Մերձավոր Արեւելքում թուրք-իրանական մրցակցության շուրջ

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 26-ին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով Եմենի դեպքերի մասին, հայտարարել է, որ իրենք կարող են լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությանը, ինչպես նաեւ քննադատության է ենթարկել Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը. «Իրանի դիրքորոշումն անկեղծ չէ, որովհետեւ դրանում առկա է դավանաբանական հռետորաբանություն: Իրանն ու ահաբեկչական խմբերը պետք է դուրս գան Եմենից: Իրանը ձգտում է Իրաքից վտարել «Իսլամական պետությանը» (ԻՊ), որպեսզի զբաղեցնի նրա տեղը: Իրանը չպետք է Մոսուլում փոխարինի ԻՊ-ին»1:Փաստորեն, Էրդողանն իր այս հայտարարությամբ հավասարության նշան է դնում Իրանի եւ ահաբեկչական խմբերի միջեւ:

Նույն օրը Կոտ դ’Իվուարի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է. «Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանային գերակայության: Անհրաժեշտ է, որ նա փոխի իր այդ մոտեցումը եւ Եմենից դուրս բերի այնտեղ ունեցած բոլոր ուժերը: Իրանը նույն կերպ պետք է իր ուժերը դուրս բերի Սիրիայից ու Իրաքից»2: Ուշագրավ է, որ այս ամենը տեղի ունեցավ Էրդողանի իրանական այցի շեմին: Այս իրավիճակը հիշեցնում է 2014թ. աշնան իրադարձությունները, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը քննադատեց Թուրքիային` արաբական մյուս երկրների հետ տարածաշրջանում քաոսային իրավիճակ ստեղծելու համար, ապա մեկնեց այդ երկիր եւ հանդիպում ունեցավ Էրդողանի հետ:

Էրդողանի քննադատություններից հետո Իրանը բողոքի նոտա հղեց Թուրքիային3: Իրանում պահանջեցին չեղյալ հայտարարել նրա այցը: Իրանցի 65 պատգամավոր նամակ գրեց երկրի նախագահ Հասան Ռոուհանիին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Էրդողանի վրա՝ պաշտոնապես ներողություն խնդրելու համար Իրանի վերաբերյալ իր անհեռատես հայտարարության համար4: Սակայն Էրդողանը հայտարարեց, որ չի պատրաստվում չեղյալ հայտարարել իրանական այցը եւ ապրիլի 7-ին մեկնեց Իրան, ինչը վերջին 4 տարում Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Իրան (Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իրան այցելել է 2014թ. հունվարի վերջին):

Ինչո՞վ էր պայմանավորված Էրդողանի նման պոռթկումը: Նախեւառաջ, նման պոռթկման առիթ դարձան Եմենի դեպքերը, որոնք վկայեցին, որ Իրանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն արդեն լցրել է Էրդողանի համբերության բաժակը: Պոռթկման հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան տանուլ է տալիս Մերձավոր Արեւելքում Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունում, որ Իրանն աստիճանաբար ավելի է ամրապնդում դիրքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիան շարունակ ավելացնում է իր հանդեպ առնվազն անբարյացակամ տրամադրված տարածաշրջանային երկրների թիվը, ինչն էլ հանգեցնում է տարածաշրջանում նրա ազդեցության նվազեցմանը, հնարավորությունների սահմանափակմանը, այդ թվում նաեւ տարածաշրջանում միջնորդական առաքելությամբ հանդես գալու, տարածաշրջանային երկրների կողմից պահանջարկված լինելու առումով:

Այն բանից հետո, երբ Եմենի շիա ապստամբները 2014թ. սեպտեմբերին իրենց վերահսկողությունը հաստատեցին մայրաքաղաք Սանայում, իրանցի պատգամավոր Ալիռըզա Զաքանին հայտարարեց, որ Սանան Բեյրութից, Դամասկոսից եւ Բաղդադից հետո դարձավ արաբական չորրորդ մայրաքաղաքը, որը գտնվում է Թեհրանի վերահսկողության ներքո5: Սա ցայտուն արտացոլում է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը, եւ այդ տեսանկյունից Իրանը Թուրքիայի դեմ խաղը շահում է 4:0 հաշվով, քանի որ անկարելի է թվարկել արաբական որեւէ մայրաքաղաք, որին կարելի կլիներ դասել Թուրքիայի ազդեցության ներքո գտնվողների շարքում: Բացի այդ, Իրանը մեծ ազդեցություն ունի Բահրեյնում, ուր բնակչության մեծ մասը կազմում են շիաները, եւ չպետք է բացառել, որ ժամանակի ընթացքում կարող է գալ նաեւ Մանամայի հերթը: Այդպիսով, կարելի է փաստել, որ «արաբական գարունից» հետո Իրանը զգալիորեն ամրապնդել է դիրքերն արաբական աշխարհում, ինչը չի կարելի ասել Թուրքիայի համար, որը «հաջողեցրել» է, Իսրայելից բացի, հարաբերությունները վատթարացնել նաեւ արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Սիրիայի եւ Եգիպտոսի հետ:

Վերջին շրջանում Թուրքիայի համար քիչ թե շատ դրական փոփոխությունը գրանցվել է Իրաքում, որի ներկայիս շիա վարչապետ Հայդար ալ-Իբադին այդ երկրի հետ առայժմ ունի նորմալ հարաբերություններ եւ դեմ չէ նրա հետ էներգետիկ համագործակցությանը՝ այդ երկրի տարածքով համաշխարհային շուկաներ իրաքյան նավթի արտահանմանը: Մինչդեռ Թուրքիան վատ հարաբերությունների մեջ էր Իրաքի նախկին (2006-2014թթ.) վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ, որն ԱՄՆ ճնշման ներքո հարկադրված եղավ իր թեկնածությունը չառաջադրել երրորդ անգամ` Իրաքի վարչապետ դառնալու համար:

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում Թուրքիային զայրացնում է նրա դիրքորոշումը Սիրիայի հարցում: Վերջին 3,5 տարում Թուրքիան ձգտում է հասնել իր հետ հարաբերությունները վատթարացրած Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը, սակայն Իրանը խոչընդոտում է դրան` ռազմական եւ այլ աջակցություն ցուցաբերելով նրան: Այստեղ պետք է հիշատակել 2014թ. նոյեմբերի վերջին Թուրքիայում Էրդողանի եւ Բայդենի հանդիպումը, որի ժամանակ Էրդողանն առաջարկեց Սիրիայում ստեղծել թռիչքազերծ գոտի, սակայն Բայդենը բացասական պատասխան էր տվել` նշելով, որ Իրանը դեմ է դրան: Զայրացած Էրդողանն էլ հայտարարել էր, թե այդ դեպքում ինչու են իրենք այդ հարցով բանակցում հենց ԱՄՆ-ի եւ ոչ թե Իրանի հետ6:

Մերձավորարեւելյան տարածաշրջանում Էրդողանի պոռթկմանը կարող էր նպաստել նաեւ այն, որ ամփոփիչ փուլ էին թեւակոխել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի եւ «Վեցնյակի» բանակցությունները: Էրդողանը, թերեւս, զգում էր, որ կողմերը մոտ են շրջանակային եւ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, ինչը պետք է նշանակեր Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում: Իսկ դա, իր հերթին, կնպաստի իրանական նավթի արդյունահանման եւ արտահանման ծավալի մեծացմանը, Իրանում օտարերկրյա ներդրումների աճին եւ, հետեւաբար, Իրանի տնտեսական հզորացմանը, ինչը, բնականաբար, իր արտացոլումը կունենա երկրի տարածաշրջանային քաղաքականության վրա: Բացի այդ, ԱՄՆ եւ Իրանի հարաբերությունների կարգավորումը, նրա հետ համագործակցելը չեն կարող չմտահոգել կամ նախանձի զգացում չառաջացնել Թուրքիայում, որը ԻՊ-ի դեմ պայքարի հարցում բավական խոչընդոտներ է հարուցում ԱՄՆ-ի համար՝ դժգոհելով, որ ԱՄՆ-ը նախապատվությունը չի տալիս Ասադի տապալմանը:

Բացի այդ, Էրդողանն ունի նաեւ տնտեսական բնույթի մի շարք դժգոհություններ` կապված Իրանի հետ: Մասնավորապես, 2014թ. աշնանն ու ձմռանն Իրանի եւ Թուրքիայի միջեւ բռնկվեց այսպես կոչված «բեռնատարների պատերազմը»: Թուրք-իրանական եւ իրանա-թուրքմենական սահմաններին գոյացան թուրքական մեծածավալ բեռնատարների հսկայական հերթեր, ինչը մեծ վնաս հասցրեց Կենտրոնական Ասիայում Թուրքիայի տնտեսական էքսպանսիային: Սա վկայում է նաեւ Կենտրոնական Ասիայում Իրանի եւ Թուրքիայի տարածաշրջանային մրցակցության մասին:

1994թ. Թեհրանի եւ Անկարայի միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն` թուրք բեռնափոխադրողները վճարում են տարանցման համար եւ ավտոմեքենաների վառելիքի արժեքի տարբերության դիմաց: Ընդ որում՝ փաստաթղթի ստորագրման ժամանակ իրանական կողմին հաջողվել է հասնել նրան, որ նման կարգը չտարածվի նաեւ հակառակ ուղղությամբ: Վերջին տարիներին Իրանը թուրքական բեռնատարներից գանձել է $750-ի տարանցիկ վճար, մինչդեռ իրանական բեռնատարները Թուրքիայի տարածքով երթեւեկել են անվճար (վերջին 10 տարում թուրքական բեռնատարների տարանցումից Իրանի բյուջեն լցվել է $1 մլրդ-ով): Թուրքական կողմը 2014թ. հոկտեմբերի սկզբին որոշեց շտկել իրավիճակը եւ իրանական բեռնատարների հանդեպ սահմանեց տարանցման նույն չափի վճար: Դա արվեց նրա համար, որպեսզի Իրանին հարկադրեն նվազեցնել թուրքական բեռնատարների տարանցման գումարը: Սակայն Իրանը հոկտեմբերի 10-ից տարանցման վճարի չափը հասցրեց մինչեւ $1500-ի, ինչը դժվար վիճակի առջեւ կանգնեցրեց թուրքական տրանսպորտային ընկերություններին, որոնք օգնության խնդրանքով դիմեցին երկրի իշխանություններին, որպեսզի նրանք վերջ դնեն իրանական կողմի թելադրանքներին: Ընդ որում` չի բացառվում, որ առաջիկայում իրանական կողմն այդ վճարի չափը կարող է հասցնել մինչեւ $2250-ի7:

Իրանի Ճանապարհների եւ ճանապարհային տրանսպորտի կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Ջեւադ Աթրչիյանը հայտարարել է, որ թուրքական բեռնատարները կարող են գտնել Իրանի տարածքը շրջանցելու երթուղիներ, սակայն դրանք կլինեն թանկարժեք, մինչդեռ Իրանի համար Թուրքիային այլընտրանք կարող են լինել Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը8: Թուրքիայի տնտեսական զարգացման նախարար Ջեւդեթ Յըլմազի խոսքերով` Թուրքիան Իրանի համար դարպաս է դեպի Արեւմուտք, իսկ Իրանը Թուրքիայի համար` դարպաս դեպի Արեւելք:

Իրանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրներ կան գազային ոլորտում: Թուրքական կողմը 2012թ. հայց է ներկայացրել Միջազգային միջնորդ դատարան՝ պահանջելով 25%-ով նվազեցնել իրանական գազի գինը: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի խոսքով՝ դատարանն իր որոշումը հրապարակելու է մայիսին9: Հարկ է նշել, որ Թուրքիան ամենաէժան գնով գազը ձեռք է բերում իր երրորդ հիմնական գազամատակարար երկրից՝ Ադրբեջանից: Թուրքիան 2015թ. առաջին եռամսյակում 1000մ3 իրանական գազի համար վճարում է $431, ադրբեջանական գազի համար՝ $290, իսկ ռուսական գազի համար՝ $377:

Եվ այսպես, Էրդողանը, ինչպես նախատեսված էր, ապրիլի 7-ին այցելեց Իրան, ուր հանդիպումներ ունեցավ այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի եւ հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի հետ, ինչպես նաեւ մասնակցեց Թուրք-իրանական բարձրամակարդակ համագործակցության խորհրդի 2-րդ նիստին: Էրդողանն Իրանում բարձրացրեց գազային զեղչ ստանալու հարցը. «Թուրքիան ամենաթանկ գնով գազը ձեռք է բերում Իրանից: Այն ունի իրանական գազի կարիքը եւ ընդունելի գնի դեպքում պատրաստ է մեծացնել դրա ներկրումը, քանի որ մեր երկրի զարգացած արդյունաբերությանն անհրաժեշտ է գազ: Իրանական գազի 90-95%-ն արտահանվում է Թուրքիա, դա շատ մեծ ծավալ է: Մենք եղբայրական երկու երկրներ ենք, եւ եթե մենք չկարողանանք պայմանավորվել միմյանց հետ, ապա ընդհանրապես ո՞ւմ հետ կարող ենք պայմանավորվել»10:

Էրդողանն իրանական կողմին առաջարկեց հաշվիներ վարելիս անցում կատարել ազգային արժույթներին. «Մենք չենք ցանկանում մնալ դոլարի կամ եվրոյի ճնշման եւ նրանց փոխարժեքի ազդեցության տակ: Մենք պայմանավորվել ենք, որ մեր միջեւ գործեն թուրքական եւ իրանական ազգային արժույթները: Դա հավելյալ ուժ կհաղորդի մեր երկրներին: Թուրքիան եւ Իրանը նպատակադրվել են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել $30 մլրդ-ի (ներկայումս $14 մլրդ է): Ցավոք, վերջին շրջանում որոշակի հետընթաց է գրանցվել»11: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե Թուրքիան եւ Իրանը ծրագրել են մինչեւ 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչեւ $100 մլրդ-ի, ինչին կարող է նպաստել Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացումը:

Ռոուհանիի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց. «Տարածաշրջանը կրակի մեջ է: Մենք քննարկել ենք այդ խնդիրները:

Սիրիայում զոհվել է 300.000 մարդ, իսկ Իրաքում պատմություն է ոչնչացվում: Ես զոհերին չեմ տարանջատում սուննիների եւ շիաների: Ինձ հետաքրքրում են մուսուլմանները: Մենք պետք է հանդես գանք միջնորդական առաքելությամբ եւ բանակցային սեղանի շուրջ նստեցնենք պատերազմող կողմերին»12: Միջնորդական առաքելությամբ հանդես գալու մասին Էրդողանի այս առաջարկը վկայում է Իրանում նրա տոնի փոփոխման մասին: Ուշագրավ է, որ Իրանից վերադառնալուց հետո Էրդողանը հեռախոսազրույցներ ունեցավ Սաուդյան Արաբիայի թագավորի եւ Կատարի էմիրի հետ` իրազեկելով իր իրանական այցի արդյունքների մասին: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն, իր հերթին, Օմանից մեկնեց Պակիստան եւ կոչ արեց չընդունել Եմենում տարվող ռազմական գործողությանը միանալու մասին սաուդյան առաջարկը:

Թուրք-իրանական տարածաշրջանային մրցակցության հետ կապված`պետք է նկատել, որ տնտեսական եւ տարանցիկ առումով Թուրքիան ավելի շատ է կախված Իրանից. Իրանն ունի նավթային եւ գազային հարուստ պաշարներ, ինչը չես ասի Թուրքիայի մասին: Իրանը Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարար երկիրն է Ռուսաստանից հետո եւ տարեկան մատակարարում է 10 մլրդմ3 գազ: Նույն իրավիճակն է տիրում նավթի հարցում. թեեւ տարիներ առաջ Իրանը Թուրքիայի թիվ մեկ նավթամատակարարն էր` 51%, այնուամենայնիվ, Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 28.5% եւ Իրանը հայտնվել է երկրորդ տեղում: Թուրքիայի թիվ մեկ նավթամատակարարն այժմ Իրաքն է` 32%:

Ինչպես երեւաց վերոնշյալից, ցամաքային ճանապարհով առեւտուր անելիս Թուրքիան ավելի մեծ կախվածության մեջ է Իրանից. Իրանի տարածքով տարանցումը Թուրքիայի համար շատ ավելի կարեւոր է, քան Թուրքիայի տարածքով Իրանի տարանցումը: Մյուս կողմից՝ Թուրքիան ցանկանում է շտկել իրավիճակը եւ վերջին տարիներին շարունակ խոչընդոտներ է ստեղծում Իրանի առջեւ, որպեսզի իրանական գազը Եվրոպա հասցվի միմիայն իր տարածքով, ինչը երկրին կապահովի հավելյալ եկամուտներ եւ կնպաստի Թուրքիայի էներգետիկ միջանցքի դերի զարգացմանը: Դեռեւս 2011թ. հուլիսի 25-ին Իրանը, Իրաքը եւ Սիրիան հուշագիր ստորագրեցին իրանական Հարավային Փարս գազային հանքավայրի գազը Եվրոպային մատակարարելու համար գազատարի կառուցման շուրջ: Այս «շիական գազատարը» պետք է իրանական գազն Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի տարածքով հասցներ Միջերկրական ծով, իսկ այնտեղից էլ` Եվրոպա: Սակայն դրանից հետո Թուրքիան սկսեց գործուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում (ինչպես նաեւ Իրաքում) գործող սուննի զինյալներին, որով եւ ավելի բորբոքեց սիրիական հակամարտությունը՝ թույլ չտալով, որ այն ավարտվի (2013թ. հունվարի վերջին Ասադը հայտարարեց, որ եթե Թուրքիան դադարի իր սահմանով զենք ու զինյալներ անցկացնել, ապա Սիրիայում հակամարտությունը երկու շաբաթ անց կավարտվի):

Թուրքիայի համար դա շատ կարեւոր է միանգամից երկու էներգետիկ խնդիր լուծելու առումով: Նախ, Սիրիայի հակամարտային իրավիճակում անհնար է դառնում նրա տարածքով իրանական գազի տարանցումը դեպի համաշխարհային շուկաներ, եւ Իրանին մնում է ընտրել թուրքական տարբերակը՝ սեփական գազը Թուրքիայի տարածքով (TANAP գազատարով) Եվրոպա արտահանելը: Մյուս կողմից էլ Թուրքիան (Թաներ Յըլդըզ) շարունակ հայտարարում է, որ իրաքյան (քրդական) նավթը չի կարող արտահանվել Սիրիայի տարածքով, քանի որ այդ երկրում պատերազմ է: Ավելի վաղ Իրաքի կենտրոնական կառավարությունը չէր բացառել, որ իրաքյան նավթը կարող է համաշխարհային շուկա հասցվել այլ երթուղիներով՝ «Իրաք-Սիրիա-Լիբանան» երթուղով, որը Թուրքիան դնում է խաղից դուրս վիճակում:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մրցակցության ժամանակ միմյանց վրա ազդեցության լծակների հնարավոր գործադրմանը, ապա այստեղ նույնպես պետք է նախապատվությունը տալ Իրանին: Ուշագրավ է, որ Իրանի վերաբերյալ Էրդողանի քննադատական հայտարարությունից ընդամենը 5 օր անց՝ մարտի 31-ի առավոտյան, լուրջ վթար գրանցվեց Թուրքիայի էներգահամակարգում, ինչի հետեւանքով էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի գրեթե ողջ տարածքում դադարեցվեց 6-10 ժամով: Հոսանքազրկվել էր Թուրքիայի 81 նահանգներից 80-ը՝ բացառությամբ Վանի նահանգի, որն էլեկտրաէներգիան ստանում է Իրանից: Թաներ Յըլդըզը դա պատճառաբանեց էներգաբաշխիչ համակարգի խափանմամբ` նշելով, որ միաժամանակ շարքից ելել է 5 էներգաբաշխիչ գիծ: Դրա հետ կապված` հրաժարական տվեց Թուրքիայի էներգաբաշխիչ ընկերության (TEIAS) տնօրեն Քեմալ Յըլդըրը13:

Չնայած Թաներ Յըլդըզի այդ բացատրությանը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Ռեֆիք Էրյըլմազն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ մասշտաբային հոսանքազրկումը գրանցվել է Իրանի հետ լարվածության ֆոնին. «Իրանի հետ վերջին հակամարտությունը թանկ արժեցավ Թուրքիային: Այսուհետ սպասվում են ավելի ծանր հետեւանքներ, ինչը մասնավորապես վերաբերում է գազային ոլորտին: Թուրքիայի վարած սխալ արտաքին քաղաքականության պատճառով երկիրն արագ մեկուսացվում է: Մենք վարում ենք մերձավորարեւելյան երկրների հետ գժտվելու, թշնամանալու քաղաքականություն»14:

Թուրքական մամուլի համաձայն՝ Իրանն արդեն սկսում է գործի գցել ալավիական խաղաքարտը, ինչը չի կարող չզայրացնել Էրդողանին: 2013թ. նոյեմբերի վերջին Թուրքիայի հատուկ ծառայությունները ներկայացրին Գեզի այգու համար անցկացված բողոքի ակցիաների վերաբերյալ հետազոտությունը, որի համաձայն` դրանց ժամանակ ձերբակալվածների 78%-ն ալավիներ են: Այդ ակցիաների մեկնարկից առաջ հաղորդվել էր, որ Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրա կառուցվելիք երրորդ կամուրջը կրելու է օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի (1512-1520թթ.) անունը, որն իր ժամանակին աչքի է ընկել հազարավոր ալավիների սպանդի ենթարկելով:

2013թ. թուրքական մամուլը գրեց, որ Իրանը ծրագրել է «շիականացնել» Թուրքիայի ալավիներին (որոշակի տվյալներով` 12.5 մլն մարդ) եւ սկսել է լայն գործունեություն ծավալել այդ ուղղությամբ` Ստամբուլում, Անկարայում ու Իզմիրում եւ այլ վայրերում բացելով տասնյակ գրասենյակներ, հիմնադրամներ, կազմակերպություններ, թերթեր, ամսագրեր եւ ինտերնետային կայքեր, անգամ կուսակցություն, որոնք զբաղված են համապատասխան քարոզչությամբ: Պլանի շրջանակներում ալավիների երեխաները փոքր տարիքում ուղարկվում են Իրան, ուսուցում են ստանում այնտեղ եւ վերադառնում Թուրքիա: Թուրքիայի քաղաքացիների զգալի մասին սովորեցնում են մտածել Իրանի մասին եւ գործել նրա թելադրանքով: Թուրքիայում համարում են, որ այս պլանը շոշափում է Թուրքիայի ազգային անվտանգությունը եւ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում երկրի համար, քան PKK-ն15:

PKK-ի հետ կապված՝ հարկ է նշել, որ ներկայումս Թուրքիայում «Քրդական հարցի» կարգավորումը գտնվում է այնպիսի փուլում, որ շատ բան կախված է լինելու քրդերի իրավունքները բարելավելու վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների տված խոստումները կատարելուց, գործնական քայլեր ձեռնարկելուց: Բնականաբար, Իրանը շահագրգռված է, որ PKK-ն շարունակի իր արյունալի գործունեությունը Թուրքիայում, քանի որ դա կաշկանդում է այդ երկրի ձեռքերը: Տարածաշրջանային գերտերության հավակնող Թուրքիային շարունակ հիշեցնում են, որ նա անգամ ի վիճակի չէ լուծել իր ներքին խնդիրը՝ PKK: 2013թ. փետրվարին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին ղեկավարի տեղակալ Ջեւաթ Օնեշը հայտարարեց. «Քրդական հարցի լուծման դեպքում Թուրքիան խոշոր ոստյուն կգործի տարածաշրջանում: Ապա կարող է օրակարգ բերվել սահմանի եւ քարտեզի փոփոխության հարցը: Կամ էլ կվերաձեւավորվի տարածաշրջանը»16:

Մյուս կողմից՝ Թուրքիան կարող է փորձել խաղարկել Իրանում թյուրքալեզու բնակչության խաղաքարտը, ինչպես նաեւ նույն PKK-ն, սակայն դրա հավանականությունը փոքր է, քանի որ նրանց վրա Թուրքիայի ազդեցությունը մեծ չէ: Դեռեւս 2013թ. ապրիլին թուրք փորձագետ Բայրամ Սինքայան հայտարարեց, որ Թուրքիայի տարածքից PKK զինյալների դուրս գալու հավանականությունը չի կարող չանհանգստացնել Իրանին, քանի որ դրանից հետո Իրանում կարող է հայտնվել «թարմ արյուն»՝ հանձինս PKK հարյուրավոր զինված ու փորձառու զինյալների17:

Բրիտանացի լրագրող Դեւիդ Գարդները 2013թ. սկզբին Financial Times թերթում գրեց, որ «Քրդական հարցի» կարգավորումը Թուրքիայի համար քննություն է «տարածաշրջանային առաջնորդ» դառնալու հարցում: Նա պնդում է, որ Էրդողանը նպատակ ունի ստեղծել «թուրքական ոլորտ», որում Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի քրդերը թուրքերի հետ համատեղ պետք է դիմակայեն Թեհրան-Բաղդադ-Դամասկոս «շիական առանցքին»18:

Իրանը, ըստ ամենայնի, կարող է օգտագործել նաեւ MIT ղեկավար Հաքան Ֆիդանի խաղաքարտը, որի շուրջ վերջերս տարօրինակ իրադարձություններ կատարվեցին Թուրքիայում: Էրդողանի վստահելի մարդ համարվող Հաքան Ֆիդանը 2015թ. փետրվարին հրաժարական տվեց MIT ղեկավարի պաշտոնից, որպեսզի կարողանա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համար առաջադրվել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) կողմից (որոշ տվյալներով` երկրի վարչապետ դառնալու եւ PKK հիմնադիր Աբդուլա Օջալանին տված խոստումները կատարելու համար): Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդունեց նրա հրաժարականը, սակայն Էրդողանի հայտնած խիստ դժգոհությունից հետո Ֆիդանը մարտին վերադարձավ MIT ղեկավարի պաշտոնին:

Թուրքական, իսրայելական եւ արեւմտյան ԶԼՄ-ում վաղուց լուրեր են շրջանառվում, որ Հաքան Ֆիդանը, որն, ի դեպ, շատ գաղտնիքների է տիրապետում Էրդողանի մասին, իրականում «Իրանի մարդն» է եւ կարող է ձեռքի տակ եղած արխիվը տրամադրել Իրանին: ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները նույնպես վկայել են, որ Ֆիդանը կապված է Իրանի հետ: Դրանց համաձայն` Ֆիդանն ԱԶԿ կառավարության եւ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլա Գյուլենի միջեւ հակամարտության գլխավոր պատճառներից մեկն է, ինչը բխում է Իրանի շահերից19:

2013թ. հոկտեմբերին The Washington Post թերթի լրագրող Դեւիդ Իգնատիուսը գրեց, որ 2012թ. սկզբին MIT-ն իրանական կողմին հանձնել է 10 իրանցիների անուն, որոնք «Մոսադի» ներկայացուցիչների հետ հանդիպել են Թուրքիայի տարածքում: Իրանը դրանով իսկ ստացել է թանկարժեք տեղեկատվություն, եւ արդեն 2012թ. ապրիլին հաղորդվեց Իրանում իսրայելական հետախուզական ցանցի բացահայտման մասին. մահապատժի ենթարկվեց Իսրայելի 15 գործակալ: Իգնատիուսի կարծիքով՝ հենց MIT դավաճանությունն է պատճառ դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է Անկարայից ներողություն խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի համար20: Այստեղ պետք է հիշել, թե ինչպես Իսրայելն արձագանքեց 2010թ. մայիսի 25-ին MIT ղեկավարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նշանակմանը: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, որ Ֆիդանն աջակցում է իրանական վարչակարգին եւ իսրայելական բանակի մասին գաղտնի տեղեկությունները կարող է փոխանցել Իրանին: Կան Իրանի օգտին Ֆիդանի գործունեության մասին բազմաթիվ այլ հրապարակումներ, որոնք առնչվում են Իրանի միջուկային ծրագրին, «Հըզբոլլահի» համար զենքի մատակարարումներ կազմակերպելուն եւ այլն:

Եվ վերջապես, որոշ տվյալներով` Հաքան Ֆիդանը, որը լավ տիրապետում է քրդերենին, ծագումով քուրդ է: Թուրքական մամուլի համաձայն` հենց Հաքան Ֆիդանն է 2011թ. զգուշացրել PKK ռազմական թեւի առաջնորդ Մուրադ Քարայըլանին, որ թուրքական բանակը նրա դեմ պատրաստում է օդային գործողություն, ինչից հետո Քարայըլանն ապաստան է գտել Իրանում: Ֆիդանին պատասխանատու են համարում նաեւ 2011թ. հուլիսի 15-ին Դիարբեքիրի նահանգի Սիլվանի շրջանում 13 թուրք զինծառայողի զոհվելու համար: Ֆիդանը նախապես տեղյակ է եղել PKK ծրագրած հարձակման մասին, սակայն այդ մասին չի հայտնել ժանդարմերիային: Համարվում է, որ Հաքան Ֆիդանն Էրդողանի համար դարձել է մեծ գլխացավանք եւ հունիսի 7-ի ընտրություններից հետո պաշտոնանկ է արվելու21:

Այսպիսով, Թուրքիայի եւ Իրանի տարածաշրջանային հետագա ակտիվության առումով կարեւոր դեր է ունենալու երկու գործոն. Թուրքիայի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ «Քրդական հարցի» կարգավորումը, իսկ Իրանի վրա՝ իր միջուկային ծրագրի խնդրի կարգավորումը: Սակայն այստեղ էլ պետք է նախապատվությունը տալ Իրանին, որի համար միջուկային գործարքը բացում է շատ ավելի մեծ հնարավորություններ, քան՝ Թուրքիայի համար «Քրդական հարցի» կարգավորումը: Այն ակնառու կդարձնի, որ իրականում Իրանն ու Թուրքիան իրենց պոտենցիալով քաշային տարբեր կարգերի խաղացողներ են տարածաշրջանում: Անգամ ռազմական ոլորտին առնչվող շատ հարցերում (հրթիռաշինություն, տիեզերական ծրագրեր, հնարավոր միջուկային ռազմական բաղադրիչով ծրագիր) Թուրքիան ընդօրինակում է Իրանին` փորձելով շատ հետ չմնալ նրանից:

Թուրք վերլուծաբան Իսմեթ Օզգուլի կարծիքով՝ նավթի համաշխարհային պաշարների 10%-ին (4-րդ տեղ) եւ գազի համաշխարհային պաշարների 20%-ին (2-րդ տեղ) տիրապետող Իրանը պատժամիջոցների վերացման դեպքում տնտեսական խոշոր թռիչք կգործի եւ կվերածվի «ասիական նոր վագրի»: Մինչդեռ Թուրքիայի հեռանկարի դեպքում նմանատիպ կանխատեսումներ չկան:

 

1 ‘Lojistik destek vermeyi dՖsՖnebiliriz’, Anadolu Ajansi, 26.03.2015.

2 “Iran’in bakis aջisi degismeli”, Anadolu Ajansi, 26.03.2015.

3 Iran TՖrkiye’ye nota verdi, Radikal, 30.03.2015.

4 Iranli vekillerden Ruhani’ye Erdogan mektubu, DՖnya BՖlteni, 06.04.2015.

5 Maysaa Shuja al-Deen, Iran’in Yemen’deki etkisi yՖzeysel, Al-Monitor, 12.01.2015.

6 ABD’den tampon bՓlge konusunda Iran sarti, Yakin Dogu Haber, 04.12.2014.

7 Iran’dan TՖrkiye’ye 72 lira tehdidi, HՖrriyet, 13.10.2014.

8 Iran TIR krizini bՖyՖtՖyor, Sabah, 28.10.2014.

9 Bakan Yildiz’in Tahran’daki gՖndemi dogalgaz, Anadolu Ajansi, 06.04.2015.

10 Erdogan: En pahali dogal gazi Iran’dan aliyoruz, BugՖn, 07.04.2015.

11 Erdogan’dan Iran’a yerli para Փnerisi, TRT Haber?, 07.04.2015.

12 Erdogan: Beni ne Sia, ne SՖnni ilgilendirir…, Haber 7, 07.04.2015.

13 Bakan Taner Yildiz’dan flas kesinti aջiklamasi!, HabertՖrk, 06.04.2015.

14 Refik Eryilmaz: Elektirik kesintisinin sebebi Iran’la yasadigimiz sikintilar, BugՖn, 31.03.2015.

15 Iran’in TՖrkiye’deki Alevileri “SIILESTIRME” plani, Aktif Haber, 22.07.2013.

16 1 ay sonra PKK yok, Takvim, 13.02.2013.

17 Bayram Sinkaya, Iran TՖrkiye’nin KՖrt Sorununu իՓzmesini Neden Istemez?, ORSAM, 14.03.2013.

18 ‘Erdogan iջin bir sinav!’, Aksam?, 15.01.2013.

19 Snowden belgelerinden: ABD, Fidan’in ‘Iran ile baglantili’, T24, 31.08.2014.

20 David Ignatius: Turkey blows Israel’s cover for Iranian spy ring, The Washington Post, 16.10.2013.

21 Fuat Avni: Hakan Fidan, Erdogan’in en bՖyՖk belasi olacak, Yurt, 02.03.2015.

 

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13508

Share

Comments are closed.