Եվրախաղեր Բաքվում. արդյո՞ք երկրի վարկանիշն արժե այդպիսի փողեր

Հունիսի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաքում բացվել են առաջին Եվրոպական խաղերը:

Եվրախաղերին մասնակցելու են 6 հազար մարզիկներ. մրցումները տեղի են ունենալու Բաքվի նորերս վերակառուցված ստադիոններում եւ մարզահամալիրներում:

Խաղերի անցկացման պաշտոնական արժեքն է` մեկ միլիարդ դոլարից ավելի:
Շատ քննադատներ պնդում են, որ անգամ եթե պաշտոնական թվերը չեն տարբերվում իրականներից, դարձյալ գումարները կարելի էր ծախսել ավելի մեծ արդյունավետությամբ:

Նման տրամադրություններ կային նաեւ անցած տարի Բրազիլիայում` ֆուտբոլի համաշխարհային առաջնությունից առաջ, որը, ոչ պաշտոնական տվյալներով, արժեցել է ավելի քան 40 միլիարդ դոլար:

Արդյո՞ք երկրի վարկանիշն արժե այդպիսի փողեր:

«Հինգերորդ հարկի» հաղորդավար Միխայիլ Սմոտրյաեւը զրուցում է Գերմանիայում MeydanTV հեռուստաալիքի տնօրեն Էմին Միլլիի, Ռազմավարական հաղորդակցությունների «Նիկոլո-Մ» ռուսաստանյան գործակալության տնօրեն Իգոր Մինտուսովի եւ հասարակայնության հետ կապերի լոնդոնցի փորձագետ Ելենա Դոբսոնի հետ:

Միխայիլ Սմոտրյաեւ. – Մեր զրույցի անմիջական շարժառիթը Եվրոպական խաղերն են: Պաշտոնական տվյալներով՝ դրանք արժեցել են 1 միլիարդ 200 միլիոն դոլար, իսկ ոչ պաշտոնականները սկսվում են պաշտոնական տվյալների հետ համատեղելի թվերից մինչեւ կատարելապես ֆանտաստիկները:  Գլխավորն այստեղ երկրի վարկանիշն է, որը հենց այս եղանակով է գնվում: Բացի դրանից՝ քննադատությունից խուսափելու համար արգելվել է Guardian թերթի լրագրողների մուտքն Ադրբեջան: Խոշոր իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես դժգոհում են, որ տեղում բազմաթիվ դժվարությունների են բախվում: Սա իրո՞ք վարկանիշ ձեռք բերելու փորձ է:

Էմին Միլլի.- Վստահ չեմ, որ խոսքը երկրի վարկանիշի մասին է: Երբ օլիմպիական ջահը հասել է այնտեղ, ապա այն ընդունել է աձամբ նախագահ Ալիեւը, որը ջահը ձեռքին վազելուց հետո այն փոխանցել է իր կնոջն ու որդուն: Սա նախագահական ընտանիքի ահռելի փիար է: Համաձայն եմ նաեւ, որ սա պղծում է բուն օլիմպիական ոգին: Իսկ ողջ միջոցառումն Ադրբեջանի բյուջեին, այսինքն` քաղաքացիներին արժեցել է որոշ հաշվարկներով 3-4 միլիարդ դոլար, իսկ ըստ կառավարության մի աղբյուրի` 8 միլիարդ: Մի երկրում, որտեղ ուսուցչի ամսական աշխատավարձը 150 դոլար է, դրանք ահռելի թվեր են: Երկրի վարկանիշի համար ավելի օգտակար կլիներ բանտերից ազատել շուրջ հարյուր քաղբանտարկյալների` լրագրողների եւ իրավապաշտպանների: Իսկ այսօր խաղերի մասին հոդվածների 90 տոկոսը պատմում են, որ առաջատար շատ լրատվամիջոցների, այդ թվում՝ Guardian-ի ու մի քանի հեռուստաընկերությունների (այդ թվում` գերմանական) լրագրողներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Այս ամենն ակնհայտորեն աշխատում է երկրի վարկանիշի դեմ:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Քաղբանտարկյալների խնդիրն, անշուշտ, անդրադառնում է երկրի վարկանիշի վրա, հատկապես, եթե նրանք որպես քաղբանտարկյալ են ճանաչված միջազգային կազմակերպությունների կողմից: Բայց խոսքը հիմա դրա մասին չէ: Խաղերի մասնակիցների համար կազմակերպված էր անվճար ժամանում եւ կեցություն, ինչը գերազանցել է մի քանի տարի առաջ Եվրատեսիլի համար կազմակերպվածը: Եվրոպական երկրների համար, իսկ այստեղ խոսքը հենց Եվրոպական խաղերի մասին է, այսպիսի ճոխությունն ավելի շուտ վնասում էր Ադրբեջանի վարկանիշին` զուսպ եվրոպացիների աչքում, մինչդեռ խաղերը կոչված էին ցուցադրելու Ադրբեջանի` հենց Եվրոպայի մաս լինելը:

Իգոր Մինտուսով.- Մարդկային էությունն այնպիսին է, որ եթե զուսպ եվրոպացիներն իրենք չեն այդ փողը  ծախսում, ապա այն հազիվ թե նրանց մոտ մեծ դժգոհություն առաջացնի: Ես համամիտ եմ գործընկերոջս հետ, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների գոյությունը շատ վատ երեւույթ է: Բայց չէի ասի, որ այդօրինակ միջազգային միջոցառումների անցկացումը վնասում է երկրի վարկանիշին: Այս խաղերի անցկացումն արդյունքում բարձրացնելու է Ադրբեջանի վարկանիշը: Այս պահին ես չեմ խոսում վարկանիշի այդօրինակ բարձրացման գնի մասին, բայց խաղերի անցկացման բուն փաստն ինքնին դրական երեւույթ է:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Կարելի է հիշել վերջերս Սոչիում կայացած Օլիմպիական խաղերը, որոնք, ոչ պաշտոնական տվյալներով, արժեցել են առասպելական գումարներ: Խաղերի ավարտից եւ Ուկրաինային արեւելքում գործողությունների ակտիվ մեկնարկի միջեւ ընկած կարճատեւ ժամանակահատվածում Ռուսաստանը քիչ էր մնում կրկին գրկաբաց ընդունվեր քաղաքակիրթ երկրների շարքը: Այդ խաղերը որոշակիորեն նպաստել են Ռուսաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը:

Ելենա Դոբսոն.- Պարոն Պուտինին Սոչիում Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ շատ ճիշտ խորհուրդ էին տվել, եւ նա պարոն Խոդորկովսկուն բանտից բաց էր թողել, ինչը մեծ դրական դեր է ունեցել: Ադրբեջանի պարոնները նույնպես կարող էին դրանից դրական դաս քաղել:  Իսկ խաղերի` Ադրբեջանի վարկանիշի վրա թողած ազդեցության արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն խաղերի ավարտից հետո: Հույս ունեմ, որ դրանց անցկացման ընթացքում ոչ մի առանձնապես բացասական երեւույթ տեղի չի ունենա, եւ խաղերը կանցնեն պատշաճ մակարդակի վրա: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը շահելու է այս միջոցառումից գեթ այն պատճառով, որ այսօր էներգետիկ սեկտորից դուրս մարդիկ շատ քիչ գիտեն Ադրբեջանի մասին: Այս իմաստով փողերն աննպատակ չեն ծախսվել:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Մի քանի տարի առաջ Ադրբեջանում կայացել է մեծ ժողովրդականություն վայելող եւ գրեթե միլիարդանոց լսարան ունեցող Եվրատեսիլի մրցույթը: Հետեւաբար, Ադրբեջանն արդեն իսկ նախանշել էր իր տեղը Եվրոպայի քարտեզում: Արդյո՞ք հարկ է շարունակել այդ վարկանիշի զարգացումը: Իսկ քաղբանտարկյալների պահով ինչ-որ մեկը թերեւս հուշի՝ իշխանություններին, որ դեռ ուշ չէ որպես բարի կամքի ժեստ նրանցից որեւէ մեկին ազատել: Բայց որտեղի՞ց գումար հայթայթել: Նավթն էժանանում է, եւ զուտ տնտեսապես օլիմպիադան ամենաարդյունավետ ներդրումը չէ:

Ելենա Դոբսոն.- Սկզբում ես ուզում էի առարկել վերջին երկու հյուրերի այն դիտարկումներին, թե մարդու իրավունքները չեն կարող ուղիղ կապ ունենալ այսչափ մեծ մարզական միջոցառման հետ եւ թե պետք է տարանջատել սպորտն ու քաղաքականությունը: Մայիսի 19-ին Բաքվում մեծ ողբերգություն է տեղի ունեցել. հրդեհվել է մի ողջ շենք, զոհվել է 15 հոգի՝ ներառյալ հինգ երեխա: Այս միջադեպն ուղղակիորեն առնչվում է եվրախաղերին, քանի որ կառավարությունը որոշել էր հապշտապ գեղեցկացնել շուրջ 800 շենքերի ճակատները, ինչի համար պենոպլաստ է օգտագործվել, որն, ի դեպ, Եվրոպայում արգելված է հենց հրեդհավտանգ լինելու պատճառով: Միջադեպին անդրադարձել են միջազգային ԶԼՄ-ները: Իշխանություններն այդ հրապարակումներին ի պատասխան պնդում էին, որ ամեն ինչ կարգին է: Ի վերջո, կատարվածի մեղքը բարդվել է ԲՇԳ-ի պետի վրա, որն ազատազրկվել է: Իսկ այսօր էլ ավտոբուսը վրաերթի է ենթարկել ավստրիացի մարզիկներին:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Բայց այս վերջին դեպքը նման է դժբախտ պատահարի:

Էմին Միլլի.- Եթե կատարվածին կողքից նայենք, ապա այն պարզապես դժբախտ պատահար է: Ես խոսել եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այսօր հրապարակվելու են խաղերի մեկնարկին նվիրված ռեպորտաժները, որոնցում խոսվելու է այն մասին, թե որքանով է այս ամենը կապված խաղերի կազմակերպման եւ այն որոշումների հետ, որոնք ընդունում են համաշխարհային մարզական բարձրագույն պաշտոնյաները՝ Եվրոպական օլիմպիական կոմիտեն եւ Եվրոպայի ազգային մարզական կոմիտեները: Նրանք կոռումպացված ավտորիտար վարչակարգերի կառավարած երկրներին վստահում են մեծ մարզական միջոցառումներ: Պետք է տեսնել արդեն հայրենիքում բուժվող ավստրիացի մարզուհուն պատկերող տեսահոլովակը: Դեռ պարզ էլ չէ, արդյո՞ք նա կկարողանա ապրել, քանի որ միջադեպի հետեւանքով նրա ողնաշարն է կոտրվել

Միխայիլ Սմոտրյաեւ.- Ես տեսել եմ այդ տեսահոլովակը, եւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ դա կանխամտածված արարք է:

Էմին Միլլի.- Վարորդը կաշա՞ռք է տվել, որպեսզի նրան այդ գործին ընդունեն: Նա հարազատների օգնությա՞մբ է աշխատանքի ընդունվել:

Միխայիլ Սմոտրյաեւ.– Կարող է եւս մեկ բացատրություն լինել: Ավտոբուսը նոր է, եւ վարորդը, թեպետեւ փորձառու էր, չի տիրապետել ղեկին:

Էմին Միլլի.- Ադրբեջանում այսպիսի հազարավոր դեպքեր կան: Մենք խոսում ենք այն մասին, որ կոռումպացված ավտորիտար վարչակարգերի կառավարած երկրներում նման միջոցառումներն անցկացնելիս պատանդի կարգավիճակում են հայտնվում ոչ միայն այդ երկրի քաղաքացիները, այլեւ մասնակից հազարավոր մարզիկներ: Ադրբեջանի իշխանության մատրիքսին անծանոթ անձինք դա երբեք չեն հասկանա:

Ելենա Դոբսոն.- Ադրբեջանի եւ այլ կոռումպացված երկրների իշխանության մատրիքսը բոլորս, ցավոք, լավ ենք ճանաչում: Բայց դա չի նշանակում, որ խոշոր մշակութային եւ մարզական միջոցառումներն այնտեղ չպետք է կազմակերպվեն: Վերադառնալով տեսահոլովակին՝ ասեմ, որ վրաերթը սոսկ պատահականություն էր: Այդպիսի ողբերգություն կարող է տեղի ունենալ ամեն տեղ: Պատահարը երկրում տիրող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական թերությունների հետ կապելը մեծ չափազանցություն է:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Նախագահ Ալիեւն էլ, առաջնորդվելով արեւելյան առատաձեռնությամբ, տուժած մարզուհիներին հետ է ուղարկել իր իսկ անձնական ինքնաթիռով: Բրազիլիայում մեկ միլիոն մարդ դուրս է եկել փողոց, բողոքելով, որ մարդկանց՝ ուտելիքի փողը չունենալու պարագայում երկիրը միլիարդավոր դոլարների ծախսեր է հոգացել մեծածավալ մարզական միջոցառում կազմակերպելու համար: Միգուցե մենք գերագնահատո՞ւմ ենք խոշոր միջազգային մարզական մրցումների դերը:

Իգոր Մինտուսով.- 21-րդ դարում խոշոր միջազգային մարզական միջոցառումների դերը նույնպես շատ մեծ է: Ես հիշեցի 1936թ. հիտլերյան Գերմանիայում կայացած օլիմպիադան: Արդյո՞ք այն բարձրացրել է այդ ժամանակվա Գերմանիայի վարկանիշը: Մենք հատուկ ուսումնասիրություններ չենք կատարել, բայց, ուշադրությամբ հետեւելով, կարելի է ասել, որ՝ այո՛ : Օլիմպիադայի անցկացումն անվիճելի արժեք է: Իսկ եթե օլիմպիադան հյուրընկալող երկիրը դրանից շահում է, ապա հավելվում է նաեւ ներքաղաքական գործոնը՝ աշխուժանում է հայրենասիրությունը, որը, ցավոք, հաճախ խառնվում է ազգայնականության հետ: Բարձրանում է ազգի ընդհանուր տրամադրությունը, եւ նա պատրաստ է դառնում միասնական մղմամբ լուծել իր առջեւ ծառացած խնդիրները:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Բայց դա կախված է խնդրո առարկա երկրից: Օրինակ, ինձ մոտ տպավորություն չի ստեղծվել, որ 2012թ. Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերից հետո ողջ Բրիտանիան միասնական մղմամբ շարվել ու սկսել է կատարել առաջնորդող ցուցումները: Այո՛ , այստեղ, ի տարբերություն անփոփոխ ղեկավարություն ունեցող երկրների, ամեն հինգ տարին մեկ ինչ-որ մի բան փոխվում է: Բայց եթե այս միջոցառումն օգտակար է, այդ թվում եւ քաղաքացիների համար, առաջանում է բոյկոտի հարցը: Ինչպես չհիշենք 1980թ. Մոսկվայում անցած օլիմպիադան: Այնտեղի խաղերը երկու համակարգերի միջեւ քաղաքական խոշոր հակամարտության տարրը կար: Սակայն բոյկոտը զրկում է նաեւ սեփական քաղաքացիներին՝ խաղերին մասնակցելու եւ մասնակիցներին դիտելու հաճույքից: Նրանց հանդեպ դա մի տեսակ անազնիվ է:

Ելենա Դոբսոն.- Այսպիսի ծավալուն միջոցառումներն ահռելի սոցիալական օգուտ են բերում: Էլ ե՞րբ Ադրբեջանի բնակչությունն իր մոտ կընդունի տարբեր ժողովուրդների ու մշակույթների ներկայացուցիչ 6 հազար մարզիկի: Մոսկվայի օլիմպիադան երկրի կյանքում մեծ մշակութային եւ զգացմունքային վերելք ապահոված ահռելի նշանակության իրադարձությունն էր: Ադրբեջանը մեծ սիրով հյուրընկալել է Եվրատեսիլը, իսկ այժմ՝ Եվրոպական խաղերը: Ադրբեջանցիները կամենում են աշխարհի ուշադրությունը դարձնել ոչ միայն իրենց նավթի ու գազի պաշարների, այլեւ երկրի ենթակառուցվածքների զարգացման եւ մշակութային ժառանգության վրա, ինչը դրականորեն կազդի երկրի հետագա զարգացման վրա:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Մենք երբեւէ կիմանանք դա: Իսկ ներդրումների առիթով կարելի է հիշել Կետչում ընկերության պատմությունը, որը Կրեմլի եւ Գազպրոմի հետ ինը տարի համագործակցելուց եւ սեփական կապիտալները զգալիորեն մեծացնելուց հետո որոշեց բավարարվել դրանով: Ռուսաստանի ստացած օգուտի տեսանկյունից գումարները լավագույնս չե՞ն ծախվել: Իմաստ ուներ եւս մի մարզական կամ երաժշտական միջոցառում կազմակերպել:

Իգոր Մինտուսով.- Հարկ է նշել, որ պայմանագրի գործողությունը դադարեցվել է Կրեմլի նախաձեռնությամբ: Ես լավ գիտեմ այդ պատմությունը: Նշենք նաեւ, որ այդ ժամանակ Արեւմուտքի եւ Կրեմլի փոխհարաբերություններն այլ էին: Եվ Կետչումը կատարում էր Ռուսաստանի գործողություններն օբյեկտիվորեն լուսաբանելու առաջադրանքը: Կրեմլը գոհ էր այդ աշխատանքով: Իսկ այժմ իրավիճակը փոփոխվել է, եւ Կետչումի վրա փող ծախսելն անիմաստ է:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Փաստորեն, եթե գումարները ճիշտ ներդրվեն, դրանց արդյունքն էլ հավասարամեծ կլինի:

Ելենա Դոբսոն.- Այո, համաձայն եմ: Պարզապես, հաճախ խորհրդատուի առաջարկածն իրագործելի չէ. հաճախորդը միշտ չէ, որ համաձայնվում է կատարել առաջարկվածը: Եթե Ռուսաստանի վարկանիշն այնքան էլ շատ չի բարձրացել  Կետչումի հետ համագործակցության արդյունքում, ապա միշտ չէ, որ դրա մեղավորը Կետչումն է:

Միխայիլ Սմոտրյաեւ.- Ի վերջո, եթե դուք փող ունեք, ապա այն խելամտորեն եւ զգուշորեն ներդրեք:

BBC

 

Share

Comments are closed.