Սամսոն ընկած տարածքի համշենահայ բնակչության համար: Համշենի բնակչությունը կրոնափոխ էր եղել` ընդունելով մահմեդականությունը դեռ մի քանի սերունդ առաջ, մինչդեռ նրանց համշենցի քրիստոնյա հայրենակիցների մեծ մասը պահպանել էր իր կրոնը` գաղթելով Համշենի իրենց հայրենի բարձրավանդակներից եւ Ղարա-Դերից (Սեւ գետ, Սյուրմենի մոտ) դեպի արեւմուտք, ուր բազում գյուղեր էր հիմնել Տրապիզոնի, Օրդուի եւ Չարշամբայի շրջակայքում: 1915-ի ցեղասպանության ժամանակ հեմշիլները չենթարկվեցին տեղահանության եւ կոտորածների, մինչդեռ համշենցիներն արժանացան միեւնույն բախտին, ինչ Օսմանյան կայսրության ամբողջ տարածքի հայությունը: Հեմշիլների առաջնորդները որոշ վայրերում փորձում էին աջակցել համշենցիներին, եւ մի քանի վկայությունների համաձայն` ոմանք նույնիսկ միացան հայ ֆիդայիներին` փորձելով դիմադրություն ցույց տալ թուրքական զինված ուժերին: Երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց դաշնակից պետություններին, եւ երիտթուրքերը 1918թ. հոկտեմբերին փախան արտասահման, լուրջ հարցեր ծագեցին Պոնտոսի շրջանի եւ նրա չափազանց խառն էթնոկրոնական բնակչության ապագայի վերաբերյալ: 1915թ.-ից իթթիհատականները սկսեցին զանգվածային տեղահանումներն ու կոտորածները, նաեւ բռնի մահմեդականացումները Տրապիզոնում, Օրդուում, Նիկոմեդիայում եւ հարակից շրջաններում: Շնորհիվ հայդուկային առանձին ջոկատների` համշենահայերի մի մասը կարողացավ անցնել Ռուսաստան, Հյուսիսային Կովկաս, Խորհրդային Հայաստան` պահպանելով ազգային ինքնությունն ու քրիստոնյա հավատը:

Բռնի կրոնափոխության առավել հարմար թիրախներից են համարվել երեխաները, որոնց իսլամացնելով վաղ տարիքում` կարելի էր ավելի հեշտ ջնջել ազգային եւ կրոնական դեռեւս ձեւավորվող ինքնագիտակցությունը: Հենց այս տրամաբանությամբ է գործել Օսմանյան կայսրությունում մեծ տարածում գտած եւ երկար դարեր կիրառված մանկահավաքի (դեվշիրմե) ինստիտուտը, որն ունեցել է նաեւ «արյան հարկե անվանում:

1915-23թթ. մեծ թափ ստացավ մանկահավաքությունը, որն ընթացավ երկու մակարդակով` պետության եւ  հասարակության  լայն խավերի  կողմից. ա) ծնողներին կորցրած, կոտորածից մի կերպ փրկված, անխնամ մնացած հայ երեխաները պետության կամքով իսլամացվել են եւ բաժանվել մահմեդական ընտանիքներին: Որպես վերը նշվածը հաստատող օրինակ կարելի է մեջբերել օսմանյան արխիվներում պահպանված 1915թ. հուլիսի 10-ով թվագրված պաշտոնական հրամանը, որտեղ ասվում է, որ «իսլամացված որբ հայ երեխաներին պետք է հանձնել բարեկեցիկ մահմեդական ընտանիքներին` այն գյուղերում ու գյուղաքաղաքներում, ուր հայեր չկան: Եթե երեխաների թիվը մեծ է, նրանց պետք է հանձնել դժվարությամբ ապրուստը հոգացող մահմեդական ընտանիքներին եւ ամեն երեխայի համար ամսական 30 ղուրուշ վճարել նրանց: Պետք է ցուցակագրել այդ երեխաների թիվը եւ գտնվելու վայրի տվյալները, դրանք ուղարկել կենտրոնե: Ցեղասպանության  տարիներին հայ երեխաների իսլամացման քաղաքականության գործընթացում պետության անմիջական մասնակցության  մասին  է  վկայում  նաեւ  Թալեաթի 1915թ. նոյեմբերի 5-ին Հալեպի կառավարությանն  ուղարկած  ծածկագիրը, որում   նշված է. «Կ°իմանանք թէ Սվազի, Մամուրէթ-Իւլ-Ազիզի, Տիարպէքիրի, Էրզրումի նահանգներէն տարագրուած եւ ճամբուն ընթացքին իրենց ծնողներուն մեռած ըլլալուն հետեւանքով անոք մնացած ծանօթ անձնաւորութեանց (Հայոց) պզտիկները կարգ մը իսլամ ընտանիքներու կողմէ որդերգութեան եւ սպասաւորութեան կ°ընդունուին: Ձեր նահանգին մէջ գտնուող այդ կարգի տղաքը հաւաքելով` տարագրութեան վայրերը (անապատները) ղրկելնիդ եւ յարմար դատուած կերպով ժողովուրդին այս մասին պէտք եղած հրահանգները տալերնիդ իբր շրջաբերական կը ծանուցանենք»:

Հայ  երեխաների  բռնի  իսլամացման  քաղաքականությանը պետության ունեցած  անմիջական  մասնակցության մասին  է  փաստում 1915թ. դեկտեմբերի 12-ով  թվագրված  հրամանը. «Հաւաքեցէք եւ սնուցէք այն որբերը միայն որոնք չեն կրնար յիշել զուլումը որուն ենթարկուեցան իրենց ծնողները: Մնացածները կարաւաններուն ընկերացնելով ղրկեցէքե (փաստաթղթի  պատճենը  տես  հավելված  1-ում): Ներքին գործոց նախարար` Թալէադ, 12-ը դեկտեմբերի, 1915թ.: Բացի տարբեր նահանգներ ուղարկած հրամաններից՝ Թալեաթն իր անձնական օրագրում գրի է առել իսլամացված հայ երեխաների տվյալները, մասնավորապես, թե որ նահանգում պետության գիտությամբ մահմեդականներին քանի հայ որբ է բաժանվել: Ստորեւ ներկայացնում ենք Թալեաթի օրագրի այդ հատվածը, որը տպագրվել է 2009թ. թուրք ուսումնասիրող Մուրադ Բարդաքչըի գրքում.

«Էրզրումի նահանգ՝ 500

Ադանայի նահանգ՝ 90

Դիարբեքիրի նահանգ՝ 1800

Տրապիզոնի նահանգ՝ 2292

Սեբաստիայի նահանգ՝ 1500

Ճանիկի գավառ՝ 561

Մարաշի գավառ՝ 25»:

Բնականաբար, թուրքական որբանոցներում հայ երեխաները «դաստիարակվումե էին  իսլամական  սկզբունքներով:

Հայոց  ցեղասպանության տարիներին թուրքերը եւ քրդերն առեւանգել են բազմաթիվ հայ մանուկների եւ իսլամացրել: Թուրքական կողմը, չկարողանալով ժխտել այս անառարկելի փաստը, միեւնույն ժամանակ շրջանառության մեջ է մտցրել այն վարկածը, թե իբր «բարեգութ թուրքերն ուղղակի, մարդասիրական զգացումներից ելնելով, «փրկելե են աքսորյալ հայ երեխաներին: Կողմ չլինելով բացարձակ գնահատականների` հնարավոր ենք համարում ընդունել, որ երբեմն, խիստ սակավ դեպքերում  կարելի է չբացառել նման վարկածը, բայց գերակշիռ դեպքերում հայ երեխաներին խլել են բռնությամբ նրանց իսլամացնելու, թուրքացնելու նպատակով եւ առաջնորդվել են ոչ թե հումանիստական, այլ զուտ անձնական, նաեւ` տնտեսական շահերով:

Ինչպես նշվեց, բռնի իսլամացման քաղաքականության հերթական խոցելի թիրախ հանդիսացան հայ կանայք եւ աղջիկները: Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը Կիլիկիայի կոտորածներին նվիրված իր մեծարժեք  աշխատության մեջ անդրադառնալով այդ ժամանակ արձանագրված բռնի կրոնափոխությանը, նշում է, որ ջարդերն  ուղեկցվել  են  հատկապես  հայ  կանանց եւ  աղջիկների   իսլամացումով, որը շարունակվել  է  նաեւ կոտորածից հետո. «Արձանագրվել են բազում դեպքեր, երբ կոտորածից հետո պետական աստիճանավորները շարունակում էին հափշտակել հայ կույսերի, նորահարսների եւ այրիների` նրանց ստիպելով ամուսնանալ իրենց կամ իրենց որեւէ հարազատի հետե:

Կիլիկիայի հայերի  կոտորածներից   հետո արեւմտյան երկրների դեսպանությունները, ինչպես նաեւ հայկական համայնքային տարբեր կառույցներ օսմանյան պետական  վարչամեքենայի  առջեւ բարձրացրին բռնի իսլամացված հայերի վերադարձի հարցը: 1909թ. հունիսին Պոլսի Հայոց պատրիարքությունը Բարձր Դռանը ներկայացրած գրության մեջ հստակ մատնանշում  է բռնի իսլամացված հայերի հիմնախնդիրը. «անհրաժեշտ է, որ կայսրությունում երաշխավորվի հայերի պատվի անվտանգությունը, քրիստոնեությանը վերադարձվեն բոլոր իսլամացված հայերը»:

Իսլամացված եւ առեւանգված կանանց վերադարձի մասին կան բազմաթիվ փաստաթղթեր, դիվանագիտական զեկուցագրեր, որոնք փաստում են, որ այդ գործընթացը բախվել է բազմաթիվ խոչընդոտների եւ ունեցել բավականին բարդ ընթացք: Օրինակ` բրիտանական ծովակալ Քալթորփը 1919թ. հուլիսի 30-ին ուղարկած զեկուցագրում, համադրելով իր ստացած մի քանի փաստերը բռնի իսլամացված հայ կանանց եւ երեխաների վերադարձի մասին, նշում է. «Այս հարցում նույնպես, թվում է, գործունեություն հանդես է բերում այն դեպքում, երբ բրիտանական սպաների ազդեցությունն առկա է թուրք պաշտոնյաների վրա: Ենթադրում եմ, որ քրիստոնյա երեխաների մեծամասնությունը, ովքեր գտնվել են մահմեդականների տներում, վերադարձվել են, բայց այդ նույնը չի կարելի ասել կանանց մասին: Անկախ մուսուլմանների չկամությունից` հանձնելու կանանց, ովքեր գտնվում  են նրանց տներում եւ  վերջին հաշվով  արտաքնապես  պահպանել են իրենց հավատը, հաճախ դժվարության  է հանդիպում  այդ  կանանց  համոզելը, որ վերադառնան  իրենց  ընտանիքների  գիրկը: Որոշ դեպքերում նրանց  ահաբեկում էին, որպեսզի հայտարարեն, թե իբր հաշտվել են իրենց վիճակի հետ: Այլ դեպքում, հատկապես երբ երեխաներ են ծնել իրենց մահմեդական տերերի համար, վախենում էին սառն ընդունելություն գտնել իրենց իսկ հասարակության կողմից` երջանիկ ընտանեկան կյանքի շատ փոքր հեռանկար տեսնելով»:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ուրֆայում գործող ամերիկյան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մարի Քարոլին Հոլմեսը պատմում է, որ քաղաքում հաստատվելուց կարճ ժամանակ անց սկսում են իրենց մոտ գալ մահմեդականների տներում ապրող բռնի իսլամացված հայերը եւ հատկապես` որբերը: Նա հետաքրքիր փաստեր է նշում նաեւ հայ կանանց եւ աղջիկների հետ կապված. շատ հայուհիներ, լսելով ամերիկյան կազմակերպության մասին, այն համարում էին հարեմներից ազատվելու հույս եւ գալիս նրանց մոտ. «Որբանոցում չկար գեթ մեկ 12 տարեկանից բարձր աղջիկ երեխա, որը եղած չլիներ որեւէ մուսուլմանի կին: Ոմանք նաեւ 10 տարեկանում դարձել էին ինչ-որ մեկի կինըե:

Մեր կարծիքով իսլամացնելով հայ կանանց եւ աղջիկներին՝ օսմանյան կառավարությունը լուծեց երկու հիմնական հարց.

 

  1. Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայի այլ հայաբնակ վայրերում հայերի` որպես քրիստոնյա բնակչություն, թվաքանակի կրճատում:

 

  1. Առողջացնում են իրենց գենոֆոնդը, քանի որ այդ ժամանակաշրջանի Թուրքիայում ազգականների միջեւ ամուսնությունները տարածված բնույթ էին կրում: Իսկ, ինչպես գիտականորեն ապացուցված է, նման ամուսնություններից ծնված երեխաները ֆիզիկապես եւ հոգեպես թերզարգացած են լինում:

Խոսելով Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի կրոնափոխության մասին` հետազոտող Մաթիաս Բժորնլունդը նշում է. «Միայն կրոնը չէր, որ պետք է պաշտոնապես փոխել դաժան եւ սիստեմատիկ ճնշումների ներքո: Այդ ճակատագրին պետք է արժանանային նաեւ հայոց լեզուն, մշակույթը, նույնիսկ վերապրողների անձնանունները թե’ սեփական տներում, թե’ կառավարության հովանու ներքո գտնվող որբանոցներում եւ թե’ հասարակական ոլորտում` թողնելով միայն պարբերական թուրքացման պատրաստ կենսաբանական «հում նյութեե:

1921թ. ռուս-թուրքական պայմանագրի հետեւանքով ներկայիս Աջարիայի տարածքում հայտնվեցին մահմեդական համշենահայերի կամ հեմշիլների 6 գյուղեր, որոնց բնակիչները 1926թ. մարդահամարի տվյալներով` հայախոս էին, իրենց մայրենի լեզուն համարում էին հայերենը: 1944թ. այս գյուղերի բնակիչներն աքսորվեցին Միջին Ասիա: Նրանց մի մասը հետագայում, ինչպես նաեւ 1988-1989թթ. տեղափոխվեց ու հաստատվեց Կրասնոդարի երկրամասում:

Ըստ համշենահայերի խնդիրներով զբաղվող որոշ ուսումնասիրողների` Միջին Ասիա աքսորված մահմեդական համշենահայերին միայն Ստալինի մահից հետո իրավունք տրվեց անձնագիր ունենալ, բայց դրանցում «հայի» փոխարեն գրվում է «խեմշիլ» երբեմն էլ` «թուրք», այն պատճառաբանությամբ, որ հայերը քրիստոնյա են, իսկ նրանք` մահմեդական:

Հետաքրքրական է, որ ներկայումս Հյուսիսային Կովկասում հաստատված հեմշիլներն անմիջական հարաբերություններ են հաստատում իրենց հարեւան եւ միեւնույն բարբառով խոսող քրիստոնյա համշենահայերի հետ: Ըստ տեղեկությունների` Կրասնոդարում ներկայումս հեմշիլների մոտ նախնյաց  ակունքներին վերադառնալու միտումներ են նկատվում:

Ավելացնենք, որ մի քանի հազար հեմշիլներ բնակվում են նաեւ Թուրքիայում:

1922թ. Իզմիրում  ամերիկյան  դեսպանը  գրում է.  «Աթաթուրքը  սկսել  է  նոր  թունավորումներ  հայերի  դեմ:  Կանանց  եւ  երեխաներին լցնելով  երկաթուղային  վագոնները՝  նա   հրամայել  է  ածուխ  լցնել վերջիններիս վրա»: Այնուհետեւ նույն  դեսպանը  հայտնում  է,  որ 1922թ.  սեպտեմբերի 9-ին նա   ինչ-որ  ճիչեր  է   լսել  եւ,  դուրս  գալով,  տեսել  է, որ գոռացողները  մի  խումբ  կանայք  են,  որոնք  ԱՄՆ  դեսպանատուն  էին  հասել՝ փրկություն  գտնելու  հույսով:

Թուրքիայում   ազգային   եւ կրոնական    փոքրամասնությունների  իրավիճակի   հարցը   բարձրացվել էր  նաեւ Լոզանի  կոնֆերանսում: Լոզանի  համաձայագրի  38-44-րդ  հոդվածների  համաձայն՝ Թուրքիան  պարտավորվում  էր ապահվել իր բոլոր քաղաքացիների պաշտպանությունը՝ հաշվի  չառնելով  ազգային,  կրոնական, լեզվական, ռասսայական  պատկանելությունը: Ինչ վերաբերում է ոչ մահմեդական  փոքրամասնություններին, ապա նրանք կարող  էին  հավասարապես  օգտվել  բոլոր  այն  իրավունքներից,  որոնք  նախատեսված  էին   մահմեդականների համար՝ իրենց հաշվին բարեգործական, կրոնական, հասարակական,  կրթական, հաստատությունների  ստեղծումը  եւ  տնօրինումը,  ազատորեն մայրենի  լեզվի  կիրառումը, երեխաների՝  ցածր  դասարաններում  մայրենի  լեզվով  ուսուցումը, եկեղեցիների,  սինագոգների, գերեզմանատների   եւ  այլ   հաստատությունների  պաշտպանությունը:

Սակայն  այս  բոլոր   կետերը  մնացին   թղթի  վրա: Շարունակվեցին  փոքրամասնությունների  հանդեպ  հալածանքներն ու  հետապնդումները,  ինչպես  նաեւ  թուրքացման քաղաքականությունը:

Պետք է հստակ արձանագրել, որ ներկայիս Թուրքիայի կրոնափոխ հայության գերակշիռ մեծամասնությունն իսլամ է ընդունել կյանքի եւ մահվան միջեւ ընտրություն կատարելու պարտադրանքից` ձեւավորելով հետեւյալ խմբերը.

  1. Հայոց ցեղասպանության ժամանակ արտաքուստ իսլամ ընդունած հայեր
  1. Ցեղասպանության ժամանակ առեւանգված եւ այնուհետեւ թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք եւ աղջիկներ
  1. Ցեղասպանության ժամանակ որդեգրված հայ երեխաներ
  1. Որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել հարեւաների կամ այլ մարդկանց մոտ
  1. Սահմանափակ թվով հայ արհեստավորներ եւ բացառիկ մասնագետներ:

Նրանց բոլորին կապող ընդհանուր եւ կարեւոր հանգամանքներից է մահվան սպառնալիքով իսլամ ընդունելը: Այս մարդիկ ունեն խեղված հոգեկան եւ հոգեբանական վիճակ, ապրում են վախի պայմաններում, ունեն երկու ինքնություն` արտաքին եւ ներքին աշխարհների համար:

Այսպիսով` բռնի մահմեդականացման քաղաքականության արդյունքում տարբեր էթնիկ խմբեր առաջացան.

ա. կեսկեսների առաջացում, այնուհետեւ` նրանց տաճկացում  (այս տերմինի տակ երբեմն հասկացվում էր կիսաթուրքացած տարրը, այն է` նույն կէսկէսը), ապա` թուրքացում: Այս երեւույթը նկատելի էր Երզնկայի, Կամախի, մասամբ` Էրզրումի եւ հատկապես Պոնտական լեռներին հարող գավառներում (Սպեր, Թորթում, Կիսկիմ, Համշեն եւ այլն):

բ. Քրդացում, Քղի, Խնուս, Բայազետ, Ալաշկերտ, Հաքեարի, Տիգանակերտ (թուրքական հորջորջմամբ ստացել է Դիարբեքիր անվանումը) եւ այլ գավառներ:

գ. Լազ էթնոկրոնական հանրության ձեւավորում (հիմնականում` Պոնտոսի շրջակայք):

Օսմանյան տիրապետության շրջանում Արեւմտյան Հայաստանում նկատվել է էթնիկ զարգացման հետեւյալ միտումը.

ա. Ուղղափառացում, մասամբ` վրացացում, որը հատկապես նկատելի էր Տայքում, Սամցխեում, Ջավախքում եւ մասամբ` Լոռիում:

բ. Կաթոլիկացում: Եվրոպական կաթոլիկ քարոզիչներից որոշ աջակցություն եւ անձի, գույքի ապահովության խոստումներ ստանալով` հայության մի մասը կաթոլիկանում է: Ի վերջո, այդ կաթոլիկների մի մասն էլ, զրկվելով ինքնապաշտպանական կարողությունից, ժամանակի ընթացքում թուրքանում է (Ալաշկերտ, Արդահան եւ այլուր):

Բռնի իսլամացման քաղաքականության հետեւանք հանդիսացավ ծպտյալ-թաքուն  հայության  եւ   համշենահայերի երեք խմբերի առաջացումը:

 

Օգտագործած գրականություն

1. Սահակյան Լ., Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, թյուրքագիտական և օսմանագիտականհետազոտություններ, հ 4, Եր., 2006, էջ 218:
2. Ալվրցյան Հ., Ովքե±ր են Համշենահայերը, akunq.net.
3. Կիրակոսյան Ա., Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը (19-րդ դարի 30-ական թթ.- 1914թ.), Եր., 1999, էջ 30-31:
4. Մկրտչյան Լ.Հ., Արևմտահայության ցեղասպանության աբդուլհամիդյան քաղաքականությունը, Հայոց ցեղասպանություն (ուսումնասիրություններ), Եր., 2001, էջ 60:
5. Ազատյան Հ., Բախտորոշ պայմանագրեր, Եր., 2002, էջ 55-57:
6. Սաֆրաստյան Ռ., Հայոց ցեղասպանության համիդյան ծրագիրը, Հայոց պատմություն հ3., Գիրք առաջին, Եր., 2010, էջ 506-507:
7. Աբրահամյան Մ., Հայ ժողովրդի բռնի իսլամացումը 1894-1896թթ կոտորածների տարիներին, http://norkhosq.net/2013/02.
8. Ա.Մ.Դոլչիի զեկույցները, Հայոց ցեղասպանության և Հայաստանի մասին արժեքավոր փաստաթղթերն ու վավերագրերն այժմ գտնվում են Վատիկանի գաղտնի արխիվում,ArchivIo Segreto Vaticano. այսուհետև` ASV.
9. Կարապետյան Մ., Թազիրյան Է., Հայագիտական նյութերը Վատիկանի արխիվներում, Պատմա-բանասիրական հանդես, Եր., 1997, N1, էջ 114-115:
10. Duckett F., The Young Turks and the Truth about the Holocaust at Adana in Asia Minor, during April, 1909, Yerevan, 2009, p. 55.
11. Աբրահամյան Մ., Հայերի բռնի իսլամացումը 1909 թ. Կիլիկիայիկոտորած ժամանակ, http://publications.ysu.am/wp-content/uploads/2014/07/Abrahamyan-M.(pdf), էջ 149-150:
12. Հովհանիսյան Ռ., Համշենցիները, Պոնտոսը և Հայաստանը 1914-1921թթ., http://akunq.net/am/?p=2869.
13. Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов. Под ред. Нерсисяна М., Ереван, 1966, стр. 246-247.
14. Героическая борьба амшенских армян с турецкими погромщиками в районах Орду и Джанки 1915-1923 гг.,http://www.yerkramas.org.
15. Թոռլաքյան Մ., Օրերուս հետ, Լոս Անջելոս, 1953, էջ 322:
16. Մելքոնյան Ռ., Իսլամացված հայերի խնդրի շուրջ. Թուրքիայի իսլամացված հայության խնդրիուսումնասիրություն, §Նորավանք¦ ԳԿՀ, Եր., 2009, էջ 8: Տես նաև՝ Զուլայան Մ., §Դևիշիրմե¦-ն (մանկահավաքը) Օսմանյան կայսրության մեջ ըստ թուրքական և հայկականաղբյուրների, Պատմա-բանասիրական հանդես, Եր., 1959, N2-3 (5-6), էջ 247-256;
17. Շաքարյան Ա., “Արյան հարկը” Օսմանյան կայրությունում. դևշիրմե, Եր., 2006:
18. Dündar F., Modern Türkiyeninşifresi. İttihatveTerakki’ninetnisitemühendisliği (1913-1918), İstanbul, 2008 (2-inci baskı), s. 301.
19. Başyurt E., Ermenievlatlıklar, İstanbul, 2006, s. 36.
20. Gürün K., Ermenidosyası, Ankara, 1988, s. 287; նույնը տե՛ս նաև Atnur İ., Türkiye deErmeni kadınları veçocuklarımeselesi (1915-1923), Ankara, 2005, s. 65.
21. Անտոնեան Ա.., Մեծ ոճիրը: Հայական վերջին կոտորածները եւ Թալեադ փաշա, Եր., 1990, էջ 180, 187, հեռագրի պատճենը , էջ 188:
22. Աբրահամյան Մ. Հայ երեխաների բռնի իսլամացումը Հայոց ցեղասպանության տարիներին http://allturkey.am. Bardakçı M., TalâtPaşa’nınEvrak-ı Metrûkesi, İstanbul, 2009, s. 89. Մելքոնյան Ռ., Իսլամացված հայերի խնդիրների շուրջ, Եր., 2009, էջ 17-18,20: Տես նաև նույնի` Հայ երեխաների իսլամացումը ցեղասպանության տարիներին,Հանրապետական, N6, հունիս, 2007, էջ 4-8:
23. Սիմոնյան Հր., Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ), Եր.,2009, էջ 337:
24. Պողոսյան Ս., Հայոց ցեղասպանության պատմություն, հ. 2, Եր., 2008, էջ 149:
25. Մելքոնյան Ռ., Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ընթացքը և հետևանքները, Եր., 2010 էջ 41-42:
26. Ավանեսով Հ., Համշեն (Համամաշեն) և համշենահայերը. Պատմական ակնարկ, Խաղաղ Կովկասը` տարածաշրջանի զարգացման գործոն, միջազգային գիտաժողովի նյութեր,ԼՂՀ ՄՄՀ, Եր., 2011,էջ 189:
27. Մելքոնյան Ռ., Հայերի բռնի կրոնափոխությունը ցեղասպանության տարիներին ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ, arevelk.info. մեջբերված, Ունգորո Ու.,Կրոնափոխությունը և փրկությունը գոյատևման ռազմավարությունը Հայոց ցեղասպանության ընթացքում, Տեղեկագիր «Նորավանք» հիմնադրամի, Եր., 2008, N 22, էջ 104:
28. Հակոբան Ա., Հայության այլալեզու և այլադավան որոշ խմբերի մասին, Այլալխոս և այլադավան հայեր, Հայրենիք մատենաշար, թիվ 8,Եր., 2008,էջ 10-11:
29. Խաչիկյան Տ., Թուրքիայի հայության մի շարք խնդիրների շուրջ, Կրոն և հասարակություն, Եր., 2010, մայիս N11, էջ 41-42:
30. «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», Եր., 1972, էջ 735-736, Армянский вопрос наЛозаннской конференции. Извлечения из протоколов։ Тифлис 1926. с. 3-36. Mandelstam А N.. La Socie’te’ des Nations at les Puissancesdevant le proble’mearme’nien, 2 e’mee’d, Beyrut, 1970, p. 260-280։
31. Խաչիկյան Տ., Փոքրամասնությունների իրավական պաշտպանվածությունը ԹուրքիայիՀ անրապետությունում, Կրոն և հասարակություն, Եր., 2009, օգոստոս, N 8 ,էջ 9-10:
32. Մելքոնյան Ռ., Թուրքիայի կրոնափոխ հայերին առնչվող հարցեր, Հանրապետական, N1, 2008, էջ 4: Türker Y., HepimizmaalesefErmeniyiz!,Radikal, 27.08.2007.
33. Մելքոնյան Ռ., Իսլամացված հայերի խնդիրը Թուրքիայում (ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ), « 21-րդ Դար», N 1, Եր., 2008, Էջ 113:
34. Երեմեն Դ., Թուրքերի ծագումը, Եր.,1975, էջ 139-143, 187-188; Кондакчян Р., Турция: внутреняя политика и ислам, Ереван, 1983, стр. 22-25.
35. Մելքոնյան Ռ., Թուրքիայի կրոնափոխ հայերին առնչվող հարցեր, Հանրապետական, 2008, N1, էջ 5:
36. Շիրակյան Լ., Թուրքական էթնոֆոբիան և հայոց ցեղասպանությունը, Եր., 2011, էջ 9:
37. Melkonyan A., HemŞhinTarih-coğrafyabakiŞi (16-20yy), HemşinveHemşinliErmeniler (konferansmakaleleri), Yerevan, 2007, s. 30.
38. Մելքոնյան Ա., Համշեն պատմա-աշխարհագրական ակնարկ (16-20-րդ դարեր), akuq.net.: Տես նույնի` Հայ բնակչության էթնոկրոնական դիմախեղման գործընթացներնԱրևմտյան Հայաստանում 16-19-րդ դարերում, Հայոց պատմության հարցեր, գիտական հոդվածների ժողովածու, Եր., 2005, հ 5, էջ 47-60:
39. Մելքոնյան Ռ., «Ծպտյալ» հայերի հետ կապված նոր իրողություններ, Հանրապետական, 2007 N4, էջ 1-5 նույնի՝Շահարկումներ ծպտյալ հայերի խնդրի շուրջ,Հանրապետական, 2008, N 6, էջ 6-10, տես նույնի «Ծպտյալ» քիստոնյաները Թուրքիայի կրթական համակարգում, Հանրապետական, 2008 N 3, էջ 5-8, նույնի՝ «Ծպտյալ» հայերըթուրք գիտնակաների ուշադրության կիզակետում, Գլոբուս, Եր., 2007 թիվ 12, էջ 24-26: Başyurt E., Asıldinlerinedönüyorlar, Aksiyon, 14,03,2005, # 536, s. 36, Yılmaz M., İsimlerinedendeğiştirdileracaba?, Hürriyet, 23.08.2007, Eygi M., Anadolu”da 500 Bin ErmeniVarmış!.., Milligazete, 26.05.2008.
40. 42 Քեմալ Ե., Հոգիս քեզմով կը խայտայ, թարգմանեց Գարեգին արք Պեքեճեանը, Եր.,2003,էջ 306-307, 346, Խանլարեան Կ., Հայ բնակչության էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետությունում, (1923-2005թթ.), Եր., 2005, էջ104:
41. Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների գիտական հանրությանը լեզվաբանական շրջաններում հայտնի Բերտ Վաուքսը համեշենահայությանը հիմնականում բաժանումէ երեք խմբի. (Հայերն աշխարհում համառօտ հանրագիտարան, Եր., 1995, էջ 45):
42. Համշենահայերի երեք խմբերը և տարածման աշխարհագրությունը.
ա. արևմտյան համշենահայություն. Օրդունում, Տրապիզոնում և Ռիզեում տարածված, թրքախոս և իսլամին հարած.
բ. արևելյան համշենահայություն. առավելաբար Արդվինում բնակվող, համշենահայ բարբառով խոսող և իսլամին հարած.
գ.հյուսիսային համշենահայություն. Վրաստանում և Ռուսաստանում բնակվող համշենահայ բարբառով խոսող և քրիստոնյա: (Bert Vaux, The language of the Armenians of Hamshen, The Hemshin History, society and identity in the Highlands of Northeast Turkey, Lodnon and New York, 2007 s257).Իսլամացած և Թուրքիայում բնակվող առաջին երկու խմբի թվաքանակը գերակշռում է Թուրքիայի սահմաններից դուրսբնակվող վերջին խմբին: Ավանեսով Հ., Հայերի բռնի իսլամացման քաղքականությունը և համշենահայերը,Կրթությունը և գիտությունը համաշխարհայնացման դարաշրջանում(Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր) ԼՂՀ ՄՄՀ, Եր., 2012, էջ 123: Армане юга России: опот социолагическогоисследования, Отв. Редактор Волков Ю. Г., Ростов-на-Дону-Москва, 2011, стр. 88-91. Мурадян И., Шелковй путь в соврименном трансформирующемся геополитическом постранстве, Цивлизацонный вклад Армении в историю шелкового пути (материалы международной научной конференции, 21-23 нояабря Ереван 2011г), Ер., 2012, стр.276. ТулумджянА.,Черноморские (амшенские) армяне в ХХI веке. Проблемы сохранения идентичности и пути их решения, §Общероссийская и нациаональная идентичность¦, (материалы международной научно-практической конференции,19-20 апреля 2012г., Пяатигорск), Пяатигорск 2012, стр. 309-317. Тулумджян А., Земля и корни, “Анив”, журнал, Минск, 2005, N3,стр., 4-11. Այս մասին տես` Խանլարյան Կ., Հայ էթնոկրոնական տարրը Արևմտյան Հայաստանում (1991-2005թթ.), «21-րդ Դար», N.3, 2005 էջ120-127, տեն նաև նույնի Հայ էթնոկրոնական տարրը Արևմտյան Հայաստանում, Հանրապետական 2005, N. 8 էջ 1-7:

Share

Comments are closed.