Բաց եւ փակ հայկական ու թուրքական արխիվները.

Հայոց ցեղասպանության մասին

1Արտակ ՇԱՔԱՐՅԱՆ
Թուրքագետ
Երեւան

Ե՛վ նացիստական Գերմանիայում, եւ՛ Օսմանյան կայսրությունում, եւ՛ Ռուանդայում ոճրագործները հասկանում էին, որ ցեղասպանությունն այն հանցագործություններից է, որը պատժելի է բոլոր դեպքերում: Սակայն ամեն դեպքում, որքան էլ մաքրազերծվեն արխիվները, ցեղասպանությունն այնպիսի զանգվածային գործողություն է, որի բոլոր հետքերը գործնականում հնարավոր չէ ջնջել: Արխիվների թերի կամ բացակա լինելու դեպքում, ցեղասպանությամբ զբաղվող մասնագետները դիմում են գործողությունների ընդհանուր վերլուծությանը, ուսումնասիրում կատարված հանցագործությունը եւ եզրահանգում, որ ոճրագործությունը կատարելիս գոյություն է ունեցել կանխամտածվածություն, որն էլ փաստում է, որ կատարվածն իրո՞ք ցեղասպանություն է [1]:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ընթացքում հաճախ է բարձրացվում արխիվների հարցը: Շատ մասնագետներ են ուսումնասիրել ամերիկյան, բրիտանական, ռուսական, իտալական, Օսմանյան կայսրության դաշնակից գերմանական ու ավստրիական արխիվները, սակայն ամենակարեւոր` թուրքական արխիվները դեռ լիարժեք ուսումնասիրված չեն[2]:

Թուրքական արխիվները

Ի՞նչ է նշանակում ուսումնասիրել թուրքական արխիվները ցեղասպանության մասին: Նշանակում է, որ պետք է ենթադրել, թե Օսմանյան արխիվներում կան  փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Անշուշտ, որքան էլ ոչնչացված ու մաքրազերծված լինեն արխիվները, ցեղասպանության մասին վկայող որոշ փաստաթղթեր սպրդած կլինեն այդ մաքրազերծումներից ու հավելյալ լույս կսփռեն ցեղասպանությունն իրականացնողների եւ նրանց կատարած գործողությունների ու մեթոդների վրա: Սակայն պետք է հստակ հասկանալ Հայոց ցեղասպանության անցկացման մեխանիզմը եւ մութ սենյակում սեւ կատու չփնտրել, որն, ամենայն հավանականությամբ, այնտեղ չէ:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունն իրականացվել է երկու խողովակներով` պետական եւ կուսակցական, ընդ որում առավել ազդեցիկ են եղել հենց Իթթիհատ վե Թերաքքի («Միություն եւ առաջադիմություն») կուսակցության լծակները: Ցեղասպանության պրոցեսի համակարգողը եղել է Թալեաթը` իր իշխանական երկու ազդեցությամբ` որպես ներքին գործերի նախարար եւ որպես երիտթուրքական կուսակցության իրական ղեկավար: Որպես ներքին գործերի նախարար` նա հրաման է տվել վիլայեթների ղեկավարներին` վալիներին, կազմակերպել հայերի տեղահանությունը: Միաժամանակ Թալեաթը հրամաններ է տվել կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք գտնվում էին տարբեր վիլայեթներում: Օսմանյան կայսրությունը ձեւականորեն ղեկավարվում էր կառավարության կողմից, բայց իրականում երկիրը կառավարում էր երիտթուրքերի կենտրոնական կոմիտեն: Հենց կոմիտեն է ընդունել հայերին ցեղասպանության ենթարկելու անդրանիկ որոշումն ու նախքան պետական մեխանիզմն աշխատեցնելը` կուսակցական խողովակները տարածել էին որոշման գործադրման հրամաններն, ու գործընթացն արդեն սկսված էր: Ցեղասպանությունն իրականացվել է «Միություն ու առաջադիմություն» կոմիտեի հովանու ներքո ու, մասնավորապես, հայտնի դոկտոր Բեհաեդդին Շաքիրի ղեկավարությամբ գործող Հատուկ կազմակերպության կողմից[3]:

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողներին թուրքական արխիվներից պետք է հետաքրքրեն ոչ միայն պետական արխիվները, այլ առավել եւս, կուսակցական արխիվը: Պետական արխիվներում կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են հիմնականում տեղահանումներին: Դրանք այժմ Թուրքիայում հրատարակվում են:  Այդ փաստաթղթերը հետաքրքիր են եւ անուղղակի լույս են սփռում անցյալի վրա: Սակայն հիմնական փաստաթղթերը կուսակցական` երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի փաստաթղթերն են: Բայց երիտթուրքական կենտրոնական կոմիտեի` ցեղասպանությանն առնչվող հիմնական փաստաթղթերը գոյություն չունեն, ոչնչացվել են կամ դեռ հրապարակում չկան: Ականատեսների վկայությամբ` կան որոշ տվյալներ, որ թուրք ղեկավարները 1918 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 1-ը, գերմանական նավերով փախչելիս, իրենց հետ տարել են որոշ փաստաթղթեր  (օրինակ` Նազըմ Բեյը): Կան ականատեսներ, ովքեր վկայում  են, որ կուսակցության կենտրոնական կոմիտեում մի քանի օր շարունակ փաստաթղթեր էին վառվում ու այնտեղից ծուխ էր դուրս գալիս: Կան գերմանացիների մասնակցությանը վերաբերվող տեղեկություններ, որ գերմանական ռազմական պատվիրակության վերջին ղեկավարը` գեներալ Զեքտը, իր հետ Գերմանիա է տարել փաստաթղթերի մի մասը` կապված հայերի կոտորածների եւ  ցեղասպանության հետ: Բայց այդ շրջանի գերմանական ռազմական արխիվները չկան: Ենթադրվում է, որ մեծ մասը ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թեեւ կան նաեւ որոշ տեղեկություններ, որ արխիվները տարվել են ԱՄՆ: Ամեն դեպքում, հենց ինքը` գեներալ Զեքտը, զեկուցում էր, որ «պաշտոնական հրամանները, որոնք ներկայացվում էին որպես պաշտոնական քաղաքականության արտացոլանք, հավելվում էին գաղտնի հրահանգներով. երբեմն այդ գաղտնի հրահանգները տեղյակ էին պահում հասցեատերերին, որ պաշտոնական հրամանները պետք չէ լրջությամբ ընդունել[4]»:

Ինչ վերաբերում է թուրքական պետական արխիվներին, ապա մեկ բառով հնարավոր չէ ասել` փա՞կ են, թե՞ բաց: Նախեւառաջ, թուրքական արխիվները հսկայական նյութ պարունակող, կուտակված մի շտեմարան են, որոնք մինչեւ այսօր նույնիսկ կանոնակարգված չեն, եւ դասակարգման ենթարկված փաստաթղթերը շատ քիչ են: Այդ առումով, շատ դեպքերում լուրջ խնդիրներ են առաջանում նաեւ այն մարդկանց համար, որոնք հնարավորություն  ունեն այնտեղ աշխատելու:

Արխիվների հետ կապված երկրորդ կարեւոր իրողությունն այն է, որ թուրքական արխիվները մաքրազտվել են բազմիցս: Դեռ 1960-ական թվականներից, երբ եզակի մասնագետների էր իրավունք տրվում ուսումնասիրելու թուրքական արխիվները, թուրքական պետությունը հասկացավ, թե ինչ վտանգավոր նյութեր կարող են պարունակել դրանք եւ ուղղորդված, պետականորեն նախաձեռնված կերպով սկսեց այդ արխիվների մաքրազտումը: Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում մի շարք ռազմական հեղաշրջումներ են իրականացվել, եւ ամեն հեղաշրջումից հետո նոր եկող մարդկանց խումբը կրկին  մաքրազտում էր արխիվները: Մարդիկ, ովքեր եղել են այդ արխիվներում եւ փորձել են աշխատել այնտեղ, փաստում են, որ շատ հստակ զգացվում է այդ մաքրազերծումը, քանի որ թվակալումը ընդհատվում է, օրինակ` կարող են  41-րդ թղթապանակում գտնվել 5, 6 եւ հետո 8, 9, 10 փաստաթղթերը, իսկ  7-րդ փաստաթուղթն ուղղակի չլինել:

1987թ. մայիսին Պետական արխիվի տնօրեն նշանակված Իսմեթ Միրօղլուի գլխավորությամբ այդ արխիվներից հայկական նյութը հնարավորինս մաքրվեց: 1989թ. մայիսին թուրքական պետությունը հանդիսավորությամբ հայտարարեց օսմանյան արխիվների բացման վերաբերյալ7: Սակայն այդ հայտարարությամբ թուրքերի  կողմից կատարվեց բացթողում. հայտարարելով, որ արխիվները բաց են մինչեւ 1894 թվականը, դրանով իսկ մատնեցին իրենց, քանի որ յուրաքանչյուր արխիվ ունի գաղտնիության, վաղեմության ժամկետ, իսկ նրանք լավ հասկանալով, որ 1894-96 թթ. համիդյան կոտորածների շրջանի հրապարակումը վտանգ է ներկայացնում, այդ արխիվները պահեցին փակի տակ[8]:

Ամեն դեպքում թուրքական արխիվների մասին քննարկելիս պետք է խուսափել մեկ այլ ծուղակից: Շատ են քննարկումները թուրքական արխիվների բաց կամ փակ լինելու վերաբերյալ: Սակայն խոսելով  Թուրքիայի արխիվների մասին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայկական հարցին եւ հայերին կամ ընդհանրապես Օսմանյան կայսրության եւ իր իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության պատմությանը, պետք է տարբերակել` պետական արխիվներն ու Գլխավոր շտաբի ռազմական արխիվները:

1. Թուրքիայի Հանրապետության վարչապետի աշխատակազմին կից Պետական արխիվների գլխավոր տնօրինություն (Basbakanlik’a bagli Devlet Arsivleri Genel Mudurlugu): Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող արխիվային նյութերը պահվում են Օսմանյան արխիվներում, որոնք գտնվում են Ստամբուլի Քաղըթհանե վարչական շրջանում` Սադաբադ կոչված վայրում, իսկ  հանրապետական շրջանին պատկանող նյութերը գտնվում են Հանրապետական շրջանի արխիվային ֆոնդերում, որոնք տեղակայված են Անկարայում:  Այս արխիվը բաց է բոլոր ուսումնասիրողների առաջ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան` մատուցում է բարձրակարգ ծառայություն: Ստամբուլում գտնվող օսմանյան արխիվների արխիվային ֆոնդերի բոլոր կատալոգները թվային տիրույթում են եւ դրանք կարելի է պատվիրել համակարգչի միջոցով: Արխիվային փաստաթղթերի մի մասը թվայնացված է եւ ցանկացած ժամանակ կարելի է ուսումնասիրել, ցանկության դեպքում` պատվիրել CD կրիչի վրա (վճարելու դեպքում):

Այն փաստաթղթերը, որոնք դեռեւս թվայնացված չեն, պատվիրելու դեպքում կարելի է ստանալ հաջորդ օրը, իսկ ցանկության դեպքում` պատճենը կամ սկանավորված տարբերակն ստանալ CD կրիչի վրա կամ անձամբ լուսանկարել (ծառայությունները վճարովի են): Միակ խնդիրը կայանում է նրանում, որ Օսմանյան արխիվների որոշ ֆոնդեր Գյուլհանեից դեռեւս Սադաբադ չեն տեղափոխվել, այդ հիմնավորմամբ կարող է մերժվել փաստաթղթի տրամադրումը, ինչը ժամանակավոր խնդիր է: Այլ խնդիր է, թե իրականում արխիվում ինչ փաստաթղթեր են պահվում  եւ ինչ է ներկայացվում:

2. Գլխավոր շտաբի ռազմական պատմության եւ ստրատեգիական հետազոտությունների վարչության տնօրինության (ATASE [Genelkurmay Askeri Tarih ve Stratejik Etut Baskanligi]) արխիվ: Թեեւ հայտարարում են, որ այս արխիվը բաց է, սակայն այն կարելի է համարել փակ: Այս արխիվում են գտնվում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության Ռազմական նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ տարբեր ռազմական կառույցների միջեւ տարատեսակ թեմաների վերաբերյալ գրագրություններ, փաստաթղթեր, այսինքն` Հայոց ցեղասպանության վերաբերյալ պահպանված կարեւոր փաստաթղթերից գրեթե բոլորը պահվում են այս արխիվում:

Բիլքենթ համալսարանի դասախոս, պրոֆեսոր Օքթայ Օզելը «Ռադիքալ» թերթում կիսվում է իր փորձառությամբ [9]: Ըստ նրա` արխիվը գործում է Գլխավոր շտաբին կից, ուստի Գլխավոր շտաբի համապատասխան գործերով զբաղվող պաշտոնյաներն են որոշում, թե որ պատմաբանը կամ հետազոտողը կարող է մուտք գործել արխիվ: Նրանք նույնիսկ վերահսկում եւ որոշում են, թե հետազոտողն իր ուսումնասիրության շրջանակներում ինչ նյութ կարող է ուսումնասիրել: Այսինքն` հետազոտողին հասանելի չեն բոլոր կատալոգները: Նրանք կարող են մերժել տվյալ հետազոտողի պատվիրված նյութն առանց հիմնարար պատճառաբանության: Եթե Օսմանյան արխիվների պայմանները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, ապա այստեղ իրավիճակն այլ է: Հետազոտողն իր հետ կարող է վերցնել միայն մատիտ եւ թուղթ: Պատճենահանել  կամ լուսանկարել չի թույլատրվում: Սահմանափակ է նաեւ փաստաթղթերի ուսումնասիրման աշխատաժամանակը: Այս արխիվից օգտվելու ընթացակարգի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ[10]:

Ամեն դեպքում, թուրքական արխիվների ուսումնասիրումն այլեւս չի հետապնդում Հայոց ցեղասպանությունն ապացուցելու նպատակ: Դրանք արդեն պետք է ուսումնասիրվեն ոչ թե ապացուցելու համար` եղել է, թե չի եղել, այլ` ուսումնասիրվի, թե ինչպե՞ս է եղել, ի՞նչ է եղել, ինչու՞, ո՞վ է պատասխանատուն, որտե՞ղ, այսինքն` մանրամասների համար: Իսկության խնդիրը վաղուց լուծված է[11]:

Հայկական արխիվները 

Արխիվների վերաբերյալ քննարկումները շեղելու նպատակով թուրքական կողմը հաճախ դնում է քննարկման հայկական արխիվների բաց  կամ  փակ լինելու հարցը:

Սկսենք նրանից, թե հայկական արխիվներում նրանք ինչ են փնտրում, որ ուզում են գտնել: Ի՞նչ է կարող հետաքրքրել թուրք հետազոտողներին հայկական արխիվներում` Հայոց ցեղասպանության հետ կապված: Մինչեւ 1918թ. Հայաստան անունով պետություն նույնիսկ չկար12: Այսինքն, եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ հայկական արխիվներում նրանք գտնեն ինչ-որ փաստաթուղթ (թեեւ չկա), որ իբրեւ թե Օսմանյան կայսրության մեջ բնակվող համայն հայությունը 1914թ. կամ 1915թ. որոշել էր ապստամբել, ապա դա դարձյալ արդարացման հիմք չէ ցեղասպանություն  իրականացնելու համար[13]:

Պետական մակարդակով հետազոտողների առջեւ բաց են Հայաստանի Ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի, Մատենադարանի, Ազգային գրադարանի արխիվային ֆոնդերն ու գրապահոցները: Այս մասին վերջերս բարձրաձայնում են նաեւ Թուրքիայի հետազոտողներից ու պատմաբաններից ոմանք: Հատկապես` Պոլսում լույս տեսնող հայկական «Ագօս» շաբաթաթերթում իրենց փորձառության ու դրական տպավորությունների մասին վերջերս կիսվել են Թունջելիի համալսարանի պատմության բաժնի վարիչ Ջանան Բադեմը[14]  եւ ԱՄՆ Քլարքսի համալսարանի Հոլոքոսթի եւ ցեղասպանության ամբիոնի աշխատակից Ումիթ Քուրթը[15]:

Հայաստանի ազգային արխիվը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երեք հատորով հրատարակել է ցեղասպանության վերաբերյալ բոլոր առկա փաստաթղթերն ու վկայությունները:  Եռահատորը լույս է տեսել Ամատունի Վիրաբյանի եւ Գոհար Ավագյանի գլխավորությամբ,16 որից հետո թարգմանվել ռուսերեն, անգլերեն լեզուներով, իսկ վերջերս տեղի ունեցավ թուրքերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը` կատարված  թուրք հրատարակիչ Ռ. Զարաքօղլուի կողմից: Եռահատորը հնարավորություն է տալիս  թուրք հետազոտողին ծանոթանալ այդ փաստաթղթերին` առանց Հայաստան այցելելու:[17] Դրանք 1916-17թթ. վերաբերող Անդրկովկասում, Իրանի տարածքում, Բաքվում, Հյուսիսային Կովկասում, Կոստանդնուպոլսում եւ այլ տեղերում հավաքված գաղթականներից անմիջապես գրի առնված նյութերն են` իրենց հետ տեղի ունեցածի վերաբերյալ: Դեպքերից ընդամենը մեկ տարի անց մարդիկ նկարագրում էին իրենց գյուղը, տեղահանության պատմությունը եւ իրենց ոդիսականն այն մասին, թե ինչպես են հայտնվել տվյալ վայրում:

Վենետիկի Մխիթարյանների գրադարանի եւ Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվային եւ գրապահոցային ֆոնդերը սպասարկում են  գիտնականներին եւ  հետազոտողներին  ոչ պաշտոնական մակարդակով[18]:

Թուրքիայի կողմից շատ է շահարկվում նաեւ Բոսթոնի դաշնակցական արխիվների փաստը: Այն  կուսակցության արխիվ է, եւ կուսակցությունը ինքն է որոշում` ինչ չափով է այն բացում կամ չի բացում, եւ  դա Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի: Բնականաբար, մեղադրել Հայաստանի Հանրապետությանը, որ որեւէ ոչ պաշտոնական կառույց կամ անհատ թույլ չի տալիս օգտվել իր արխիվային հավաքածուից կամ ֆոնդից, առնվազն իրականությունից կտրված լինելու արդյունք է[19]:

Ի վերջո, ՀՅԴ այդ արխիվներն էլ, ըստ էության, բաց են: Արդեն հրատարակվել է այդ արխիվների մի կարեւոր մասը (մինչեւ 1913 թվականը), սակայն  այդ հրապարակված արխիվներից թուրքական կողմը երբեւէ չի օգտվել: Այսինքն, թուրքական այս թեզը եւս պարզապես խոսելու նյութ է եւ ոչ թե իրական ինչ-որ պատճառաբանություն[20]:

 

 

1. Հարցազրույց ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, ի.գ.թ. Վ.Վարդանյանի հետ:
2. Հարցազրույց ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս, պ.գ.թ. Ա.Խոսրոեւայի հետ:
3. Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռ.Սաֆրաստյանի հետ:
4. Հարցազրույց Ա. Խոսրոեւայի հետ:
5. Հարցազրույց Ռ. Սաֆրաստյանի հետ:
6. General von Seeckt, Die GrՖnde des Zusammenbruchs der TՖrkei, from V.Dadrian, German Responsibility in the Armenian Genocide, Watertown, 1996, p. 135;
7. Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Ս. Մանուկյանի հետ:
8. Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանի հետ:
9. OktayÖzel, Hükümetin 1915 bildirisivesilesiyle: Arşivlerimizgerçektenaçıkmı?, Radikal, 07/05/2014, http://www.radikal.com.tr/yorum/hukumetin_1915_bildirisi_vesilesiylearsivlerimiz_gercekten_acik_mi-1190637
10. Genelkurmay ATASE baskanligi_arsivinde_calisma_basvurusu, http://www.tsk.tr/9_yayinlar/9_5_genelkurmay_atase_baskanligi_arsivinde_calisma_basvurusu/calisma_basvurusu.htm

11. Հարցազրույց Ռ. Սաֆրաստյանի հետ:
12. Հարցազրույց Ա. Խոսրոեւայի հետ:
Հարցազրույց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կ. Մանոյանի հետ:
13. CananBadem, ErmenistanUlusalArşiviTürkaraştırmacılaraaçık, Agos, 08 Ekim 2012, http://www.agos.com.tr/haber.php?seo=ermenistan-ulusal-arsivi-turk-arastirmacilara-acik&haberid=2856
14. Նmit Kurt, Yerevan-daarsivlerherkeseaյik, Agos, 30 Mayis 2014, http://www.agos.com.tr/haber.php?seo=yerevanda-arsivler-herkese-acik&haberid=7318
16. Հարցազրույց Ա. Մելքոնյանի հետ:
17. Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման բաժնի ղեկավար, պ.գ.թ. Ա. Մարուքյանի հետ:
18. Հարցազրույց Սանկտ Պետերբուրգի համալսարանի արեւելագիտության ինստիտուտի հայցորդ Ա. Քարտաշյանի հետ:
19. Հարցազրույց Ս. Մանուկյանի:
20.Հարցազրույց Կ. Մանոյանի հետ:

Share

Comments are closed.