Արտագաղթ

Gurgen_XanjyanԳուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Արձակագիր, դրամատուրգ
Երեւան

– Հե՜յ, հե՜յ,- հուսահատ ձայնով գոռաց Սամոն, եւ նրա գոռոցը տարածվեց անծայր տայգայով. մոտակա եղեւնու ճյուղից ափաչափ ձյուն ընկավ:

– Էս ի՞նչ օրի ենք, ախպեր, էս ու՞ր ենք ընկել, մի հատ կենդանի շունչ չկա,- ցրտից դողացող բերանով ձայնեց Վաչոն:- Վայ թե Ալյասկա հասանք:

– Չեմ կարծում, մինչեւ Ալյասկա դեռ ահագին կա: Տայգան է, եղբայր, տայգան, սրան վերջ չկա: Վախենամ գայլերի բաժին դառնանք, Վաչագան: – Սամոն  կասկածով նայում էր անտառի կողմը:

– Հա, թե մինչեւ մութն ընկնելը մարդ ռաստ չեկավ՝ վայ մեզ,- մղկտաց Վաչոն:

– Ախր ասացի ռելսերով գնանք, ռելսերով գնայինք՝ ոնց էլ լիներ՝ վերջը մի բնակավայրի մոտ դուրս կգայինք:

– Ռելսի անունը չտաս, ռելսից ալերգիա ունեմ, էս մի տարի ա ռելսերի վրա ենք:- Վաչոյի հեռուն պրպտող հայացքը  հանկարծ մեխվեց, աչքերը չռվեցին: -Սամո,- հուզված ձայնեց նա,- էն ի՞նչ ա, էն ծուխ չի՞, էն տուն չի՞, հլա նայի…Թե՞ աչքիս ա երեւում, միրաժ ա:

– Միրաժն անապատում է լինում, խելոք: -Սամոն նայում էր Վաչոյի ցուցած ուղղությամբ: -Վայ… Իսկապես որ… Յուրտ է, Վաչագան, յուրտ, փրկվեցինք:

– Յուրտը ո՞րս ա, այ ախպեր,- զգուշացավ Վաչոն:

-Հյուսիսային ժողովուրդները, օրինակ՝ չուկչաները, յուրտներում են ապրում, վրանի պես բան է,- բացատրեց Սամվելը:

– Հա՞…

– Հա, արի: Դե արի, ի՞նչ ես կանգնել:

– Սամո, հանկարծ հարամի-բան չլնի՞ մեջը:

– Ի՞նչ հարամի, եղբայր, երեխա չես, արի:

– Էկա:

Սամոն, որ առաջացել էր, յուրտի դռանը մորթե հանդերձներով մի կերպարանք տեսավ եւ ոգեւորված կանչեց ընկերոջը.

– Ահա եւ ինքը՝ յուրտատերը, իսկ դու ասում ես՝ հարամի:

– Հա, բայց սրա հետ ո՞նց լեզու գտնենք, Սամո, դու չուկչերեն գիտե՞ս:

– Մի բան կանենք, Վաչագան, չվախես:- Սամվելը մոտեցավ ու հարգալից բարեւեց.- Բարի օր, սեւեռնի բրատ:- Պատասխան չեղավ, «սեւեռնի բրատը» ապշած նայում էր անտառից դուրս եկած մարդկանց ու լռում:

– Իա, ձեն չի հանում,- ասաց Վաչոն:

– Այս հարգարժան մարդը երեւի ռուսերեն չի հասկանում,- նկատեց Սամվելը:

– Ասում ենք՝ դոբրի դենյ, չուկչա ախպեր,- համառեց Վաչագանը:

Եվ չուկչայի ապշած-պաղած հայացքը հանկարծ ջերմացավ:

– Դոբրի, դոբրի, տղերք ջան, ես ձեր ցավը տանեմ,- խոսեց նա :

– Իա…- զարմացավ Վաչոն:

– Ի՞նչ ասաց,- հարցրեց Սամոն:

– Ասում ա հայ եմ, տղերք ջան, ձեր ցավը տանեմ:

– Հա, ես ձեր հոգուն մատաղ,-  հաստատեց  յուրտատերը:

– Չեմ հասկանում, այս մարդը հա՞յ է,- դարձյալ հարցրեց Սամվելը:

– Ա դե հայ ա, էլի, հո ապուշ չե՞ս,- ասաց Վաչագանը:

– Այ ախպերիկներ, էս անտառներում ի՞նչ եք անում, էս ի՞նչ գործ եք կպցրել,- հարցրեց հայ չուկչան:

– Ինչ գործ, ինչ բան… Մոլորվել ենք,- բացատրեց Վաչոն:- Անունդ չես բախշի՞:

– Աշոտ, ձեր չարը տանեմ,- բախշեց Աշոտը: Ընկերներն էլ իրենց անունները բախշեցին. ծանոթացան:- Դե մտնենք տուն, սառել եք: Եկեք, մի ամաչեք, հայի տուն ա:

Յուրտում տաք էր: Հեռու անկյունում մի կին գործ էր անում. գլուխը բարձրացրեց, նայեց, շեղ աչքերը լայնացան:

– Տիկինս ա, Նաիլյան, տեղական չուկչայա, բայց լավ աղջիկ ա, հալալ կաթնակեր,- բացատրեց Աշոտը եւ դարձավ կնոջը.- Նաիլյա՞, բաշմարկնդա, արաղ կաշկնդա:

– Չկա, Աշոտա, երեկ պրծնել:

– Վայ, էս մեր քուրը հայերեն ա խոսու՞մ,- զարմացավ Վաչոն:

– Հլա ու չխոսի,- ասաց Աշոտը:

– Բարեւ, քուր ջան,- տիկնոջը ողջունեց Վաչոն:

– Բարեւ ձեզ,- միացավ Սամոն:

– Բարեւ, բարեւ,- պատասխանեց Նաիլյան:- Ինչի՞ կանգնած, նստել:

-Ասում ես բասընտա՞,- Աշոտը մտահոգված էր:- Բա շաշկր, մաշկր, ֆրմշտա: Տղերքը Հայաստանից հյուր են եկել, հո խայտառակ չե՞մ լինելու:

– Անհանգստանալ պետք չի, հարգարժան Աշոտ,-  միջամուսնական լարվածությունը մեղմել փորձեց Սամվելը:

– Ոնց թե… Բա դուք հասնեք էստեղ ու…- չէր հանգստանում Աշոտը:

– Ինչի՞ մանթո ընկնել, Աշոտա, ես գնալ քաղաք ու բերել,- ասաց Նաիլյան:

– Դե թռի, թռի ցավդ տանեմ:

– Քաղաքը մոտ ա՞,- հետաքրքրվեց Վաչոն:

– Քթի տակ, մի հարուր կիլոմետր հազիվ լինի, րոպեական կթռնի-կգա,- ասաց Աշոտը:

– Մենք չեկանք, որ ձեզ հոգսերով ծանրաբեռնենք, անհարմար է ստացվում, իրոք որ,- նկատեց Սամվելը:

– Էս մարդ խոսի, Նաիլյա չհասկանա, հայերեն չի՞,- հարցրեց մանկամարդ կինը:

– Ասում ա պետք չի, մեկ էլ գնաս, չարչարվես,- թարգմանեց ամուսինը:

– Շներ ինձ ծտի պես թռցնել, ես վռազ գալ:

– Թռի, թռի կաքավ ջան, շատ խոսեցիր, դավայ:

Նաիլյան դուրս եկավ. դրսում լսվեց շների կլանչոցը, ապա կնոջ զիլ սուլոցը:

– Դե տղերք ջան, հիմա պատմեք տենանք ոնց ընկաք էս կողմերը, որտեղից, ինչի…- հարցրեց  տանտերը, երբ հյուրերը նստել էին մորթապատ աթոռներին:

– Էէ, երկար պատմություն ա, Աշոտ ախպեր: Ուրեմն, էս իմ Սամո ախպոր հետ որոշեցինք Ռուսաստան գնալ, մի տաք տեղ կպցնել-բուն դնել, գործ-մործ անել: Դե մեր մոտ, գիտես, նալոգախեղդ են անում, օլիգարխները չոքել են բկներիս, գործ չկա, մի խոսքով: Ուրեմս, էս մոտ մի տարի ա տնից դուրս ենք եկել…

– Ուղիղ մի տարի,- ճշտեց Սամոն:

– Ոնց որ թուղթուգիր արած ըլնեն, այ մարդ,- շարունակեց Վաչոն իր տխուր պատմությունը:- Ուր գնացինք, բան դուրս չեկավ, էլ Աստրախան ու Ռոստով, էլ Նովգորոդ ու Կազան, էլ Պերմ ու®

– Սվերդլովսկ,- լրացրեց Սամոն:

– Հա: Վերջը, ախպորս ասեմ, գնացք նստած գալիս ենք Բառնաուլի կողմը, մեկ էլ՝ շխկ, գնացքը կանգնեց, վագոն մտան կազակները, թե՝ այլազգիներ…

– Չեռնաժոպի,- ճշտեց Սամոն:

-Հա: Դավայ, ասին, գնացքից թռեք: Հանին, գցին դուրս, ախպեր, ի՞նչ կլնես: Առավոտից էս չոլերում, էս ձների մեջ գալիս ենք ու գալիս, արդեն խաչ էինք քաշել մեր ապագայի վրա, մեկ էլ Աստծուց էր՝ քեզ ռաստ էկանք:

– Այո, մեծ բախտավորություն էր, թե չէ արջի կամ գայլի բաժին էինք դառնալու, Աշոտ եղբայր:

Նույն պահին, ասես պատվերով, անտառից գայլի ոռնոց լսվեց:

– Հա, ինչ-ինչ, բայց դրանցից էստեղ լիքն ա,- ասաց Աշոտը, որ նկատելի տխրել էր Վաչագանի պատմությունից:

– Լավ, Աշոտ ախպեր, հիմա դու պատմի, էս Չուկչստանում դու՞ ինչ ես անում,- հարցրեց Վաչոն:

– Ձեր հագուստն իսկական հյուսիսային եղջերվապահի հագուստ է,- նկատեց Սամոն:

– Հա, ասում են՝ որ երկիրը մտար՝ էդ երկրի գլխարկը դիր: Ես, տղերքիս ասեմ, էս արդեն չորս տարի ա ստեղ եմ, որսորդություն եմ անում՝  սոբոլի, աղվեսի, սկյուռի-բանի մորթի եմ հավաքում, տանում քաղաք, էնտեղ ընկերոջս հետ շուբի ցեխ ենք դրել, մեկս ցեխն ա աշխատացնում, մյուսս որս անում, վեց ամիսը մեկ փոխվում ենք. վատ չի գործը, յոլա տանում ա, գոհ եմ իմ աստծուց, հա…- Աշոտն ընդհատում է խոսքը եւ դառնում կնոջը, որ շնչահատ մտել էր տուն:- Նաիլյա՞, սակարմաչի՛, դանդալոշ:

– Ես մեղք չունի, Աշոտա, շներից մեկ ճամփին սատկել, դրա համար Նաիլյա ուշանա, բայց արաղ բերի, շատ բերի:

– Թե չէ եսիմ: Դե շուտ արա, սեղան գցի, տղերքը սոված մեռան,- ապսպրեց Աշոտը եւ շրջվեց տղերքի կողմը, որ արդեն լավ տաքացել էին ու հարմար ընկղմվել մորթիների մեջ:- Սրա հերը, ողորմի իրան,- պատմեց նա,- ախմախի մեկն էր, տղերքիս ասեմ, հենց հարբում էր՝ մտնում էր անտառ, բարձրանում ծառին ու նստում, իրան ծիտ էր զգում, էդպես թառում էր ճյուղին, ծտի ձեներ հանում, հետո քունը տանում էր, քնում: Ես էլ անտառում որս եմ անում, առաջի օրերն ա, խամ եմ հլա, նայեմ՝ ծառին մի փրչոտ գազան ա թառել, թվանքը քաշեցի ու՝ առըհա, խփեցի-գցեցի ցած: Վայ-վույը դրեց, մի գոռալ ա գոռում, մի ճվճվում ա…Մոտիկ գնացի, տեսա մարդ ա:

– Սատկ… այսինքն՝ մեռա՞վ,- հարցրեց  Վաչոն:

– Չէ հա: Վիրավոր էր, տան տեղը ցույց տվեց, գրկեցի-բերի տուն, պառկացրի ու աղջկա հետ էլ ծանոթացա. սեր մտավ մեջներս: Բայց Դերսուն, հերը, էլի, դեմ կայնեց, թե էս հայը ինձ մի օր կխփի: Մի լավ խմցրի սրան մի օր, ասի՝ կբարիանա, էսի  հարբեց, սովորության համաձայն գնաց անտառ ու էլ հետ չեկավ: Էս տուն-տեղն էլ մնաց մեզ: Լավ մարդ էր, աստված ողորմի:- Տեսնելով, որ սեղանն արդեն գցած է ու օղին լցրած՝ Աշոտը վերցրեց բաժակը.- Դե վերցրեք, վերցրեք խմենք:

– Էհ, մեր ոտը՝ խերով, Աշոտ ջան,- ասաց Վաչոն:

– Բարին կատարվի, ինչպես ասում են՝ բարի որս,- ասաց Սամոն:

– Սաղ-ուրախ,- ասաց Նաիլյան:

– Բարի տեսանք,- ասաց Աշոտն ու խմեցին:- Դե հիմա քաշեք,- սեղանը ցույց տվեց տանտերը:- Էս արջի մսից խաշլամայա, էս եղջերուի բաստուրմա, էսի վագրի դոշի մսից ղաուրմայա, քաշեք, դավայ դե:

Տղերքն արդեն քաշել էին՝ Աշոտի թվարկումին համընթաց եւ դեռ մի բան էլ կանխավ: Եռանդուն չփչփոցն ընկավ յուրտի մեջ:

– Աշոտ ախպեր, էլի հայեր կա՞ն էս կողմերում,- պատառից-պատառ արանքում հարցրեց Վաչոն:

– Կան, մի յոթ-ութ ծուխ: Այ էն ծուխը տենում ե՞ք…- ցույց տվեց Աշոտը դռնից դուրս:- Թորգոմի յուրտն ա, համբուրգեր ա սարքում: Որսի փոստը հանում եմ, միսը տալիս իրան. համբուրգեր ա սարքում, հետն էլ հայկական պորտվեյն ա տալիս:

– Հայկական պորտվեյնը ո՞նց է բերում-հասցնում այստեղ,- զարմացավ Սամվելը:

– Ինչ պորտվեյն, այ մարդ, մենակ անունն ա պորտվեյն. սպիրտի մեջ շաքարաջուր ա խառնում, մի քիչ էլ ներկ՝ օխրա, ու տալիս ա: Չուկչան պորտվեյն կջոկի՞, խմում են, հարբում, ընկնում ձների մեջ՝ քնում, հենց զարթնում են՝ նորից են խմում… Առողջ ազգ ա, շատ առողջ, ես սրանց… չարը տանեմ:

– Ռուսական փողով եք աշխատու՞մ,- հարցրեց Սամոն:

– Չէ, մենք էստեղ ոսկով ենք աշխատում, ոսկով, ալմազով…Մի հատ էլ խմենք, էսի լավ արաղ ա՝ «Մեչտա սեւեռա»:

– Ես արդեն լցնել,- ասաց Նաիլյան:

– Ապրես, ապրես, կաքավ ջան: Տղերքից մեկն էլ՝ Հակոբը,- շարունակեց պատմել Աշոտը,- գյուղում ֆրանսերեն ա դասավանդում, խումբ ա բացել, էս չուկչաներն ուզում են գնան Կանադա, փորձի փոխանակման, էլի:

– Այդպես լավ տիրապետում է ֆրանսերենին, հա՞,- իր անծանոթ հայրենակցի համար հպարտություն ապրեց Սամոն:

– Դեհ, ոնց ասեմ…- դժվարացավ Աշոտը:- Մի քիչ տիրապետում ա, որտեղ էլ չի տիրապետում՝ հայերենը տեղը շվացնում-անցկացնում ա. Էրեւանում հայերենի դասատու էր:

– Խեղճ չուկչա,- ասաց Նաիլյան:

– Ինչի՞,- չհամաձայնեց Աշոտը,- պակաս լեզույա՞, վաղը-մյուս օրը միջազգային կդառնա, էդ ժամանակ տես ոնց կշփեք:

– Հա, հայերեն կայֆ լեզու, Նաիլյա սիրել, շատ սիրել,- ասաց կինը, ում շեղ աչքերը օղուց մի քիչ կլորվել էին:

– Զոքանչ չունե՞ս, ախպեր,- հարցրեց Վաչոն:

– Չէ: Էնքան լավ կնիկ էր Ռաիսյա մաման: Բայց խեղճը անցյալ տարի գնաց անտառ սունկ հավաքելու, արջը կերավ: Հա, էստեղ հարուրից մեկն ա իրա մահով գնում:

– Խորապես ցավակցում եմ, տիկին, թող հողը թեթեւ լինի ձեր մայրիկի աճյունին,- վշտոտ ձայնով ասաց Սամվելը:

– Ինչ հող, այ ախպեր, քեզ ասում են՝ արջն ա կերել…- նկատեց Վաչագանը:

– Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, պարոն Վաչագան, ասեմ՝ ա՞րջը թեթեւ լինի,- բողոքեց Սամվելը:

Նաիլյան, որ հետաքրքրված նրան էր նայում, ասաց.

– Էս մարդ հայերեն  լավ չիմանալ, Նաիլյա չհասկանա, չէ:

– Ձե՛նդ, ի՛, կնիկարմա՛տ,- բարկացավ Աշոտը, եւ երբ կինը մեղավոր կծկվեց, դարձավ հյուրերին.

-Դու՞ք ինչ փեշակի տեր եք, տղերք ջան, եթե գաղտնիք չի:

– Ինչ գաղտնիք, այ ախպեր,- ասաց Վաչոն:- Ես պարկետչիկ եմ, բայց ձեռի հետ կոշիկ-մոշիկ էլ կարամ կարեմ:

– Սապոգ կկարե՞ս,- գործնական հարցրեց Աշոտը:

–  Հեչի պես,- ասաց Վաչոն:

– Այ էս մարդ կարգին խոսի հայերեն,- նկատեց Նաիլյան:

– Սպասի՛ ասինք,- սաստեց Աշոտը ու դարձյալ շրջվեց Վաչոյի կողմը:- Քու բանը խեր ա, քեզ գործ կճարենք: Իսկ մեր Սամո ախպերը՞…

Սամվելը հազաց ու լռեց, նրա փոխարեն խոսեց Վաչոն.

– Մշակութաբան ա, մեր ախպերը:

– Ի՞նչ…

– Կուլտորոլոգ,- ավելացրեց Վաչոն:

– Հա՞…Բայց ինչի՞ էդպես ստացվեց,- ցավակցեց Աշոտը:

– Դե կյանք ա, պատահում ա,- արդարացավ Վաչոն: Սամոն լուռ նայում էր Նաիլյայի գլխարկից կախ ընկած սկյուռի պոչին:

– Բարդ ա,- մտքերի մեջ սուզվեց Աշոտը:- Այսինքս…

– Հը՞,- հարցրեց Վաչոն:

– Շաման կաշխատի,- հայտարարեց Աշոտը:- Էստեղի շամանն էնքան խմեց, որ վերջը տարան բուժելու: Վայթեմ էլ հետ չգա էտի: Գժվել էր, ախպեր, ասում էր՝ պտի գնամ Հայաստան, տենամ էդ ի՞նչ օրհնած հող ա, որ սենց պորտվեյն ա տալի աշխարին:

– Բա որ իսկականը խմի, կամ էլ՝ կոնյակը,- միջամտեց Վաչոն:

– Էտի իրան չի հասնում, Վաչո ախպեր, իրա հասնելիքը Թորգոմը տալիս ա:

– Բայց ես շամանությունից գլուխ չեմ հանի,- վերջապես խոսեց Սամոն:

– Կհանես, Սամո ջան, ստից բան ա, էրկու օրում կսովրացնեմ: Մի աչքով չնայես, հա, լավ էլ փողոտ գործ ա,- ասաց Աշոտը:

– Ես էս բան չհասկանալ,- ամուսնու սաստումը մոռացած՝ նորից մեջ ընկավ Նաիլյան:- Դուք բոլոր շնորքով մարդ, ձեր կառավարություն ինչի՞ ձեզ լավ չնայել, որ դուք էսպես ցրվել, հասնել չուկչստան…

– Է, քուր ջան, մեր դարդերն իրար մի տուր,- տնքաց Վաչոն:

– Ուուու՜…- ոռնաց Սամոն ու աչքերը լցվեցին:

– Էլի՞ դու քիթդ մտցրիր քեզ չվերաբերող գործերի մեջ,- կատաղեց Աշոտը:

– Ինչի՞, ճիշտ չասե՞լ,- բողոքեց Նաիլյան:

– Տղերքին դիլխոր գցեցիր, ես քու…Բաշկարկնդա, մաշկնդա, ախմա՛խ:

– Ես ի՞նչ ասել, որ դու կատաղի,- ողբաց Նաիլյան:

– Ձենդ չլսեմ,- գոռաց Աշոտը:- Չասեցի՞ էսօր արջի բդից դոլմա կեփես, ու՞ր ա:

– Ասել, հա, բայց արջ չթխկացնել:

– Է դու թխկացնեիր:

– Նիզաշտո կպնել, տղերքի մոտ ամաչացնել,- լաց եղավ Նաիլյան:

– Զուր նեղացրիք տիկնոջը, Աշոտ եղբայր, գեղեցիկ չստացվեց մի տեսակ,- նկատեց Սամվելը:- Մենք չեկանք, որ բաժանում բերենք, այլ՝ միաբանություն ու սեր:

– Հա,- համաձայնեց Վաչագանը:

– Լավ,- զիջեց Աշոտը,- հիմա սիրտը կշահեմ: Նաիլյա խանու՞մ,- դիմեց նա կնոջը, որ սնդուկում թաշկինակ էր փնտրում:- Տարատնդա, հը՞:

– Ասել՝ տղերքի պատվին չերգե՞լ,- րոպեապես զվարթացած՝ թարգմանեց

կինը:

– Դե գարմոշկադ բեր, ծիտ ջան:

– Օլդախազը՞,- հարցրեց կինը:

– Օլդախազը,- հաստատեց ամուսինը:- Իրա սիրած երգն ա,- բացատրեց տղերքին:

Եվ յուրտն թնդաց ամուսնական կայտառ զուգերգից.

«Քյանդր մանդր օլդախազը,
շախկր մախկր ֆարխանազը,
շուխուր մուխուր յուրկնդա,
բախշի շախշի սուխնդա,
օլդախազը, օլդախազը»

«Աշոտա, Աշոտա…»,- հանկարծ լսվեց ինչ-որ մեկի գոռոցը դրսից: Երգն ընդհատվեց:

– Է՞ս ով ա էս ժամին,- անհանգստացավ Աշոտը:- Կներեք, տղերք, ես մի րոպեով…

– Պետք ա՞, մենք էլ գանք,- առաջարկեց Վաչոն:

– Չէ, դուք հանգիստ նստեք, պետք էղավ՝ կկանչեմ,- ասաց Աշոտն ու դուրս եկավ:

– Դարդիման երգ էր, չէ՞, Սամո ախպեր,- հարցրեց Վաչոն ընկերոջը:

– Հա, ոնց որ մեր դլեյամանը լիներ,- համաձայնեց Սամոն:

– Մի-մի բաժակ չխմե՞լ, մինչեւ Աշոտա գալ,- հարցրեց Նաիլյան՝ ձեռքը շշին երկարելով:

– Խմենք,- միաձայնեցին տղերքը, ապա նայեցին միմյանց ու երգեցին՝ «Դլե յաման…»:

Նույն պահին ներս ընկավ գունատված Աշոտը:

– Քաշվանք,- հայտարարեց նա:

– Ի՞նչ պատահի,- հարցրեց Նաիլյան՝ ընդհատելով օղու բաժանումը:

– Անտառից սոված գելեր են դուրս էկել, գալիս են մեր կողմ:

– Բա ո՞նց կլնի…- սարսափեց Վաչոն. Սամոն հանձնված կախեց գլուխը:

– Ցվրվում ենք,- հրամայեց Աշոտը:

– Չվախել, իմ շներ մեզ ծտի պես թռցնել քաղաք,- հուսադրեց Նաիլյան:

Ու վազեցին շները՝ Նաիլյայի եւ Աշոտայի սուլոց-գոռոցներով խթանված, սլացան սահնակները գիշերային տայգայով, հյուսիսային երկնքի մեծ-մեծ աստղերի տակ, տանելով ցրտից ու անհայտության սարսափից կծկված, միմյանց սեղմված ընկերներին:

Share

Comments are closed.