Մանկական մարտերը Հայաստանը դնում են հարավարեւելյան Ասիայի մակարդակի՞ն

Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ

 Քաղաքագետ

Վորոնեժ

Պրոֆեսիոնալ խառնամարտերի (այլ կերպ՝ մարտեր առանց կանոնների) նկատմամբ աճող հետաքրքրությունը բացի մարզական բաղադրիչից նաեւ կարեւոր բիզնես գործոն է, որը թույլ է տալիս սպորտի ոլորտի ձեռներեցներին գնալով ավելի ու ավելի շատ վաստակել: Եթե ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ոլորտը զարգանում է գեղեցիկ եւ ծախսաշատ շոուների, լավագույն մարտիկների հրավիրման, վճարովի հեռարձակումների կազմակերպման, գրագետ եւ ամենակարեւորը՝ օրինական մենեջմենթի ճանապարհով, ապա բարեկեցիկ երկրների սահմաններից դուրս վարվում են այլ կերպ:  Այնտեղ հետզհետե ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում մանկական պրոֆեսիոնալ մրցաշարերը: Եթե ժամանակին նմանատիպ միջոցառումները գերազանցապես անցկացվում էին հարավարեւելյան Ասիայի երկրներում, ապա այժմ դրանց աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ներառելով նաեւ հետխորհրդային Հայաստանը: Այսպես, Youtube ցանցում ավելի քան 500 հազար դիտում է հավաքել այն տեսահոլովակը, որտեղ իրար հետ մարտի են բռնվում յոթամյա Հայկ Տաշճյանը եւ վեցամյա Մինաս Ավագյանը: Տեսահոլովակը ցանցում զետեղվել է Հայաստանի խառը մարտարվեստի ֆեդերացիայի (Mixed Martial Arts, MMA) անունից:

Հիշյալ մրցումը նման չէր սովորական սիրողական միջոցառման. այն կազմակերպվել է ակումբի շենքում, որտեղ տեղադրված էր մարտիկների համար նախատեսված վանդակը, իսկ մրցասպարեզ նրանց դուրս գալը հայտարարում էր հանդիսավարը (ռինգ-անոնսեր): Տեսահոլովակը դիտելիս կարելի է նկատել սեղանիկների մոտ նստած եւ մրցախաղին հետեւող հանդիսատեսների: Միջոցառման ողջ անտուրաժը նմանվում էր չափահաս արհեստավարժ մենամարտին: Լուրջ հարցեր է առաջացնում այս ամենի հանդեպ հայաստանյան օրենսդրության եւ դրա հավատարիմ պահապանների՝ ոստիկանների  վերաբերմունքը: Եթե մրցախաղն առանց որեւէ խոչընդոտի տեղի է ունեցել եւ դրան ոչ մի հետաքննություն չի հետեւել, ապա կարելի է եզրակացնել, որ կազմակերպիչներին հաջողվել է պահպանել անհրաժեշտ օրինական պահանջները կամ անել այնպես, որպեսզի նրանց «ավելորդ» հարցեր չտան:

Դա եղել է 2012թ. եւ վաղուց նորություն չէ: Դրանից հետո թե՛ Հայաստանում եւ թե՛ ողջ աշխարհով մեկ անցկացվել են Խառը մարտական արվեստի շատ մրցախաղեր: 2015թ. հունիսին այս մարզաձեւի առաջնություն է անցկացվել նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այս մրցումներին եւս մասնակցում էին  անչափահաս փոքր երեխաներ: Այստեղ տարբերությունն ակնհայտ է. YouTube-ում ցուցադրված մրցախաղն, ի տարբերություն մնացած վերոհիշյալ մրցումների, պրոֆեսիոնալ էր: Դրանում բացակայում էր պաշտպանական հանդերձանքը, պահպանված չէին նաեւ անվտանգության այլ պահանջներ: Դրանով էլ  բացատրվում է համացանցում տեսահոլովակի ապահոված բարձր հաճախելիությունը: Չափահասների համար անցկացվող մրցումներում մարտիկները պարգեւավճարներ են ստանում, իսկ «իրադարձությունն» ակտիվորեն գովազդվում է: Բայց, արդյո՞ք կարելի է թույլատրել երեխաների մասնակցությունը մենամարտերի այս ամենահաղորդակցային եւ  կոշտ տեսակին այսչափ վաղ տարիքում կամ, առավել եւս, հնարավորություն տալ նրանց մասնակցելու պրոֆեսիոնալ եւ կիսապրոֆեսիոնալ մրցախաղերին:

Այս հարցը մենք որոշեցինք ուղղել մասնագետներին:

Դմիտրի Վոստրիկով՝ բրազիլական ջիու-ջիցուի մարզիչ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ հարավարեւելյան Ասիայում կայացած այլ միջազգային մրցաշարերի մասնակից.

«Կարծում եմ, խառը մարտական արվեստի պարագայում պրոֆեսիոնալ գործունեությունը պետք է սկսել 17-18 տարեկան հասակում: Հարվածային մենամարտերում, որոնցում գլուխը պաշտպանված չէ,  չարժե մասնակցել 14 տարեկանից շուտ (գլխին հասցվող հարվածները բացասաբար են անդրադառնում երեխաների առողջության վրա): Գտնում եմ, որ ըմբշամարտը երեխաներին զարգացնելու լավագույն միջոցն է՝ չորս տարեկանից սկսած: Այն հաղորդում է ձգվածություն, ճարպկություն, ուժ, տոկունություն եւ հոյակապ արտաքին տվյալներ: Ամենագլխավորն այն է, որ երեխան մանկությունից ամրապնդում է ողնաշարը, սովորում է այն ուղիղ պահել, քանի որ ներկայումս, դժբախտաբար, համատարած հանդիպում ենք ողնաշարի վնասվածքներ եւ կրծքավանդակի ծռվածություն ունեցող տղաների եւ աղջիկների:

Անձամբ ես խորհուրդ կտայի երկամյա հասակից երեխային «շպագատ» նստեցնել եւ նրա մոտ հետզհետե հավասարակշռություն ու կոորդինացիա զարգացնել: Չորս տարեկանից արժե երեխային գցումային տեխնիկա սովորեցնել (ձյուդո) եւ ըմբշամարտի տալ (հունահռոմեական կամ ազատ ոճի): Ութամյա հասակում երեխաներին կարելի է սովորեցնել պարտեր (հողի վրա մարտ, գրեպլինգ, բրազիլական ջիու-ջիցու): 15 տարեկանից միայն կարելի է սկսել հարվածային տեխնիկայի ուսուցում (մուայ-թայ եւ կարատե-դոյի պաշտպանական որոշ տեխնիկաներ): Եվ միայն 18-20-ամյա տարիքում՝ ըստ անձի ընդգծված ցանկության,  կարելի է մտնել խառը մարտական արվեստի պրոֆեսիոնալ դպրոց: Միայն այդ տարիքից, ֆիզիկական եւ հոգեբանական տվյալներից ելնելով կարելի է խոսել ինչ-որ պրոֆեսիոնալ մրցախաղերի մասին»:

Նիկոլայ Սոկիրկին՝ Վորոնեժի նահանգի ՆԳՆ ՊՎ հոգեբան

«Երեխաների՝ խառը մարտարվեստներով զբաղվելու համար հոգեբանական հակացուցումներ չկան, ընդհակառակը՝ հոգեբանական տեսանկյունից սպորտով, այդ թվում եւ մարտարվեստներով զբաղվելը բարելավում է երեխաների ընտելացուցիչ հատկությունները եւ հաղորդակցային հմտությունները (սպորտով զբաղվողը վարժանքների ժամանակ շփվում է տարատեսակ մարդկանց հետ, տարեկիցների եւ տարեց մարզիկների հետ հարաբերություններում իրեն ավելի վստահ է զգում): Ձեւավորվում է երեխայի նյարդահոգեբանական կայունության մակարդակը: Ընդ որում, մարտարվեստներն ագրեսիան դրական հունով ուղորդելու միջոց են, ինչը շատ կարեւոր է երեխայի սեռական չափահասության հասնելու շրջանում: Ավելի փոքր տարիքում դրանք հիպերակտիվության եւ նյարդային դրսեւորումների դեմ պայքարելու լավ միջոց են: Մարտարվեստներով զբաղվելու որոշ բացասական երեւույթներ կարող են կրել զուտ ֆիզիոլոգիական բնույթ, մասնավորապես՝ գլխի հատվածում ստացած հարվածներ ու վնասվածքներ: Միեւնույն ժամանակ, խառը մարտարվեստներով զբաղվողներն օժտվում են տեխնիկական գործիքադարանի հարստությամբ, որի շնորհիվ նվազեցվում է գլխին հասցված հարվածներ եւ այլ վնասվածքներ ստանալու վտանգը: Բռնցքամարտի եւ քիքբոքսինգի պարագայում Ամերիկա հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ սկսելու լավագույն տարիքը 10-12 տարեկանն է: Բացառության կարգով կարելի է ավելի վաղ էլ սկսել՝ ոչ հաղորդակցային (ոչ կոնտակտային) մենամարտի պայմանով: Այս տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն այն մարտարվեստներին, որոնցում ուշադրության կենտրոնում գլխին հասցվող հարվածներն են:

Որպես կանոն, առկա է այն կարծրատիպը, թե խառը մարտական արվեստներն այնքան կոշտ են, որ երեխաները դրանց չպետք է մասնակցեն: Բայց մենք մոռանում ենք, որ մարտական արվեստների դպրոցներում ընդունելությունը միշտ վաղ տարիքից էր սկսվում: Բանակային ձեռնամարտի, մարտական սամբոյի կամ ջիու-ջիցուի պարագայում, որոնց կանոնները խառը մարտական արվեստի կանոններից քիչ են տարբերվում, ընդունելությունը սկսվում է հենց վաղ դպրոցական տարիքից:  Խառը մարտարվեստերով կարելի է զբաղվել վաղ մանկությունից, բայց սահմանափակվել ընդհանուր տեխնիկական պատրաստությամբ եւ մարտարվեստով, հետագայում` հարվածային տեխնիկայի հմտությունների եւ փորձառության խորացմամբ: Խառը մարտական արվեստների առավելություններից է նաեւ այն, որ, ի տարբերություն բազում ոչ կոնտակտային մարտատեսակների, դրանք օժտում են երեխային գործնական ինքնապաշտպանության հմտություններով: Պրոֆեսիոնալ մարտիկ լինելը գլխավոր նպատակը չէ: Կարեւորը  խելամիտ երեխաներ մեծացնելն է, իսկ արդյունքներն այդտեղ երկրորդական են»:

Ինչպես տեսնում ենք, երեխաներին խառը մարտարվեսերի եւ այլ լիահաղորդակցային մարտական արվեստների ուսուցման շուրջ առկա տեսակետները տարբեր են: Բայց 6-7 տարեկան երեխաների մասնակցությամբ կոմերցիոն խառնամարտը բոլոր դեպքերում էլ ծայրահեղություն է անգամ պրոֆեսիոնալ մարզիկների համար: Եթե հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանում տարիքային սահմանափակումները որոշակիորեն տարբեր են համաշխարհային չափանիշներից, ապա Հայաստանն, այնուամենայնիվ, դասելի է միանգամայն եվրոպական երկրների շարքը: Հավանաբար, հոգեբանական եւ այլ հակացուցումները մրցախաղի կազմակերպիչներին չեն մտահոգել: Հանուն արդարության նշենք, որ վերոհիշյալ տեսահոլովակից հետո այդ կարգի այլ տեսանյութեր համացանցում չեն հայտնվել: Սակայն, մենք չենք կարող լիովին վստահ լինել, որ նմանատիպ միջոցառումներ այլեւս չեն անցկացվել:

Մանկական մենամարտերը՝ որպես երեւույթ, ոչ միայն մարզական եւ բժշկական, այլեւ սոցիալական խնդիր է: Արդեն նշեցինք, որ այն բնորոշ է հարավարեւելյան Ասիային, բայց ոչ բնավ Եվրոպային: Հետեւաբար, այնտեղ խառը մարտական արվեստի ոլորտի մրցախաղերն այլ ցուցանիշների հետ միասին, ի հեճուկս կառավարությունների պնդումների, անուղղակիորեն վկայում են, թե իրականում որ ուղղությամբ են ընթանում այդ երկրները: Խոսքը  ոչ միայն եւ ոչ այնքան նյութական կեցության մակարդակի մասին է, որին անդրադառնում է մասնագետների մեծամասնությունը, թեեւ, անտարակույս, կոմերցիոն բաղադրիչը երեւույթի վրա մեծ ազդեցություն է թողնում: Այստեղ գլխավորը մշակութային մակարդակն է, որը թույլ է տալիս անընդմեջ «թայլանդացվող» հասարակության պայմաններում մի կողմից ունենալ երեխաների մենամարտեր կազմակերպող ակումբներ, իսկ մյուս կողմից՝ երեւույթը որպես միանգամայն ճիշտ եւ բնականոն ընկալել: Միգուցե մտահոգություններս տեղին չեն եւ YouTube-ի իմ գտած տեսահոլովակն իր տեսակով եզակի է  (ինչի մասին խիստ կասկածներ ունեմ), սակայն, անգամ այդ դեպքում կատարվածը կարող է դիտվել որպես տագնապահարույց նախազգուշացում:

 

Share

Comments are closed.