Թուրքական արկածախնդրությունը Սիրիայում. վճարելու ժամանակը մոտ է

Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Երևան

Նախքան «արաբական գարնան» գալուստը թուրք-սիրիական հարաբերությունները ծաղկում էին ապրում: Միջպետական սերտագույն բարեկամական հարաբերությունները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարների` Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բաշար Ասադի ու նրանց ընտանիքների միջև աշխարհին ի ցույց դրվող ընկերական հարաբերություններով:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ 2011թ. մարտին «արաբական գարունը» հասավ Սիրիա: Այս երկրում, ինչպես և մի շարք այլ արաբական երկրներում, սկիզբ առավ և ԱՄՆ-ի աջակցությամբ գնալով մեծ թափ ստացավ հակակառավարական զինված շարժումը: Սկզբում այն քողարկվում էր ժողովրդավարական բարեփոխումների պահանջներով, սակայն շատ արագ ակնհայտ դարձավ, որ զինված ընդդիմադիրների գերակշռող մեծամասնության  իրական նպատակն է տապալել Բ. Ասադի աշխարհիկ կառավարությունը և երկրում հաստատել իսլամի ծայրահեղական մեկնաբանությունների վրա հիմնված կարգեր:

Թուրքիայի ղեկավարությունը որոշեց օգտվել իր տեսակետից «բարենպաստ» հնարավորությունից և ազատվել Բ. Ասադի ղեկավարած իշխանություններից: Շատ արագ մոռացության տրվեցին միջպետական և անձնական բարեկամական հարաբերությունները, և Թուրքիան սկսեց լայնածավալ օգնություն ցույց տալ իսլամամետ ծայրահեղական կազմակերպություններին, որոնք զենքը ձեռքին կռվում էին Սիրիայի օրինական իշխանությունների դեմ: Այդպիսով, Թուրքիան դարձավ ծայրահեղ իսլամիստների դաշնակիցը: Նա օգնություն է ցույց տալիս, օրինակ, «Ալ-Ղաիդա»-ի ահաբեկիչների տեղական մասնաճյուղ հանդիսացող «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը, ինչպես նաև տխրահռչակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Թուրքիայի համագործակցությունը ծայրահեղ իսլամականների հետ ունի նաև որոշ գաղափարական հենք, քանի որ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք ղեկավար գործիչներ սերտորեն համագործակցում են այդ երկրում գործող և իսլամականներից կազմված «եղբայրությունների» հետ: Մասնավորապես, ինքը` Էրդողանը, տարիներ շարունակ անդամակցել է «Իսքանդերի զավակներ» նմանատիպ եղբայրությանը:

Այդպիսով սկիզբ առավ Թուրքիայի սիրիական քաղաքականության մի այնպիսի շրջան, որը մենք բնութագրում ենք, որպես «արկածախնդրություն»: Այն շարունակվում է մինչև օրս և գնալով ավելի ակնհայտ է դառնում նրա վտանգավոր էությունն ինչպես հարևան երկրների և ողջ տարածաշրջանի համար, այնպես էլ հենց Թուրքիայի համար:

Ո՞րն է այդ քաղաքականության նպատակը: Առաջին հերթին թուրքական կողմը փորձում է նպաստել Ասադի կառավարության տապալմանը: Հաշվարկը, ըստ երևույթին, հետևյալն է. Ասադի կառավարության տապալումը կնշանակի Սիրիայի դիրքերի կտրուկ թուլացում տարածաշրջանում և դա կհանգեցնի Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Այսպիսով, ավելի իրական կդառնա Ռ. Թ. Էրդողանի և նրա հավատարիմ զինակից Ահմետ Դավութօղլուի վաղեմի երազանքը. դարձնել Թուրքիան Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական առաջատարը: Եվ քանի որ ոչ Թուրքիայի ներկայիս սահմանափակ ներուժը և աշխարհաքաղաքական «թեթև» կշիռը, ոչ էլ արաբական աշխարհի կողմից նրա պատմականորեն ոչ բարենպաստ ընկալումն չեն նպաստում այդ երազանքի իրականացմանը, ապա Էրդողանն ու նրա թիմակիցները դիմեցին «սիրիական արկածախնդրությանը»:

Վերլուծելով Սիրիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության դրդապատճառները՝ չպետք է մոռանալ նաև «Հայկական գործոնի» առկայությունը: Սիրիայի հայ համայնքը, տեղակայված լինելով Թուրքիայի անմիջական հարևանությամբ, տասնամյակներ շարունակ վայելել է սիրիական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը և եղել է Մերձավոր Արևելքի Հայոց Սփյուռքի կարևոր կենտրոններից մեկը` վառ պահելով հիշողությունը ցեղասպանության մասին և դաստիարակելով երիտասարդ սերունդներին ազգային ոգով: Սիրիական պետության թուլացումից օգտվելով՝ թուրքերը փորձում են վերջ տալ այդ համայնքի գոյությանը: Նրանց կողմից ծրագրված և նրանց իսկ հսկողության տակ գտնվող իսլամական ծայրահեղականների զինված ջոկատների կողմից իրականացված հարձակումը երկրի հյուսիսում գտնվող հայոց Քեսաբի վրա այդ հակահայկական նպատակի շատ հստակ ապացույցն է: Այդ հարձակումը ընկալվեց որպես քսաներորդ դարասկզբի Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն, և աշխարհում բարձրացավ բողոքի լայն ալիք, որն էլ ստիպեց թուրքերին ժամանակավորապես հետ կանգնել իրենց հակահայկական ծրագրերի իրականացումից:

Սիրիական ճգնաժամի ընթացքում Թուրքիայի խիստ բացասական դերակատարումը առավել ցցուն կերպով արտահայտվեց նրա համագործակցությամբ «Իսլամական պետություն» կոչված չարիքի հետ: Այն դասական կամ սովորական ահաբեկչական կազմակերպություն չէ, այն մի նոր երևույթ է, որպիսին մարդկությունը դեռևս չի տեսել: Այդ ահաբեկչական խումբը ստեղծվեց 2006-ին, այն սկզբում փոքր խմբավորումներից կազմված միավորում էր, իսկ հետո վերաճեց մի երևույթի, որը նպատակ ունի իշխել որոշակի տարածքների վրա ու պետություն ստեղծել: Այսինքն, գործ ունենք ահաբեկչական կազմակերպության միջոցով հանցավոր պետություն ստեղծելու երևույթի հետ: Ահաբեկիչներն ուզում են պետություն ստեղծել Սիրիայի, Իրաքի, մահմեդականներով բնակեցված մի շարք այլ պետությունների տարածքների վրա, իրենց իշխանության տակ վերցնել հսկայական տարածքներ: Նրանց ենթակայության տակ արդեն իսկ գտնվում են միլիոնավոր մարդիկ, իսկ մայրաքաղաք հռչակել են սիրիական Ռաքան քաղաքը: ԻՊ-ն տարածքներ գրավելուն, հազարավոր մարդկանց սպանելուն զուգահեռ ստեղծում է պետական կառուցվածքներ: Ու այս ամենն անում է իսլամական խալիֆայության գաղափարի խեղաթյուրված ընկալման տակ:

Թուրքիայի կողմից «Իսլամական պետության» ակտիվ աջակցության մասին վկայող փաստերը շատ են: Ահաբեկիչների ձեռքում են նավթային մեծ հանքեր, անցած տարի նրանք նավթի առևտրից օրական ստացել են 3 միլիոն դոլար: Իսկ նավթը լցնում էին ցիստեռների մեջ և ուղարկում Թուրքիա, ամբողջ առևտուրը տեղի էր ունենում հենց Թուրքիայի տարածքում: Թուրքիայի սահմանը նրանց համար միջանցք էր, նույնիսկ ԻՊ-ի զինյալների մոտ կա այսպիսի արտահայտություն` «գնանք Թուրքիայում քյաբաբ ուտենք ու գանք»: Նրանք Թուրքիայում բուժվում էին, հանգստանում: Վերջերս բացահայտվեց, որ Թուրքիայի հետախուզական ծառայության միջոցով մեծ խմբաքանակ զենք է տեղափոխվել ԻՊ: Անգամ թուրքական մամուլն է գրում, որ գործել են հատուկ ճանապարհներ, որոնցով մարդկանց Ռուսաստանից, Եվրոպայից տեղափոխում էին ԻՊ: Իսկ Ստամբուլի թաղամասերից մեկում, ուր եվրոպացիրները վախենում են մտնել, ԻՊ-ն ուներ իր գրասենյակները, բացահայտ գործում էր, մարդիկ, ովքեր ուզում էին միանալ ահաբեկիչներին, գալիս էին այդ գրասենյակներ, ստանում նախնական 400 դոլարը, որից հետո կազմակերպվում էր նրանց մեկնումը: Այս կերպ ԻՊ կոչվող կազմակերպությունը համալրվում էր մարդկային նոր ուժերով` գրոհայիններով:

Այս տարվա հուլիսից Թուրքիայի քաղաքականությունը «Իսլամական պետության» նկատմամբ որոշ փոփոխություններ կրեց: Փորձելով ձեռք բերել ԱՄՆ-ի աջակցությունը քրդերի դեմ պայքարում՝ Թուրքիան ստիպված հայտարարեց, որ միանում է «Իսլամական պետության» դեմ գործող կոալիցիային: Նա ոչ միայն թույլ տվեց, որ «Իսլամական պետության» դեմ հարվածներ հասցնելու նպատակով ամերիկյան օդուժը օգտագործի Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմակայանը, այլ նաև կազմակերպեց մի շարք ցուցադրական գործողություններ իր տարածքում բացեիբաց գործող «Իսլամական պետության» ահաբեկչական ցանցերի դեմ: Նույնիսկ հասցվեցին մի քանի օդային սահմանափակ հարվածներ «Իսլամական պետության» դիրքերին: Սակայն իրական թիրախը թուրքական զինված ուժերի հարվածների համար «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դիրքերն էին: Այսինքն, Էրդողանը հերթական անգամ մոլորության մեջ գցեց իր ավագ դաշնակցին ու հովանավորին: Այս հանգամանքը շատ արագ արձանագրվեց  ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից և առաջացրեց Վաշինգտոնի դժգոհությունը:

Որո՞նք են Թուրքիայի այս արկածախնդրական քաղաքականության արդյունքները: Կարելի է նշել մի քանի հանգամանք: Առաջինը և ամենակարևորը. չնայած իր կողմից տարիների ընթացքում գործադրած բոլոր ջանքերին՝ թուրքերին, ինչպես և հակաասադյան այլ ուժերին, չհաջողվեց տապալել Սիրիայի օրինական կառավարությունը: Այն իր հսկողության տակ է պահում երկրի տարածքի ամենազարգացած ու խիտ բնակեցված տարածքների զգալի հատվածները և կարողանում է այնտեղ կազմակերպել բնականոն կյանք: Սիրիական բանակը պահպանում է իր մարտունակությունը և շարունակում է հակահարվածներ տալ հակակառավարական ահաբեկչական ուժերի զինված ջոկատներին: Բ. Ասադի կառավարությունը մնում է միակ ուժը, որը ապահովում է երկրի հարաբերական կայունությունը:

Երկրորդը: Աջակցելով հակաասադյան ապստամբությանը՝ Թուրքիան փաստորեն աջակցեց նաև Սիրիայում քրդական զարթոնքին: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թուրք-սիրիական սահմանի երկու կողմում էլ բնակվում են հիմնականում քրդեր, ապա ակնհայտ է դառնում, որ Էրդողանի և Դավութօղլուի կողմից կառավարվող իշխանությունները իրեց ձեռքերով նպաստեցին քրդական գործոնի ուժեղացմանը Մերձավոր Արևելքում ընդհանրապես և Թուրքիայում մասնավորապես, ինչը մոտ ապագայում կարող է ուղղակի վտանգ ներկայացնել Թուրքիայի տարածքային ամբողջականությանը:

Հաջորդը: Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների արդյունքում Թուրքիայում են գտնվում շուրջ 2 միլիոն փախստականներ, որոնք լրացուցիչ «ապակայունացնող» գործոն են առանց դրա էլ անհանգիստ Թուրքիայի հարավ-արևելյան սահմանամերձ քրդաբնակ շրջաններում: Բացի դրանից, թուրքական իշխանությունները ստիպված են զգալի միջոցներ հատկացնել փախստականների համար:

Նշենք նաև մեկ այլ հանգամանք: Վերջերս սկսվեց Ռուսաստանի զինուժի և ռազմատեխնիկայի տեղակայումը Սիրիայում: Այն փոխում է աշխարհագրական իրադրությունը Մերձավոր Արևելքում և փոխում է առաջին հերթին ի վնաս Թուրքիայի, քանի որ նա հյուսիսում, Հայաստանի տարածքում,  գոյություն ունեցող ռուսական ռազմակայանից բացի ստիպված է լինելու հանդուրժելու նաև իր հարավային սահմանների վրա ռուսական զինուժի առկայությունը, ինչը էլ ավելի կդժվարացնի Մերձավոր Արևելքում առաջնորդի դիրք ստանձնելու մասին երազանքների իրականացումը:

Կարծում ենք, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի կողմից որդեգրած վատ հաշվարկված և արկածախնդիր քաղաքականության կործանարար հետևանքները մոտ ապագայում ավելի ակնհայտ կլինեն:

Share

Comments are closed.