«Ա՜խ այդ Եվրոպան, ա՜խ այդ Եվրոպական խաղերը»

Ավազ ՀԱՍԱՆՈՎ

Հումանիտար հետազոտությունների հանրային միության ղեկավար

Բաքու

Ադրբեջանի անկախության հռչակումից հետո երկիրը դեպի Եվրոպա նավթի ու գազի կարեւոր մատակարար դառնալուց բացի զբաղվում էր նաեւ մարզական ներուժի զարգացմամբ եւ ոլորտի ենթակառուցվածքների բարելավմամբ: Փորձելով անցկացնել տարբեր միջոցառումներ՝ Ադրբեջանը բազմիցս հավակնել է միջազգային մակարդակի խաղեր հյուրընկալելու իրավունքին, սակայն 2020թ. օլիմպիական խաղերն ընդունելու նրա փորձը հաջողությամբ չի պսակվել: 2011թ. սեպտեմբերին Բաքուն մտել էր 2020թ. օլիմպիական ամառային խաղերն ընդունելու թեկնածուների շարքը:

Ի հեճուկս Բաքվում հսկայածավալ միջոցառումն անցկացնելու իշխանությունների ցանկության՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն Բաքվին հանել է 2020թ. ամառային օլիմպիադան հյուրընկալել հավակնող թեկնածու երկրների շարքից: Նախապատվությունը տրվել է այդպիսի մակարդակի խաղեր անցկացնելու փորձառություն ունեցող թեկնածուներին՝ Ստամբուլին, Մադրիդին եւ Տոկիոյին:

Հաջողությունը  ժպտացել է միայն 2012թ., երբ Եվրոպական օլիմպիական կոմիտեի Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 8-ին ընդունեց Եվրոպական օլիմպիական խաղերը Բաքվում անցկացնելու որոշումը: Օլիմպիադան Բաքվում անցկացնելու օգտին քվեարկել է Վեհաժողովի 38 պատգամավոր, կազմակերպության 8 ադամներ դեմ են արտահայտվել, իսկ երկուսը՝ ձեռնպահ մնացել: Այսպիսով, Բաքուն իրավունք էր ստացել իրականացնելու աշխարհին սեփական մարզական ներուժը ցուցադրելու իր վաղեմի երազանքը:

Բոլորին՝ թե՛ քաղաքացիներին եւ թե՛ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքիր էր, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում այդչափ շատ գումար ներդնել այն խաղերի կազմակերպման համար, որոնց նկատմամբ, ինչպես պարզվեց հետագայում, ոչ բոլոր եվրոպացի առաջնորդներն էին բարեհաճ:

Խաղերի անցկացման ծախսերի շուրջ բազմաթիվ ասեկոսեներ են եղել: Ինչպես պարզվել է հետագայում, Եվրոպական խաղերի անցկացման ծախսերի ֆինանսավորման հոդվածը հայտնվել է 2015 թվականի պետական բյուջեում: Հոդվածը նախատեսում էր Եվրոպական խաղերի ենթակառուցվածքների ստեղծման ծախսերի ֆինանսավորում՝ 1 միլիարդ 300 միլիոն մանաթի չափով: Որքանով է  իրական այս թիվը՝ դժվար է դատել:  Փաստն այն է, որ մեծ գումարներ են ծախսվել  քաղաքի ենթակառուցվածքները վերականգնելու համար, որոնք, անգամ առանց եվրոպական խաղերի, մեծ ներդրումների կարիք ունեին: Ալիեւի կառավարության խնդիրն էր կարեւոր իրադարձությունը քաղաքի ենթակառուցվածքների նորացման հետ համատեղելը: Այսօր քաղաքի բնակիչները, օգտագործելով նորացված ճանապարհային ցանցը, հասկանում են, որ անկախ այն բանից, թե ինչ շարժառիթով են ստեղծվել ենթակառուցվածքները, դրանք ծառայելու են երկրի քաղաքացիներին:

Ուշագրավ է, որ սկզբնական փուլում ադրբեջանցիներն այնքան էլ չէին հավատում մարզական նոր շինությունները կառուցելու եւ ենթակառուցվածքները վերականգնելու իշխանությունների ջանքերին: Սակայն, Խաղերի սկսվելուն պես, դրանց նկատմամբ հոգածությունը ձեռք է բերել համաժողովրդական բնույթ: Դրանք քաղաքականությամբ եւ Խաղերի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքով չհետաքրքրվող սովորական ադրբեջանցիների համար անմոռանալի օրեր ու տոն էին: Նրանք տեսնում էին, թե ինչպես են Խաղերը վերափոխել Բաքվի արտաքին տեսքը: Քաղաքն ավելի խաղաղ էր դարձել, փողոցներում ավելի քիչ մարդիկ կային: Բոլոր խոշոր շինարարությունները կանգնեցվել էին. իշխանությունները մայրաքաղաքում թույլ չէին տալիս երթեւեկել հին եւ բեռնատար, ինչպես նաեւ այլ քաղաքների պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաներով: Այդ օրերի Բաքվի շարժը նման էր 80-ականների երթեւեկությանը: Քաղաքում հանգիստ եւ հանդարտ էր. մարդիկ մեքենաները վարում էին առավելագույն զգուշությամբ:

Եվրոպական խաղերի արդյունքերը ցույց են տալիս, որ Բաքուն նոր էջ է բացել եվրոպական օլիմպիական շարժման պատմության մեջ: Միաժամանակ, կարելի է վստահությամբ պնդել, որ խաղերը նպաստել են Ադրբեջանի իշխանությունների եւ ԵՄ պետությունների միջեւ դիմակայության աճին: Խաղերն ուշագրավ են եղել ոչ միայն իրենց ծավալներով ու անցկացման համար ծախսված դրամական միջոցներով, այլեւ՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների խնդիրների նկատմամբ եվրոպական առաջնորդների ուշադրության սեւեռմամբ: Այսպես, միջոցառումների մեկնարկի նախօրեին Գերմանիայի Բունդեստագում ընդունվել է «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» վերնագիր կրող բանաձեւը, որն աջակցություն է ստացել Բունդեստագի բոլոր խմբակցությունների քաղաքական գործիչների կողմից: Եվրոպական երկրների առաջնորդները մեկը մյուսի հետեւից հրաժարվեցին մեկնել Բաքու՝ Խաղերի բացմանը հանդիսավորապես մասնակցելու համար: Ադրբեջանին սատարելու համար եկել էին միայն Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Չեռնոգորիայի եւ Սերբիայի նախագահները, ինչպես նաեւ Մոնակոյի իշխանը:

Մինչ այդ, երբ Բաքվի իշխանություններին պարզ էր դարձել, որ եվրոպական երկրների առաջնորդները չեն ժամանելու Խաղերի բացման արարողությանը, Բաքվի օդանավակայանում արգելք դրվեց մի շարք լրագրողների ժամանմանը: Նախօրեին Human Rights Watch  հայտնի իրավապաշտպան կազմակերպությունն էր հանդես եկել Ալիեւի վարչակարգի քննադատությամբ, նշելով, որ այն երկիրը, որտեղ կան քաղբանտարկյալներ եւ հետեւողականորեն խախտվում են մարդու իրավունքները, չի կարող անցկացնել եվրոպական միջոցառումներ:

Իշխանությունները որոշել են բաց ճակատով «մարտի» բռնվել իրենց քննադատած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ լրագրողների հետ: «Տաք» ձեռքի տակ հիմնականում ընկնում էին գերմանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Բաքու չեն կարողացել ժամանել գերմանական ARD հեռուստաընկերության, The Guardian-ի եւ մարդու իրավունքները խախտելու համար ադրբեջանական իշխանություններին քննադատած այլ լրատվամիջոցների լրագրողները:

Իշխանությունները հրաժարվել են ընդունել նաեւ Amnesty International-ի պատվիրակությանը, որը պատրաստվում էր հանդես գալ «Ադրբեջան. ռեպրեսիվ խաղեր: Ձայներ, որ չեք լսի Եվրոպական առաջին խաղերում» վերնագրված զեկույցով: Այսպիսով, իշխանություններն ապահովել են իսկական մարզական տոնախմբությունն անցկացնելու համար անհրաժեշտ «անվտանգության գոտի»:

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց հարկ է ասել, Բաքվում կայացած Խաղերը հաջողված էին: Շատ մարզիկներ Բաքու էին մեկնել Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիադային մասնակցելու իրավունք նվաճելու համար: Նրանց ջանքերը բաքվեցիների աջակցությանն են արժանացել: Մրցումների ժամանակ նրանք մոռանում էին քաղաքական ենթատեքստի եւ խաղերի նկատմամբ եվրոպական երկրների առաջնորդների ցուցաբերած վերաբերմունքի մասին: Բաքվեցիներն անտեսել են նաեւ մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների՝ Խաղերի դեմ տարբեր քաղաքներում եւ սոցիալական ցանցերում ծավալած արշավը: Նրանք հիանում էին օլիմպիական խաղերի գեղեցկությամբ:

Բաքվում կայացած օլիմպիական խաղերն ուշագրավ էին նաեւ դրանց 18 հայ մարզիկների մասնակցությամբ: Բնական է, որ հայ հասարակության մեջ բուռն բանավեճ է ծավալվել, թե որքանով էր նպատակահարմար Բաքվում տեղի ունենալիք խաղերին հայ մարզիկների մասնակցությունը: Շատ ադրբեջանցի փորձագետներ հույս չունեին, որ Հայաստանը կհամաձայնվեր իր մարզիկներին Բաքու ուղարկել, հաշվի առնելով Հայաստանի կողմից Ադրբեջանում կայացած «Եվրատեսիլի» բոյկոտը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Միջազգային եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեների վարած բանակցություններից հետո Հայաստանի իշխանությունները, փաստորեն, համաձայնվել են Բաքվի խաղերին հայ մարզիկների մասնակցությանը: Նրանց անվտանգության երաշխիքներ են տրվել թե՛ կոմիտեի եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Այնուամենայնիվ, Խաղերի բացման օրը ստադիոնում Հայաստանի ազգային դրոշով անցնող հայ մարզիկների հասցեին շվվոցներ են հնչել: Իհարկե, պաշտոնական հեռարձակման մեջ դրանք չեն լսվել, բայց ստադիոնում գտնվողները եղելությանն ականատես են եղել:

Սակայն կա հայերի հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքի մեկ այլ օրինակ: Երբ բռնցքամարտիկների պարգեւատրման ժամանակ դահլիճում հայտարարվել է մինչեւ 91 կգ քաշային կարգում պարգեւի արժանացած ծագումով հայ ուկրաինացի բռնցքամարտիկ Գեւորգ Մանուկյանի անունը, տրիբունաներից լսվել է անբարյացակամ աղմուկ ու շվվոց: Պարգեւներն անձամբ հանձնող նախագահ Ալիեւն անմիջապես ժեստով խնդրել է ներկաներին հանդարտվել: Ներկաները կայծակնային արագությամբ ու ըմբռնումով դադարեցրել են աղմուկը եւ սկսել ծափահարել Մանուկյանին: Այսպիսի պահերը Եվրախաղերում, իհարկե, մեծ դեր են ունեցել: Ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների՝ այդպիսի ժեստերը հանդիսատեսի սրտերում ջերմ հետք եւ հիշողություն են թողնում: Ու կարեւոր էլ չէ՝ առաջնորդներն աջակցե՞լ են այդ միջոցառմանը, թե՞ ո՛չ:

Share

Comments are closed.