Ամերիկացի կանանց հաղթանակն ու հայ տղամարդկանց «թասիբը»

ԱՄՆ կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը հուլիսի 5-ին Կանադայում դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն: Այդ երկրում անցկացված աշխարհի առաջնության եզրափակչում ամերիկուհիները խաղում էին գործող չեմպիոն Ճապոնիայի հավաքականի հետ, որին, ի դեպ, չորս տարի առաջ պարտվել էին նախորդ առաջնության եզրափակչում:

ԱՄՆ հավաքականը կարողացավ ռեւանշի հասնել եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Ամերիկուհիներն արդեն 16-րդ րոպեին հաղթում էին 4:0 հաշվով: Հետո ճապոնուհիները կարողացան երկու գոլ խփել, սակայն ի վերջո ԱՄՆ կանանց հավաքականը հաղթեց 5:2 հաշվով եւ երրորդ անգամ իր պատմության ընթացքում դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող:

Այդ կապակցությամբ թերեւս հիշարժան է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի միջեւ մի փոքր հեռակա բանավեճը կանանց ֆուտբոլի թեմայով, որ տեղի ունեցավ 2013 թվականի հոկտեմբերին:

Ռուբեն Հայրապետյանն, արտահայտվելով կանանց ֆուտբոլի մասին, ասել էր, թե հայ տղամարդը թույլ չի տա իր դստերը զբաղվել ֆուտբոլով, հայ տղամարդն ու կինը չպետք է լինեն հավասար, դա նվաստացուցիչ կլինի հայ տղամարդու համար, տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց:

Ռուբեն Հայրապետյանին պատասխանել էր Ջոն Հեֆերնը, ով թվիթերյան գրառում էր արել, որ իր չորս դուստրերն ու որդին ֆուտբոլ են խաղում եւ դա նրանց զարգացման վրա դրական ազդեցություն է թողնում: Հեֆերնը հիշեցրել է նաեւ, որ երբ ԱՄՆ կանանց ֆուտբոլի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ ընդ որում ոչ մեկ անգամ, դա ազգային մեծ հպարտություն էր:

Եվ ահա ԱՄՆ հերթական անգամ է առիթ ստանում ապրել ազգային հպարտության զգացում, այն բանից հետո, երբ ԱՄՆ հավաքականը երրորդ անգամ դառնում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող:

Իսկ «նամուսով» ու «թասիբով» հայ տղամարդիկ առայժմ ազգային հպարտություն են ապրում այն առիթով, որ, օրինակ Հայաստանի չեմպիոն Երեւանի Փյունիկը 2:1 հաշվով հաղթում է Սան Մարինոյի չեմպիոն սիրողական ֆուտբոլային թիմին եւ շանս ունի հաղթահարել որակավորման առաջին փուլը:

Lragir.am

 

Share

Comments are closed.