Անմահության խորհուրդը

10389480_594611277339126_428695079445916924_nԿարեն ՄԻՐԶՈՅԱՆ
Գրող
Ստեփանակերտ

Նա  կռվող տղա էր էն գլխից. երբ դեռ  կռիվ  չկար,  ճահճացման  ու լճացման  տարիներն  էին,  եւ  թնդանոթների  գոռ  համազարկների  ու  ավտոմատների սեգ ճարճատյունների փոխարեն  գործարանային  հաստոցների  ճղճիմ  հռնդյունն  էր  սղոցում  մեր  նվիրական  օդը, նա  կռվում  էր  ծնողների,  կնոջ,  հարեւանների  ու  ընկերների  հետ  (սիրում էր նաեւ փիլիսոփայել. հետաքրքիր մտքեր ուներ. մարդ ու կնկա կապն ու ընտանիքը համեմատում էր բոլտուգայկի հետ. եվ հետո` առաջինը նա հանճարեղորեն կռահեց, որ աղքատության վերացման միակ, ամենահեշտ եւ արդյունավետ միջոցն աղքատներին վերացնելն է. իսկ երբ ազգի կենացն անթիվ անգամներ խմելուց քիչ հոգնում ու խոնջանում էր եւ նստում մայր հողին, սկսում էր խոսել աքքադերեն ու շումերերեն):

Անմահության խորհուրդը

Մահ  իմացեալ  անմահություն է ,
Մահ ոչ իմացեալ` անհամություն:

Ֆիքսել

Պարոդիա ոմանց  քերթվածներին եւ խարազան  բոլոր նրանց,  ովքեր սխալ են հասկացել  Չարենցին  ( «Թե  ուզում ես  երգդ լսեն…») ու կարծում  են, թե Մամփրե¹  արքայի զինվորները խամաճիկներ են:

Նվիրվում է գավառական քաղաքների փողոցներով զիլերով ու գազիկներով հարյուրի  տակ  սլացող անթրաշ   ու  ոսկեատամ  մեր  բոլոր  հերոսների մռայլ  հիշատակին:

Հերոսները…  նրանք  գալիս  ու անցնում են ապտակի պես անսպասելի, եւ նրանց անցնելուց հետո միայն, երբ այրում է ցավը,  նոր միայն զգում ենք կորուստը:

Դեռ մինչեւ վերջերս գավառական մեր քաղաքի նեղլիկ փողոցների՝ ցեխաջրով լեցուն փոսերի վրայով թռչում էր  01-11  ՈՒԽ  պետհամարանիշով՝ բոլորին քաջ ծանոթ, կռվող տղա  Միշիկ Սլավիկյանի հրամանատարական սպիտակ  «Նիվան»: Մարդկանց հիշողության մեջ առհավետ կմնան ընկեր Մարգոյի եւ Վարդանիկի մասին նրա պատմած անզուգական անեկդոտները՝ ոչ հեռու անցյալում,  երբ ինքը դեռ մի հասարակ խառատ էր, նրա գողական-խրխնջուն ծիծաղը՝ նույն այդ փողոցներում,  միշտ իր սիրած՝ պպզած դիրքով ու նրա ծիծաղկոտ դեմքը՝  ոսկե  ատամների փայլով շողշողուն, հրամանատարական սպիտակ «Նիվայի» ղեկին՝ հանց քաջ  Անդրանիկը՝ սպիտակ  ձին  հեծած: Այո, դժվար է հավատալ,  բայց որքան էլ դա ցավալի  ու  անհավատալի է, էլ չկա  մեր սիրելի Միշիկը, անողոք  ճակատագիրն արեց իր սեւ գործը: Միշիկը գնաց ձուլվելու հավերժի անհունին: Նրա  հոգին հավիտյան կսավառնի շնորհակալ հայրենիքի կապույտ երկնքում: Նրա  անունը կգրվի ազգի ընտրյալների մատյանում  (որ Նախագահը,  ասում են, պահում է չհրկիզվող պահարանում): Ով գիտե՝ կարող է նրա անունով կոչվի որեւէ դպրոց կամ փողոց մայր Երեւանում:  …

Բազմամյա  մռայլ խավարին, երբ մարդկանց երշիկով եւ խաղաղությամբ էին խաբում, հաջորդեց երանելի զարթոնքը: Հանրահավաքներ, հացադուլներ, նստացույցեր, տապալված կուսակցության տոմսերի հրկիզումներ …  Միշիկն այն նվիրյալներից էր, ովքեր գործին տրվել էին անմնացորդ՝ ունենալով իրենց շուրթերին հիրավի հզորագույն՝ «Ով մեզ հետ չէ, նա հայ չէ» կարգախոսը:  Միշիկը տարերքի մեջ էր, Միշիկը՝ ոգեղեն մի էություն: Հայրենիքը կանչում էր՝ ի զեն: Ու թեեւ կռիվը դեռ չէր սկսվել, բայց իմաստուն ու հեռատես Միշիկն արդեն էլ չէր բաժանվում իր երկփողանուց եւ Ջուլբարսից՝ գելխեղդ շնից: «Պետք է զինվել, պետք է փրկել հայրենիքը»,- ասում էր տնեցիներին՝ ծնողներին ու երիտասարդ կնոջը՝ Բարսելոնային, որին միայն գիշերներն էր հասցնում տեսնել: Տնեցիներն էլ ըմբռնումով  էին մոտենում, որպես իսկական հայրենասերներ. «Հա, բա ո՞նց»,- ասում էին: Ու այդպես՝ օրական մի քանի անգամ: Պետք է ասել, որ  հեղափոխականի ձիրքը նրա մեջ ի հայտ է եկել դեռ վաղուց. Կոմունիստական լճացման տարիներին,  երբ հնարավոր չէր զբաղվել քաղաքականությամբ, նրա  փոթորկուն  հոգին, միեւնույն է, լափու էր տալիս ու որոնում-գտնում հայրենանվեր գործունեության նոր հորիզոններ. չկար քաղաքական դաշտ՝  նա հեղափոխություն էր անում հայկական կենցաղում: Այսպես, քչերը գիտեն, որ նրան՝ այդ մեծ հայորդուն ենք պարտական,  որ վերացել կամ, համենայն դեպս,  վերանում է մեր միջից «ամոթի թիքա» կոչված կեղծիքի հրեշը:  Սասունցի Դավթի պես ջարդուխուրդ արեց նրան մեծն Միշիկը:   «Ես պետք է վերացնեմ ամոթի թիքան,- հայտարարեց մի գեղեցիկ օր,- չէ՞  որ  մենք հայեր  ենք»:  Եվ սա՝ կոմունիզմի տարիներին: Խոսքին հետեւում է գործը՝ սկսեց ամենուրեք վերցնել ափսեում մնացած վերջին պատառը՝ հավի միայնակ ու թախծող մի բուդ, թե խորովածի ձանձրացող մի պատառ, որ սպասում էին իրենց ասպետին:

Իր  այս՝  հիրավի ազգանպաստ  եւ  ռազմավարական առումով վիթխարի կարեւորություն ունեցող գաղափարն իրականացնելու ճանապարհին նա մաքառեց եւ հասավ նրան, որ բոլոր տեղերից սկսեցին հրավիրել՝ հարսանիք լիներ, թե քելեխ, կնունք լիներ, թե բանակի քեֆ: Երբեմն նույնիսկ մտնում էր նշանդրեքի՝ շատ հաճախ իրեն համեստ պահելով եւ քիչ ուտելով, որպեսզի ապացուցեր իր՝ առաջին հերթին գաղափարի  մարտիկ լինելը: Վերջում մի խրոխտ կենաց էր ասում (մեր Շարժումն  արդեն սկսվել էր)  եւ  հավաքում  ափսեներում մնացած  պատառները: Սա մի իսկական մաքառում էր, մարտիրոսության պես մի բան, որ հիացնում էր իր համախոհներին,  ովքեր ազգի կենացը  խմելու համար նրան սպասում էին լքված կաթսայատանը (կոնսպիրացիայի  համար):  Այս ժամանակների  մասին հետագայում անվանի բանաստեղծ Ֆիքսելը պիտի գրեր.

Օղին ձեռքին՝  հանց նռնակ,
Առանց ընկեր ու բանակ,
Քայլվածքով իր արժանի՝
Խոյանում էր  նշանի: 

(Ափսո՜ս, որ մեր իրականության մեջ  չկար  Դեյնեկայի² պես  մեկը,  քանզի, ինչպես  Խորենացին է ասել. «Թեկուզ  մենք  փոքր  ածու  ենք…»):  Նա  կռվող տղա էր էն գլխից. երբ դեռ  կռիվ  չկար,  ճահճացման  ու լճացման  տարիներն  էին,  եւ  թնդանոթների  գոռ  համազարկների  ու  ավտոմատների սեգ  ճարճատյունների փոխարեն  գործարանային  հաստոցների  ճղճիմ  հռնդյունն  էր  սղոցում  մեր  նվիրական  օդը, նա  կռվում  էր  ծնողների,  կնոջ,  հարեւանների  ու  ընկերների  հետ:

Վերջապես,  եկավ  ընդհատակից  դուրս  գալու  երանելի  պահը:  Վերադառնալով  զորավար  Փրոնդիկի  անվան հանրապետական  մաշկավեներոլոգիական  հիվանդանոցից՝  նա  վզից  կախեց զորավար Անդրանիկի պատկերով մեդալիոն եւ բեխեր թողեց՝  a la  Andranik,  որ  հիացմունքի  ու  ակնածանքի  անսպառ  աղբյուրի  վերածվեցին:  Միանգամից  ընտրվեց  թե  իրենց  գործարանի,  թե  իրենց  թաղի  «ՂԱՐԱԲԱՂ»  կոմիտեների  կազմում,  որպես  պաշտպանության  եւ  արտաքին  հարաբերությունների հանձնաժողովի  անդամ ( «Ես  արդեն  անդամ  եմ,  ուրախությամբ  ասաց  կնոջը,  վերջապե՛ս»):  «Պետք է զինվել»,- ասաց եւ գործարանում առաջինն ինքը երկաթե գնդակներ նետող պարսատիկ պատրաստեց:  Հետո պատրաստեց նաեւ Բարսելոնայի, ծնողների, ընկերների եւ բարեկամների համար (պատրաստում էր շատ մատչելի գներով): Ու Միշիկը սկսեց վայելել շրջապատի սերն ու հարգանքը` մնալով, ինչպես միշտ, շատ համեստ, այնպես որ, եթե, դիցուք, նրան Անդրանիկի կամ Նժդեհի հետ էին համեմատում, համեստաբար ասում էր. «Է՛, ես ուր` Անդրանիկը` ուր» կամ` «Ոչ, ես դեռ Նժդեհ չեմ, դեռ Լեռնահայաստան չեմ ստեղծել, իմ մասին դեռ գրքեր չեն գրվել»:

Հայրենասիրության զգացումը նրա մոտ այնքա՛ն խորն  ու հոգեցունց էր, որ նա անգամ դադարեց կատարել ամուսնական պարտքը: «Հայը` հայի՞ն», զարմանքով ու համլետաբար ասաց նա: Բայց, իհարկե, այդպես երկար շարունակվել չէր կարող` սրբազան պարտքը կատարել էր պետք` քաջազուն հայորդիներ այս դաժան աշխարհ բերելու միակ ճանապարհն առայժմ դա է: Ու իր նոր մոտեցում-դիրքորոշումն արդարացնելու եւ հիմնավորելու համար Միշիկը մանրակրկիտ ուսումնասիրեց կնոջ տոհմածառը եւ հայտնաբերեց, որ Բարսելոնայի հոր կողմից յոթերորդ պորտում կա մի Մամեդ: «Գտա՛»,- գոչեց նա ու հանգիստ սրտով նորից ձեռնամուխ եղավ սրբազան պարտքի կատարմանը: Ընդհանրապես, հայրենիքից ավելի բարձր հասկացություն նրա համար գոյություն չուներ: Ինքը չէր էլ թաքցնում դա. «Այո, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, որովհետեւ լա՜վն է մեր հայրենիքը»,- թեկուզ այդ պահին սեղանի քով չլիներ, լիներ առանց բաժակի, թեկուզ թրաշվելուց լիներ:

-Հայրենիքն ընդհանրական հասկացություն է, Միշիկ,- առարկեց նրան մի օր Գալոն` ընկերը, երբ շշով գարեջուր էին խմում խանութում:- Այ` գարեջուրն ուրիշ է, ավելացրեց նա:

-Հայրենիքն ավելի բարձր է,- ունքերն ահեղորեն կիտելով` գոչեց Միշիկը եւ, որպես ապացույց, շիշը գետնովն եկավ ու ջարդեց: Կեսն էլ չէր խմել: Այո, միշտ այսպիսին էր նա` պարզ, շիտակ ու ճշմարտախոս: Եթե, օրինակ, նրանից ժամն էին հարցնում (լավ ժամացույց ուներ` «կամանդիրսկի»), ճիշտն էր ասում ու երբեք չէր խաբում, խաբել չէր սիրում, եւ նրա պատասխանի մեջ միշտ էլ մի վերերկրային հոգատարություն էր զգացվում: Ի դեպ, հոգատարության մասին: Պատմում է Բարսելոնան. «Պատահում էր երբեմն, որ գիշերները բաց էի լինում` ոտքերս աջ ու ձախ տարածած: Անխուսափելիորեն պիտի մրսեի ու հիվանդանայի, չէ՞, փաստորեն: Եվ այստեղ օգնության էր հասնում Միշիկս ու վերմակը քաշում վրես: Շա՛տ անգամ է այդպես եղել»:

Նրա սրտացավությունը սահման չուներ: Բարեւելուց անմիջապես հարցնում էր զրուցակցին` ի՞նչ կա-չկա: Երբեմն, նույնիսկ` է՞լ ինչ կա-չկա:

Գաղտնիք չէ, որ հրամանատարը պետք է նաեւ ճշտապահ ու մաքրասեր լինի. այստեղ էլ Միշիկն էտալոն էր. հյուր գնալուց, օրինակ, կոշիկներով երբեք տուն չէր մտնում: «Մաքրությունը լավ բան է»,- ասում էր: Քնելուց առաջ ստուգում էր անպայման` փակվա՞ծ են, արդյոք, ջրի ծորակները: Հաճախակի սափրվում էր եւ դեմքին օդեկալոն ցողում, որ բույր տարածի: «Պետք է մտածել նաեւ շրջապատի մասին»,- ասում էր այն տարիներին, երբ «էկոլոգիա» հասկացությունը մեզ տակավին անծանոթ էր:

Միշիկը նաեւ շատ կոռեկտ անձնավորություն էր: Արժանիք, որ այնպես պակասում է մեր շատ գործիչների. ոչ ոք չի հիշում գոնե մի դեպք, որ շախմատ կամ նարդի խաղալուց խաղատախտակը շուռ տար կամ վրա բերեր հակառակորդի գլխին կամ թեկուզ կուլ տար զառերը:

Նա մեր քաղաքում մարդու իրավունքների առաջին պաշտպանն էր նաեւ: Երբ տղաներին նեղացնում էին, եւ նրանք նորից հանդիպելու համար ժամ էին նշանակում, գալիս էին Միշիկի ետեւից: Ու առանց երկմտելու, Միշիկը շտապում էր այդ ռազբորկաներին, որտեղ իր անձի խնդիրը չկար:

Իմիջիայլոց, ամենեւին էլ չնսեմացնելով 70-80-ականների խորհրդային այլախոհների վաստակը, հպարտությամբ ուզում ենք փաստել, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում էլ հայերս, Միշիկով հանդերձ, առաջիններից էինք:

-Ես իրավունք ունեմ հանգիստ պառկելու, եւ աշխարհում ոչ ոք իրավունք չունի ինձ անհանգստացնել,- դեռ 70-ականներից գիշերներն անդուլ բղավում էր Միշիկը` ընդվզելով մոծակների ապօրինությունների դեմ, սակայն այդպես էլ կտրականապես մերժեց զանգվածային ոչնչացման Раптер եւ այլ միջոցները` մեկնաբանելով, որ այդպես կարող են տուժել նաեւ անմեղ մոծակները:

Իսկ բարությու՜նը, բարությու՜նը. պատմում են, թէ ինչպես մի անգամ, երբ խաղացող երեխաների գնդակն ընկավ ջրափոսը, նա, որ տուն էր վերադառնում աշխատանքից, վայր դնելով գործարանից տուն տարվող ինչ-որ երկաթեղեն, մեծագույն դժվարությամբ, ճոճվելով, տեղ-տեղ կասկածելիորեն չոր տեղերով մի կերպ հասնում է գնդակին (փաստորեն, երեխաների պատճառով թրջելով ոտքերը. մեծ հայորդին, սակայն լավ էր հասկանում, որ երեխաները մեր ապագան են)  եւ վերադառնալով` աստվածային ժպիտը դեմքին` դիմում է երեխաներին. «Առե՛ք, երեխաներ, խաղացեք»: Ու նույնիսկ տշելով չի տալիս, այլ ձեռքով գլորում է` մի փոքրիկ հայրենասիրական ճառ-խրատ կարդալով:

Նրա ազնվությունը բնութագրող մի դեպք. մի անգամ, աշխատանքի գնալիս գործարանի մուտքի մոտ մի 50 կոպեկանոց է գտնում: Ամբողջ օրն արտադրամասից-արտադրամաս փնտրում է, բայց չի կարողանում գտնել կորցնողին: Ի վերջո, օրվա վերջում տալիս է ընկերներին, որոնց մոտի փողը չէր հերիքում մի շիշ օղի գնելուն, հետն էլ պատվիրում. «Ես ծնունդ եմ գնում, ժամանակ չունեմ, բայց ազգի կենացը չմոռանաք»:

Չէինք ցանկանա երկար ու բարակ թվարկել նրա բազում արժանիքները (թեկուզ նա դրան արժանի է), քանզի եւ վասնզի բրեժնեւյան ժամանակների ճահճահոտը կգա, բայց հերոսի դիմանկարն ամբողջացնելու համար արժեր եւս մի երկու խոսք ասել: Մի խորհրդանշական դեպք, որ առաջին հայացքից այնքան էլ մեծ նշանակություն չուներ, երեւան հանեց նրա զարմանալի հեռատեսությունն ու, ինչպես  կհամոզվենք քիչ հետո, մարգարեաբար կանխատեսելու ունակությունը, ինչի պատճառով էլ ընկերները նրան կնքեցին «Հայկական Նոստրադամուս»  անունով: Գալոն կոշիկ էր գնել: Ինքը 44 համարի էր հագնում, կոշիկն էլ այդ չափսի էր, բայց, արի ու տես, կոշիկը հուպ էր տալիս, մանավանդ` աջը: Խեղճը մի կտոր էր դարձել ու տանջվում էր: Երբ Միշիկը նրան տեսավ, միանգամից հարցրեց.

-Ի՞նչ է եղել, Գալո:

Տանջահար դեմքով նայելով Միշիկին` Գալոն խեղճ-խեղճ ցույց տվեց կոշիկները:

-Նո՞ր ես գնել,- նորից հարցրեց Միշիկը:

-Այո,- պատասխանեց Գալոն:

Միշիկը  մտազբաղ մի սիգարեթ վառեց, հայացքը հառեց կապույտ հեռուներին ու հանդիսավորությամբ ասաց.

-Ոչինչ, Գալո եղբայր, ոչինչ, հավատա, կանցնի մի փոքրիկ ժամանակահատված, եւ կոշիկդ կբացվի: Այսպես չի մնա, կփոխվի վիճակը:

Քիչ հետո նորից ասաց.

-Այսպես չի մնա, կփոխվի վիճակը…

Եվ` ի՞նչ  եք կարծում` երեք օրից Գալոն, բարձր տրամադրությամբ, մի շիշ օղի ծոցում, մտավ Միշիկենց տուն:

-Լսիր,- ժպտադեմ ու զարմանքով խոսեց Գալոն: Միշիկը նույնպես ժպտադեմ` ընդմիջեց ընկերոջը.

-Գիտեմ, կոշիկդ բացվել է…

Անձամբ ես հակված եմ պնդելու, որ նա կանխատեսում էր ԽՍՀՄ փլուզումը, երբ ի լրացում կոշիկի բացվելու իր կանխատեսման, ավելացրեց. «Այսպես չի մնա, կփոխվի վիճակը»: Իհարկե, այն տարիներին նման բաների մասին պետք էր քողարկված խոսել:

Ավա՜ղ, նա գնաց, գնաց` չիրականացած բազում իղձերի ու մուրազների հետ տանելով նաեւ չիրագործված հանճարեղ գաղափարներ (ի՞նչ արժեր միայն օգտագործված-չլվացված կիսագուլպաների կիրառմամբ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման նրա գաղափարը, որ իր հետ գերեզման տարավ. լրջորեն նախապատրաստվել էր ձեռնամուխ լինելու հայոց ազգային գաղափարախոսության ստեղծմանը):

Այո, դաժան է ճակատագիրն ու անգութ: Ամեն ինչ ընթանում էր իր հունով. երկու տարում շարքայինից հասել էր փոխգնդապետի աստիճանի (ասում են, որ քանիցս նաեւ դիրքերում է եղել, մի ժամում կրակում էր մինչեւ 50 պահունակ, նահանջելիս էլ եղնիկից արագ էր վազում, որ անարգ թշնամու ձեռքը չընկնի): Ավա՜ղ:

Այդ օրը սովորականի պես եկել էր զորամասից, լվացվել, մաքրել ատամները, ընթրել ու դուրս եկել փողոց: Միշտ էլ գերադասել է լինել հասարակ մարդկանց հետ, հաղորդակից լինել նրանց դարդուցավին, խմել նրանց հետ ազգի կենացը: Հիշում եմ` «Քաջ Նազարի» առաջին աստիճանի շքանշանը ստանալու կապակցությամբ թաղում նրա կազմակերպած խնջույքին (որին ներկա էին նաեւ հարսանիքներում առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ դարձած նրա բոլոր զինակիցները), երբ բոլորն իր կենացն էին խմում անընդհատ, նա` գումարտակի հրամանատարը, պատկերացնու՞մ եք, ազգի կենացն էր խմում մի գլուխ` այդպես էլ չհասցնելով մի կարգին ուտել ձեռքի խոզի բուդը: «Ազգի կենացը խմենք,- ասում էր,- մեր տառապած եւ տառապող ազգի, լա՜վն է մեր ազգը» (սիրում էր նաեւ փիլիսոփայել, հետաքրքիր մտքեր ուներ. մարդ ու կնկա կապն ու ընտանիքը համեմատում էր բոլտուգայկի հետ. եւ հետո` առաջինը նա հանճարեղորեն կռահեց, որ աղքատության վերացման միակ, ամենահեշտ եւ արդյունավետ միջոցն աղքատներին վերացնելն է. իսկ երբ ազգի կենացն անթիվ անգամներ խմելուց քիչ հոգնում ու խոնջանում էր եւ նստում մայր հողին, սկսում էր խոսել աքքադերեն ու շումերերեն):

Եվ այսպես` վերցրել էր իր հետ երեք լիտր թթի օղի, ուտելիք, ու թաղի տղերքի հետ զրուցում էին իրենց այգու խոտերին նստած (քանի որ պատերազմի ժամանակ մի ճակատում երկար չէր մնում, ձանձրանում էր, դրա համար էլ խրամատում չհասցրեց լինել, միայն պատերազմից հետո կարողացավ ճաշակել խրամատի քաղցրությունը` ամեն անգամ ճանապարհելով  հյուր եկած ընկերներին, գնում ու պառկում էր իրենց այգու չորացած առվի հունի մեջ` զգալու պատերազմի դառնություններն ու զրկանքները, տալով մարտական հրահանգներ ու երգելով`  «Դե ելնենք, եղբայրներ»): Հակառակի պես` այդ օրն էլ ոստիկանությունը որոշել էր սատկացնել թափառական շներին, եւ վտանգավոր էր գիշերը փողոցում գտնվելը: Հետախուզությունն էլ ոչինչ չէր զեկուցել այդ մասին` տվյալներ չունենալու պատճառով: Եվ ահա`  միամիտ ու անխռով, օղու թասը ձեռքին, երբ ամենաքիչն էր սպասում վտանգի… մեկ էլ` թրը՜խկ, թրը՜խկ, որոտացին անիծյալ ու ճակատագրական կրակոցները: Շների կլանչոց-կաղկանձին միախառնված` նա միայն հասցրեց գոռալ. «Բարսո՜, կրիշի տումբշկի…», ու դադարեց բաբախել մեծ հայրենասերի սիրտը:

…Նա իրավունք ուներ, հիրավի, կրկնելու Նապոլեոնի ճակատագրապաշտական խոսքը. «Այն գնդակի վրա, որ կսպանի ինձ, գրված կլինի իմ անունը»: Այսպես ենք ասում, քանզի համոզված ենք, որ եթե կարողանայինք ամրագրել մեզ մոտ քաղաքակիրթ երկրների փորձը, կկարողանայինք խուսափել այդ համազգային ողբերգությունից: Քաղաքակիրթ երկրներում թափառական կենդանիների հետ այդպես չեն վարվում, չեն սատկացնում, ստերիլիզացնում են, որ նրանք չբազմանան:

Ժամանակն է, որ համապատասխան միջազգային կազմակերպությունները միջամտեն եւ արգելեն սատկացնել թափառական շներին:

 

————-

1.Հայերենի տառերը` ըստ Մ. Գալշոյանի հայտնի պատմվածքի:

2. Ռուս-խորհրդային նկարիչ, ով երկրորդ աշխարհամարտի թեմաներով մի շարք կտավներ է ստեղծել, որոնցում պատկերված են հերոսության գնացող մարտիկները:

 

 

Share

Comments are closed.