Հայաստան 2035. հակաուտոպիական ակնարկ

Безимени-110Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Հրապարակախոս
Երեւան

ՏԱՆԸ

– Պապ, ընդունվել եմ ԵՏՄ-ի լավագույն համալսարաններից մեկը:
– Ո՞ր մեկը, տղաս:
– Ղրղզստանի տեխնոլոգիական ինստիտուտ:
– Հրաշալի է: Հպարտանում եմ քեզանով, որդի՛ս:
– Բայց պետք է ուսմանս վարձը մուծեմ, մինչեւ շաբաթվա վերջ: Հակառակ դեպքում` կհեռացնեն համալսարանից:

– Որքա՞ն է կազմում վճարը, հոպարին կասենք Ամերիկայից կուղարկի:
– 8.500.000 եվրասիական ռուբլի:
– Իսկ դոլարով որքա՞ն է դա լինում:
– 450 դոլար:
– Շատ լավ: Վաղը կզանգեմ:

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

– Կառավարությանը հարց տալու համար` Արմեն Աշոտյան, խնդրեմ:

– Շնորհակալություն, պարոն Բագրատյան: Հարցս ուղղում եմ ՀՀ վարչապետ Լեւոն Զուրաբյանին: Պարոն վարչապետ, երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պահանջը` էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու մասին` 2560 դրամ: Սա ակնհայտ թալան է` ուղղված ժողովրդի վերջնական հարստահարմանը: Մարդիկ ամբողջովին հուսալքված են, երկիրը դատարկվում է: Ձեր թալանչիների կառավարությունը տապալել է իր բոլոր ծրագրերը եւ պետք է անհապաղ հրաժարական տա…

– Պարոն Աշոտյան, դուք վիրավորում եք եւ անցնում բարեկրթության սահմանները: Խնդրում եմ անջատել պրն. Աշոտյանի խոսափողը:

– Սա ի՞նչ խուլիգանություն է, ինչու՞ եք անջատում ընդդիմության խոսափողները, այս ի՞նչ բռնատիրական կարգեր են տիրում…

– Տիկին Փոստանջյան, խնդրում ենք տեղից չմիջամտել, երբ ձեր հերթը գա՝ կարող եք խոսել:

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՉԱԿՈՒՄ

Էդուարդ Շարմազանով – Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվա մեր հուժկու հանրահավաքը ցույց է տալիս, որ ժողովուրդը մեր կողքին է: Մեր հաղթանակը մոտ է: Շուտով մենք կազատվենք այս ապօրինի իշխանություններից: Կոնգրեսական խունտան պետք է անհապաղ հեռանա իշխանությունից: Ո՛չ՝ ավազակապետությանը:

Տարոն Մարգարյան- Սիրելի՛ ժողովուրդ, այսօրվա եռյակի հանրահավաքին չեն մասնակցում մեր դաշնակցական ընկերները, որովհետեւ ունեն որոշ գաղափարական վերապահումներ: Մենք հարգում ենք նրանց որոշումը: Բայց միեւնույն է` հրաշալի եռյակը մնում է նույնքան հրաշալի` ի դեմս «Օրինաց երկիր» կուսակցության, Ազգային միաբանության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության: Բոլորս դեպի հաղթանակ:

Հեղինե Բիշարյան- Սիրելի՛ ընկերներ, ինչպես գիտեք՝ Հայաստանի գլխավոր խնդիրը քաղաքական բանտարկյալների հարցն է: Բոլոր քաղբանտարկյալները` Արթուր Բաղդասարյանի եւ Կարեն Ավագյանի գլխավորությամբ, անհապաղ պետք է ազատվեն բանտերից: 2035 թվականին որեւէ երկրում այլեւս չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ: Իսկ հիմա թույլ տվեք հարթակ հրավիրել համաժողովրդական շարժման առաջնորդ, մեծ բարերար Սամվել Ալեքսանյանին:

– Բարեւ Ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ: Ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած եւ շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ` ձեր կողքին կանգնած: Սիրելի՛ հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ օրեցօր երկրում խորանում է աղքատությունը, ժողովուրդը հեռանում է օտար երկրներ, գյուղացին հիասթափվել է, փոքր եւ միջին բիզնեսի համար չեն ստեղծվում անհրաժեշտ պայմաններ: Սիրելի՛ ժողովուրդ, ես այսօր դիտմամբ երկար չեմ խոսի, բայց հաջորդ հանրահավաքին ես կասեմ իմ ասելիքը: Ես գիտեմ, որ ժողովուրդը սպասում է, հավատում է: Ալեքսանյանն այսքան ժամանակ չի հիասթափեցրել ոչ ոքի, մեր խոսքը գործ է, սիրելի՛ ժողովուրդ: Հավատացեք մեզ եւ մենք միասին կստեղծենք ավելի լավ երկիր:

Share

Comments are closed.