Շուշիի տպագրության զարգացման պատմությունից

азсдсдсдсдсд

Կարինե ՂՈՒԼՅԱՆ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի գրադարանավար
Ստեփանակերտ

 

Ինչպես հայտնի է՝ հայ գրքի տպագրությունը սկզբնավորվելով հայրենիքից հեռու, օտար ափերում՝ Վենետիկում (1512թ.), ճյուղավորվեց (Մադրաս, Կալկաթա, Վիեննա, Կ. Պոլիս, Զմյուռնիա եւ այլուր) ու միայն 1771 թվականին հասավ Էջմիածին: Հետեւաբար, Շուշին, հայ տպագրության այս կարեւորագույն օջախը, բուն Հայաստանում, Էջմիածնից հետո, ըստ հերթականության, երկրորդն էր, իսկ ամբողջ Այսրկովկասում երրորդը՝ Թիֆլիսից (1823թ.) հետո: Մեսրոպատառ առաջին գիրքը՝ «Պատմություն Սուրբ Գրոց» խորագրով, Շուշիում լույս տեսավ 1828 թվականին, շվեյցարացի քարոզիչների կողմից բացված առաջին տպարանում:

Երկրորդ տպարանը Հայաստանի տարածքում  շվեյցարացի ավետարանական քարոզիչներ Ավգուստ Դետրիխտը եւ Ֆելիցիան Չամբեզայի կողմից 1827թ. Շուշիում հիմնադրված տպարանն էր: Դետրիխտն ու Չամբեզան ներկայացնում էին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական քարոզչական ընկերությունը»: Վերջինիս հիմնական նպատակը բողոքականության քարոզչությունն էր: Վեց տարվա ընթացքում տպարանը հրատարակել է 13 անուն գիրք, ընդ որում՝ Բազելի քարոզչական ընկերությունն Արցախում առաջին անգամ գործածում է աշխարհաբար լեզուն: Բազելիցիների՝ Շուշիում հրատարակած գրքերի առավելությունը կայանում է նրանում, որ մոտ էին խոսակցական լեզվին, աշխարհաբար էին ու հասկանալի համարյա բոլորին:

1837թվականին, բողոքականության ազդեցության ուժեղացումից վախեցած, տեղի հայ հոգեւորականության ընդվզումներից դրդված, ռուսական իշխանություններն արգելեցին բազելցիների միսիոներական գործունեությունը Շուշիում: Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը ռուսական կառավարության կոմից դադարեցվում է, նրանց գույքը՝ վաճառքի հանվում:

Տպարանը գնում է Բաղդասար Միտրոպոլիտ Հասան-Ջալալյանը, ով 1837թ. կայսերական հրամանով՝ Ղարաբաղի թեմի առաջնորդ եւ նույն թեմի կոնսիստորիայի նախագահ էր նշանակվել: Տպարանի անունը հիշատակվում էր այսպես. «Տպարան վիճակավոր առաջնորդին Ղարաբաղու բարձր սրբազան մետրոպոլիտի Բաղդասարայ», իսկ ավելի ուշ՝ «Ի տպարանի Հայոց Հոգեւոր Տեսչութեան»: 1885թ. տպարանը վերանվանվում է «Տպարան հայոց հոգեւոր տեսչության»: 1884թ. ցարական կառավարությունը փակել էր թեմական դպրոցը, ուստի Արցախի թեմը ստիպված էր վերցնել տպարանի հովանավորությունը: Վերանվանումը փաստացի այդ փոփոխության ամրագրումն էր:

1830-1840թթ. այս տպարանում լույս տեսան Եսայի Հասան Ջալալյանի «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից», «Ծիսարան, որ կոչի Մաշտոց», «Տետր այբբենական» եւ «Կրոնագիտություն» գրքերը: «Հայոց հոգեւոր տեսչության տպարանում» 1864-ին լույս տեսան Պերճ Պռոշյանի «Ղարաբաղու տիրամայր Սուրբ Մարիամու օրիորդաց ուսումնարանի բացվիլը» գրքույկը, ինչպես նաեւ նրա թարգմանությամբ Կ. Եզյանցի «Ներքին կյանք Հին Հայաստանի» աշխատությունը, իսկ 1866-ին՝ Հ. Թերճիմանյանի «Համառօտ պատմութիւն հայոց» աշխատությունը: Այստեղ 1888թ. տպագրվում է Մանուկ Աբեղյանի «Նմուշները» բանաստեղծությունների ժողովածուն:

Տպարանի բեղմնավոր գործունեությունն ընդհատվում է 1920թ.՝ մուսավաթական Ադրբեջանի պատժիչ զորքերի կողմից Շուշիի գրավմամբ: Նրանք թալանում են տպարանի գույքը եւ հրդեհում շենքը: Խորհրդային իշխանության տարիներին տպարանի շենքը վերակառուցվում է մասնավոր անձանց ուժերով: Այն վերակառուցվել է 1950-ական թթ. երկու քուրդ եղբայրների կողմից՝ շենքի մաքրման ժամանակ գտնված ոսկով: 1992թ.՝ Շուշիի ազատագրման ժամանակ, նահանջող ադրբեջանական բանակը հրդեհում է շենքը: Այսօր հոգեւոր տեսչության տպարանը վերանորոգվում է որպես արվեստի ցուցասրահ:

1881թվականին Շուշիում բացվեց «Միրզաջան Մահտեսի Հակոբյանի» տպարանը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր: Առաջին անգամ առանձին գրքով լույս տեսան Րաֆֆու «Խենթը», Լեոյի «Վե՞պ, թե պատմություն», «Վահան Մամիկոնյան» , «Իմ հիշատակարանը», Ա. Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը» արժեքավոր երկերը: Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն» (1893թ.), Ա. Դոդեի, Ջ. Դրեպերի եւ այլոց գործերը:

Միրզաջան Մահտեսի Հակոբյանը 1883թ. ապրիլին Կովկասի մամուլի կոմիտեին դիմելով հայտնել է, որ պատրաստ է հայերենից բացի տպագրել նաեւ պարսկերեն, ռուսերեն , ինչպես նաեւ կարող է շաբաթական երեք անգամ հրատարակել «ՄցՔՌվրՍՌպ ՏոՕÿՉսպվՌÿ» թերթը՝ նպատակ ունենալով հետաքրքիր տեղեկություններ տալ Շուշիի անցյալի եւ ներկայի մասին ռուսերեն լեզվով եւս: Սակայն անհայտ պատճառներով առաջարկը չի ընդունվել: Մ. Հակոբյանի հիմնադրած տպարանի գործունեությունը դադարել է 1906թ.: Հավանաբար, հրդեհվել է հայ-թուրքական ընդհարումների  ժամանակ:

19-րդ դարի 80-ական թվականներից ի վեր Շուշիում գործող տպարաններից Մ. Մահտեսի տպարանը մինչեւ խորհրդային շրջանը Արցախի միակ բարեկարգ տպագրական օջախն էր: Կովկասի հայ մամուլը պարբերաբար հաղորդումներ էր տալիս Շուշիի Մ. Մահտեսիի հրատարակչական գործի մասին: «Տարազ» ամսագիրը, բարձր գնահատական տալով գրում է. «Տպագրութեան արուեստը Շուշիում լավ է դրուած, այստեղ կան երկու հարուստ /Մ. Մահտեսիի, Տեր-Սահակյանի/ տպարաններ, որոնց մեջ գործում են արագատիպ մեքենաներ: Կովկասում Շուշին Թիֆլիսից հետո առաջին տեղն է բռնում հայերեն գրքերի հրատարակութեան գործում եւ այդ կողմից նա առաջ է անցել այնպիսի մեծ ու հայաշատ քաղաքից, որպիսին՝ Բաքուն»:

1912 թվականին հայ գրերի գյուտի 1500-ամյակի եւ հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին Թեոդիկը Կ. Պոլսում հրատարակում է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում են նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը: 1912թ. Կոստանդնուպոլսում հրատարակված Թեոդիկի «Տիպ ու տառ» ուշագրավ ուսումնասիրությունը եւս որոշ փաստեր է պարունակում Շուշիի տպագրական գործի եւ տպարանների մասին: «ՇՈՒՇԻ առաջին անգամ տպ. գործունէութիւն ունեցած են ԲՈՂՈՔԱԿԱՆ ՄԻՍԻՕՆԱՐՔ որոնց լոյս ընծայած գիրքէն յիշենք` Արեւել. հայերենով` Նոր Կտակարանը /1832/: Այս գիրքէն առաջ Շուշիի մեջ անանուն տպագրուած կը գտնենք 3 գիրք.- Հաւաքումն ած. ային վկայութեանց, Ընթերցուածք ի     Ս. Գրոց Հին Կտակարանի /1829/, Բառարան համառօտ գրբ. աշխ. /Յովսեփ Վ. Արցախեցի/ 1830: ** ՀԱՅՈՑ ՀՈԳԵԻՈՐ ՏԵՍՉՈՒԹԵԱՆ տպարանը կը բանայ Ղարաբաղի առաջնորդ Պաղտասար որ Միսիօնարաց թողուցած տառերը գնած էր: Այս տպարանը վերջէն նոր տառեր կընդունի Մօսկուայեն, բայց 70-ական թուականին փճացումի վիճակին կը հասնի` երբ Խ. Վ. Ստեփանէ հոնկե լոյս կ’ընծայեր Հայկական աշխարհի /*/ քանի մը թիւերը: Յետոյ վերաբացուելով` լոյս  ընծայած  է մեծամասնութեամբ Լեօի երկերը.- Վե՞պ թէ պատմ. /1887/, Ծայրեր, Կոյրի աղջիկը, Վահան Մամիկոնեան /1888/, Իմ յիշատակարանը, Սպանուած հայրը /1891/, Թաթախման գիշերը /1892/, եւն: **ՄԻՐԶԱՋԱՆ  ՄՀՏ. ՅԱԿՈԲԵԱՆՑ  տպած է Րաֆֆի «Խենթը» /1881/, Արազը տարին կտարի /1883/, Ուխտաւորի յիշատակարանը/»:

Ղարաբաղի գրական-հասարակական, հրապարակախոսական-հրատարակչական գործի բարելավումը շատ-շատերին էր մտահոգում: Նրանց մի մասը, որ իրերի բերումով գտնվում էր հայրենիքից դուրս, կարողանում էր որոշակի օգնություն  ցույց տալ տեղի մտավորականներին՝ ի կատար ածելու նրանց հայրենանվեր նախաձեռնումները: Նրանցից էր Համբարձում Առաքելյանը: Նրա գործունեությունն ավելի բեղմնավոր էր 1880-ական թվականներին: 1881թ. նա Շուշիում հիմնում է Կովկասյան հայ բարեգործական ընկերության առաջին գավառական ճյուղը, դառնալով դրա նախագահության անդամն ու ապա ղեկավարը: Համբարձում Առաքելյանը որոշակի օգնություն է ցույց տալիս տպարաններին՝ անհրաժեշտ տառատեսակներ եւ տպագրող մեքենաներ հայթայթելու գործում: Նա հայտնի է ոչ միայն որպես հրատարակիչ ու հրապարակախոս, այլեւ գրող: «Շահրիար» ծածկանունով հեղինակ է մի շարք ստեղծագործությունների /մեծամասամբ պատմվածքների/, որոնց նյութերն առնված են պարսկահայ կյանքից: Հ.Առաքելյանը կատարել է մի շարք թարգմանություններ, կազմել «Հանրագիտական բառարան»:

Շուշիի հրատարակչական գործում մեծ ավանդ է ներդրել ականավոր  պատմաբան ու գրող Լեոն /Առաքել Բաբախանյանը/: Նա ջանք չէր խնայում Շուշիի տպարանները կարգավորելու, տպագրական անհրաժեշտ նյութեր հայթաթելու համար: Լեոյի առաջին գրքույկը լույս է տեսնում Շուշիում, 1884 թվականին:  1893թ. Բաքվում տպարանի կառավարիչ եղած ժամանակ նա նորաձույլ տառեր է ուղարկում Շուշի: 1895թ. մշտական աշխատանքի անցնելով «Մշակի» խմբագրությունում՝ Լեոն ձգտում էր հնարավորին չափ լուսաբանել Ղարաբաղի նոր սերնդի լուսավորության գործը: Հատկապես 1878-1880թթ. Շուշիում ուսուցչություն անելիս աշխատում է ուսումնական ձեռնարկներ տպագրել եւ բաժանել աշակերտներին: Այդ նպատակով տեղում հրատարակել է տալիս թեմական եւ քաղաքային  ուսումնարանի առաջավոր ուսուցիչների գրքույկները: Նրա օգնությունը, մասնավորապես, շոշափելի է հոգեւոր դպրոցի տպարանը գործարկելիս:

Արցախում պարբերական մամուլի սկզբնավորումը եւ հետագա զարգացումը անխզելիորեն  կապված են Շուշի քաղաքի հետ, որը 19-րդ դարում դարձել էր Այսրկովկասի առեւտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը:

1905 թվականից հետո Շուշիում գործել են Բագրատ Տեր Սահակյանի եւ Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվել է 1920 թվականի մարտի 23-ին՝ Շուշիի բարբարոսական ավերման ժամանակ: Այդ ժամանակամիջոցում հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք: Իսկ 1874 թվականից սկսած մինչեւ 1920 թվականի մարտը Շուշիում լույս է տեսել մոտ 3 տասնյակ անուն թերթ եւ հանդես, որոնցից միայն 3-ը՝ ռուսերեն:

Share

Comments are closed.