Պատգամավորը խստորեն պատասխանել է հային պարտված մարտիկի քննադատներին

«Այս Հասան Ալիեւն ավելի շա՞տ է պարտվել, քան մենք բոլորս»

«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանում ստեղծվում արհեստական հայրենասիրության մթնոլորտ, որի պատանդն են դառնում մեր մարզիկները: Ուրախացնում է, երբ մեր մարզիկները հաղթում են հայերին, ռուսներին կամ գերմանացիներին ու շահում ոսկե մեդալներ: Մենք ուրախանում ենք նաեւ այն ժամանակ, երբ նրանք զիջում են եզրափակիչներում եւ ստանում այլ կարգի մեդալներ:

Չէ՞ որ մրցումներին մասնակցելը ենթադրում է նաեւ պարտվելու ռիսկ: Չէ՞ որ մրցումները ենթադրում են, որ քո մրցակիցը նույնպես ուժեղ է, խելացի եւ օժտված սեփական մարտավարությամբ», – գրում է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան՝ արտահայտելով իր վերաբերմունքն Ադրբեջանում սկսված վհուկների նոր որսի նկատմամբ»,- տեղեկացնում է Oxu.Az-ը՝ հղելով Haqqin.az-ին:

Այս անգամ հարվածի տակ է հայտնվել ադրբեջանցի մարտիկ Հասան Ալիեւը, ով նախօրեին պարտվել էր հայ մարզիկին:

«Եթե որեւէ այլ երկրում տվյալ թեման հանրային քննարկման առարկա դարձնեին, ապա յուրաքանչյուր ողջամիտ մարդ դրա վրա պարզապես կծիծաղեր:

Ընդհանուր առմամբ, երբ սպորտում` կոնկրետ մրցման ժամանակ հաղթում է ուժեղագույնը, դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Երբ մեր մարզիկները հաղթում են հայերին, ապա դա մեզ սոսկ վաղանցուկ ուրախություն է պարգեւում եւ` ոչ ավելին: Այդ հաղթանակը մեզ Ղարաբաղը չի վերադարձնում եւ չի հարկադրում հայկական զավթիչ ուժերին լքել մեր հողերը:

Այժմ ոմանք հարձակվել են Հասան Ալիեւի վրա այն բանի համար, որ նա զիջել է հայ մարզիկին: Ես անձամբ նրան չեմ ճանաչում, նրա մասին իմացել եմ վերջերս` Եվրախաղերի հայտնի մրցումից հետո: Ոմանց տրամաբանությամբ` այժմ փողոց դուրս եկած յուրաքանչյուր ոք պետք է ապտակի առաջին իսկ պատահած անցորդին եւ հարցնի` «Ինչո՞ւ պարտվեցիր Ղարաբաղում»:

Այդ Հասան Ալիեւն ավելի շա՞տ է պարտվել, քան մենք բոլորս: Նա դեռ հետագա մրցումներում ռեւանշի հնարավորություն ունի: Իսկ մենք, որպես ազգ, ունե՞նք, արդյոք, կամք՝ Հայրենիքի կորցրած մասը վերադարձնելու համար, որ միասնաբար լծվել ենք Հասան Ալիեւի դատափետմանը:

Սպորտը մահացու դիմակայության վերածող կեղծ հայրենասերներն անվերականգնելի բարոյական վնաս են հասցնում մեր երիտասարդ եւ հեռանկարային մարզիկներին: Նրանց տրամաբանությամբ՝ չի կարելի Ադրբեջան թողնել Թեյմուր Ռաջաբովին, քանի որ նա պարտվել է Արոնյանին: Կամ չի կարելի բարեւել «Նեֆթչիի» վետերաններին, քանի որ նրանք շատ տարիներ առաջ զիջել են «Արարատին»:

Մենք պետք է փոխենք սպորտի հանդեպ մեր վերաբերմունքը: Հավատում եմ, որ Հասան Ալիեւն իր ցածրարժեք քննադատներին ցույց կտա իր իսկական՝ թյուրքական բնավորությունը, քննադատության բեռի ներքո չի կոտրվի եւ հետագայում այնպիսի հաղթանակներ կնվաճի, որ կամաչեցնի նրան հարձակումների թիրախ դարձրած կեղծ հայրենասերներին», – եզրակացրել է պատգամավորը:

Oxu.az

 

Share

Comments are closed.