«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը վերսկսելու է փողոցային պայքարը

Նախաձեռնության անդամները փակագծերը չեն բացում, թե ինչ գործողությունների կդիմեն այս անգամ՝ միաժամանակ չբացառելով Բաղրամյանը կրկին փակելու տարբերակը

 

Բաղրամյան պողոտան մոտ տասն օր փակած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից կրկին կանցնեն քաղաքաղաքացիական անհնազանդության գործողությունների՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ համարելու պահանջով:

«Մենք տեսանք, որ խնդիրները լուծվում են միայն փողոցում: Մինչեւ չճնշես իրենց, իրենք ոչ մի խնդիր չեն լուծի», – լրագրողների հետ հանդիպմանն այսօր փոխանցեց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը:

Ակտիվ պայքարի վերադառնալու հիմնական պատճառը ձեռներեցներին այս օրերին ուղարկվող պայմանագրերն են. ՀԷՑ-ը տնտեսվարողներին պարտավորեցնում է էլեկտրաէներգիայի համար վճարել բարձրացված սակագնով՝ մեկ կիլովատտ/ժամը՝ 48 դրամ:

«Փոքր ու միջին ձեռնարկատերերին կոչ ենք անում ոչ մի դեպքում չստորագրել նման համաձայնագիր, նման փաստաթուղթ», – նշեց Չիբուխչյանը:

«Կոչ ենք անում ոչ մի դեպքում չստորագրել ու փողոց դուրս գալ: Որովհետեւ ստորագրելով կուտենք իշխանությունների կուտը», – ա
սաց Չիբուխչյանը:

Քանի որ նրանց արտադրանքն է թանկանալու, ժողովրդի վրա է ազդելու», – հավելեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Միհրան Ավագյանը:

Նախաձեռնության անդամները փակագծերը չեն բացում, թե ինչ գործողությունների կդիմեն այս անգամ՝ միաժամանակ չբացառելով Բաղրամյանը կրկին փակելու տարբերակը:

«Մինչեւ եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այստեղ ոչ մի խոսք չկա խոշոր, փոքր եւ միջին ձեռնարկատերերին չսուբսիդավորելու մասին», – նշեց Չիբուխչյանը:

Մեջբերելով Սերժ Սարգսյանի այս խոսքերը՝ ակտիվիստները հայտարարում են, որ Բաղրամյան պողոտայից հեռացան, քանի որ հավատացել էին նախագահի հայտարարությանը, բայց հիմա արդեն զղջում են:

«Հասկացանք, որ ուղղակի խաբկանք է: Սերժ Սարգսյանն ուղղակի խաբեց ժողովրդին: Ու դրա պատասխանը պետք է տանք փողոցում: Սերժ Սարգսյանն ուզում է թանկացնել հոսանքը, ինքը չի ուզում լուծել այս խնդիրը», – ասաց Արտուշ Չիբուխչյանը:

«Ժողովրդի մեջ կար մի մասսա, որ թեկուզ մեզ խորհուրդ էին տալիս՝ մասնակցեք աուդիտին, գնացեք նրա հետ բանակցությունների: Սա փաստ է արդեն: Արդեն նաեւ այդ մարդիկ կարող են համոզվել», – հավելեց նախաձեռնության անդամ նշեց Արթուր Գրիգորյանը:

«Մենք մասնագետ չէինք, աուդիտը չէինք հասկանում ինչ է: Հիմա հասկացանք, հասկացանք, որ ոչ մի օգուտ չի տալու, բացարձակ մեզ խաբել են: Ու նորից դուրս ենք գալու փողոց», – հավելեց նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Միհրան Ավագյանը:

Մինչ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդությունների է պատրաստվում, հացի արտադրամասի տնօրենը Աշոտ Աֆյանն արդեն սպասվող վնասներն է հաշվարկում. – «Ամիսը մոտ 30 հազար դրամի կարգի ավելի թանկ եմ վճարելու»:

Թանկացումը լրացուցիչ բեռ է, գործարարը երկընտրանքի առջեւ է. կա՛մ պիտի հացը թանկացնի, կա՛մ սեփական եկամուտները նվազեցնի. – «Հացի գնի վրա, ինձ թվում է, փոփոխություն չի լինի՝ մեր եկամուտների հաշվին»:
Ի դեպ, բնակչության համար էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունը կսուբսիդավորի մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայության ավարտը: Ուսումնասիրությունները դեռ չեն սկսվել, մեկնարկի օրն էլ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դժվարանում է նշել. – «Որքան ես տեղեկացված եմ, աշխատում են պայմանագրի որոշ կետերի վրա, իրավական ձեւակերպումներ կան, որոնք ճշգրտում են: Կարծում եմ, այս շաբաթվա վերջին կստորագրվի պայմանագիրը, եւ ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա առաջին օրերին մենք կունենանք հյուրեր՝ խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, եւ կսկենք համատեղ աշխատանքը»:

Հստակ է, սակայն, որ մինչեւ օրս կառավարությունը որոշում չի կայացրել, թե ինչ միջոցներով է պատրաստվում սուբսիդավորել հոսանքի թանկացումը:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ

Share

Comments are closed.